Այսօր, աւելի քան երբեք, հրամայական է արձանագրել այն հանգամանքը, որ շնորհիւ Արամ Խաչատուրեանի` ոչ միայն ծնուեց հայկական երաժշտութեան պալեթային ժանրը, այլեւ, ընդհանրապէս, նրա բարձր արուեստի շնորհիւ զգալի յաջողութիւններ արձանագրեց ողջ խորհրդային պալեթային արուեստը իր ողջ պատմութեան ընթացքում:
Հետեւելով Խաչատուրեանի օրինակին` պալեթային ժանրում իրենց ուժերը փորձեցին ոչ միայն մի քանի հայ յօրինողներ, այլեւ` խորհրդային տարբեր հանրապետութիւնների շատ փոքրաթիւ երաժիշտներ:
Հայկական պալեթային արուեստը մօտենում է իր պատմութեան հարիւրամեակին, թէեւ նրա ակունքները մեզ տանում են դէպի մեր պատմութեան ամենախոր դարաշրջանները:
Եւ լաւ գիտակցելով, թէ դասական ձեւ առած հայկական պարը որքան կարեւոր դեր կարող է խաղալ իր ժողովրդի հոգեւոր մշակոյթի զարգացման գործում, Խաչատուրեանը խիզախօրէն նետուեց պալեթային ժանրի մէջ` դառնալով խորհրդային երկրի եւ յատկապէս Հայաստանի դասական երաժշտութեան` մեր օրերում արդէն զգալիօրէն առաջընթաց ապրած այդ ժանրի նախակարապետը;
Խաչատուրեանի ամենավաղ շրջանի սենեկային գործերում արդէն երեւան են գալիս հայկական ժողովրդական, ինչպէս նաեւ կովկասեան բազմազգ ժողովուրդների պարային մեղեդիներ եւ կշռոյթներ:
Դեռեւս երեխայ եղած ժամանակ նա սիրում էր դիտել, թէ ինչպէ՛ս է պարում ժողովուրդը ազգային տօնախմբութիւնների եւ հարսանիքի ժամանակ: Նրան հրապուրում էին հայկական «Քոչարի» եւ կովկասեան «Լեզգինկա» պարերը, ինչպէս նաեւ` կանացի պարերի նուրբ ուրուագծերը:
Ժողովրդական պարերի ոլորտում Խաչատուրեանի համար բացուեց մարդկային յոյզերի խոր, յուզաթաթաւ մտքերի հիանալի եւ ոգեւորիչ մի աշխարհ, ուր նա թեւակոխեց որոշակի թարմութիւն բերելով այնտեղ արմատացած ու սովորոյթ դարձած բազմաթիւ նուիրագործուած երեւոյթների մէջ:
Արեւելքի պարային երաժշտութիւնից յօրինողի հոգուն ու մտածումներին աւելի քան մօտ ու հարազատ էր հայկական պարը: Այդ է պատճառը, որ նրա պարային-պալեթային ժանրում հիմնականը հայկական պարերն են:
Իր պալեթներում Խաչատուրեանը նուրբ հասկացողութիւն է հանդէս բերել պարային երաժշտութեան հնարաւորութիւնները ճշգրտօրէն հասկանալու հարցում, երաժշտութիւն, որ նա հարստացրեց նոր գոյներով, նոր կշռոյթներով ու նոր երաժշտական հանդերձանքով:
Խաչատուրեանի համար պարը սոսկ ժանր չէ երաժշտական աշխարհից ներս:
Ինչպէս նրբօրէն նկատել է երաժշտագէտ Տիգրանովը` «Պարի տարերքի մէջ յօրինողը գեղարուեստական ընդհանրացման լայն հնարաւորութիւններ է ստեղծում: Նրա պալեթում պարը օգնում է զարգացնելու ստեղծագործութեան երաժշտատրամաթիքական հենքը: Պարի օգնութեամբ նա ստեղծում է հերոսների կերպարը, իսկ երաժշտական առումով, Խաչատուրեանը պալեթներում սիմֆոնիզացիայի է ենթարկում պարը»:
Խաչատուրեանի պալեթներում մենք հանդիպում ենք պարային արուեստի բազմաթիւ ժանրերի եւ ձեւերի հետ: Դրանք են` բանաստեղծական, քնարական պարեր, կրակոտ ու եռանդուն, հերոսական ու խրոխտ եւ ժամանակակից պարեր, ու դրա հակառակ կողմը գտնուող` «արխայիկ»-հնամենի պարեր:
– Օրինակնե՞ր էք ուզում,- խնդրեմ:
Խաչատուրեանի պարային երաժշտութեան շրջագծի մէկ կողմում քնարական ոգեւորիչ «Վալս»-ը` «Դիմակահանդէս»-ից, միւս կողմում` փոթորկուն «Սրերով պարը», իսկ մէկ այլ կողմում` արխայիկ սգոյ պարն է «Սպարտակ» պալեթից:
Ինչպէս տեսնում էք, յօրինողի պալեթային ժանրի մէջ, հայկական պարն ու երաժշտութիւնը երեւան էն գալիս ժանրային ողջ հարստութեամբ, եւ, որ ամենակարեւորն է` մեծ, համապարփակ, լայն ընդգրկումով, սիմֆոնիկ նուագախմբի հզօր հնչողութեամբ:
Պալեթը Խաչատուրեանի համար թատերականացուած երաժշտութիւն է, որի մէջ ժողովրդին հասկանալի բոլոր միջոցներով պիտի արտացոլուեն բեմում ծաւալուող բոլոր իրադարձութիւնները:
Ըստ Խաչատուրեանի մտայնութեան, պալեթը սոսկ համր թատրոն չէ, այլ` երաժշտութեան լեզուով, խօսքով թատերականացուած ներկայացում, որի ընթացքում ունկնդիր-հանդիսատեսը աչքերով ու լսողութեամբ պիտի կարողանայ լիովին ըմբռնել հերոսների հոգեվիճակը, նրանց ապրումները, մի խօսքով` այն ամէնը, ինչ որ տրուած է պալեթի բովանդակութեան մէջ:
Այս իմաստով չափազանց հետաքրքրական է Խաչատուրեանի հետեւեալ միտքը.
«Պալեթը, ինչպէս եւ` օփերան, ես համարում եմ արուեստի տարբեր ճիւղերի սինթեզ, միացման լաւագոյն դրսեւորումներից մէկը: Երաժշտութիւն, պար, բեմադրութիւն, մնջախաղ, տեքորատիւ արուեստ, նկարչութիւն, քանդակագործութիւն եւ երբեմն էլ` վոքալ երգեցողութիւն, բանաստեղծական խօսք, ինչպիսի՜ միջոցների առատութիւն` ունկնդիր-հանդիսատեսի ներաշխարհի վրայ ազդելու համար»:
Ըստ Խաչատուրեանի, ինչպէս ամէն մի ազնիւ արուեստի ճիւղ, պալեթին վիճակուած է արտայայտել բազմաթիւ մարդասիրական գաղափարներ` ընկերային-տնտեսական ուղղուածութեամբ: Պալեթը, ըստ նրա, պարտաւոր է գեղարուեստական կերպարներով վերարտադրել ժողովուրդների կեանքն ու պայքարը, մարդկային անհատականութեան հոգեկան ապրումները:
Յօրինողը ձգտել է պալեթը կապել ընդունուած համընդհանուր հասկացութիւնների հետ: Դրանք են սէր` մարդու եւ հայրենիքի հանդէպ, պայքար` յանուն ճշմարտութեան եւ ազատ կամքի արտայայտութեան: Այս ամէն հասկացութիւնները լաւագոյնս իրենց արտայայտութիւնը գտան Խաչատուրեանի «Գայեանէ» եւ «Սպարտակ» պալեթներում:
1939 թուականին, երբ Մոսկուայում տեղի էր ունենում խորհրդային երկրի հանրապետութիւնների ազգային արուեստի տասնօրեակ, Հայաստանը միակն էր, որ տասնօրեակին ներկայացաւ պալեթոյին ներկայացմամբ: Եւ այդ` ամբողջապէս հայկական շնչով ներծծուած «Գայեանէ» պալեթը միակն էր նաեւ ողջ խորհրդային երկրում:
Հարց է առաջանում` որտեղի՞ց այդքան հայկականութիւն յօրինողի հոգում ու երեւակայութեան մէջ, երբ նա հիմնականում ապրում էր Մոսկուայում ու դէպքից-դէպք էր լինում Երեւանում` բնակուելով մօր եւ եղբօր բնակարանում:
Առաջինը այն միջավայրն էր, որի մէջ ծնուեց ու մինչեւ 19 տարեկան դառնալը ապրեց Խաչատուրեանը հին Թիֆլիսի հայաշատ միջավայրում, ուր գիշեր ու զօր Հավլաբար եւ Պեսկի ծուռումուռ փողոցներում ու սրճարան-ճաշարաններում հնչում էին ժողովրդական եւ աշուղական երգեր ու պարեղանակներ:
Երկրորդ արդիւնաւէտ եւ գործնական քայլը, որ կատարեց Արամ Խաչատուրեանը, 1937 թուականին Հայաստան գնալն էր` «Երջանկութիւն»-«Գայեանէ» պալեթի համար մաքրամաքուր հայկական ժողովրդական եւ աշուղական մեղեդիներ գրի առնելու համար: 34 տարեկան յօրինողը արդէն ճանաչուած երաժիշտ էր խորհրդային երկրում եւ անկասկած վերին մարմինի` Մոսկուայի թոյլտւութեամբ նա կարողացաւ եօթը ամիս շարունակ Երեւանի «Երեւան» հիւրանոցի յարմարաւէտ սենեակում գրի առնել մի քանի տասնեակ ժողովրդական երգիչների եւ երաժիշտ- կատարողների կատարումները:
Բոլոր ժամանակների համար հանճարեղ համարուող Արամ Խաչատուրեանը աշխատելով պալեթների վրայ` երեւան է հանում իր ողջ մտահորիզոնը, իր նախանձելի գիտելիքների անկրկնելի պաշարը ու ստեղծագործական անմրցելի հետաքրքրութիւնների առատութիւնը: Նա աշխատում է լաւագոյնս իմանալ, ճանաչել պալեթում ծաւալուող գործողութիւնների վայրն ու ժամանակը, դարաշրջանը, միջավայրը: Եւ իր գրի առած հայկական ծողովրդական մեղեդիներն էին, որոնք ապահովեցին «Գայեանէ» պալեթի շռնդալից յաջողութիւնը համաշխարհային բեմերի վրայ:
Եւ ինչպէս տեսանք, հետագայում «Գայեանէ» պալեթի բազմաթիւ պարեր ժողովրդական պարի տեսքով մտան անհամար երաժշտախմբերի յայտագրերի մէջ, իսկ «Սրերով պար»-ը դարձաւ «Երաժշտական արբանեակ» ողջ հողագնդի վրայ:
Այս օրերին անգամ, պարի ստեղծումից աւելի քան 80 տարի անց, չկայ մէկ օր, որ այն չհնչի աշխարհի հինգ հազարից աւելի ռատիոկայաններից որեւէ մէկի միջոցով:
«Սրերով պար»-ի առնչութեամբ հետաքրքիր գրառում է արել հեղինակ Արամ Խաչատուրեանը. «Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զաւակ կայ` «Սուսերով պար»-ը` «Գայեանէ» պալեթից: Ազնւութեամբ, եթէ ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչութիւն ձեռք կը բերի եւ արմունկներով յետ կը մղի միւս ստեղծագործութիւնները, ապա երբեք չէի գրի:
«Սպարտակ» պալեթը գրելու գաղափարը Արամ Խաչատուրեանի մօտ ծագել էր դեռեւս 1941 թուականի Համաշխարհային Բ. պատերազմի առաջին իսկ օրերին, սակայն իշխանութիւնները նրան պարտադրում են գալիք տարուայ ընթացքին Խորհրդային Միութեան հիմնադրման 25-ամեակի տօնակատարութեան առթիւ սիմֆոնիա գրել: Հրամանը` հրաման: Ի՞նչ կարող էր անել խեղճ յօրինողը, եթէ ոչ` ենթարկուել հրամանին: Ժամանակի սղութեան պատճառով Խաչատուրեանը չի կարողանում ժամանակին աւարտել գործը, եւ նրա երկրորդ` երաժշտագէտների բնորոշմամբ «Հերոսական սիմֆոնիան» լոյս աշխարհ է գալիս մէկ տարի ուշացումով, 1943 թուականին:
Յօրինողի սիմֆոնիան ծրագրային է: Նրա մէջ արտացոլուած է խորհրդային հսկայական երկրի բազմազգ ժողովուրդների պայքարը ֆաշիստական Գերմանիայի դէմ եւ համաժողովրդական վիշտն ու անմեկնելի ցաւը` միլիոնաւոր զոհերի հանդէպ:
Արամ Խաչատուրեանը սիմֆոնիայի երրորդ մասում օգտագործել է հայկական ժողովրդական «Որսկան ախպեր» երգի մեղեդին, որով հերոսացրել է ոչ միայն խորհրդային երկրին, այլեւ իր հայրենիքին` Հայաստանին:
Պիտի ենթադրել, որ միլիոնաւոր մայրերին լացացնող «Հայր Ստալինին» դուր չեկաւ Խաչատուրեանի մեծ ժողովրդականութիւն վայելելը, ու առանց հիմնաւոր պատճառի` լռելեայն կասեցուեց նրա գործունէութիւնը: Նրա առջեւ փակուեցին պետական-պաշտօնական բոլոր դռները:
Տասը տարի անընդմէջ լռութեան մատնուեց յօրինողի անունը: Դժուար չէ երեւակայել, թէ ի՜նչ հոգեկան, բարոյական, նիւթական դժուարութիւններ է տարել հանճարեղ հայազգի յօրինող Արամ Խաչատուրեանը:
Սակայն պիտի գար իր արեւաշող լուսաբացի օրը, ու նա պիտի բարձրաձայներ.
– Բացէ՜ք դռները, գարուն է արդէն, այդ ե՛ս եմ գալիս` վերակենդանացած ստրուկ Սպարտակը…
Դա 1954-ին էր, ՃԻՒԱՂՆ արդէն չկար: Մտերիմ երաժիշտ ընկերները, ի մասնաւորի իր նման հալածուած Շոսթաքովիչը գիտէին, որ Արամ Խաչատուրեանը 1950 թուականից էր սկսել աշխատել «Սպարտակ» պալեթի վրայ, եւ մեծ հետաքրքրութեամբ սպասում էին գործի աւարտին: Երեքուկէս տարի ահռելի տառապալից աշխատանքից յետոյ Խաչատուրեանը սեղանին դրեց պալեթի պարտիտուրը, որի առաջին էջի վրայ գրուած էր` «Սկսում եմ ստեղծագործական վիթխարի յուզմունքով»:
Պալեթն առաջին անգամ բեմադրուել է 1956 թուականի դեկտեմբերի 27-ին, Լենինկրատի Մարիինեան օփերային թատրոնում:
Արամ Խաչատուրեանի բնորոշմամբ, «Սպարտակ» պալեթը քորեոկրաֆիք-պարային սիմֆոնիա է, որի մէջ արտացոլուած է ՆՔ 74-71 թ.թ.հին Հռոմի իրաւազրկուած ստրուկների պայքարը հանուն ազատութեան: Թէեւ պալեթի երաժշտութիւնը բաղկացած է առանձին համարներից, սակայն, ողջ երաժշտութիւնն ընկալում է մէկ ամբողջութեան մէջ` որպէս սիմֆոնիա:
Ի տարբերութիւն «Գայեանէ» պալեթի երաժշտութեան, ուր ամէն ինչ լոյսի մէջ է, ուրախ, զուարթ պարեր, «Սպարտակ»-ում բոլորովին այլ է պատկերը: Այստեղ պար չկայ, վերցնես ու համերգային ձեւով ներկայացնես դիտողին:
Սա պատմութիւն է, որին պիտի հաղորդակից լինի իր անկախութեան, ստրկութիւնից ազատագրուելու համար պայքարող ամէն մի ժողովուրդ: «Սպարտակ»-ը երաժշտական թատրոն է` առանց խօսքի, ուր կան դաւաճանութիւն, սէր խարդաւանք, մատնութիւն, կռիւ, մահ: Այս ամէնը երաժշտութեամբ պատմելու համար Խաչատուրեան պէտք է լինել: Այնքան պատկերաւոր է յօրինողի երաժշտութիւնը, որ պալեթի բովանդակութեանը տեղեակ հանդիսատեսը աչքերը փակ վիճակում անգամ կարող է զգալ` թէ գործի ո՛ր մասն է լսում:
Չափազանց հարուստ է «Սպարտակ»-ի երաժշտական լեզուն: Այն ինքնատիպ է ու` խորը ազգային-ժողովդական երաժշտութեան ցայտուն նկարագրով:
… Մինչեւ Արամ Խաչատուրեանի պարային հրապարակ իջնելը, հայ իրականութեան մէջ 19-րդ դարում մեր մշակոյթում եղել են թատերականացած, այսպէս կոչուած` «կենդանի պատկերներ» եւ պարեր, մանաւանդ ազգային օփերաներում` «Արշակ երկրորդ», «Անուշ», «Ալմաստ»:
Ժամանակին, «Գայեանէ» պալեթից յետոյ պալեթներ են գրում յօրինողներ Սարգիս Բարխուդարեանը` «Նարինէ», Անուշաւան Տէր Ղեւոնդեանը` «Անահիտ»: Բալետային ժանրում իրենց լուրջ ներդրումն են կատարել երգահաններ Վահագն Արարատեանը եւ Սերգէյ Բալասանեանը:
Բաւական արգասաբեր եղաւ Արամ Խաչատուրեանի աշակերտ, տաղանդաւոր յօրինող Էդգար Յովհաննիսեանի ներդրումը հայկական պալեթային արուեստում: Նրա «Մարմար» եւ «Յաւերժական կուռք» պալեթները թէեւ կապուած են հեթանոսական Հայաստանի պատմութեան հետ, նրանց մէջ զարգանում է յաւերժ մի բնաբան, այն է` մարդու փառաբանումը, սէրը, ճշմարտութիւնը: Դրանց մէջ պախարակւում են չարն ու միապետութիւնը:
Էդ. Յովհաննիսեանին մեծ փառք բերեցին անշուշտ իր «Անտունի»` ըստ Կոմիտասի եւ «Սասունցի Դաւիթ» պալեթները:
Պալեթային ժանրի լաւագոյն գործերից են նաեւ Գրիգոր Եղիազարեանի «Սեւան», Գրիգոր Հախինեանի երեք պալեթները` ըստ Յովհ. Թումանեանի պոէմների եւ Էմին Արիստակէսեանի «Պրոմեթեւս» պալեթները:
Չնայած հայ յօրինողների եռանդուն ջանքերին` ստեղծել միջազգային արժէքի պալեթային գործեր, այդպէս էլ ոչ մէկին չյաջողուեց գէթ հեռուից մօտենալ Արամ Խաչատուրեանի պատուանդանին, որն իր աստուածային տաղանդի շնորհիւ հայ պալեթային արուեստը տարածեց աշխարհով մէկ ու դարձաւ 20-րդ դարի պալեթային արուեստի ամենացայտուն ներկայացուցիչը:
Ինչ որ նա տեսաւ իրական կեանքում, բնութեան մէջ, վերարտադրեց, նկարեց երաժշտութեամբ, գծեց արժանահաւատ երեւոյթներ ու դարձաւ, ինչպէս ասում է ռուս յօրինող, անուանի երաժշտական քննադատ Պորիս Ասաֆեւը`
– Մեր երաժշտութեան Ռուպենսը… որի արուեստի հաւատամքն է`
Թող լինի լոյսը… եւ թող լինի ուրախութիւն…



