Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ղարաբաղը Ականատեսի Վկայութեամբ` Անցեալ Դարի Երկրորդ Կէսին

Սեպտեմբեր 11, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

1975 թուականին Հայաստանի Ռադիոյի ժողգործիքների համոյթի փոքր կազմը երեք մենակատարների հետ միասին, իմ ղեկավարութեամբ, երկու համերգի համար մեկնեց Ազրպէյճան: Առաջին համերգը կայանալու էր Շուշիում, երկրորդը` Պաքուի մէջ: Կէս գիշեր էր, երբ տառապալից վիճակով հասանք 19-րդ դարի երկրորդ կէսի եւ 20-րդ դարի առաջին տասնամեակին լաւագոյնս ճանաչուած, հայ մշակոյթի կենտրոն համարուող, փոքր Փարիզ անունով յայտնի Շուշի:

1920 թուականին Ազրպէյճանի կողմից իրականացած 30 հազար հայերի կոտորածի ու քաղաքի լիակատար աւերումի պատճառով այն արդէն ամբողջովին խաւարի մէջ կորած գիւղաւան յիշեցնող անմարդաբնակ տարածքի էր նման: «Կուլտուրայի տուն» կոչուածն էլ կառուցման օրից  չվերանորոգուած անհրապոյր մի կառոյց էր: Սրահում էլ` 30-40 կոտրած-թափած աթոռների մի բլուր:

– Այստե՞ղ ենք համերգ տալու, բարեկամ,- հարցնում եմ միակ տղամարդուն:

– Մի՛ անհանգստանաք, տղերք ջան, առաւօտեան կը շարենք աթոռները:

– Էս ո՞ւր են մեզ դիմաւորողները, շրջանի ղեկավարներից մէկն ու մէկը, ի վերջոյ` էս քոռ ու փուչ եղած կուլտուրայի տան վարիչը,- զայրացած հարցրի:

Մի քանի վայրկեան լուռ մնալուց յետոյ.

– Խեղճը էրես ունի՞, որ էրեւայ… կենտրոնից փողը չեն ղրկէ, որ ձեզ մարդավարի, հայավարի ընդունենք ու ճամբու դնենք: Էսպէս է մեր վիճակը: Ես էս շէնքի պահակն եմ: Թէ խի են ձեզ ըստեղ ղրկէ, չեմ հասկնայ: Վաղը հազիւ թէ կարենանք մի 20-30 մարդ բերել համերգի: Հիմա ես ձեզ տաք չայ կը տամ, յետոյ կը տանեմ հիւրանոց, էս շէնքի քովն է: Ընտեղ ինձնից բացի` ուրիշ մարդ չկայ, համա բալնիքը քովս է:

Ռուսական խոշոր ինքնաեռի պարունակութիւնը մի կերպ բաւարարեց մեր խմբի անդամներին թէյ մատակարարելու համար:

– Էս ուտելու բան-ման չկա՞յ,- համարձակուեց հարցնել տուտուկահարներից մէկը:

–  Չէ, տղերք ջան, ներող կ՛եղնիք, համա առաւօտ վայ թէ հաց էլ էղնի… դուք պտի ձեր գլխի ճարը տեսնիք: Կ՛երթաք բազար, ընտեղ վայ թէ մի բան կ՛եղնի, կամ էլ պտի ընկնիք գիւղի տները ու ձեր փողով կարենաք ուտելու բան ճարել: Համա թուզը որ ըսեմ, գիւղացիք էլ աղքատ են, բան-գործ չունեն, ջահել-մահել չի մնացէ, սաղ փախել են Պաքու, Ռուսաստան, կամ էլ` Հայաստան:

Չերկարացնեմ: Առաւօտեան թէյին աւելացաւ հացանման մի թխուածք: Ինչպէս ասել էր պահակ Ենոքը, գնացինք շուկայ, ուր միայն ու միայն չորս պառաւ կանայք էին «առեւտուր» անում` առանց ոեւէ յաճախորդի: Ծախածներն էլ` միայն 3-4 տեսակ կանաչի, ուրիշ ոչինչ: Ի վերջոյ, խումբ-խմբի բաժանուելով, քաղաք-գիւղի տները շրջելով` ամէն մարդ մի կերպ կարողացաւ սովամահ չլինել:

Համերգն անցկացրինք օրը ցերեկով, հազիւ 30 պառաւ կանանց ու զառամեալ ծերունիների  ներկայութեան: Յովիկի (Յովհաննէս  Բադալեան)  «Զարթի՛ր, լաօ»-ն էլ չօգնեց, որպէսզի աշխարհից անտեղեակ, իրենց դարդով տապակուած մեր տատերն ու պապերը գէթ կէս ժամով կտրուէին իրականութիւնից ու չննջէին համերգի ժամանակ:

Ահա այսպիսին էր Ղարաբաղը` ոչ այնքան հեռու անցեալում, այն էլ` Ազրպէյճանի նման հզօր ու հարուստ երկրի տիրապետութեան տակ: Ղարաբաղը հայաթափելու անմարդկային, սադայէլական ծրագիրը իրականացւում էր ՄԵԾ վարպետութեամբ: Իսկ ահա Պաքւում բոլորովին այլ էր պատկերը:

Պաքուի Արմէնիքենդ շրջանի հայութիւնը սրտաբաց, տօնական տրամադրութեամբ ընդունեց Հայաստանի երաժիշտներին: Խանդավառութիւն էր ողջ շրջանում: Նոր-նոր յաջողութիւն եւ ճանաչում վայելող, հետագայում մեծ ժողովրդականութեան արժանացած երգիչ  Բոկան (Բորիս Դաւիդեան) երկու օր շարունակ իր երաժշտախմբով աներեւակայելի հարուստ խնճոյքի պահեր պարգեւեց մեզ:

Այսպիսին էր Ղարաբաղի եւ Պաքուի հայերի ապրելակերպի տարբերութիւնը 50 տարի առաջ:

* * *

Ներքոյ շարադրուող նիւթի հեղինակը նշանաւոր պատմաբան, գրող Բագրատ Ուլուբաբեանն է: Ճշմարիտ հայրենասէր ղարաբաղցի գիտնականն իր ամբողջ կեանքում պայքարել է Ղարաբաղի ազատագրութեան համար:

Ղարաբաղից փախուստ տուած Բագրատ Ուլուբաբեանը երկար տարիներ աշխատել էր Ղարաբաղում, եղել տեղի Գրողների միութեան նախագահ եւ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մօտիկից գիտէր, թէ ինչպէ՛ս էր հարստահարուում տեղի հայ բնակչութիւնը: Իրեն ապահով զգալով Հայաստանում, Ուլուբաբեանը փորձում է համախոհներ գտնել պատմաբանների շրջանում` պայքար ծաւալելու Ղարաբաղը իր օրինական տիրոջը` Հայաստանին վերադարձնելու համար: Տեսնելով, որ Ղարաբաղի հարցը անհնարին է քննարկման առարկայ դարձնել Հայաստանում, Ուլուբաբեանը որոշում է դիմել սփիւռքի օգնութեանը: Այդ նպատակի համար նա Ղարաբաղի հայութեան վիճակը նկարագրող ցնցող փաստերով լի մի յօդուած է պատրաստում եւ հայրիկիս` մատենագէտ-պատմաբան Յակոբ Անասեանի օգնութեամբ, փորձում այն տարածել սփիւռքում:

Հայրիկիս անձնական գրութիւններն ուսումնասիրելիս ձեռքս անցաւ Բագրատ Ուլուբաբեանի այդ յօդուածի կրկնօրինակը: Ժամանակին յօդուածի բնօրինակը հայրիկիս միջոցով հասել է Ամերիկա եւ տպագրուել  1972 թուականի աշնանը` «ԱՐՄԵՆԻԱ» եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» պարբերականներում:

Այժմ ընթերցողին ենք ներկայացնում Բագրատ Ուլուբաբեանի «Ղարաբաղի իրական  պատկերը» յօդուածը նոյնութեամբ` մասնակի կրճատումներով եւ իմ կողմից վերածուած դասական ուղղագրութեամբ:

* * *

 … Արցախ, Փոքր Սիւնիք, Լեռնային Ղարաբաղ: Հին ու հնաւանդ անուններ, հայ հող, Հայաստան: Բայց եղաւ այնպէս, որ այդ հողը պոկեցին, կտրեցին մայր Հայաստանից:

Այսուհանդերձ, յոյս կար, որ հայ Ղարաբաղը երբեւէ կը միանայ իր մայր Հայաստանին: Յոյս կար եւ յուսալով սպասում էր ղարաբաղցին:

Շատ դաժանութիւններ եղան ղարաբաղցի հայից այդ յոյսը խլելու համար:

Երբ Ազրպէյճանական Հանրապետութեան ղեկն ու իրաւունքը դժնայիշատակ Բաղիրովի ձեռքին էր, ղարաբաղցին նոյնիսկ չէր կարող ասել, որ ինքը հայ է, Հայաստան աշխարհի որդի: Այդպիսի ամէն մի հայ դատապարտւում էր հրապարակով: Նրա ճակատին խարանում էին ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏ (ազգայնամոլ) բառը եւ տանում այնտեղ, որտեղից վերադարձը հրաշք կարող էր լինել:

Երկար սպասումից յետոյ եկան աւելի բարւոք օրեր: Մթնոլորտը թեթեւացաւ: Ղարաբաղցին սկսեց իրեն աւելի ամուր զգալ պապենական հողի վրայ, սկսեց աւելի ազատ մտածել, աւելի ազատ արտայայտել իր իղձերը մայր Հայաստանի նկատմամբ: Գնալ-գալը շատացաւ, հեշտացաւ: Նա այլեւս վտանգ չէր տեսնում իր հայ լինելը, իր ազգային արժանապատուութիւնը ցոյց տալուց: Համարձակուեց նոյնիսկ օրինական պահանջներ ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի մարզային կենտրոնը` Ստեփանակերտը, որ տարիներ շարունակ հողին էր կպել ու հողից վեր բարձրանալու ուժ ու կարողութիւն չունէր, միանգամից բացեց թեւերը, կառուցման շունչ ու թափ առաւ, ծաւալուեց, մեծացաւ, գեղեցկացաւ: Աճեցին մտաւորականներ, որոնք արդէն կարող էին մարզի հայութեան անունից խօսել, ներկայացնել նրա խոհերն ու պահանջները:

Լեռնային Ղարաբաղը արդէն ունէր` իր գրողները, դերասանները, երգիչները, իր գիտնականները, մշակոյթի օճախները: Ազգային կեանքը մի տեսակ աշխուժացաւ:

Սակայն մարզի հայութիւնը դժգոհ էր իր վիճակից, որովհետեւ այդպէս էլ մնում էր որպէս հատուած, բաժանուած` մայր Հայաստանից:

Այս բանը զգում էին Ազրպէյճանի նոր ղեկավարները, որոնք չէին ազատուել ու չէին էլ ուզում ազատուել իրենց նախորդների մտայնութիւնից ու չար ծրագրերից: Նրանք զգում էին, որ փոխուել են ժամանակները եւ իրենց հայահալած քաղաքականութեան դէմ բողոքողներին այլեւս չէին կարող բանտ ու աքսոր քշել: Ուրեմն պէտք էր նոր եղանակներ գտնել հին «մեղաւորներին» վնասազերծելու համար: Շուտով գտան այդ եղանակները: Սովորական դարձան աշխատանքից հեռացնելու, կուսակցական տուժ ու պատիժ տալու փաստերը:

Չուշացան նաեւ ազրպէյճանական ազգայնամոլութեան գաղափարախօսները: Նրանք իրենց մամուլն ու գրքերը լցրեցին ամենաբազմազան անհեթեթութիւններով, որոնցից մէկի համաձայն, Ղարաբաղի հայերը խեղճ եկուորներ են համարւում իրենց հողի վրայ: Միւսի կարծիքով, նոյն այդ հայերը ոչ թէ իսկական հայեր են, այլ` բռնութեամբ հայացուած աղուաններ կամ թուրքեր: Իսկ մի երրորդը Ղարաբաղի «ինքնավարութեան» 40-ամեակը «ողջունեց» հետեւեալ բարբաջանքով.

«Եղել է Շուշին, Աղտամը, բայց նրանց միջեւ ընկած Ստեփանակերտ քաղաք չի եղել»: Իբր հայկականը 40 տարուայ ընթացքին է, որ ընկել է ազրպէյճանական երկու քաղաքների արանքը: Շուշի քաղաքի փառահեղ մասը, որ հայկական է եղել, կործանել են 1920 թուին, վերջերս էլ աւերակներն են վերացել գետնի երեսից, որպէսզի չարագործութիւնը վկայող ոչինչ չմնայ: Հիմա էլ օրը ցերեկով կոչ են անում վերացնելու քաղաքի հայկական գերեզմանոցը:

Եւ այսպէս, սկսուել է մի նոր արշաւ Ղարաբաղի հայութեան դէմ: Սկզբում զգուշաւոր, իսկ յետոյ` բացայայտ ու սանձարձակ: Հրազէնով, խուլիկանի դանակով եւ մահ պատճառող այլեւայլ միջոցներով Ղարաբաղի տարբեր վայրերում հայեր սպաննուեցին: Օրերից մի օր սպաննուեց… ո՜չ , յօշոտուեց, խոշտանգուեց 8-ամեայ մի հայ տղայ: Մարդասպաններին գտան, երեք ազրպէյճանցիներ էին, որոնցից մէկը այդ դպրոցի տնօրէնն էր, որտեղ սովորում էր այդ ութամեայ տղան:

Մարդասպաններին դատեցին եւ դատավճիռը կարդացին Ստեփանակերտի Քաղաքային այգում, բացօթեայ: Դատական որոշումը մեղմ էր ու անարդար: Ժողովուրդը, որ այլեւս չէր կարող համբերել, զայրացաւ, պոռթկաց ու դիմեց ինքնադատաստանի, վառեց երեք մարդասպաններին: Դրան հետեւեց մի ահեղ հաշուեյարդար, որը ահա վեց տարի է չի աւարտւում ու չի մեղմանում: Բանտերը լցուեցին ղարաբաղցի հայերով, որոնցից շատերը տանջամահ եղան հէնց բանտի մէջ:

Սարսափը տարածուեց ամէնուր, սպանութիւններ տեղի ունեցան մարզի տարբեր վայրերում: Ստեփանակերտի շրջանի Կրասնի գիւղում ազրպէյճանցի զինուորականները մորթեցին մի հայ գեղջկուհու եւ մնացին անպատիժ: Մարտակերտում ոչնչացրին կոլխոզային պահակի ամբողջ ընտանիքը: Ոճրագործները մինչեւ օրս էլ չեն «յայտնաբերուել»: Չեն «յայտնաբերուել» նաեւ այն գիշերահէնները, որոնք Նոր Շէնի դաշտում սպաննեցին երկու հայ տրակտորիստի: Իսկ Շուշիի մասին խօսելն աւելորդ է, քանի որ այնտեղ իւրաքանչիւր ամիս հայ է սպաննւում դանակով, ատրճանակի գնդակով, կամ էլ` մահադեղով:

Սպանութիւնների, ահաբեկումների այս շարքը վերջ չունի, քանի որ ամէն շաբաթ մի նորն ու առաւել ահաւորն է կատարւում: Վերջերս էլ ինքնաշարժի արկածի կազմակերպումով սպաննել են մարզի գլխաւոր վիրաբուժ Շահէն Դանիէլեանին: Մարզի վախկոտ ղեկավարները ջանում են այդ ստոր յանցագործութիւնը ներկայացնել որպէս պատահական աղէտ: Ազրպէյճանի ազգայնամոլ ղեկավարները Ղարաբաղը նուաճելու ամենայուսալի միջոցներից մէկն են համարում մարզի աչքաբաց ու համարձակ մտաւորականների դէմ նիւթուող հալածանքները: Մարզում ստեղծել են մի այնպիսի վիճակ, արդարութեան մասին խօսք ասող եւ ընդվզող  մտաւորականների շուրջը կրակի այնպիսի օղակ, որ նրանք թողել են տուն-տեղ, պապենական տուն ու բնակավայր եւ ապաստան են գտել ուրիշ վայրերում: Նրանց ետեւից հեռանում են նաեւ արհեստաւորներն ու մասնագէտները: Նրանք ուրիշ ելք չեն տեսնում` դուրս գալու այն վիճակից, որ Ազրպէյճանի հայատեաց ղեկավարները եւ նրանց սպառնալիքի տակ ճզմուած հայ ապիկար պաշտօնեաներն են ստեղծել Ղարաբաղի անպաշտպան հայութեան համար:

Որպէսզի պարզ լինի, թէ Ղարաբաղի հայերի ազրպէյճանականացումը ինչպիսի՛ միջոցներով է կատարւում, բաւական է յիշել Ստեփանակերտի Մանկավարժական հիմնարկի չարաբաստիկ օրինակը:

Հիմնարկի կէսն ազրպէյճանական է` ազրպէյճանցիների համար, այն էլ` ոչ ղարաբաղաբնակ ազրպէյճանցիների, այլ` ուրիշ վայրերից եկող ազրպէյճանցիների:

Հարց է ծագում. ինչո՞ւ դրսից եկող ազրպէյճանցին պիտի ուսանի Ղարաբաղում եւ ոչ թէ` տեղաբնակը: Պատասխանը յստակ է. ազրպէյճանական  բաժանմունքը պիտի վերածուէր լրտեսական կենտրոնի: Հիմնարկն աւարտող ազրպէյճանցիները գնալով շատացան Ղարաբաղում եւ օրէ օր բազմապատկուելով` իրենց ձեռքն առան Ղարաբաղի վարչական օղակներն ու զանազան պաշտօններ: Ստեփանակերտի ոստիկանութիւնում աշխատողների հիմնական մասը ազրպէյճանցիներ են, եւ նրանք է, որ պիտի «պաշտպանեն» հայ աշխատաւորների իրաւունքները…

Ծանր, յուսահատ վիճակ է ապրում  հայոց Ղարաբաղը: Ղարաբաղցին շատ է բողոքել, ընդվզել է իր արդար իրաւունքները պաշտպանելու համար, բայց միշտ էլ մնացել է անպաշտպան:

– Եւ ինչո՞ւ, մինչեւ ե՞րբ… Ոչ մի հանրապետութիւնում այնքան շատ չեն խօսում եղբայրութեան մասին, որքան` Ազրպէյճանում:

– Ո՞ւր է  եղբայրութիւնը, ո՞ւր են Ղարաբաղի հայութեան եղբայրները… Եթէ չեն ցաւում  ուրիշների սրտերը, եթէ այսպիսին են  նրա հետ եղբայրացածները, ապա ի՞նչ են մտածում արիւնակից եղբայրները, հայ եղբայրները:

 

 

 

Նախորդը

Մենք Եւ Այս Աշխարհը

Յաջորդը

Դաշնակցականի Ակնոցով Դիտուած. Եւրոպայի Հայկական Համայնքներու Մասին – Ա.

RelatedPosts

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ
Անդրադարձ

Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ

Հոկտեմբեր 14, 2025
Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով
Անդրադարձ

Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?