ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի վաստակաւոր իրաւաբան
Պերլինի վեհաժողովում (1878թ.) Ռուսաստանի պատուիրակութեան ղեկավար Ալեքսանտր Կորչաքովը վեթօ դրեց Թուրքահայաստանի ինքնավարութեան ծրագիրը քոնկրեսի օրակարգ ընդգրկելու վրայ` պատճառաբանելով, թէ հայերն անկախութիւն չեն ուզում: Մկրտիչ Խրիմեանի այն հարցին, թէ ինչո՞ւ 16-րդ յօդուածը դարձաւ 61, Ռուսաստանի անունից Սան Սթեֆանոյի պայմանագիրը ստորագրած կոմս Իկնատեւը պատասխանել է, որ, «Հայրի՛կ, 16-ը գրուել է ռուսների, այլ ոչ թէ` հայերի համար»: Անցաւ 142 տարի:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի համատեղ յայտարարութեան (այսուհետ` Յայտարարութիւն) 7-րդ կէտի համաձայն, ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով երագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ:
Սկզբունքայնօրէն գեղեցիկ է հնչում այս նորմը, բայց ու՞մ համար է գրուել եւ ինչպէ՞ս պէտք է աշխատի այն, Հայաստանի եւ ԱՀ անվտանգութեան տեսակէտից ի՞նչ խութեր կան թաքնուած վերպետական այս նորմի տակ, ո՞վ, ե՞րբ եւ ինչպէ՞ս պէտք է կատարի իրաւական նորմի պահանջները ու դրանք ի՞նչ հետեւանքներ կ՛ունենան իրենց բնակավայրերը կորցրած արցախահայութեան համար:
Նախ նշենք, որ «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետութեան «Միջազգային պայմանագրերի մասին» օրէնքի համաձայն, պետութիւնների միջեւ ցանկացած գրաւոր համաձայնութիւն, որը ձեւակերպուել է պայմանագրի, համաձայնագրի, հռչակագրի, յուշագրի, արձանագրութեան, նոթաների փոխանակման կամ միջազգային փորձում ընդունուած այլ անուանմամբ փաստաթղթի տեսքով, միջազգային պայմանագիր է համարւում: Յայտարարութեան իրաւական նորմերը ոչ թէ ներպետական, այլ միջազգային իրաւունքից բխող նորմեր են, որոնց կարգաւորման առարկան միջպետական եւ այլ միջազգային յարաբերութիւններ են: Ուստի հայ ժողովրդի վզին փաթաթուած այդ աղէտալի Համաձայնութիւնը միջազգային պայմանագիր պէտք է համարել: Ինչեւէ:
Յայտարարութեան 7-րդ կէտի համաձայն, ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ:
Այս կէտում կիրառուած` «Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ», «ներքին տեղահանուած անձինք», «փախստականներ» եւ «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարի գրասենեակ» հասկացութիւններից ոչ մէկի սահմանումը Յայտարարութեան մէջ չի տրուած: Դրանցից վիճայարոյցը, այսպէս ասած` քաղաքական եւ իրաւական գլուխկոտրուկը «Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ» եզրոյթն է: Ի՞նչ պէտք է հասկանալ դրա տակ, եւ ի՞նչ են նկատի ունեցել Յայտարարութիւնը ստորագրողները:
Դիմենք պատմութեանը: 1813 թուականին պատմական Արցախի տարածքը կցուեց ցարական Ռուսաստանին, որի տիրապետութեան առաջին վեց տասնամեակների ընթացքում կայսրութեան տարածքում մի շարք վարչատարածքային փոփոխութիւններ կատարուեցին: Այսպէս, Շուշիի խանութիւնը վերացնելուց յետոյ (1822թ.) նրա տարածքի վրայ ստեղծուեց նոր վարչական միաւոր` «Ղարաբաղի մարզ» անուանումով, որտեղ մտցուեց ռուսական կառավարում: Ղարաբաղը, սկզբում որպէս մարզի, իսկ այնուհետեւ` Շուշիի գաւառի կարգավիճակով, մինչեւ 1846թ. մտնում էր Կասպիական մարզի, 1846թ.` Շամախու, 1859թ.` Պաքուի, 1867թ.` Ելիզավեթպոլի (անձակ) նահանգների կազմի մէջ: Պատմական Արցախի տարածքը մինչեւ 1869թ. հիմնականում մտնում էր Շուշիի գաւառի եւ, մասամբ, Զանգեզուրի գաւառի մէջ: 1869թ. Շուշիի գաւառը մասնատուեց, եւ նրա հիւսիս-արեւելեան մասում ստեղծուեց նոր` Ջիւանշիրի գաւառը, որի մէջ ներառուեցին Ջրաբերդի (Մարտակերտի շրջանի մի մասը) եւ Գիւլիստանի (Շահումեանի շրջանը) մելիքութիւնների տարածքները, ինչպէս նաեւ` Պարտաւի եւ Թարթառի թաթարաբնակ շրջանները: 1873թ. Շուշիի գաւառը վերստին մասնատուեց եւ նրա հարաւային մասում ստեղծուեց նոր` Ջաբրայիլի գաւառը` ներառելով իր մէջ Դիզակի (Հադրութի շրջանի մի մասը) մելիքութեան տարածքը եւ Կարեագինոյի (Ֆիզուլիի) ու Բայլականի թաթարաբնակ շրջանները: Փաստօրէն պատմական Արցախի տարածքը բաժանուեց երեք գաւառների միջեւ, եւ կայսրութեան փլուզման նախօրեակին Շուշիի գաւառի մէջ մտել են միայն Վարանդայի մելիքութեան (ներկայիս Արցախի Հանրապետութեան Մարտունու եւ Շուշիի շրջանները), Խաչէնի մելիքութեան (Ասկերանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը), ինչպէս նաեւ` թաթարաբնակ Աղջաբեդիի շրջանը:
1917 թուականի փետրուարեան յեղաշրջման պատճառով ցարական ինքնակալութիւնը տապալուեց, եւ դէպքերն Անդրկովկասում անկանխատեսելի կերպով փոփոխուեցին: Աւելի քան մէկ տարի յետոյ ստեղծուեցին վրացական, ազրպէյճանական եւ հայկական հանրապետութիւնները: Պահը չափազանց լուրջ էր, ուստի հայկական Ղարաբաղի քաղաքական ուժերի ղեկավարները կարողացան իրենց ձեռքը վերցնել երկրամասի կառավարման վարչական ղեկը:
Ղարաբաղի հայութեան առաջին համագումարը, որը տեղի ունեցաւ 1918 թուականի յուլիսի 22-ին, Շուշի քաղաքում, Ղարաբաղը յայտարարեց անկախ վարչաքաղաքական միաւոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ եօթ հոգուց բաղկացած կառավարութիւն` դրանով իսկ հռչակելով իր «անկախութեան իրաւունքը»: Համագումարի աշխատանքներին մասնակցել են Դիզակի, Վարանդայի, Խաչէնի եւ Գիւլիստանի (Շահումեանի շրջանը) գիւղական հասարակութիւնների կողմից ընտրուած պատգամաւորները: Ասել է թէ` համագումարի ընդունած որոշումները տարածուել են նաեւ Գիւլիստանի վրայ:
«Լեռնային Ղարաբաղ» եզրոյթին առաջին անգամ հանդիպում ենք Ղարաբաղի հայութեան 7-րդ համագումարի նիւթերում, որտեղ 1919 թուականի օգոստոսի 22-ին ընդունուեց մի փաստաթուղթ, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղի հայութեան ժամանակաւոր համաձայնութիւնը Ազրպէյճանի կառավարութեան հետ» յորջորջումը: Փաստաթուղթը, կազմուած լինելով 26 կէտից, ստորագրել են համագումարից լիազօրուած 15 պատգամաւորներ, եւ այն վաւերացուել է Ազրպէյճանի կառավարութեան ներկայացուցչի կողմից: Փաստաթղթի 2-րդ կէտից նկատելի է, որ «Լեռնային Ղարաբաղ» միաւորի տակ նկատի է առնւում Շուշիի, Ջաբրայիլի եւ Ջիւանշիրի գաւառների լեռնային մասը (Դիզակը, Վարանդան, Խաչէնը եւ Ջրաբերդը), որտեղ բնակիչները հայեր են, ժամանակաւորապէս գտնւում է Ազրպէյճանի Հանրապետութեան սահմաններում: Հարկադրաբար նման քայլ կատարելով` հայերը յոյս ունէին Ղարաբաղի լեռնային մասի կարգավիճակի հարցը լուծել Փարիզի խաղաղոութեան վեհաժողովում: Հետագայ բոլոր փաստաթղթերում, այդ թւում` արցախահայութեան 8-10-րդ համագումարներում, «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը կեանքի իրաւունք ստացաւ:
Ղարաբաղում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ (1920թ. մայիս), երբ ստեղծուեցին գաւառային յեղկոմներ, Ջրաբերդի շրջանը մտաւ Ջիւանշիրի գաւառի մէջ, Դիզակինը` Ջաբրայիլի, իսկ Խաչէնն ու Վարանդան մնացին Շուշիի գաւառում: Իսկ երբ 1920թ. յունիսին Լեռնային Ղարաբաղի յեղկոմը միաւորուեց Դաշտային Ղարաբաղի յեղկոմի հետ, առաջինը, մինչեւ 1923թ. որպէս վարչական ինքնուրոյն եւ միասնական միաւոր, դադարեց գոյութիւն ունենալ: Աւելորդ չէ նշել, որ Զանգեզուրը Հայաստանին անցնելու կապակցութեամբ, նրա արեւելեան մասում Ազրպէյճանը 1920թ, ստեղծեց Ղուբաթլիի գաւառը, որի մէջ էին մտնում նաեւ Ղարաղշլաղ եւ շրջակայ հայկական գիւղերը:
Խորհրդային Ռուսաստանի եւ Ազրպէյճանի ու քեմալական Թուրքիայի սիրախաղերի արդիւնքը եղաւ միջազգային իրաւունքի տեսանկիւնից իրաւական աքթի ուժ չունեցող Ռուսաստանի Կոմունիստական (պոլշեւիկեան) կուսակցութեան կովկասեան պիւրոյի 1921 թուականի յուլիսի 5-ի կուսակցական որոշումը` Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ազրպէյճանի սահմաններում թողնելու մասին` նրան տրամադրելով մարզային ինքնավարութիւն: Արցախահայութեան համար ստորնացուցիչ այդ որոշմամբ Ազրպէյճանը պէտք էր որոշեր մարզի սահմանները եւ ինքնավարութեան շրջանակները: Սակայն Ազրպէյճանը չէր շտապում: Երկար ձգձգումներից յետոյ Ազրպէյճանի Կենտրոնական գործադիր կոմիտէն 1923թ. յուլիսի 7-ին ընդունեց յայտարարութիւն` Լեռնային Ղարաբաղի հայկական մասից ինքնավար մարզ կազմաւորելու մասին, որին տրուեց «Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի» (ԻՄԼՂ) անուանումը, եւ այն կիրառուեց մինչեւ ԽՍՀՄ 1936թ. սահմանադրութեան ընդունումը, որից յետոյ երկրամասը վերանուանուեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» (ԼՂԻՄ): 1923թ. օգոստոսի 15-ին մարզի տարածքում ստեղծուեցին 4 շրջաններ` Ջրաբերդի (Մարտակերտ գիւղկենտրոնով), Խաչէնի (Խանքենդի գիւղկենտրոնով), Վարանդայի (Ճարտար գիւղկենտրոնով) եւ Դիզակի (Հադրութ գիւղկենտրոնով): Մէկ տարի յետոյ ստեղծուեց Շուշիի շրջանը (Շուշիի քաղաքային կենտրոնով): Հետագայ տարիներին Ջրաբերդի շրջանը վերանուանուեց Մարտակերտի, Վարանդայինը` Մարտունի, Դիզակինը` Հադրութ, Խաչէնինը Ստեփանակերտ: Վերջինս 1978թ. վերանուանուեց Ասկերանի շրջան:
Ինքնավար մարզի սահմանները վերջնականապէս ճշդուեցին միայն 1925 թուականին: Իսկ ինչպէ՞ս որոշեցին: Ի կատարումն Ազրպէյճանի Կենտգործկոմի 1923թ. յուլիսի 7-ի որոշման` ինքնավար մարզի կարգավիճակի վերաբերեալ խորհրդային տեսակի առաջին փաստաթուղթն Ազրպէյճանի կողմից մարզին «շնորհուած» սահմանադրութիւնն էր, որը լոյս տեսաւ կուսակցական բարձրագոյն մարմինի «Կոմունիստ» հայերէն թերթի 1924 թուականի յուլիսի 6-ի համարում: Սահմանադրութեան համաձայն, բացի Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներից, ԼՂԻՄ կազմի մէջ մտցուել էին Շուշիի գաւառից` 115, Ջիւանշիրի գաւառից` 52, Կարեագինոյի գաւառից` 30 գիւղ եւ Ղուբաթլուի գաւառից` Ղարաղշլաղ գիւղը (Բերդաձորը)` շրջակայ գիւղերով: Հետագայում մարզի արտաքին սահմաններն այնպէս որոշեցին, որ 11,5 հազար քառ. քմ տարածք ունեցող պատմական Արցախի նահանգից թողնուեց 4,4 հազար քառ. քմ-ը: Մարզից կտրեցին դաշտային բերրի հողերը, Արցախի հիւսիսային շրջանները, շփման ոչ մի կէտ չթողնելով մայր հայրենիքի հետ;
Ինքնավար մարզը ԽՍՀՄ ժողովուրդների սոցիալիստական ազգային պետականութեան ձեւերից մէկն էր: Պետական շինարարութեան վարչաքաղաքական ինքնավարութեան վերին օղակն ինքնավար հանրապետութիւնն էր, իսկ ստորին օղակը` ինքնավար օկրուգը (մարզը, Ա.): Մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը Լեռնային Ղարաբաղն ինքնավար մարզի կարգավիճակով գտնւում էր Խորհրդային Ազրպէյճանի կազմում: Սակայն Արցախի հայերը չեն հաշտուել այդ կարգավիճակի հետ եւ տասնեակ տարիներ մշտապէս պայքարել են մայր հայրենիքի հետ վերամիաւորուելու համար:
Երբ Խորհրդային Միութեան մայրամուտին, Ազրպէյճանը 1991թ. օգոստոսի 30-ին յայտարարեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին, Արցախին այլ բան չէր մնում` բացի այն, քան` հրաժեշտ տալ Խորհրդային Ազրպէյճանին, ուստի զգալով պահի լրջութիւնը եւ հիմք ընդունելով ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի կողմից 1990թ. ապրիլի 3-ին ընդունուած` ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու մասին օրէնքի պահանջները` երկրամասի ժողովուրդը դիմեց միակ ճիշտ եւ իրաւական տեսանկիւնից անխոցելի քայլին. ժողովրդական պատգամաւորների ԼՂ մարզային եւ Շահումեանի շրջանային համատեղ նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունեց հռչակագիր` ինքնավար մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին: Սակայն Ազրպէյճանը չհանդուրժեց դա եւ նրա Գերագոյն խորհուրդը 26.11.91թ. ընդունեց օրէնք` «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կազմաւորելու մասին» Ազրպէյճանի Կենտգործկոմի 1923թ. յուլիսի 7-ի յայտարարութիւնը եւ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» 1981թ. յունիսի 16-ի Ադր. ԽՍՀ օրէնքն ուժը կորցրած ճանաչելու մասին: Դա` այն դէպքում, երբ ԼՂԻՄ-ի մասին օրէնքի 3-րդ յօդուածի համաձայն, «ինքնավար մարզի տարածքը չի կարող փոփոխուել առանց ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդի համաձայնութեան»:
Վերոնշեալ հակասահմանադրական օրէնքի համաձայն, Ստեփանակերտ, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքները վերանուանուեցին համապատասխանաբար` Խանքենդի, Աղդարայ եւ Խոջաւանդ թրքահունչ անուններով: Նախկին ինքնավար մարզի տարածքը մտցուեց Աղդարայի (Մարտակերտի շրջանը), Խոջաւանդի (Մարտունու եւ Հադրութի շրջանները), Խոջալուի (Ասկերանի շրջանը) եւ Շուշիի շրջանների մէջ, իսկ Ստեփանակերտը (Խանքենդին) համարուեց հանրապետական ենթակայութեան քաղաք: Ինքնավար մարզը լուծարելու մասին օրէնքը չնայած ճանաչուեց հակասահմանադրական եւ ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողութեան կոմիտէի 1991թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ վերացուեց, սակայն այդ որոշումն Ազրպէյճանի համար որեւէ նշանակութիւն չունեցաւ, քանզի խորհրդային կայսրութիւնն արդէն հոգեվարքի մէջ էր: Հետագայում բոլոր օրինական իրաւական աքթերում, այդ թւում` երկրի հիմնական օրէնքում, Ազրպէյճանը հրաժարուեց օգտագործել «Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ» վարչատարածքային հասկացութիւնը: Բացառութիւն է կազմում Ազրպէյճանի` «Ռազմական հայեցակարգի մասին» օրէնքը (2010թ.), որում ամրագրուած է, որ իբր թէ Հայաստանն «բռնազաւթել է Լեռնային Ղարաբաղը եւ նրա յարակից շրջանները»:
Արցախի Հանրապետութիւնը պատուով դուրս եկաւ առաջին պատերազմից, որի արդիւնքում նրա տարածքը շարժընթաց ապրեց եւ այն ամրագրուեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով, ըստ որի, հանրապետութեան տարածքը ներառում է Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Շահումեանի եւ Քաշաթաղի շրջանները: Նոյն օրէնքի համաձայն, արտաքին սահմանների առումով, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները սահմանակցում են Ազրպէյճանի Հանրապետութեանը, Հադրութի շրջանը` Ազրպէյճանի Հանրապետութեանը եւ Արաքս գետով` Իրանի Իսլամական Հանրապետութեանը, Քաշաթաղի շրջանը` Իրանի Իսլամական Հանրապետութեանը եւ Հայաստանի Հանրապետութեանը, Շահումեանի շրջանը` Ազրպէյճանի Հանրապետութեանը եւ Հայաստանի Հանրապետութեանը: Եթէ նախկինում ԼՂՀ շուրջ տարածքներին տրւում էր ազատագրուած կամ գրաւեալ տարածքներ, անվտանգութեան գօտի կամ որեւէ այլ ձեւակերպում, ապա հետագայում դրանք ԱՀ տարածքի անբաժանելի մասը կազմեցին` ամրագրուելով երկրի Հիմնական օրէնքով: Այդպիսի տարածքով (12.000 քառ. քմ) 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի մէջ մտանք Ազրպէյճանի, Թուրքիայի եւ նրանց աջակցող միջազգային ահաբեկչութեան հրոսակախմբերի հետ, որի աղէտաբեր հետեւանքներն ամրագրուեցին Յայտարարութեան 9 կէտերում:
Ինչպէս նկատելի է, Յայտարարութեան մէջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի շօշափւում, բայց նրա 1-ին կէտում` «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում…», 3-րդ կէտում` «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով…», 6-րդ կէտում` «Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ…» (միակ մխիթարանքը, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» եւ «Հայաստան» անուանումները միասին յիշատակուել են) եւ 7-րդ կէտում` «Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ» նշուած բառակապակցութիւնները, մեր կարծիքով, վկայում են, որ կողմերը Յայտարարութեան համաձայնեցման պահին «Լեռնային Ղարաբաղի» տակ նկատի են ունեցել որպէս վարչաքաղաքական եւ յարակից շրջաններից առանձնացուած միաւոր կամ որպէս նախկին ինքնավար մարզի տարածքով կամ էլ նրա մի մասով առանձնացուած միաւոր:
Բայց հետագայ դէպքերը ցոյց են տալիս, որ Ազրպէյճանը Լեռնային Ղարաբաղը դիտարկում է որպէս մի սովորական աշխարհագրական տարածք: Ինչպէս պատերազմից յետոյ, այնպէս էլ հիմա Ազրպէյճանի նախագահը պարբերաբար յայտարարում է, որ չկայ Լեռային Ղարաբաղի հասկացութիւն կամ հիմնահարց, դա անցեալի գիրկն է գնացել, եւ հայերը պէտք է համարկուեն Ազրպէյճանին` որպէս այդ պետութեան քաղաքացիներ: Ըստ երեւոյթին, Ալիեւը նոր բան չի ասում, քանի որ Ազրպէյճանի մայր օրէնքում Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ խօսք չկայ եւ չի էլ կարող լինել, որովհետեւ վերջինս աւելի քան 30 տարի առաջ հրաժեշտ է տուել Ազրպէյճանին: Ազրպէյճանի բռնապետը, հաւատարիմ մնալով իր նախկին հայեացքներին, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում կոչ արեց անդամ երկրներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անուանումը` վերստին կրկնելով, որ հակամարտութիւնը մնացել է անցեալում: Ըստ Ազրպէյճանի նախագահի, Պաքուն 30-ամեայ հակամարտութիւնը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը: «Ազրպէյճանն այլեւս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միաւոր, ահա` Ալիեւի բարբաջանքը: Ինչպէս ասում են` արջը եօթ երգ գիտէ, եօթն էլ` տանձի մասին:
Լեռնային Ղարաբաղի «յարակից շրջաններ» եզրոյթին առաջին անգամ հանդիպում ենք Պաքւում 1990թ. յունուարի 13-ին հայ բնակչութեան ջարդերի կապակցութեամբ ընդունուած փաստաթղթում, երբ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի նախագահութեան 15.01.1990թ. որոշմամբ արտակարգ դրութիւն յայտարարուեց «Ազրպէյճանական ԽՍՀՄ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու նրա յարակից շրջանների, Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանի տարածքում»: Եթէ նայենք նախկին ԼՂԻՄ-ի քարտէզին, ապա պարզ է դառնում, որ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Լաչինի, Քելբաջարի, Շահումեանի, Պարտաւի եւ Միր Բաշիրի շրջաններն ինքնավար մարզի տարածքին յարակից են: Բայց Արցախի Հանրապետութեան արդի աշխարհագրական դիրքը բոլորովին այլ տեսք ունի, քանի որ վերջին պատերազմը շատ ծանր հետեւանքներ ունեցաւ հայ ժողովրդի համար:
Համաձայն Հայաստանի կառավարութեան 2020թ. նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման` թշնամու վերահսկողութեան տակ են գտնւում ԼՂՀ Քաշաթաղի, Շահումեանի եւ Հադրութի շրջաններն ամբողջութեամբ ու Մարտակերտի, Շուշիի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների մի շարք բնակավայրեր (ընդամէնը` 143 բնակավայր): Այդ բնակավայրերից 41-ը գտնուել են նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Ներկայ պայմաններում «շփման գիծ» եզրոյթը կողմերի համար բոլորովին նոր իմաստ եւ բովանդակութիւն է ստացել: Եթէ մինչեւ պատերազմը Ազրպէյճանում «շփման գծին» յաճախ տալիս էին «բռնագրաւման գիծ» անուանումը, դրանով իսկ ակնարկելով Հայաստանի Հանրապետութեան կողմից Ազրպէյճանի բռնագրաւած հողերը, իսկ հայկական կողմի համար «շփման գիծը» Արցախի եւ Ազրպէյճանի միջեւ պետական սահմանի դեր էր կատարում: Այժմ իրերի վիճակը (սթաթիւս քուօ) փոխուելու պատճառով նախկին շփման գծից համարեա ոչինչ չի մնացել: Նոր շփման գծից այն կողմ են մնացել ոչ միայն այն տարածքները, որոնք մաս չէին կազմում ԼՂԻՄ-ին, այլեւ ինքնավար մարզի բուն հայաբնակ տարածքների մի մեծ մասը:
Յայտարարութեան 7-րդ կէտում, առանց հասցէական, օգտագործուած են նաեւ «ներքին տեղահանուած անձինք» եւ «փախստականներ» եզրոյթները: Ընդունուած է փախստականներ անուանել այն անձանց, որոնք արտակարգ հանգամանքների ուժով լքել են իրենց երկիրը, որտեղ մշտապէս բնակուել են:
«Փախստականների կարգավիճակի մասին» հռչակագիրը ընդունուել է 1951 թուականի յուլիսի 28-ին` Փախստականների կարգավիճակի եւ խտրականութեան հարցերով լիազօրուած մասնակիցների խորհրդաժողովում` ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1950 թ. դեկտեմբերի 14-ի թիւ 429 (Y) որոշմամբ: Ուժի մէջ է մտել 1954 թուականի ապրիլի 22-ին:
2003թ. նոյեմբերի 26-ին ընդունուած «Փախստականների մասին» օրէնքի համաձայն, փախստական է համարւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքացի չհանդիսացող անձը, որն ըստ ցեղային, ազգային, կրօնական, որոշակի ընկերային խմբի պատկանելութեան կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնաւոր երկիւղի պատճառով գտնւում է իր քաղաքացիական պատկանելութեան պետութիւնից դուրս եւ չի կարող կամ չի կամենում օգտուել այդ պետութեան պաշտպանութիւնից, կամ, չունենալով որեւէ պետութեան քաղաքացիութիւն եւ գտնուելով իր նախկին հիմնական բնակութեան վայրի պետութիւնից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետութիւն, կամ եթէ անձը միաժամանակ մի քանի պետութեան քաղաքացի է, սակայն երկիւղ ունի, որ չի կարող օգտուել այդ պետութիւններից որեւէ մէկի պաշտպանութիւնից: Օրէնքը փախստականի կարգավիճակ հայցող է դիտում այն անձին, որ դիմում է կամ մտադրութիւն ունի դիմելու լիազօրուած մարմինին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականների վերաբերեալ նոյն բնորոշումը տրուած է նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի օրէնքում: Գոյքային յարաբերութիւնների բնագաւառում փախստականների մասին հռչակագիրը ստորագրած պետութիւնները փախստականների համար պէտք է առաւել նպաստաւոր պայմաններ ստեղծեն:
Փախստականների հիմնահարցը սերտօրէն կապուած է ներգաղթեալների հիմնահարցի հետ: Փաստօրէն փախստականը դա նոյն ներգաղթեալն է, քանի որ երկուսն էլ մի տեղից տեղափոխւում են մէկ այլ տեղ. սակայն ներգաղթեալը, ի տարբերութիւն փախստականի, կամաւոր է թողնում իր երկիրը եւ տեղափոխւում այլ վայր:
Կենցաղային առումով, փախստականների թուին յաճախ դասւում են նաեւ ապաստան խնդրող ներքին տեղահանուած անձինք (որոնք դեռեւս փախստականի կարգավիճակ չեն ստացել) եւ ընդհանրապէս բոլոր այն անձինք, որոնք զինուած հակամարտութեան պատճառով թողել են իրեց մշտական բնակութեան վայրը, բայց մնացել իրենց քաղաքացիական պատկանելութեան երկրում` օգտուելով նրա պաշտպանութիւնից (ներքին փախստականներ): Միջազգային իրաւական փաստաթղթերում հարկադիր վերբնակիչները, որպէս կանոն, նշւում են «տեղահանուած անձինք» եզրոյթով: Այդ հասկացութեանը հանդիպում ենք ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի բազմաթիւ բանաձեւերում, որոնցում նշուած է, որ տեղահանուած անձանց վիճակը նման է փախստականների վիճակին, քանի որ այն իրադրութիւնը, որի մէջ յայտնուել են նրանք, առաջ է եկել «մարդկանց կողմից ստեղծած տարերային դժբախտութիւնների» պատճառով: 1975 թուականին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը հաստատեց Հնդկաչինից տեղափոխուած անձանց մարդասիրական օգնութեան ցուցաբերումը` դրանով իսկ փաստելով տեղահանուած անձանց հասկացութեան միջազգային տեսակէտը:
Արդի աշխարհում փախստականների հարցերով մի շարք միջազգային կազմակերպութիւներ կան: Դրանցից մէկն էլ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագոյն յանձնակատարի գրասենեակն է, որի Գերագոյն յանձնակատարն ընտրւում է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկէտով` ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի քարտուղարի ներկայացմամբ: Գերագոյն յանձնակատարն ապահովում է փախստականների միջազգային պաշտպանութիւնը` աջակցելով նրանց` նոր երկրներ կամաւոր ներգաղթման եւ ուծացման գործընթացներին:
Իսկ ի՞նչ գործընթացներ են սպասւում վիրաւոր Արցախի Հանրապետութեան շուրջ: Ակնյայտ է, որ ազրպէյճանական կողմի վերահսկողութեան տակ են անցել ոչ միայն բանակցութիւնների առարկայ 5+2 շրջանները` Ակնայ (Աղդամ), Վարանդայ (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան), Սանասար (Ղուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար), Բերձոր (Լաչին), այլեւ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կազմում եղած Հադրութի շրջանը, Շուշի քաղաքն ու եւս մի քանի տասնեակ բնակավայրեր, որոնք պատերազմի ընթացքում գրաւուել էին հակառակորդի կողմից: Ըստ վիճակագրական տուեալների, այդ տարածքներում բնակւում էր աւելի քան 30 000 քաղաքացի: Նկատի ունենալով, որ 2020 թուականի սեպտեմբերի 27-ից թուրք-ազերիների թիրախաւորման տակ էին ոչ միայն շփման գծին մօտ, այլեւ խորը թիկունքում` մինչեւ 90-100 քմ խորութեան վրայ գտնուող բնակավայրերի խաղաղ բնակչութիւնն ու քաղաքացիական վայրերը, ուստի հրթիռակոծուող Արցախից զանգուածաբար դուրս բերուեցին երեխաները, տարեցներն ու կանայք:
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութեան գաղթականութեան ծառայութեան տուեալների համաձայն, պատերազմի ընթացքում Արցախից տեղահանուածների թիւը 93 300-ից աւելի էր: Պատերազմի աւարտից յետոյ նրանց մեծ մասը վերադարձել է Արցախի Հանրապետութիւն:
«Փախստականների կարգավիճակի վերաբերեալ» Ժընեւի հռչակագիրի 1-ին յօդուածի «Ե» կէտով սահմանւում է, որ «Սոյն հռչակագիրը ի դրոյթները չեն կիրառւում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրաւասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակութեան վայր, ճանաչուել է այդ երկրի քաղաքացիութիւնն ունենալու հետ կապուած իրաւունքներ ու պարտականութիւններ ունեցող»:
1999 թուականի փետրուարի 24-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրով Հայաստանը պարտաւորւում է Արցախի Հանրապետութեան բնակիչներին որոշակի պայմաններում տրամադրել անձնագրեր: Համաձայնագրի առաջին յօդուածով նախատեսւում է. «Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները կողմերից իւրաքանչիւրի տարածքում ունենան ազատ տեղաշարժուելու եւ բնակուելու իրաւունք»: Նման պայմաններում Արցախից Հայաստան տեղահանուածները չեն ստանում ապաստանեալի կամ փախստականի կարգավիճակ, քանի որ չեն բաւարարում օրէնքը կարգաւորող վաւերապայմաններին:
Ամենացաւոտ հարցն այն է, թէ ե՞րբ կարող են տեղահանուած արցախահայերը վերադառնալ իրենց պապենական բնակավայրերը: Այդ տեսանկիւնից ազրպէյճանցի տեղահանուածների համար ոչ մի խոչընդոտ չկայ, ցանկացած ժամանակ, Արցախի Հանրապետութիւնից Ազրպէյճանին անցած, այսպէս ասած, անվտանգութեան գօտի համարուող տարածքներում բնակուելու համար: Այլ է դրութիւնն արցախահայերի դէպքում, որտեղ հարցի դժուարութիւնը կայանում է նրանում, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մի մասը գտնւում է Ազրպէյճանի վերահսկողութեան ներքոյ: Այդ տարածքների համայնքներում այժմ հանգրուանել է հակառակորդը, ոմանց տները հիմնայատակ աւերուել են, ոմանք էլ, թշնամուց մի քանի մեթր հեռաւորութեան վրայ ապրելը սպառնալիք համարելով, հրաժարւում են վերադառնալ ու գերադասում են միւսների պէս «օդից կախուած» մնալ` առանց կարգավիճակի ու որեւէ տեսլականի: Իսկ Յայտարարութեան 1-ին կէտը փաստում է, որ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Ազրպէյճանի Հանրապետութիւնը կանգ են առնում 2020թ. նոյեմբերի 10-ի դրութեամբ իրենց զբաղեցրած դիրքերի վրայ: Հարց է ծագում` Արցախը լքած ազրպէյճանցի փախստականները նոյնպէս իրաւունք ունե՞ն վերադառնալ իրենց նախկին բնակութեան վայրեր: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մ. Զախարովան, 2021թ. փետրուարի 11-ի ճեպազրոյցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի խնդրին, յայտարարել է, որ եռակողմ Յայտարարութեան 7-րդ կէտը տարածւում է բոլորի վրայ, որոնք ստիպուած էին հեռանալ իրենց նախկին բնակութեան վայրերից: Ի հարկէ, այս պահին չկան կարճաժամկէտ լուծումներ, որոնք անմիջականօրէն կը լուծեն Արցախից տեղահանուածների` իրենց բնակավայրեր վերադարձի հարցը: Չնայած ռուսական կողմից հայերի եւ ազրպէյճանցիների համատեղ բնակութեան հեռանկարը դիտարկող քաղաքական յայտարարութիւններ են արւում, սակայն սակայն դրանք իրատեսական համարուել չեն կարող:
Ի՞նչ խօսք կարող է լինել համատեղ բնակութեան մասին, երբ Ազրպէյճանի ղեկավարն իր պաշտօնական մի ելոյթի ժամանակ յայտարարել է, թէ յաղթանակի պատճառներից մէկն այն է, որ իրենց երիտասարդ սերնդին դաստիարակել են հայատեացութեան ոգով: Էլ չենք ասում, որ բռնագրաւուած տարածքներում պետական մակարդակով հայեատեաց քաղաքականութիւն է տարւում` սկսած մշակութային ժառանգութեան ոչնչացումից, պատմութեան աղաւաղումից եւ կեղծումից, աւարտած ատելութեան խօսքի քարոզով եւ ազգութեամբ հայերի դէմ բռնի յանցագործութիւններ կատարած անձանց հերոսացմամբ:
Եթէ Յայտարարութեան առաջին 6 կէտերը կատարուած են, իսկ վերջին 8 եւ 9-րդ կէտերը գտնւում են կատարման ընթացքում, ապա, այսօրուայ դրութեամբ, 7-րդ կէտը փաստօրէն գտնւում է անշարժ վիճակում:
Անշուշտ 44 օրեայ պատերազմի հետեւանքները շատ ծանր են: Միանգամայն տեղին է մէջբերել ազգագրագէտ Հրանոյշ Խառատեանի խօսքերն առ այն, որ «յանձնուած տարածքներից շատերի բնակիչներն արդէն երկրորդ անգամ են լքում իրենց բնակավայրերը. «Նոր Սէյսուլան, Նոր Մարաղայ, Նոր Մանաշիդ, Նոր Գետաշէն` այսպիսի մի քանի տասնեակ բնակավայրեր, որոնց բնակիչները մի քանի շերտի փախստականներ են: Նրանք փախստական են ԽՍՀՄ-ի շրջանից` դեռեւս «Օղակ» գործողութիւնից, նրանք Ղարաբաղի առաջին պատերազմի փախստականներ են: Շատ դժուար է ամէն անգամ նոր վայրում կեանք դնելը, կեանքը շարունակելը, այն դէպքում, երբ այս ընթացքում շատ ընտանիքներ նաեւ զոհեր են ունեցել: Այս մարդիկ ամէն կողմից հարուած են ստացել` պատերազմի, եղած որոշումների, ցաւալի լուծումների պատճառով»:
Ամէն պարագայի, պատերազմն աւարտուել է հրադադարի կնքմամբ եւ ոչ` հաշտութեան պայմանագրով, ուստի տեղահանուած արցախահայութեան հարցի լուծումը քաղաքական ենթաշերտ ունի: Միայն համապարփակ հաշտութեան պայմանագրում են ամրագրւում բոլոր լուծումները եւ փոխըմբռնելի տարբերակները: Այդ առումով, հայկական դիւանագիտութիւնը կանգնել է նոր մարտահրաւէրների առաջ: Պէտք է մի կողմ թողնենք պատրանքները, հարցին նայենք ոչ թէ Ստեփանակերտից կամ Երեւանից, այլ` մարդկային գոյութեան բարձունքներում տիրող ուժի դիրքերից, ձգտենք հասնել հնարաւոր առաւելագոյնին (ոչ թէ երազելի առաւելագոյնին):
Հաշուի առնելով, որ Հայաստանի Հանրապետութիւնը Յայտարարութեան կողմ է հանդիսանում, ուստի նա իր ստանձնած միջազգային բոլոր պարտաւորութիւններով միջազգային իրաւական հարթակներում պէտք է որոշակի քայլեր ձեռնարկի տեղահանուած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համար, որպէսզի հազարաւոր ունեզրկուածներ կարողանան վերադառնալ իրենց նախկին բնակութեան վայրերը, կամ ստանան համապատասխան փոխհատուցում` հայրենիքի կորստի դիմաց:
Շատ ազգեր են պարտութիւն կրել եւ անյայտացել աշխարհի թատերաբեմից: Բայց կան ազգեր, որոնք կուլ չեն գնացել պատմութեանը եւ իրենց յամառ ու քրտնաջան աշխատանքով բարձրացել են ընկած տեղից` վերաիմաստաւորելով իրենց պատմութեանը ընթացքը: Դա, առաջին հերթին, վերաբերում է մեզ: Ինչքան էլ աղէտալի լինեն հետեւանքները, պէտք չէ լալկանութեամբ զբաղուենք, այլ պէտք է յընթացս ոտքի կանգնենք, թափ տանք մեր վրայի փոշին եւ ժամանակի հետ քայլենք: Իսկ ժամանակն անցնում է ակնթարթի պէս, աշխարհը փոխւում է մեր առջեւ, նոր իրողութիւնների մէջ ենք յայտնուել, նոր խաղացողներ են հանդէս գալիս տարածաշրջանում, որոնք Արցախի կարգավիճակի վերաբերեալ տարբեր մօտեցումներ ունեն, ուստի բանակցութիւնները երկարատեւ գործընթաց են ենթադրում, եւ մենք պարտաւոր ենք զարգացնել մեր տնտեսութիւնն ու զինուած ուժերը, վերացնել փտածութիւնը, արտագաղթը, հրաժարուել հռչակագրային արտայայտութիւններից եւ դասեր քաղել անցեալից:
Յապաղելու դէպքում` կը յայտնուենք թուրքական պարկում կամ կը վերանանք աշխարհի երեսից:
Ստեփանակերտ
Յատուկ «ԱԶԴԱԿ»-ի համար