«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւն

Թուրք-ազրպէյճանական դաշինքի սանձազերծած 44-օրեայ պատերազմի առաջացրած մարդասիրական խնդիրների առաջնահերթ վերլուծութիւնը, ընկերային եւ այլ կարիքների ամբողջական գնահատումը եւ դրա արդիւնքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցէական աջակցութիւն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրուայ հրամայական է:

Դաւադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպէս տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռեւս շարունակում են կառավարութիւնից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրութիւն եւ որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատուածում կառավարութեան կողմից չեն ձեռնարկուել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման եւ դրանց համակարգային լուծումներ տալու ուղղութեամբ:

Նշուած խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցութեան ուշադրութեան կեդրոնում եւ, ըստ այդմ, խմբակցութիւնը հարցապնդումով դիմել է կառավարութեանը` ակնկալելով հետեւեալ հարցերի պատասխանները.

  1. Արդեօք ապահովուե՞լ է հնարաւորինս լիարժէք եւ ճշգրիտ տեղեկատուութիւն` Արցախի Հանրապետութիւնից Հայաստանի Հանրապետութիւն ժամանակաւորապէս տեղափոխուած ընտանիքների թուաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցուածքի, Հայաստանում ժամանակաւոր բնակութեան վայրի, Արցախում հիմնական բնակութեան վայրի առկայութեան եւ դրանց հասցէների, ինչպէս նաեւ նրանց կապուելու միջոցների տուեալների վերաբերեալ:
  2. Արդեօք ապահովուե՞լ է հնարաւորինս լիարժէք եւ ճշգրիտ տեղեկատուութիւն` Արցախեան վերջին պատերազմում զոհուած, անհետ կորած, գերի ընկած եւ վիրաւորում ու հաշմանդամութիւն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերեալ:
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպութիւնների, ընկերային խնդիրներով զբաղուող տեղական ու միջազգային կառոյցների եւ ընկերային աշխատողների ընդգրկմամբ արդեօք իրականացուե՞լ է նշուած ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում` առկայ չափորոշիչների եւ ուղեցոյցերի համաձայն, որի արդիւնքում կը ձեւաւորուէր լիարժէք պատկեր թէ՛ անհրաժեշտ ծրագրերի բովանդակութեան եւ թէ՛ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների վերաբերեալ:
  4. Արդեօք իրականացուե՞լ է ներկայումս Հայաստանի Հանրապետութեան պետական պիւտճէի, ինչպէս նաեւ միջազգային նուիրատու կազմակերպութիւնների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդիւնքում կ՛ընդունուէին համապատասխան իրաւական աքթեր կամ փոխհամաձայնեցուած որոշումներ` որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման եւ ըստ անհրաժեշտութեան նոր ծրագրերի գործարկման վերաբերեալ:
  5. Արդեօք գործարկուե՞լ է վստահելի եւ հաշուետուողական մեքանիզմ` մասնաւոր հատուածի, Հայաստանում եւ այլ պետութիւններում բնակուող անհատ քաղաքացիների կողմից կամաւոր հիմունքներով ցուցաբերուող օգնութիւնն ու օժանդակութիւնը համակարգելու եւ դրանք առաւել հասցէական ու նպատակային դարձնելու համար` վերականգնելով պետութեան նկատմամբ վստահութիւնը:
  6. Արդեօք դիմե՞լ էք համապատասխան իրաւագիր ունեցող միջազգային բոլոր կառոյցներին (յատկապէս ՄԱԿ-ի յանձնարարութեան ներքոյ գործող), առաջին հերթին Հայաստանում գործունէութիւն իրականացնող ներկայացուցչութիւններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ազրպէյճանական դաշինքի կողմից սանձազերծուած պատերազմի հետեւանքով յառաջացած մարդկային աղէտի հետեւանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման եւ իրենց մշտական բնակութեան վայրերից տեղահանուած քաղաքացիների տարրական իրաւունքների պաշտպանութեան նպատակով Հայաստանի Հանրապետութեանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Հարցապնդման պատասխանը ստանալուց յետոյ այն կ՛ենթարկուի մանրամասն վերլուծութեան եւ կը ներկայացուի հանրութեանը:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

28 սեպտեմբեր 2021

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )