ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Այսօր էլ կայ այդ այգին, սակայն անունը փոխել, դարձրել են «Սիրահարների այգի»: Այն իմ պատանեկութեան տարիների ընկերային, մաքուր, անբիծ փոխյարաբերութիւններ հիմնելու, արկածների, սիրահարութեան, առաջին համբոյրի լուռ վկան է: Երբեմնի սաղարթախիտ ծառերով հարուստ այգում քիչ ծառեր են մնացել: Բարեկարգման նպատակով բազմաթիւ ծառեր են արմատախիլ արուել: Տարիներ առաջ, անցեալ դարի 50-ականներին այնքան խիտ էր այգին, որ դժուար էր այգուց Բաղրամեան (այսօր` Բարեկամութեան) փողոցի մարդկանց անցուդարձը տեսնել: Բաւական դիւրին էր աչքից հեռու, այգու մի հեռաւոր անկիւնում նստել նստարանին ու թաղուել այս կամ այն հետաքրքիր գրքի էջերի մէջ:
Պուշկինի այգին իմ ընկեր-ընկերուհիների հաւաքատեղին էր: Այստեղ էինք քննարկումներ անում, կարծիքներ փոխանակում այս կամ այն գրքի, համերգի, կամ ժապաւէնի մասին: Մէկս միւսին հաղորդակից դարձնում մեր ուրախութիւնների, անպատասխան սիրոյ եւ այլ հարցերի մասին:
Ամէն ինչ մաքուր էր, անկեղծ: Այգու ետեւում կային մի քանի հայրենադարձների տներ: Դրանց բնակիչների հանգստի մշտական վայրն էր Պուշկինի այգին: Մենք` երեք ընկերներ (ես, Ժիրայր Թորոսեան, Յարութիւն Գրքաշարեան) ամառուայ երկու-երեք ամիսն անցկացնում էինք «մեր» այգում: Մշտապէս մեզ էր միանում իմ ընկերուհի, մեր դրացի Լիլիթը: Վերի սեփական տներից մէկում էր ապրում Պէյրութում ծնուած, մշտապէս ճաշակով հագնուած, հագը-կապը տեղին, ինձնից մի քանի տարով մեծ Զաւէն Շլուգեանը, որը շատ կարճ ժամանակ յետոյ միացաւ մեր խմբին:
Դրամ հայթայթելու արուեստի մէջ բաւական ճարպիկ էր Զաւէնը, որը տան միակ արու զաւակը լինելու հանգամանքը օգտագործելով` կարողանում էր փող «պոկել» լաւ դրամ վաստակող հօրից, որը նշանաւոր դերձակ-ձեւող էր եւ կարում էր Հայաստանի երգի-պարի պետական համոյթի հագուստները:
Յարութիւնի վիճակն էլ վատ չէր: Նրա հայրը այդ տարիների լաւագոյն ատամնատեխնիկներից մէկն էր: Գրքաշարեանների նիւթական բարեկեցիկ կեանքի շնորհիւ էր, որ Յարութիւնը սովորում էր երաժշտական դպրոցում, մի բան, որ ինձ համար երազ էր շատ փոքր տարիքից:
Իմ սիրելի Ժիրիկի եւ իմ նիւթական վիճակը նոյնն էր: Նրա հայրը ֆրանսերէնի ուսուցիչ` ծայրը-ծայրին հազիւ էր հասցնում: Գրեթէ նոյն վիճակն էր մեր ընտանիքում:
1953-54 ուսումնական տարուայ նախօրէին, ամբողջ ամառն անցկացրինք այգում: Ստալինի մահից յետոյ փոքր-ինչ լուսաւոր էր դարձել կեանքը: Մեր «հզօր խմբակի» «գործունէութիւնը» հիմնականում ծաւալւում էր զրոյցների, շախմատ եւ այլ խաղեր իրականացնելու մէջ, սակայն խօսակցութիւնների հիմնական թեման պտտւում էր մեր հետագայ ծրագրերի, անելիքների շուրջ: Ամէն մէկն ունէր իր նախասիրութիւնը, իր երազը:
Տղաներն արդէն որոշել էին բարձրագոյն ուսում ստանալ պետական համալսարանում: Ինձ հարցնող չկար, թէ որտեղ եմ ուզում շարունակել ուսումս: Նրանք գիտէին երաժիշտ դառնալու երազանքիս մասին, որն, ըստ իրենց, անիրականանալի երազ էր:
Իսկ ես, եթէ որեւէ երեկոյի նրանց հետ չէի, ասել է, թէ ֆիլհարմոնիայում էի, որեւէ սիմֆոնիկ համերգի, ուր շատ անգամ բարձրանում էի սրահի ամենավերին օթեակ, որը սովորաբար դատարկ էր լինում, եւ կանգնելով վարագոյրի ետեւում` փորձում էի խմբավարին նայելով «ղեկավարել» նուագախումբը: Յաճախ, գերազանց իմանալով կատարուող ստեղծագործութիւնը, առանց խմբավար Միքայէլ Մալունցեանին նայելու` ինքս էի ինձ ու ինձ ղեկավարում:
Մինչ նման «խմբավարութիւն» անելը` ես դասական երաժշտութիւն էի ամբարել իմ ուղեղում` շնորհիւ եղբօրս, որը 1952-ին Լենինկրատից բերել էր դասական երաժշտութեան ձայնապնակներ եւ նոյնիսկ` սիմֆոնիկ տպուած նոթաներ: Նոթաճանաչ չլինելով, տեսողութեամբ, լատինական նշանների օգնութեամբ, նոթաների վեր ու վար ընթացքով ես ճշգրտօրէն կարողանում էի հետեւել երաժշտութեան ընթացքին: Ես արդէն անգիր եւ արել դասական երաժշտութեան մի քանի հանրամատչելի սիմֆոնիկ ստեղծագործութիւններ:
Իմ ազատ օրերին սկսել էի նոյնիսկ նուագախմբի փորձերին գնալ: Զարմանալիօրէն բոլոր երաժիշտները բարեացակամ էին իմ նկատմամբ: Այդ վերաբերմունքի շնորհիւ էր, որ ես համարձակութիւն ունեցայ գնալ բեմի ետեւը ու մօտիկից շփուել երաժիշտների եւ նոյնիսկ խմբավար Միքայէլ Մալունցեանի հետ:
Այդ նոյն ժամանակ Պուշկինի այգում իմ բացակայութեան ժամանակ տղաները իմ «ապագան» էին քննարկում: Ու մի օր, նուագախմբի փորձից յետոյ եկայ այգի: Դեռ հեռուից նկատեցի, որ տղաները վիճում են: Ինձ տեսնելուն պէս պապանձուեցին:
– Հը՜, ի՞նչ կայ, տղե՛րք…, ինչո՞ւ լռեցիք: Ինչի՞ մասին էիք վիճում,- հարցրի ես:
– Ոչի՜նչ, հէնց այնպէս… խօսելու բան չկա՞յ, Հենրի՛կ,- Լիլիթն էր, որ մշտապէս գիտէր իմ ուր լինելը:
– Եթէ այդպէս յանկարծակի դադարեցրիք խօսակցութիւնը, կը նշանակի իմ մասին էիք խօսում, ինձ էիք բամբասում:
– Տօ հա՛, հէնց քո մասին էինք խօսում,- համալսարանի ուսանող Զաւէնն էր:
– Հենրի՛կ, շուտով աւարտելու ես դպրոցը եւ դեռ չես որոշել, թէ որտեղ ես սովորելու, որտե՞ղ ես ուսումդ շարունակելու,- սա էլ Ժիրիկն էր, որ յաջորդ տարի էր աւարտելու դպրոցը:
– Տղե՜րք, դուք լաւ գիտէք իմ նախասիրութիւնը, իմ երազանքը, ես ոչ մի տեղ էլ չեմ ուզում սովորել, ինձ հանգիստ թողէք:
– Հենրի՛կ, ախր դու երազի մէջ ես, մոռացի՛ր, մոռացիր երաժշտութիւնը: Դու հիանալի գրիչ ունես: Գրուածքներդ էլ արդէն սիրով ընդունւում են հասարակութեան կողմից: Քեզ համար բաւական հեշտ կը լինի բանասիրական ընդունուելը,- ասաց Զաւէնը:
– Թողէք` մի բան էլ ես ասեմ,- ասաց Լիլիթը,- լա՜ւ, լա՛ւ, Հենրիկ, այս տարի որեւէ տեղ մի՛ դիմիր, գնա՛ հետաքրքրուիր երաժշտական դպրոցներով, գուցէ թէ մի բան ստացուի, ի՞նչ իմանամ: Էս տարին քոնն է, ինչ ուզում ես արա՜:
Հազիւ մէկ շաբաթ անց հետեւեալ զրոյցը տեղի ունեցաւ իմ ընկերների հետ` դարձեալ Պուշկինի այգում: Զաւէնն էր զրոյցն սկսողը.
– Հենրի՛կ, դու պէտք է ընդունուես որեւէ բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Դու ստիպուած ես մոռանալ երաժշտութիւնը:
– Չեմ հասկանում…, դուք չէի՞ք, որ անցեալ օրը յոյս էիք տալիս, որ թերեւս կը կարողանամ ուղիներ գտնել երաժշտութեամբ զբաղուելու համար: Այդ ի՞նչ պատահել, որ մի քանի օրուայ մէջ փոխեցիք ձեր կարծիքը:
– Թող Լիլիթը պատմի, նա էր գաղափարի հեղինակը,- ասաց սրտնեղած Զաւէնը:
– Ի՞նչ ասեմ, Հենրի՛կ, ես, Ժիրայրը եւ Զաւէնը գնացինք ֆիլհարմոնիա` խմբավար Միքայէլ Մալունցեանի հետ զրուցելու: Փորձեցինք ճշդել, թէ հնարաւո՞ր է 17 տարեկանից երաժշտութիւն սովորել հետագայում խմբավար դառնալու համար:
– Եւ ի՞նչ, ի՞նչ ասաց Մալունցեանը:
– Ես կարճ կ՛ասեմ, Հենրի՛կ: Մոռացի՛ր երաժշտութիւնը: Մաեսթրոն ասաց, որ կարող ես երաժիշտ դառնալ, որեւէ փողային գործիք նուագել սովորել, ասենք` քլարինեթ, բայց խմբավար` դժուար թէ, էն էլ` սկսելով զերոյից,- եզրափակեց զրոյցը Զաւէնը:
Առանց մի խօսք ասելու, շուար վիճակում թողնելով ընկերներիս, հեռացայ այգուց:
Անբացատրելի յուսահատութիւն էր պատել ինձ: Ի՞նչ անել, ինչպէ՞ս դասաւորել իմ հետագայ կեանքը, ի՞նչ մասնագիտութիւն ընտրել: Իմ սրտին մօտ էր գրականութիւնը: Եղբայրս` Արսէնը, հաւասարապէս կիսում էր իմ տառապանքի ծանրութիւնը:
– Հենրի՛կ,- ասաց նա,- ի՞նչ արած, միշտ չէ, որ կեանքը դասաւորւում է ուզածիդ պէս, ես էլ կ՛ուզէի քեզ տեսնել խմբավարական վահանակի առջեւ: Ես մշտապէս հետեւել եմ, թէ դու ինչպէ՛ս ես գիշեր-ցերեկ տարուած դասական երաժշտութեամբ: Մեր ծնողները ժամանակին հնարաւորութիւն չունեցան քեզ երաժշտական դպրոց ուղարկել: Մենք շատ աղքատ էինք, հացի դրամ իսկ չունէինք: Դու հիանալի գրիչ ունես, կարող ես լաւ լրագրող լինել, ինչո՞ւ չէ` նաեւ գրող: Շուտով աւարտում ես միջնակարգը: Արա՛գ կողմնորոշուիր:
… 1954-ին աւարտեցի Արաբկիրի Շիրվանզադէի անուան դպրոցը: Այդ ամրանը Պուշկինի այգին աւելի մարդաշատ էր: Դժուարացել էր երկու-երեք ազատ նստարան գտնելը, որպէսզի բոլորակ կազմած մեր խումբը իրար գլխի հաւաքուէր ու մինչեւ մութն ընկնելը օրը զրոյցներով ու խաղերով անցկացնելը հաճելի լինէր: Մեր նիւթերից վերջնականապէս դուրս մղուեց իմ երաժիշտ դառնալ-չդառնալու հարցը:
Մալունցեանի «մարգարէական» կանխորոշումն է՜լ աւելի էր բորբոքել իմ երաժիշտ դառնալու երազանքը, կիրքը` եթէ կ՛ուզէք: Ցանկացած գնով պատրաստ էի հակառակը ապացուցել: Ես մտադրել էի «վրէժ» լուծել բոլորից: Բայց չգիտէի ինչի՛ց սկսել: Ես խորհրդատու անգամ չունէի, քաշւում, ամաչում էի ոեւէ մէկից խորհուրդ հարցնել:
– Հենրի՛կ, ի՞նչ ես մտածում, օգոստոսը գալիս է, իսկ դու դեռ որոշում չես կայացրել որեւէ տեղ ընդունուելու համար,- ակնյայտ մտահոգութեամբ մի օր ասաց Լիլիթը:
– Ես դեռ որոնումների մէջ եմ եւ չգիտեմ անելիքս: Դու կարո՞ղ ես հասկանալ, որ ինձ ոչ մի մասնագիտութիւն չի ձգում, չի գրաւում:
– Հասկանում եմ, Հենրի՛կ, այնուհանդերձ, մտածիր, եթէ դու մօտակայ երկու շաբաթուայ ընթացքում գործերդ որեւէ տեղ չյանձնես, տարի ես կորցնելու:
– Է՜… թող կորցնեմ, առանց այն էլ կորցրել եմ… ի՞նչ դառնամ` բժի՞շկ, փաստաբա՞ն: Ոչ մէկն էլ սրտովս չի: Միակ մասնագիտութիւնը, որ քիչ թէ շատ սրտիս մօտ է, լրագրող, գրող դառնալն է:
– Տեսնո՞ւմ ես, հայրիկդ էլ է այդպէս մտածում: Նա շատ հեռատես մարդ է:
– Չգիտեմ, չգիտեմ անելիքս: Հաւանաբար ես այս տարի բաց կը թողնեմ, կը գնամ մի տեղ կ՛աշխատեմ, ինչ աշխատանք ուզում է լինի: Ինչպէս ասում են, գուցէ թէ «խելքի գամ» ու մի տեղ կը մտնեմ սովորելու: