Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով,
Ու դարերի փոշու դիմաց
Տոկացել ենք հանց լեռ Մասսեաց,
Արարատուած երկնասլաց:
Այժմ չի պատի ձեր հողմը բութ
Գագաթներին մեր ձիւնակութ,
Որ մխրճել ենք դարերի
Լուսաթաթախ գիրկն եթերի:
Այնտեղ ԱՅԲ-ն է արեւ վառում,
Արդարութիւն աղաղակում,
Ոգով վեհին է կարկառւում:
ԲԵՆ-ը բանի բուրվառն է սուրբ,
Բոց է բորբոք,
Բարձունք է լուրթ:
ԳԻՄ-ը գոյի գինեգաւն է,
Գիտութեան վեհ գերական է,
Որ գագաթ է ու Գրգուռ է:
ԴԱ-ն` դաշնալուր դրուաբանը,
Սասնայ Դաւիթ դիցականը,
Հայոց դպրոց, դասարանը:
ԵՉ-ը երգ է ու երգերգոց,
Գողթան կուսաց անուշ հոգոց:
ԶԱ-ն զանգակն է մեր զոր զարմի,
Զրընգոցով ազատազնի:
Է՛ էութեան էջմիածին,
Էպոսը մեր էթնոսածին:
ԸԹ` ընտանի, ընտանեկան,
Այլեւ ըմբոստ, ընդդիմական,
Ընդմիշտ ընտիր, ընկերական:
Թորգոմեան ԹՕ-ն թոնիր է թէժ,
Խէժ ու լաւա, զովող ջրվէժ:
Ժայթքում է ԺԵ՛ հայրենավրէժ:
ԻՆԻ-ն ինքեան իմաստութեամբ
Իմացութիւն է ինքնութեան,
Անձնեայ վսեմ անհատութեամբ:
ԼՅՈՒՆ` լեզու է լեռնաստանի,
Մաշտոցական տեսլականի,
Որ սրբեղ է ու լուսածիր,
Լիանուագ, հնչիւնալիր:
Խորախորհուրդ խազմական Խե-ն
Խիստ ու խրոխտ է ապաքէն:
Ծագեցնում է ԾԱ-ն ծիածան,
ԿԵՆ-ի կամքով կոթողական,
Երկնի լայնքով ամբողջական:
Համազգային համալեզու
ՀՈն համօրէն է հայասուն,
Շուրթից հոգի ու սիրտ հոսում:
ՁԱ` մատենից ձոյլ ձեռագիր,
Ծաղկադրուագ, երկաթագիր:
Ղօղանջող ՂԱՏ ձայնեղ փանդիռ,
Սրտի թրթիռ,
Յոյզի հրթիռ:
ՃԷ` ճառագայթ ճշմարտութեան
Ճիգ ու ճախրանք հանճարութեան,
Ճաճանչում է ճաճանչութեամբ:
ՄԵՆ` իմաստը մեր մեծութեան,
Համեստութեան, մարդկայնութեան,
Մեհենական սրբեղութեամբ:
ՅԻ-ն յիշատակ է Տարօնից
Հաշտից Տեղիք սրբաստանի,
Նուիրական Նաւասարդից,
Վահագնեան բոց մեհենական,
Առատութեամբ Անահիտի
Ու Աստղիկի սիրայնութեան
Վարդավառով բագինների:
Նաիրեան ու նուիրական
ՆՈՒ-ն ներդաշնակ ներբող է նուրբ
Նպատակի նորոգ ու սուրբ:
ՇԱ` շանթ է շէկ ու շկահիւն,
Ոգորումով Ո՜ հմայուն,
Որոտում է ամպրոպ, թնդիւն:
Չարադրուժ ՉԱ-ն է չքնաղ,
Չեմուչեմով նազող շարմաղ,
Պարանցում է քանց ՊԵ պայծառ,
Հոյլ օրօրով ու սիրավառ:
Ջինջ է ջինջ ՋԵ-ն,
Ջինջ է հանց ջուր,
Ծարաւաբեկ վճիտ աղբիւր:
Ռազմագոչ ՌԱ-ն ռամիկ է ծուռ,
Փոցխը, մաճը, բահը ի բուռ,
Նետը, թուրը, վահանը կուռ:
ՍԵ-ն սխրանքի սէր է ու սուր,
Վատութեան դէմ ՎԵՎ սայրասուր
Հերձատում է խանձով ահուր:
ՏԻՒՆ, ՐԵ` տարերք են տարափոխ,
Տարր արգաւանդ, բերրի մայր հող,
Բեղունութեան ծին ու ծնող:
ՑՕ-ն ցանք է ցիր ցորեն արտի,
Ոսկուն ցոլանք ու ցօղ ցայգի:
ՎԻՆ-ը փոքր չէ, ոչ էլ հիւծուած,
Հիւսուած նարոտ է երանգուած:
Ու թէ փողփայ, փայլատակի,
Փոթորիկը ՓԻՒՐ կը փրթի,
Քերթելու ՔԷ քնարական,
Քաղցրաբարբառ, քանքարական…
Մինչեւ Օ, ՖԷ յաւելական,
Օրհնեալ բանիւ յաւիտեանս,
Որպէս ֆետիշ աւանդական:
Տառ ու գրի գիւտ գերագոյն,
Ձեռամբ հզօր ու սրբագոյն
Սուրբ Մեսրոպի, Սուրբ Սահակի
Փառքով անխախտ յաղթանակի,
Ոտքի է, օ՜ն, վեհ պայքարի
Մեր դրօշն է տանում մարտի,
Ազգապահպան մեր խոյանքի
Ու սխրանքի,
Որ տքնական տոկունութեամբ,
Արարատեան տիտանութեամբ
Ամրակուռ է մեր հայութեամբ,
Հայոց լեզուով, աւանդութեամբ…
Արդ, մեր դիմաց, ո՛չ, չի պատի
Ձեր հողմը բութ ու թերատի,
Քանզի վաղուց
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով…
Ով մայրենի բարբառ,
Ով Մեսրոպ Մաշտոց,
Ով դպրութիւն: