ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
«Տեսակէտ»-ի սիւնակին տակ տեղ կու տանք մեր աշխատակիցի յօդուածին` միաժամանակ մեր վերապահութիւնը արձանագրելով ժողովուրդին եւ ՀՅԴ-ին հասցէագրուած վերագրումներուն:
«Ա.»
Տարեվերջի այս օրերին, մէկ ամբողջ տարի հոգեկան բզկտումով ապրած, որպէս ստեղծագործող, տարիների նուիրաբերումով այրուող հայ, մտածող, վերլուծող, ժողովրդի մի մասնիկ` ես ինձ իրաւունք եմ վերապահում ըմբոստանալու, զայրանալու, բողոքելու քո իսկ լռութեան դէմ ԱՇԽԱՐՀԱՍՓԻՒՌ ՀԱՅՈՒԹԻՒՆ:
Մեր երկրի, մեր գոյութեան գլխին կախուած վտանգներով լի այս ամբողջ տարին դուք` ԱՇԽԱՐՀԱՍՓԻՒՌ ՀԱՅՈՒԹԻՒՆ, մեծամասամբ ձեր տօնական հաճոյքներով, ընդունելութիւններով, համերգներով ու հանդէսներով տարուած, մասամբ էլ եկեղեցիներում ձեր մաղթանքներով աշխարհին եւ մեր հայրենի երկրին խաղաղութիւն աղերսելով բաւարարուեցիք:
Ազգովին ձեռնածալ հրաշքի ենք սպասում դեռ…
Չքացել են նոյնիսկ համացանցերի բողոքները:
Ես ըմբոստ անձ եմ եւ ինձ համար մեծագոյն վիրաւորանք է այսօրուայ մեր կործանուող վիճակում միայն ԵՐԿՆԱՒՈՐԻՑ օգնութիւն սպասելը, այն էլ` այն դէպքում, երբ այդ ԵՐԿՆԱՒՈՐԻՆ ծառայողներն անգամ նոյնքան լուռ են, որքան` աշխարհասփիւռ հայութիւնը:
Առաւել վիրաւորական, մինչեւ իսկ նողկալի է ոգեւորուել այլ երկրների օգնութեան խոստումներով եւ նրանցից փրկութիւն սպասելը:
Աներեւակայելի, մինչեւ իսկ մարդկային ուղեղում չտեղաւորուող ցնորք է մեր երկրում տիրող այսօրուայ իրավիճակը:
Մէկ ամբողջ տարի ազգովին հանգիստ նստել հետեւում ենք թէ ինչպէ՛ս միահեծան մի անգէտ ոչնչութիւն կործանում է երկիրը, թիզ առ թիզ յանձնում է թշնամուն եւ թշնամու հետ իր գործարքը արդարացնելու համար, առանց պատասխանատուութեան, փոխում է իր իսկ ղեկավարած երկրի հազարամեայ պատմութիւնը յօգուտ թշնամու, ոչնչացնում ստեղծուած բոլոր արժէքները` կերտուած բոլոր հերոսութիւններից մինչեւ հողերի պատկանելիութիւն:
Սա պարզ մէկ անձի դաւաճանութիւն չէ այլեւս: Կրկնում եմ, որ սա համայն ժողովրդի մասնակցութիւնն է այդ դաւաճանութեան:
Մէկ անձով երկիր չի կործանւում, ողջ իշխանութեամբ անգամ չի յաջողւում: Դա արւում է ժողովրդի համընդհանուր համաձայնութեամբ, եւ մենք այսօր արդէն մէկ տարի է այդ ամէնի ականատեսն ու վկան ենք:
Թէեւ մենք դրա փորձառութիւնն ապրել ենք արդէն մի քանի անգամ, առանց ոչինչ սովորելու:
Թուրքիան չէր կարող իր ցեղասպանութիւնը իրականացնել` առանց իր ժողովրդի համաձայն մասնակցութեան, որոնք հայերի հարստութեան, նրանց ունեցուածքին տիրանալու մոլուցքով ամենավայրագ նախճիրով, պատրաստակամօրէն իրագործեցին իշխանութեան հրամանը:
Պոլշեւիկները չէին կարող կործանել մեր անկախութիւնը` առանց տեղի ժողովրդի մասնակցութեան, որոնք հաւատով սպասում էին նրանց քարոզի իրականացման, որ պոլշեւիկները բարեկեցութիւն են բերելու իրենց:
Ստալինը չէր կարող հարիւր հազարաւոր ժողովուրդ յօշոտել` առանց մեր ժողովրդի մատնիչ օգնութեան:
Ժողովուրդը այսքան նուիրուածութեամբ չէր պահպանի երկիրը թուրքին յանձնող իշխանութեանը, եթէ ինքն էլ թրքամէտ չլինէր:
Գիտեմ, որ ժողովրդին պաշտպանողների մի հսկայ բանակ է հիմա յարձակուելու, պաշտպանելով, նրա ընկճուածութիւնն ու յուսահատութիւնը որպէս արդարացում բերելով:
Այնինչ միշտ յուսահատութիւնն է ոտքի հանում մարդուն, երբ նա այլեւս տեսնում է, որ ոչինչ ունի կորցնելու: Յուսահատ ժողովուրդն է սովորաբար, փրկութեան ելք փնտռելով, տապալում իրեն պարտադրուած վիճակները:
Երբ զաւակդ մահամերձ է, որքան էլ յուսահատ, դու ձեռնածալ չես նստում ու սպասում նրա մահուան: Դու երկինք ու երկիր, աշխարհն ես իրար խառնում նրան փրկելու համար:
ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ 30 ԱՄԵԱՅ ԶԱՒԱԿԸ, ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄԵԱՅ ՄԱՅՐՆ Է ՄԵՌՆՈՒՄ ՄԵՐ ԻՍԿ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ, ՄԵՐ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ, ՄԵՐ ՍԻՐՈՅ ՊԱԿԱՍԻ, ՄԵՐ ՆՈՒԻՐՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՉԳՈՅՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԻՍԿ ՄԵՆՔ ԴԵՌ ՀԱՄԱՐՁԱԿՒՈՒՄ ԵՆՔ ՁԵՌՆԱԾԱԼ ՀԵՏԵՒԵԼ ՆՐԱ ՎԵՐՋԻՆ ՇՆՉԱՌՈՒԹԵԱՆԸ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՄԲ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՎ:
Մէկ տարի, մէկ ամբողջ տարի անտարբեր հետեւել պաշտելի երկրիդ կործանմանը` մարդկային սովորական ուժերից վեր է. հաւատացէք, բոլոր նրանց համար, որոնք ապրում են հայրենի երկրի նուիրումով:
Ես միշտ խոնարհումով, հպարտանքով, անզսպելի արցունքով եմ լսել իմ երկրի օրհներգը, սրտի մեծ բաբախիւնով լսել Արցախի օրհներգը, Սարդարապատ, Երեւան-Էրեբունի մեր ինքնութիւնը հաստատող երգերը` ներքուստ շնորհակալ լինելով, կիսելով դրանք բոլոր նրանց հետ, որոնք բախտը չունեցան վայելելու այդ ամէնը, բայց որոնք մեզ համար ստեղծեցին այդ վայելքի հնարաւորութիւնը:
Գերագոյն հպարտութեամբ եմ կրել հազարամեայ պատկանելութեան իմ ազգանունը եւ ամէն վայրկեան ապրել եմ իմ երկրի ու ժողովրդի հանդէպ այնպիսի նուիրումով, որ ինձ տրուած այդ եզակի հնարաւորութիւնը չշահագործեմ:
Այսօր ես ինձ ամբողջովին ոչնչացուած եմ զգում, քանզի դեռ գահին է թրքամէտ մի ճորտ, որը իր իւրաքանչիւր ելոյթով է՛լ աւելի է ամրագրում թուրքերի իրաւունքները մեր երկրում:
Դեկտ. 24-ի իր ելոյթից յետոյ, ոչ մի երկրում այսպիսի մի նուաստացող, որն իր երկրի պատմութեանը չի տիրապետում, աղաւաղում է ի օգուտ թշնամու, չէր կարող մէկ վայրկեան անգամ շարունակել իր գոյութիւնը:
Արցախի հարցը այս ոչնչութիւն իշխանութիւնը դարձրել է իր անձնական հաշիւները լուծող հարց` ինքն իրեն կարգելով այդ հարցի լուծման մենատէրը եւ իր անգէտ, բայց երկրի համար խիստ վտանգաւոր յայտարարութիւններով դեռ շարունակում է պաշտպանել թշնամու շահերը:
Իր այդ օրուայ յայտարարութեամբ, որ` «ԼՂ-ի կարգավիճակը պէտք է լուծուի Ազրպէյճանի սահմանադրութեան համաձայն, որ պէտք է յարգեն Ազրպէյճանի ժողովրդի իրաւունքները, որոնց երկիրն է նոյնպէս», որն արդէն չորս տարի շարունակ նա մէկընդմէջ կրկնել է, հաստատում է, որ իր համար ոչ թէ արցախահայութեան եւ ընդհանրապէս հայութեան շահերն են կարեւորը, այլ` Ազրպէյճանի:
Նա իր անկապ, հիմնականում ստահոտ, փաստերը աղաւաղող ելոյթներով գտել է անգէտ ժողովրդին մոլորեցնելու, նրանց իրեն հաւատարիմ պահելու միջոցը, նրան մնում է յայտարարել, որ այն ամէնը, ինչ նա ասում է դեռ 1993թ է ՄԱԿ-ում ընդունուել կամ հաստատուել, այսինքն` նախկինների օրօք, եւ դրանով ոչ միայն ժողովրդի մէջ թէժացնում է անհիմն սարսափը, ատելութիւնը նախկինների հանդէպ, այլ արդարացնում է հիմնականում երկրի համար կործանարար իր գալիք բոլոր գործողութիւնները:
Նա դեռ 2018-ին խօսում էր Ազրպէյճանի ժողովրդի իրաւունքների յարգման մասին, որին առաջին արձագանգողը եղայ` ստանալով բազում հարուածներ, եւ ինչպէս տեսնում էք, նա յամառօրէն շարունակում է թրքանպաստ իր ծրագրի իրականացումը, որի համար եւ իշխանութեան տիրացաւ:
Թերեւս այսօրուայ միակ մխիթարութիւնն այն է, որ վերջապէս արցախահայութիւնը իր իրաւունքների պաշտպանութեամբ գոնէ թղթի հռչակագրով հակադարձեց այս ստորագոյն դաւաճանական յայտարարութեանը:
Թէեւ անընդունելի է, որ Արայիկ Յարութիւնեանի նման իր երկրի վաճառքին մասնակից դարձած մէկն է դեռ իշխանութեան, այնուամենայնիւ, գոնէ նրա անունն էլ է այդ հռչակագրում որպէս դաւաճանի ընկերակցութիւնից դուրս եկողի: Իրադրութիւնների հետագայ ընթացքը կը բացայայտի նաեւ_ այս իրականութիւնը:
Միեւնոյն է, կարծում եմ դա ոչինչ է փոխելու Հայաստանի արդէն ստորագրած փաստաթղթերում: Քանիերորդ անգամ ականատեսն ու վկան ենք, որ երկրի ինքնահռչակ «մենատէրը», քանի որ համարձակ է միայն իր գործողութիւնների աւարտից յետոյ, այս տիպի երկրի համար կործանարար յայտարարութիւններ է անում, երբ ամէն ինչ արդէն ստորագրել է:
Մի՞թէ իրապէս այս կործանարար տարին աւարտելու ենք սկիզբ դնելով մեր վերջնական կործանման:
Մի՞թէ իրապէս մենք հայերս, մեր ինքնակամ մասնակցութեամբ, Արցախը Ազրպէյճանի մաս դարձնելով, ազգովին, թուրքերի պատմութեան մէջ նոր յաղթանակի էջ ենք բացելու:
Անվերջ փառաբանւում է թուրքերի հետ յարաբերութիւնների բարելաւման օգտակարութիւնը, այն դէպքում, երբ նրանց պահանջը Ցեղասպանութիւնից մեր հրաժարուելն է: Մենք մէկ անգամ արդէն անցել ենք այդ ուղին 2009-ին եւ ցեղասպանուածների շառաւիղներս աշխարհով մէկ ոտքի կանգնելով` արգելք ենք հանդիսացել:
Այսօր համատարած լռութիւն է տիրում, երբ յատկապէս այսօր, բացի մեր տարածքների յանձնումից, բացի մեր հազարաւոր նոր կորուստներից, ներկայ իշխանութիւնը մեզ կանգնեցնելու է ինքնակամօրէն մեր Ցեղասպանութեան ուրացման պարտադրանքի առջեւ: Նա արդէն անգամներ, իշխանութեան գալուց առաջ վարկաբեկել եւ սուտ է յայտարարել մեր Ցեղասպանութիւնը:
Պատկերացնո՞ւմ էք` աշխարհի պատմութեան մէջ առաջին անգամ ցեղասպանութիւն կրած ազգը ինքնակամ ուրանում է իր ցեղասպանութիւնը միայն այն բանի համար, որ մի թրքածին է բազմել իր գահին:
Եւ թուրքերի վրայից միայնակ ու լուռ քերելու է նրանց գործած ոճիրը նոյն յաջողութեամբ, ինչ յաջողութեամբ, որ Շուշին յանձնեց, մեր սահմաններում թշնամուն տեղադրեց, որ ողջ Արցախը ազրպէյճանական է անուանում:
Այս հարցում յատկապէս յանցաւոր ենք մենք` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԱԾՆԵՐԻ ՇԱՌԱՒԻՂՆԵՐՍ, մեր ՀԱՅ ԴԱՏ-ով, ՀՅԴ-ով եւ յարակից բոլոր կազմակերպութիւններով մեր լռութեան, մեր անգործ համակերպութեան համար, որքան` հայրենի ժողովրդից իւրաքանչիւրը:
Մինչ այսօր, այս անազգային իշխանութեան մեր երկիրը թուրքերին յանձնելու համարձակութիւնը, մենք արդէն վաղուց պէտք է լուծած լինէինք մեր Ցեղասպանութեան հարցը: Վաղուց պէտք էր թուրքին ընդունել տուած լինէինք իր գործած ոճիրը եւ պատասխանատուութեան ենթարկէինք նաեւ Գերմանիային` իր անմիջական մասնակցութեան համար:
Այդ դէպքում միայն արմատախիլ անէինք բոլոր թրքածիններին մեր երկրում: Իրենց որջերում կը խեղդէինք Լեւոն Տէր Պետրոսեանի ընկեցիկներին, որոնք այսօր մեր երկրի միահեծան տէրն ու տիրակալն են դարձել:
Ցաւօք մենք նոյնիսկ ափրիկեան երկրների չափ չեղանք, որոնք կուլ չգնալով որեւէ մեծ պետութեան խոստումներին` յամառ աշխատանքով ընդունել տուին իրենց դէմ գործուած ցեղասպանութիւնը: Յիշեցնեմ`
Ռուանտացիները 1994 թ. 800 հազար թութցիների ոչնչացման համար պատասխանատուութեան ենթարկեցին Ֆրանսային, որը ի վերջոյ ընդունեց իր գործած ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրեց:
Գերմանիան այս տարի ընդունեց Նամիպիայում 1904-1908թթ. իր գաղութատիրութեան տարիներին գործած հազարաւոր բնիկների ոչնչացումը այն ցեղասպանութիւն որակելով եւ պարտաւորուեց 1 միլիառ եւրօ փոխհատուցում վճարելու: Այո՛, պարտադրուեց, որովհետեւ բնիկները նրանց ներողութիւնը չընդունեցին, նրանք իրենց կորուստների վճարը պահանջեցին:
Բայց չէ՞ որ սրանք երկուսն էլ անհամեմատելի են մեր դէմ գործուած ցեղասպանութեան հետ ոչ միայն թուով, այլ պաշտօնապէս ծրագրուած լինելով, օգտագործուած գազանային միջոցներով: Մեր դէմ գործուածը ոչ միայն տարերային բնոյթ էր կրում, այլ` մեզնից բռնագրաւեցին մեր տարածքները, մեզ ոչնչացրին տեղահանութեան ճանապարհներին, իսկ վերը նշածներս դեռ երկիր ունեն եւ իրենց երկրում են ապրում:
Այսօր մեր լաւատեսները, ժողովրդի «պաշտպանները» յուսադրում են, որ ետ են գրաւելու այն ամէնը, ինչը այսօր յանձնուել է թշնամուն:
Խնդրում եմ` մէկն ու մէկը յիշեցնի, թէ մեր տարածքներից որ՞ մէկը կարողացանք վերադարձնել: Թէկուզ մի բերդ, մի կամուրջ: Հակառակը` դեռ վրադիր էլ այն Թուրքիա կոչեցինք այն ու այնտեղ այցելեցինք որպէս սովորական զբօսաշրջիկ` լաւագոյն դէպքում վախուորած յայտնելով մեր ազգութիւնը, կիսափուլ եկեղեցիներում բաւարարուեցինք «Տէր, ողորմեա» երգելով միայն:
Մենք նոյնիսկ ձեռք չմեկնեցինք դաւանափոխուած մեր հայրենակիցներին:
Եւ այսօր տարին աւարտում ենք` տնտեսապէս, բարոյապէս քայքայուած երկրով, չվերադարձած գերիներով, նոր զոհերով, իրենց զոհուած հերոս տղաների մասնիկների որոնումով տառապող հարիւրաւոր սրտակեղեք ծնողներով, տարածքների կորուստով, ահաւոր վտանգուած երկրով:
Աւարտում ենք ոչ միայն չհասկանալով, այլ չգնահատելով 30-ամեայ մեր ապահով անկախութեան գրաւականը:
Չգնահատելով մեր երկրի հրաշագործ դիրքը ողջ տարածաշրջանում, չանդրադառնալով նոյնիսկ թէ ինչո՛ւ թշնամին այդքան ձգտում է տիրանալ Զանգեզուրին, Սիւնիքին, Մեղրիին:
Չէ՞ որ դրանք ողջ Կենտրոնական Ասիան, թուրանական երազանքի իրար կապող ճանապարհներն են: Դրանք ոչ միայն Թուրքիա եւ Ազրպէյճան իրար միացնող, այլ Իրան եւ Հնդկաստան, Եւրոպայի հետ կապող օղակն է: Այսինքն մենք ունենք մեր ձեռքում այնպիսի հարստութիւն, որից օգտուելու համար մենք թշնամուն մեր հպատակը պիտի դարձնէինք եւ ոչ թէ հակառակը դառնայինք, ինչպէս այսօր ենք:
Իրապէս գալիք տարին աւելի դժուար է լինելու, որովհետեւ մենք շարունակում ենք լռել ու մեր լռութեամբ նպաստել մեր իսկ կործանմանը:
Ժամանակն է խզել այլեւս երկիր կործանող այս լռութիւնը, եւ միահամուռ ուժերով պայքարենք երկիրը մաքրելու այս ազգակործան իշխանութիւնից:
Ժամանակն է աշխարհով ցրուած ցեղասպաննուածների շառաւիղներս մեր ձայնը, մեր պահանջը, մեր իրաւունքը, մեր կամքը պարտադրենք գործուն բարձրաձայնումով, ոչ թէ լռութեամբ:
ԱՐԹՆԱՑԷ՛Ք, ՀԱՄԱՍՓԻՒՌ ՀԱՅԵՐ, ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏԷՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԻՆ, ՄԵՐ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ, ՄԵՐ ԵՐԿՐԻՆ:
28 դեկտ. 2021