Երէկ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
Այսօր Հայաստանի Հանրապետութեան Բարձրագոյն դատական խորհրդի` լիազօրութիւնները կասեցուած նախագահ Ռուբէն Վարդազարեանը հրապարակել է ձայնագրութիւն, որի արժանահաւատութիւնը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մէկը:
Ձայնագրութիւնը պարունակում է յանցանքի ակնյայտ տարրերի, Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ ապօրինի միջամտութեան համեմատականներ, քրէական գործերին միջամտութիւնների եւ յստակ պահանջների չկատարման դէպքում սպառնալիքների փաստեր:
Այդ հանգամանքները պէտք է քննութեան առարկայ դառնան այն իրաւապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակուած ձայնագրութեան, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագոյն դատական խորհրդի յայտնի անդամը` Գագիկ Ջհանգիրեանը:
Ձայնագրութիւնը նաեւ պարունակում է քաղաքական գործունէութեանը միջամտելու խոստում, եւ դրա հետեւանքները փաստացի արձանագրուած են միջազգային հանրութեան կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրութիւններով:
Սոյնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է.
- խորհրդարանական վերջին ընտրութիւնների օրինականութեան բացակայութիւնը, որը մեր կողմից քանիցս հիմնաւորուել էր, այլեւս հաստատւում է նաեւ դատական համակարգի յստակ կանխակալ տրամադրուածութեան, միջամտութեան անհերքելի փաստով,
- նման վարքագիծ ու արարքներ թոյլ տուած բարձրաստիճան պաշտօնեայ Գագիկ Ջհանգիրեանն այլեւս չի կարող պաշտօնավարել,
- ակնյայտ է, որ Հայաստանում առկայ է մէկ մարդու բռնապետութիւն, որով պայմանաւորուած է իրաւապահ համակարգի համակարգային կախուածութիւնն ու քաղաքականացումը:
Ստեղծուած իրավիճակից միակ ելքը օրուայ իշխանութիւնների անյապաղ հեռացումն է:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
20 յունիս 2022


