Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեծ Ղարաքիլիսայի Հերոսամարտի Նշանակութիւնը Եւ Նրա Հերոսները

Մայիս 28, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԷՆ Ց. ՄԱՐՈՒՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր

Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր մայիսեան հերոսամարտերի շարքում, որով եւ վերջակէտ դրուեց թուրք-հայկական պատերազմին, եւ ստորագրուեց Պաթումի հաշտութեան պայմանագիրը: Եթէ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերով Արարատեան դաշտավայրում ծուարած հայութիւնը փրկուեց անխուսափելի ոչնչացումից, եւ նպաստաւոր պայմաններ ստեղծուեցին հայոց պետականութեան վերականգնման համար, ապա Ղարաքիլիսայի ճակատամարտը, նշուածից բացի, ունէր նաեւ աշխարհաքաղաքական նշանակութիւն, քանզի դրա շնորհիւ որոշ ժամանակով կասեցուեց թուրքական զօրքերի հետագայ առաջխաղացումը դէպի Թիֆլիս ու արեւելեան Այսրկովկաս` խաթարելով համաթուրանական ծրագրերի շուտափոյթ իրականացումը:

Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքը եւ դրան յաջորդած դէպքերը առարկայականօրէն գնահատելու համար անհրաժեշտ է անդրադառնալ դրան նախորդած իրադարձութիւններին, որոնք բախտորոշ ազդեցութիւն ունեցան ճակատամարտի ելքի վրայ:

Ճակատամարտից առաջ Ղարաքիլիսայում կային Կարսից տեղափոխուած 3000 թուրք գերիներ, որոնց ճակատագրի հարցով Թ. Նազարբէկեանը 1918 թ. մայիսի 18-ին դիմում է Ազգային խորհրդին` զգուշացնելով, որ նրանք կարող են պատճառ դառնալ թուրքերի յարձակման համար: Ակնյայտ է սակայն, որ, չնայած հայկական կողմի զգուշաւորութեանը, թուրքերն առաջ շարժուելու առիթ ամէն դէպքում գտնելու էին: Այդպէս էլ պատասխան չստանալով` հայ հրամանատարութիւնը Ղշլաղի մօտ` բաց դաշտում, ազատ է արձակում ռազմագերի ասկեարներին` որպէս «նուէր» յարձակուող թուրքերին: Թուրք գերիները, երկու օր մնալով առանց հսկողների, ի վերջոյ հեռանում են:

Տարակուսանք էր առաջացնում այն հանգամանքը, որ թուրք գերիներն այդքան մեծ դժուարութեամբ Կարսից հասցուել էին Ղշլաղ, սակայն յետոյ հէնց այնպէս ազատ արձակուեցին: Բնականաբար այդ ասկեարներով Էսատ փաշան անմիջապէս աւելացրեց իր զօրքերի թուաքանակը: Էլ չենք խօսում այն մասին, որ նրանք քաջատեղեակ էին տեղանքին ու հայկական զօրքերին եւ կարող էին օգտակար տեղեկութիւններ հաղորդել թուրք հրամանատարութեանը: Այս փաստը վկայում է այն մասին, որ հայ հրամանատարութիւնն ի սկզբանէ տրամադրուած չէր ճակատամարտ տալու Ղարաքիլիսայում: Հետեւաբար տուեալ քայլը պարզապէս բարի կամքի դրսեւորում էր` Ղարաքիլիսան յանձնելուց յետոյ տեղի բնակչութեան հանդէպ թուրքերի գթասրտութիւնը շարժելու նպատակով: Առաջ անցնելով` նշենք, որ այդ քայլի համար թուրքերը լիուլի «հատուցեցին» հայերին ճակատամարտի վերջում` գլխովին ոչնչացնելով հայ ռազմագերիներին:

Դեռ մայիսի 16-ին Թ. Նազարբէկեանը հայկական առաջին դիվիզիայի հրամանատար զօր. Գ. Արէշեանին կարգադրել էր կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դէպի Ղարաքիլիսա` պաշտպանելով նախապէս գրաւուած դիրքերը Չաշան լերան, Գէօյ Եոխոշ, Մեծ Քեափանակ եւ Աւտիբեկ բնագծում, ինչի համար կային համապատասխան ուժեր: Մայիսի 16-20-ը թուրքերը Ղարաքիլիսայի ուղղութեամբ աշխուժ գործողութիւններ չձեռնարկեցին, ինչն այդ օրերին հայկական ջոկատների համար հնարաւորութիւն էր ստեղծում ամուր պաշտպանութիւն կազմակերպելու այնպիսի նպաստաւոր բնագծում, ինչպիսին էր Ջաջուռի լեռնանցքը: Սակայն Արէշեանն այս հրամանը չկատարեց: Ղարաքիլիսայի ուղղութեամբ հայերն ունէին մի ակնյայտ առաւելութիւն` տեղանքի հնարաւորութիւնները, որոնք չօգտագործուեցին: Թուրքերը, օգտուելով դրանից, մայիսի 20-ին գրաւում են Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսնաղբիւրը) եւ Ղալթախչին, իսկ մայիսի 21-ին մօտենում են Վորոնցովկային եւ մահմետական խուժանի օգնութեամբ գրաւում այն: Այս իրավիճակում Արէշեանը, սխալն ուղղելու փոխարէն, մայիսի 18-ին Նազարբէկեանին տեղեկացնում է, որ հրամանատարութիւնը փոխանցել է իր տեղակալ գնդապետ Ա. Բէյ-Մամիկոնեանին, որին Նազարբէկեանը ոչ միայն հաստատում է այդ պաշտօնում, այլեւ վստահում` Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարութիւնը:

Ա. Բէյ-Մամիկոնեանն իր հերթին հաշտուել էր նահանջի մտքի հետ եւ զեկուցում էր Թ. Նազարբէկեանին, որ Ղարաքիլիսայում հնարաւոր չի համարում ճակատամարտը` համատարած դասալքութեան եւ բնակչութեան խուճապի պատճառով:

Որպէս ապացոյց` նշւում էր այն փաստը, որ մայիսի 20-ին Արսէնանց Վանոյի գլխաւորութեամբ կազմուել էր յանձնաժողով, որը փորձում էր մեկնել Համամլու` թուրքերին իրենց հնազանդութիւնը յայտնելու նպատակով: Այս պատուիրակութիւնը, սակայն, տեղ չի հասնում. Արջուտում նրանց վրայ է յարձակւում թուրքական խուժանը, եւ նրանք վերադառնում են:

Իրականում, սակայն, ազգաբնակչութեան շրջանում, այսպէս կոչուած, յուսահատութիւնը եւ հաշտուողականութիւնը ոչ թէ պատճառ էին, այլ հետեւանք` զօրքերի անընդհատ նահանջի, ճակատամարտից խուսափելու, զանգուածային դասալքութեան, անգործութեան եւ անվճռականութեան: Բնական է, որ այս իրավիճակում տեղի բնակչութիւնը, հայկական զօրքից պաշտպանութեան յոյս եւ երաշխիք չունենալով, ստիպուած պէտք էր փորձէր տեսնել իր «գլխի ճարը» եւ թուրքերի գալու դէպքում ինքնուրոյնաբար լուծէր կոտորածից փրկուելու հարցը: Հակառակ դէպքում, ինչպէ՞ս կարելի է բացատրել հերոսամարտի ժամանակ Ղարաքիլիսայի եւ շրջակայ գիւղերի բնակչութեան ոգեւորութիւնը եւ աշխուժ մասնակցութիւնը մարտական գործողութիւններին. մի՞թէ դա սպիտակ դրօշ բարձրացրած նոյն ժողովուրդը չէր:

Մայիսի 23-ին Ա. Բէյ-Մամիկոնեանը Թ. Նազարբէկեանին պարզապէս առաջարկում է ընդունել թուրքերի անձնատուութեան պայմանները: Ինքնին հասկանալի է, որ նման տրամադրուածութիւն ունեցող հրամանատարը չէր կարող մտածել ճակատամարտի մասին, ուստի հայկական ուժերը թողնում են Ղարաքիլիսան եւ նահանջում Դիլիջան:

Սարդարապատի հերոսամարտի նախօրէին Արամ Մանուկեանը Դիլիջանում գտնուող Ալեքսանդրապոլի Ազգային խորհրդի նախագահ Յակոբ Տէր Յակոբեանին (Իրազեկ) տեղեկացնում է. «Պատրաստւում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարապատի մօտ: Ի սէր Աստծոյ, գոնէ երեք օր պաշտպանէք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերէ մեր վրայ»:

Թուրքական զօրքերին Ղարաքիլիսայում պահել նշանակում էր թոյլ չտալ նրանց շրջանցել եւ թիկունքից հարուածել Արարատեան դաշտավայրին, քանի որ այդ դէպքում թէ՛ Սարդարապատի եւ թէ՛ Բաշ Ապարանի հերոսամարտերն անիմաստ էին դառնում:

Իր կենսագրականում Ղարաքիլիսայի ճակատամարտին դիպուկ գնահատական է տուել դրան անմիջականօրէն մասնակցած եւ մարտական գործողութիւնները ղեկավարած Գարեգին Տէր Յարութիւնեանը (Նժդեհը). «1918 թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Վիրաւորուել եմ: Ներկայացուել ամենաբարձր քաջութեան շքանշանի: Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի` ոչ թէ օրուայ Խորհրդային Հայաստանը, այլեւ այդ երկրամասի վրայ այսօր ապրող հայութիւն չէինք ունենայ: Ղարաքիլիսայի եռօրեայ հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան հայութեանը եւ հիմք դրեց Հայկական Պետութեան»:

Հայկական ուժերի` Դիլիջան հեռանալուց յետոյ Ղարաքիլիսայի եւ շրջակայ գիւղերի հայ բնակչութիւնը յայտնուել էր օրհասական վիճակում.  նրա գլխին կախուած էր թուրքական զօրքերի կողմից բնաջնջուելու վտանգը: Ստեղծուած պայմաններում Ղարաքիլիսայի հեղինակաւոր գործիչները մտածում էին թուրք հրամանատարութեան հետ լեզու գտնելու եւ նրանց մօտ պատուիրակութիւն ուղարկելու մասին:

Իրազեկն իր յուշերում գրում է, որ զօրքի` Դիլիջան նահանջից յետոյ` մայիսի 24-ի առաւօտեան, Գարեգին Նժդեհի հետ գնացել են զօրավար Նազարբէկեանի մօտ` խնդրելով, որ թոյլ չտայ` զօրքերը լքեն ճակատը, որովհետեւ ճակատը մերկացնելու պատճառով կը վտանգուէր Երեւանը, ինչպէս նաեւ` Պաքուի հայերի դրութիւնը: Ծայրայեղ յուսալքութեան մէջ գտնուող Նազարբէկեանը պատասխանում է, որ ինքն այլեւս զօրք չունի, իսկ զրոյցի վերջում նրանց ասում է` ինչ կարող էք, դո՛ւք արէք:

Նազարբէկեանի հետ հանդիպումից յետոյ Իրազեկն ու Նժդեհը սկսում են Դիլիջան նահանջողների բեռների խուզարկումը, քանզի տեղեկութիւններ կային, որ Ղարաքիլիսայից հեռացողները մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք էին դուրս բերում` սայլերում կամ բեռներում թաքցրած տանելով հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ, անգամ գնդացիր:

Որոշ ժամանակ անց Արամ Մանուկեանի` Իրազեկին յայտնած լուրը, որ Սարդարապատում հայերը փառահեղ յաղթանակ են տարել, Նժդեհին այնքան է ոգեւորում, որ նա շտապում է Դիլիջանի եկեղեցու բակը եւ ժողովրդին ու զօրքին միթինկի հաւաքում: Նժդեհի ճառը ոգեւորիչ մեծ ազդեցութիւն է ունենում հաւաքուածների վրայ, եւ դրանից յետոյ որոշւում է վերադառնալ Ղարաքիլիսա, դուրս գալ թշնամու դէմ եւ կրկին աշխարհին ցոյց տալ, որ հայը հերոսաբար կռուել ու հայրենիքի համար մեռնել գիտի:

Մայիսի 24-ի գիշերուանից Ղարաքիլիսայի ճակատամարտի փաստացի ղեկավարութիւնը ստանձնած Գարեգին Նժդեհը մօտ հազար զինուորներով վերադառնում է Ղարաքիլիսա: Մայիսի 24-ի գիշերուայ ժամը 2:00-ին հասնում են Վարդանլու գիւղ, որտեղ թողնելով հիմնական ուժերը` 50-հոգանոց հեծեալ ջոկատով Նժդեհը մտնում է Ղարաքիլիսա, որտեղ մեռելային լռութիւն էր տիրում, սակայն լոյսերի բացակայութիւնը վկայում էր այն մասին, որ թուրքերը դեռ չէին մտել բնակավայր: Տուն չկար, որ սպիտակ դրօշ պարզած չլինէր: Իր ջոկատի մէկ տասնեակին Նժդեհն ուղարկում է Ղշլաղ` հետախուզութեան, իսկ ինքը մօտենում է այն տանը, որտեղ հինգ օր առաջ էր գիշերել: Թակում է դուռը, սակայն ներսից վախենում են դուռը բացել` կարծելով, թէ թուրքերն են: Սկսում է տալ տանտիրոջ եւ նրա երեխաների անունները, որից յետոյ դուռը բացում են եւ Նժդեհին տեսնելով` ուրախանում:

Տեղեկանալով, որ թշնամին Արջուտ գիւղում է եւ սպասում է, որ լուսաբացին աղուհաց մատուցուի թուրք զօրահրամանատարներին, Նժդեհը կտրուկ կանխում է այդ անպատուութիւնը, իրեն ներկայացած` բնակավայրի ազդեցիկ դէմքերն էլ խոստանում են ամէն ինչ տրամադրել հայոց զօրքին:

Նժդեհը լաւ էր հասկանում, որ անգամ փոքր յաղթանակը կարող էր ոգեւորել ինչպէս զօրքին, այնպէս էլ` Լոռի-Փամբակի բնակչութեանը, քանի որ Էրզրումից մինչեւ Գուգարք տխուր պարտութիւններն էին ու նահանջ, միւս կողմից, սակայն, քաջ գիտակցում էր, որ չնչին անյաջողութիւնն անկարելի էր դարձնելու հետագայ դիմադրութիւնը: Այս հանգամանքից ելնելով էր, որ իրեն ներկայացած քահանաներին եւ ուսուցիչներին խնդրում է ամէն կերպ բարձրացնել զօրքի եւ ժողովրդի ոգին:

Շրջակայ գիւղեր սուրհանդակներ են ուղարկւում` յորդորելու զէնք կրելու ունակ գիւղացիներին մի քանի օրուայ պաշարով եւ ունեցած ռազմամթերքով ներկայանալ Նժդեհին Ղշլաղում, ուր վերջինս մեկնել էր, որպէսզի, դեռ լոյսը չբացուած, կարողանար նպաստաւոր դիրքեր գրաւել` առաւօտեան հակառակորդին դիմաւորելու համար: Պահեստային ուժերի եւ զինամթերքի սակաւութեան պատճառով թշնամու զօրքերի առաջխաղացման ճանապարհին Նժդեհը հարկադրուած սակաւաթիւ ուժերը դասաւորում է ցանցաձեւ:

Դարանակալ խմբեր են տեղեկայւում վանքի աւերակների (ներկայումս` «Կոտրած եկեղեցի»` Ղարաքիլիսայի հերոսամարտի յուշարձան) եւ երկաթգծի կամրջի մօտ, որոնք առանց իրենց մատնելու` խաչաձեւ կրակով պէտք էր փորձէին խուճապի մատնել թուրքերի առաջապահ ուժերին` այդպէս նաեւ ազդանշան տալով հակառակորդի առաջխաղացման մասին: Մինչեւ լոյսը բացուելը Նժդեհն անձամբ է շրջում բոլոր առաջապահ դիրքերով, գօտեպնդում զինուորներին եւ յիշեցնում, որ Երեւանից իրենց հրահանգել են գոնէ երեք օր թշնամու հիմնական ուժերը պահել Ղարաքիլիսայի ճակատում:

Մայիսի 25-ի առաւօտեան ժամը 10:00-ին, այդպէս էլ աղուհացի չարժանանալով, թշնամու ուժերն առաջ շարժուեցին եւ յայտնուեցին դարանակալ խմբերի խաչաձեւ կրակի տակ: Նժդեհի` անտառապատ բարձունքները հսկող դարանակալ խմբերի կատաղի կրակից թուրքերի առաջապահ զօրքերը ծանր կորուստներ տուեցին եւ, չկարողանալով անգամ տանել իրենց վիրաւորներին, խուճապահար փախան դէպի Արջուտ:

Ճակատամարտի մասնակից Բենիամին Նաւոյեանն իր յուշերում գրում է, որ Նժդեհի հեծեալ ջոկատը Կամակատարի բարձունքի ետեւի թաքստոցից այգիների եւ ձորերի միջով մօտեցաւ թուրքերի պաշտպանական դիրքերին եւ մարտի բռնուեց:

Չնայած այն հանգամանքին, որ թշնամին մեծաթիւ օժանդակ ուժեր ուղարկեց այդ դիրքերը պահելու համար, սակայն նրանք չկարողացան դիմանալ հայկական զօրքերի ճնշմանը, ինչի պատճառով թուրքական 11-րդ դիվիզիայի աջ թեւի առաջապահ զօրամասերը ջախջախուեցին եւ ետ շպրտուեցին: Չնայած ծանր կորուստներին` Նժդեհը, իր հեծեալ ջոկատով հալածելով թուրքական զօրքերին, կարողացաւ հասնել մինչեւ Արջուտի մատոյցները, այնուհետեւ հեծելազօրին յետ ուղարկեց, իսկ հետեւակին հրամայեց հրանօթային կրակի պաշտպանութեան տակ խրամատաւորուել նուաճուած դիրքերում: Ականատեսների վկայութեամբ, Նժդեհի առաջապահ հեծելաջոկատը Հաճիղարա (ներկայումս` Լեռնապատ) գիւղի մօտ առասպելական քաջագործութիւններ է կատարել:

Ղարաքիլիսայի հերոսամարտի անմահ հերոսներից է նաեւ հրետանային մարտկոցի երիտասարդ հրամանատար, կապիտան Գուրգէն Տէր Մովսիսեանը, որ Ղարաքիլիսա առաջինը վերադարձողներից էր: Նրա հրետանային մարտկոցը տեղակայուած էր ռազմավարական կարեւոր դիրք ունեցող Դարբաս գիւղի մօտ գտնուող 750-րդ բարձունքում: Տէր Մովսիսեանի մարտկոցն իր համազարկերով յաջողութեամբ յետ էր մղում հակառակորդի գրոհները` մեծ կորուստներ պատճառելով նրան:

Մեծ թուով զոհերից ու վիրաւորներից կատաղած` թուրքերը զգալի ուժեր են կենտրոնացնում 750-րդ բարձունքի ուղղութեամբ եւ հետեւակային գրոհով գրեթէ հասնում մարտկոցին: Ստեղծուած ծանր իրավիճակում Տէր Մովսիսեանը, չկորցնելով սառնասրտութիւնը, հրետանաւորներին եւ հետախուզական խումբը արագ վերածում է հետեւակի եւ համարձակ հակագրոհով թշնամուն ստիպում նահանջել: Մարտկոցի թնդանօթները փրկուած էին, սակայն դրա համար չափազանց թանկ գին վճարուեց. մահացու վիրաւորում ստացաւ ինքը` մարտկոցի հրամանատարը: Կապիտան Գուրգէն Տէր Մովսիսեանը մահուանից առաջ զինակից ընկերներին հասցրեց ասել. «Մի՛ թողէք դիակս թշնամու ձեռքին»:

Յատկանշական է, որ Ղարաքիլիսայի հերոսամարտի շուրջ հետագայում հեռակայ բանավէճ ծաւալուեց Գարեգին Նժդեհի եւ զօրավար Անդրանիկի միջեւ, որն իր արձագանգը գտաւ Աւետիս Ահարոնեանի` Պոսթընի «Հայրենիք» ամսագրում հրատարակած յօդուածներում: Մէջբերելով Նժդեհի յուշերը` Ահարոնեանը նշում է, որ ի զուր սպասեցին Անդրանիկին, որը եթէ իր զինուորներով, կտրելով երկաթուղու գիծը, գար եւ դիրքաւորուէր Ղարաքիլիսայի արեւելեան բարձունքներին, ապա այդպիսով կը ձախողուէր Ղարաքիլիսան շրջապատելու թշնամու ծրագիրը:

Զօրավար Անդրանիկն իր հրատարակած գրքոյկում որոշ պարզաբանումներ է ներկայացնում Ղարաքիլիսայի ճակատամարտին իր չմասնակցելու պատճառների վերաբերեալ: Նա նշում է, որ զօր.  Նազարբէկեանն իրեն հրամայել էր պաշտպանել երկաթգիծը, իսկ երբ նրա օգնական զօրավար Մանասեանն իրեն հաղորդել է Ղարաքիլիսայի մօտ հայկական ուժերի յաղթանակի մասին, խորհուրդ է տուել կենտրոնով չառաջանալու, այլ` ամուր պահելու երկու թեւերը, որովհետեւ թշնամու նահանջը կեղծ էր:

Նժդեհը յանդիմանում է Անդրանիկին, որ եթէ գար եւ զբաղեցնէր նշուած բարձունքը, ապա երկաթուղին կը մնար իր ուժերի թիկունքում` թուրքերից պաշտպանուած, բայց, իմանալով հանդերձ, որ թշնամին պէտք էր փորձէր շրջանցել իրենց թեւերը եւ յաջողութեան հասնել, նա այդ ժամանակ իր հրամանատարութեան տակ եղած ուժերը կրաւորական վիճակում պահեց:

Ճակատամարտին չմասնակցելու Անդրանիկի փաստարկներից մէկն էլ այն է, որ առաջին օրուայ չորս ժամ տեւած կռիւներից յետոյ, յաջորդ օրը, առաւօտեան, կռիւը վերսկսուել է, եւ երեք ժամ անց իրեն տեղեկացրել են, որ Ղարաքիլիսան յանձնուած է, եւ զօրքերը նահանջել են Դիլիջան: Այս փաստարկին Նժդեհը պատասխանում է, որ Ղարաքիլիսայում անմահացող հայկական զօրքը նահանջել է ոչ թէ յաջորդ օրը առաւօտեան, այլ` ճակատամարտի չորրորդ օրուայ երեկոյեան: Նա տարակուսանք է յայտնում, թէ ո՛վ եւ ինչպէ՛ս պէտք է Անդրանիկին այդ ստայօդ լուրը հաղորդէր, այն էլ` մեր ամենամեծ յաղթութեան օրը:

Նժդեհը, անշուշտ, փորձում էր հասկանալ Անդրանիկին, որ նա այդ կերպ ուզում էր արդարացնել Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերի օրերին իր անգործութիւնը, սակայն խորապէս ցաւում էր այն արտայայտութեան համար, որ նա թոյլ էր տուել իրեն այն անմահ բանակի մասին, որն իր հերոսական խոյանքով հիացումի խօսքերի է արժանացել անգամ թուրք հրամանատարների` Վեհիպ եւ Խալիլ փաշաների կողմից:

Աւետիս Ահարոնեանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարում էր 20-րդ դարի Աւարայր, որի ընթացքում այս էլ որերորդ անգամ հայ ռազմական եւ քաղաքական վերնախաւում տիրող անձնական եւ խմբային շահերի գերակայութիւնը յանգեցրեց մարտավարական, բայց ոչ երբեք բարոյական ու քաղաքական պարտութեան: Ղարաքիլիսայի հերոսամարտի մարտավարական պարտութեան հետեւանքը թուրքերի կողմից Ցեղասպանութեան շարունակումն էր Ղարաքիլիսայում եւ շրջակայ գիւղերում, ինչին զոհ գնացին շուրջ 4000 (որոշ աղբիւրներում` 7000) հայեր, եւ հարստահարուեց Լոռուայ տարածաշրջանը:

Ղարաքիլիսայի հերոսամարտի բարոյական եւ քաղաքական յաղթանակի փաստարկն այն է, որ անգամ թշնամին գնահատեց հայերի հերոսութիւնը Ղարաքիլիսայում, եւ Պաթումի խաղաղութեան բանակցութիւնների ժամանակ թուրքական պատուիրակութիւնը Ղարաքիլիսայի ճակատամարտը յատուկ շեշտեց որպէս գործօն, որն իրենց ստիպեց ճանաչել հայոց պետութիւնը:

Ղարաքիլիսայի ճակատամարտի քաջերն իրենց անձնուրաց հերոսութեամբ կատարեցին Արամ Մանուկեանի պատգամը` թուրքական գերակշիռ ուժերին Ղարաքիլիսայում պահելով ոչ թէ երեք, այլ չորս օր` մինչեւ մայիսի 28-ը: Այդ գործում իրենց ժողովրդին մեծագոյն ծառայութիւն մատուցեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի ռազմական գործողութիւնների փաստացի անզուգական հրամանատար Գարեգին Նժդեհը եւ ճակատամարտում հերոսաբար անմահացած երիտասարդ կապիտան Գուրգէն Տէր Մովսիսեանը: Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքում իրենց անունը փառքով պսակեցին մի շարք հայ սպաներ` Գէորգիեւեան Ա. կարգի շքանշանակիր գնդապետ Նիկոլայ Ղորղանեանը, գնդապետներ` Սմբատ Սամարցեանը, Յովսէփեանը եւ Գամազեանը, փոխգնդապետ Ալոբեանը եւ շատ ուրիշներ:

«Դրօշակ» թիւ 5, 2022 թ.

 

Նախորդը

28 Մայիս 1918. Սարդարապատի Յաղթանակը Եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան Հռչակման 104-րդ Տարեդարձը

Յաջորդը

Քեսապ… Եւ Մայիս 28

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?