Սոյն թուականի նոյեմբերի 23-ին ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի ԱԳԳ Արեւելագիտութեան հիմնարկն ու ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութիւնն ակադեմիայի նախագահութեան նիստերի դահլիճում կազմակերպել էին միջազգային գիտաժողով` «Հայաստան-Սիրիա յարաբերութիւններ, պատմական առնչութիւններ, արդի զարգացումներ եւ հեռանկարներ» («Armenian-Syria relations. historical encounters, current developments and perspectives») թեմայով: Գիտաժողովը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին:
Գիտաժողովը նպատակ ունէր, դիւանագիտական եւ ակադեմական շրջանակների ներգրաւմամբ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի հովանու ներքոյ, գիտական դիւանագիտութեան հարթակում (platform of Science diplomacy) քննարկել հայ-սիրիական յարաբերութիւնների պատմական զարգացման տարբեր փուլերը, արդի շրջանում տարածաշրջանային կերպափոխումների եւ մարտահրաւէրների առանցքում դրանցում դրսեւորուող առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ` հեռանկարները: Յատուկ քննարկման առարկայ էին` սիրիական ճգնաժամը, ներսիրիական, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների ներգրաւումն ու դրա ազդեցութիւնը տարածաշրջանային գործընթացների վրայ: Քննարկուեցին նաեւ սիրիահայ համայնքի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հնարաւոր հեռանկարները:
Գիտաժողովը ողջունեցին մի շարք դիւանագէտներ` Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում ՀՀ առաջին արտակարգ եւ լիազօր դեսպան Դաւիթ Յովհաննիսեանը, Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան (2007-2018), Թունուզի Հանրապետութիւնում եւ Մարոքի թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արշակ Փոլատեանը, Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Գէորգեանը, Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Նորա Արիսեանը, ՀՀ-ում Սիրիայի առաջին դեսպան Համետ Հասանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան (2017-2022) Մուհամետ Հաժ Իպրահիմը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութեան հիւպատոսական եւ տնտեսական կցորդ Ահմատ Հասան Ալաթպա, ՀՀ-ում Իրաքի դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Սուհէյլան Մ. Խալիլ Ալ-Ժուպուրին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան դիւանագիտական առաքելութեան ղեկավարի տեղակալ Մուհամետ Սալահը եւ այլ դիւանագէտներ:
Գիտաժողովի առաջին նիստը համակարգող ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Յարութիւնեանը ողջունեց բոլոր հիւրերին եւ մասնակիցներին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Նորա Արիսեանին համագործակցութեան համար, հիմնաւորեց հայ-սիրիական, ապա նաեւ Հայաստանի Հանրապետութիւն – Սիրիայի Արաբական Հանրապետութիւն քաղաքական, տնտեսական, մարդասիրական եւ գիտակրթական համագործակցութեան կարեւորութիւնն արդի փուլում, ընդհանուր գծերով ներկայացրեց գիտաժողովի հայեցակարգն ու քննարկող հիմնահարցերը:
Գիտաժողովի հիւրերին եւ մասնակիցներին ողջունեց Արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն Ռոպերթ Ղազարեանը: Նա շեշտեց հիմնարկի հովանու ներքոյ հայ-սիրիական բազմաշերտ յարաբերութիւններին նուիրուած միջազգային գիտաժողովի կազմակերպման կարեւորութիւնը` հաշուի առնելով տարածաշրջանային զարգացումներն ու միտումները:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ ԳԱԱ Հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Եուրի Սուվարեանը, որը մեծապէս կարեւորեց նման գիտաժողովի անցկացումն ու շեշտեց Արեւելագիտութեան հիմնարկի դերակատարումը ՀՀ-ում հաւատարմագրուած արաբական տարբեր երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւնների հետ ակադեմական եւ գիտակրթական կապերի սերտացման, համագործակցութեան ընդլայնման եւ արդիական տարբեր թեմաներով քննարկումների համատեղ հարթակ ձեւաւորելու գործում:
ԵՊՀ Արեւելագիտութեան բաժանմունքի դեկան փրոֆ. Ռուբէն Մելքոնեանը եւս կարեւորեց նման գիտաժողովի անցկացումը, յատուկ շեշտադրեց ԵՊՀ Արեւելագիտութեան բաժանմունքի եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի համագործակցութեան կարեւորութիւնն ակադեմական եւ գիտակրթական ոլորտներում, ընդգծեց Հայաստանի եւ Սիրիայի միջեւ գիտակրթական ոլորտում համագործակցութեան վերաշխուժացման անհրաժեշտութիւնը:
Դեսպան Դաւիթ Յովհաննիսեանն իր ելոյթում ներկայացրեց անկախութեան առաջին տարիներին ՀՀ-Սիրիա յարաբերութիւնների զարգացման առանձնայատկութիւնները, դրանց կայացմանը նպաստած գործօններն ու առկայ դժուարութիւնները: Մասնաւորապէս խօսեց ՀՀ անկախութեան առաջին տարիներին Սիրիայի Հայաստանի Հանրապետութեանը ցուցաբերած քաղաքական, մարդասիրական եւ տնտեսական աջակցութեան, Դամասկոսում ՀՀ դեսպանութեան բացման մասին:
Դեսպան Արշակ Փոլատեանն իր ելոյթում ողջունեց գիտաժողովի անցկացումը, խօսեց ՀՀ-Սիրիա դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ դրանց զարգացման օրինաչափութիւններից, ներկայացրեց Սիրիայի հայ համայնքի գործունէութիւնն ու փոխգործակցութիւնը Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ: Ընդգծեց սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ՀՀ դեսպանութեան աշխատանքի կարեւորութիւնն ու հայ համայնքի հետ փոխգործակցութիւնը:
Դեսպան Տիգրան Գէորգեանն իր ուղերձում ողջունեց նման գիտաժողովի անցկացումը: Նա ներկայացրեց արդի փուլում ՀՀ-Սիրիա քաղաքական, մարդասիրական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցութեան հիմնական ուղղութիւնները: Յատուկ ընդգծեց 2019 թ.-ից Սիրիայում ՀՀ «Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» Պետական ոչ առեւտրային կենտրոնի (ՊՈԱԿ) գործունէութեան կարեւորութիւնն ու կատարած աշխատանքը: Ներկայացրեց նաեւ արդի փուլում սիրիահայ համայնքի առջեւ ծառացած հիմնահարցերը:
ՀՀ-ում Սիրիայի առաջին դեսպան Համետ Հասանը ողջունեց նման գիտաժողովի անցկացման գաղափարը եւ ընդհանուր գծերով ներկայացրեց երկու երկրների միջեւ դիւանագիտական կապերի հաստատման, ամուր եւ փոխգործակցային երկկողմ յարաբերութիւնների կայացման նախնական փուլը:
Դեսպան Մուհամատ Հաժ Իպրահիմն իր ուղերձում շնորհաւորեց երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակը եւ մաղթեց արդիւնաւէտ փոխգործակցութիւն:
Դեսպան Նորա Արիսեանն իր «Սիրիա-Հայաստան. պատմական ներառում եւ շարունակական համագործակցութիւն» զեկուցման շրջանակում անդրադարձաւ Սիրիա-Հայաստան յարաբերութիւնների հաստատման եւ զարգացման պատմական փուլերին, ինչպէս նաեւ նշեց, որ Սիրիայի Արաբական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները բնական շարունակութիւնն են Սիրիայի ժողովրդի եւ հայ ժողովրդի միջեւ դարերի ընթացքում ունեցած բարեկամական պատմական յարաբերութիւնների, որոնք խարսխուած են եղել քաղաքակրթական, պատմական, մշակութային եւ ընկերային հիմքերի վրայ:
Զեկուցման ընթացքում դեսպան Ն. Արիսեանը խօսեց նաեւ ապագայ համագործակցութեան օրինաչափութիւնների եւ դրանց զարգացման առանցքների մասին:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութեան հիւպատոսական եւ տնտեսական կցորդ Ահմատ Հասան Ալաթպան իր «Սիրիա-Հայաստան տնտեսական յարաբերութիւններ. պատմութիւն եւ հեռանկարներ» զեկուցման ընթացքում փաստեց, որ հայ-սիրիական յարաբերութիւններն ունեն բազմադարեայ վաղեմութիւն: Քրիստոնէութիւնը հայոց պետութեան կողմից պետական կրօն ընդունելով եւ ելնելով այն հանգամանքից, որ սիրիական քաղաքները, ինչպիսիք են` Դամասկոսն ու Հալէպը, գտնւում էին ուխտագնացութեան ճանապարհի վրայ, հայ-սիրիական առեւտրային յարաբերութիւնները զարգացում ապրեցին:
Զեկուցումը նուիրուած էր երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը` միաժամանակ շեշտելով, որ ցաւօք ներկայումս այդ յարաբերութիւնների մակարդակը չի համապատասխանում երկու կառավարութիւնների քաղաքական եւ երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնների մակարդակին:
Ինչպէս նաեւ անդրադարձ կատարուեց այդ յարաբերութիւնների հեռանկարին, եւ շեշտուեց, որ երկու երկրների դիւանագէտները պէտք է ամէն կերպ նպաստեն երկկողմ տնտեսական համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը եւ տնտեսական յարաբերութիւնների մակարդակի բարձրացմանը:
Զեկուցումներով հանդէս եկան` առաջատար հետազօտողներ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկից, Երեւանի պետական համալսարանից եւ Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկից:
(Շար. 1)