Երէկ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութիւնը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
2021 թուականի դեկտեմբերի 7-ին հանդէս էինք եկել յայտարարութեամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցութիւնը միջազգային համապատասխան կազմակերպութիւնների աշխատանքներին: Յայտարարութեան հիմքը եղել է մեր գործընկեր պատգամաւորների` ակնյայտ ապօրինի կալանաւորումը եւ այլ պատգամաւորների, այդ թւում` պատուիրակութիւնների մէջ ընդգրկուած, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:
Յայտարարութիւնից յետոյ մեր գործընկերներն ամիսներ տեւած ապօրինի կալանաւորումից ազատ արձակուեցին` մեր խմբակցութեան կողմից Սահմանադրական դատարան ներկայացուած դիմումի հիման վրայ ընդունուած որոշմամբ: Այնուհետեւ սկիզբ առաւ պատգամաւորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:
Թէեւ Սահմանադրական դատարանը յստակ արձանագրել է, որ յարուցուած քրէական հետապնդումները պէտք չէ խոչընդոտեն պատգամաւորի սահմանադրական գործունէութեանը, այս իշխանութիւնները որոշ պատգամաւորների նկատմամբ շարունակում են նոյն ակնյայտ ապօրինի մօտեցումը: Իշխանութիւններն ամէն կերպ ապօրինաբար կալանաւորուած են պահում նաեւ մեր դաշինքի մի շարք անդամների:
Սակայն ինչպէս պատգամաւորների ապօրինի կալանաւորումները, այդպէս էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդիւնք ենք ունենալու:
Հաշուի առնելով այն, որ պատգամաւորների գործունէութեան ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերեալ մեր պահանջների զգալի մասը լուծուել է` «Հայաստան» խմբակցութիւնը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների աշխատանքներին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
16 փետրուար 2022