«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պայքարը Կը Շարունակուի Մինչեւ Յաղթական Աւարտ

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները ոչ միայն լուծման հեռանկար չնախանշեցին առկայ հիմնահարցերի համար, այլեւ աւելի սրեցին տագնապը երկրի ապագայի հարցում: Չափազանցրած չենք լինի, եթէ ասենք, որ հրապարակուած արդիւնքներով փրկութեան յոյսի ու գահավիժման ընթացքի երկընտրանքի պարագայում ընտրուեց կործանման ճանապարհի շարունակումը: Իսկապէ՞ս իշխանական ուժի ի սկզբանէ որդեգրած անօրինական գործունէութիւնն ու կեղծարարութիւնը, ուղեղների լուացման ժամանակակից արհեստագիտութիւնները կանխորոշեցին ընտրութիւնների ելքը, թէ՞ ժողովուրդը ողջ խորութեամբ չգիտակցեց պետականութեան ու իր ապագայի առջեւ ծառացած աղէտի մեծութիւնը: Կարելի է ասել, որ այդ ամէնը փոխկապակցուած է, եւ մէկը բխում է միւսից: Դժուար է այդ մասին բարձրաձայնելը, սակայն պէտք է խոստովանենք, որ հայ ժողովրդի մի զգալի հատուածն այսօր գտնւում է բարոյահոգեբանական անկման, իրավիճակի ոչ համարժէք գնահատման, քաղաքացիական պատասխանատուութեան կորստի, ինչպէս եւ ազգային շահի հարցում ապակողմնորոշուածութեան ու շփոթի մէջ:

Այո՛, ժողովուրդներին կարելի է ներշնչել ինքնանուիրումի ու անձնազոհութեան ոգի, գաղափարական ու բարոյական վեհ արժէքներ, հաւատարմութիւն` հաւաքական շահին, եւ կարելի է նոյն ժողովրդի զանգուածային գիտակցութեան մէջ ներարկել այդ ամէնի հակառակը:

Այդ սատանայական հակառակը, ստորացուցիչ պարտուողականութիւնն ու ազգային հաւաքական նպատակներից նահանջը հայ ժողովրդին ներշնչուեցին բախտախնդիր, պիղծ ու օտարասուն տարրերի կողմից` Հայաստանում իշխանութեանը տիրելու առաջին օրերից, իսկ ամենասարսափելի` հոգեփոխութիւնը բոլորիս աչքի առաջ տեղի ունեցաւ մէկ օրուայ ընթացքում: Պայքարի վճռականութեամբ ու յաղթանակի հաւատով տոգորուած հանրութիւնը յուսալքուեց, թուլացաւ սեփական ճակատագիրը տնօրինելու նրա կամքը, երբ 2020 թուականի նոյեմբերի 10-ի առաւօտեան տեղեկացաւ, որ 44 օր պարուրուած է եղել կեղծիքի թմբիրի մէջ, որ պատերազմի իւրաքանչիւր օր կրել է տարածքային ու մարդկային թանկագին կորուստներ եւ ի վերջոյ յայտնուել է ջախջախիչ պարտութեան յանդիման: Հետեւողականօրէն ներշնչուող դատապարտուածութեան զգացման, տեղի ունեցող հայավնաս իրադարձութիւնները թաքցնելու կամ աղաւաղուած ներկայացնելու պայմաններում, հանրութեան համար դժուար ընկալելի, համակերպելի դարձաւ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքների յանձնումն` առանց դիմադրութեան զիջումը թշնամուն:

Նոր պատերազմի, նորանոր ու աւելի սարսափելի կորուստների շարունակական սպառնալիքների ազդեցութեան ներքոյ գտնուող մեծ զանգուածներին հնարաւոր է հաշտեցնել ոչ միայն կրած, այլեւ հաւանական նոր պարտութիւնների եւ զիջումների հեռանկարի հետ: Հոգեկան վայրիվերումների հանգամանքը շահարկելով` ողբերգական անցքերի ցնցումը չյաղթահարած հանրութեանը պարտադրուեցին արտահերթ ընտրութիւնները:

Ազգային շահերի դէմ գործող օտարի ու թշնամու կամակատար իշխանութեան «յաղթանակը» անմիջապէս շնորհաւորեցին միջազգային տարբեր բեւեռներ ներկայացնող դիտորդները, սրանով փաստացի արտայայտելով իրենց աջակցութիւնը գործող իշխանութիւններին, ինչպէս եւ համաձայնութիւնը յայտարարուած արդիւնքների վերաբերեալ: Ի հարկէ, ոչ ոք ակնարկ իսկ չարեց մուրճը թափահարելով` մրցակիցների հասցէին սպառնալիքներ տեղացող, հէնց ընտրարշաւի ընթացքում քաղաքական հալածանքներ կիրառող եւ զանգուածային ընտրախախտումներ թոյլ տուած քաղաքական ուժի առաջնորդի եւ երկրի թիւ մէկ պաշտօնեայի նախընտրական «գործողութիւնների» մասին: Իրենց հերթին իշխանութիւններն անմիջապէս ձեռնամուխ եղան քրէական նոր հետապնդումների ծաւալմանն այն անձանց ու պաշտօնեաների նկատմամբ, որոնք համարձակուել էին չենթարկուել թելադրանքին եւ չծառայել իշխանութեանը: Այսպիսով` երկրում նոր թափ է հաւաքում պետական համակարգի, բանակի քայքայման գործընթացը: Հնչող յայտարարութիւնները վկայում են, որ պետական կառոյցի դէմ ուղղուած ոտնձգութիւնների թիրախում լինելու է մասնաւորապէս իրաւական համակարգը եւ` ոչ միայն:

Սրանով հանդերձ` գլխաւոր աղէտը, որն ընտրութիւնների ճանապարհով հնարաւոր չեղաւ կանխել, մնում է թշնամի հարեւանների հետ պայմանագրերի կնքման հեռանկարը, ըստ որի` Հայաստանը սահմանային ու դիրքային լուրջ կորուստներ կ՛ունենայ, եւ վերջնականապէս խաչ կը քաշուի Արցախի հարցի վրայ:

Հայաստանի վարչապետի անօրինական պաշտօնակատարը յուլիսի 7-ին, դեռ չվերահաստատուած իր պաշտօնական կարգավիճակում, բանակցութիւնների համար Քրեմլում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ: Վերջինս, շնորհաւորելով նրան ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ, նշել է. «Կարծում եմ, դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին` Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժուար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդիւնաւէտ աշխատանքի հնարաւորութեան դէպքում, ինչի համար ամենակարեւորը ժողովրդի վստահութիւնն ունենալն է:

«Այն Դուք ունէք, դա ցոյց տուեցին ընտրութիւնների արդիւնքները, ինչը շատ կարեւոր է, իրականում դա ամենագլխաւորն է: Երկրի համար նման դժուարին պահերին դա ամենակարեւոր պայմանն է հետագայ զարգացման»:

Դժուար չէ կռահելը, որ հիմնական «դժուար, սուր» հարցերը մնում են Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ պայմանագրերի կնքումը, երբ երկու դէպքում էլ խօսքը կարող է վերաբերել Արցախից ու Հայաստանից գրաւուած ներկայ դիրքերի` որպէս սահման ճանաչմանը, Հայաստանով վերջիններիս միջանցքի կամ միջանցքների տրամադրմանը: Այդ ամէնի դիմաց, որպէս «պարգեւատրում», ինքնիշխանութեան երաշխիքները յաւերժօրէն կորցրած Հայաստանը կարող է բացել իր գիրկը թուրք-ազրպէյճանցիների եւ ազրպէյճանաթուրքական դրամագլուխին առջեւ: Մոսկովեան այս նոյն հանդիպման շրջանակում Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովը, պատասխանելով հարցին, թէ նախատեսւո՞ւմ են բանակցութիւններ «ազրպէյճանական կողմի հետ, ասել է. «Ազրպէյճանական կողմի հետ շփումները շարունակւում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրոյթների կատարումը շատ կարեւոր է եւ այլընտրանք չունի: Եւ այս շրջանակներում շփումներ են իրականացւում ինչպէս հայկական, այնպէս էլ ազրպէյճանական կողմի հետ» (Փեսքովի խօսքը մէջբերել է ԹԱՍՍ-ը):

Ինչ վերաբերում է եռակողմ պայմանագրի դրոյթների` կարեւոր ու անայլընտրանք լինելուն, ապա ակնյայտ է բոլորի համար, որ այն առայժմ շահեկանօրէն միակողմանի է Ազրպէյճանի համար, իսկ Հայաստանը ոչ միայն դեռ ոչինչ չի ստացել, այլեւ շարունակում է նահանջն ազրպէյճանական խաղաղ զաւթողականութեան դէմ: Նիկոլ Փաշինեանի խայտառակ առաջնորդութեամբ Հայաստանը արագօրէն վերադարձրեց ազրպէյճանցի գերիներին, խախտելով կնքուած յայտարարութիւնը` շարունակեց առանց կռուի Արցախի տարածքները զիջել, իսկ այժմ Հայաստանի տարածքներն է զիջում նոյն թշնամուն, արգելելով Հայաստանի ցանկացած ինքնապաշտպանական նախաձեռնութիւնը, գնալով որեւէ օրինականութեան սահմաններում չտեղաւորուող գործարքի, գերիների հերթական խմբաքանակների դիմաց վճարում է պետական յոյժ գաղտնի փաստաթղթերով:

Ակնյայտ է այն, որ մենք արտաքին որեւէ ուժից որեւէ բան պահանջելու կամ նրա դիրքորոշումից դժգոհելու իրաւունքը չունենք: Եթէ մի պետութիւն ու ժողովուրդ չեն պաշտպանում սեփական շահերը, ապա օտարը պարտաւոր չէ անել այդ բանը: Իւրաքանչիւրն առաջնորդւում է սեփական շահերով, իսկ եթէ որեւէ երկրի ղեկավարութիւն պատրաստակամ է սպասարկելու օտարի շահերը, ապա ինչո՞ւ չփայփայել նրան, եւ շահագրգռուած չլինել գործ ունենալու հէնց նմանի հետ:

Ինքնիշխան երկրի համար ամօթ ու խայտառակութիւն է, երբ երկրի ղեկավարն օգնութեան է դիմում եւ պատրաստ է իր պետութեան սահմանների պաշտպանութիւնը յանձնել ցանկացած արտաքին ուժի: Չկարողանալով եւ չկատարելով ինքնիշխանութեանը բնորոշ ամենակարեւոր գործառոյթը` Հայաստանի իշխանութիւնն, ըստ էութեան, լրջօրէն հարցականի տակ է դրել Հայաստան պետութեան այսօրուայ ինքնիշխանութեան հանգամանքը:

Մեր բազմաչարչար երկրի համար ամենածանր ժամանակներ են: Մենք կորցրել ենք այն ամէնը, ինչը հնարաւոր էր կորցնել, իսկ նոր կորուստների դէպքում այլեւս հայոց պետականութեան ինքնիշխան գոյատեւման կամ վերածնութեան հեռանկարի մասին աւելորդ կը լինի մտածելը: Հայաստանը նոր կորուստների տեղ չունի, որ նշանակում է, թէ հայ ժողովրդի առջեւ պայքարի ուղուց բացի` այլ ճանապարհ չկայ: Խօսքն, ի հարկէ, այսօր զէնք վերցնելու եւ թշնամիներին պատերազմ յայտարարելու մասին չէ: Գլխաւորը ներքին թշնամու հարցն է. մեր տան խնդիրը մեր տան մէջ պէտք է լուծել: Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Հայաստանում ճգնաժամը յաղթահարուել է: Իր կործանարար ծրագրերն աւարտին հասցնելու համար նրան ներքին կրաւորականութիւն է հարկաւոր, սակայն մենք այդ բանն իրեն թոյլ տալ չենք կարող: Միւս կողմից` յանցագործութիւնները վաղեմութեան ժամկէտ չունեն, հետեւաբար` մինչ այժմ կատարած յանցագործութիւնների համար պատասխանատուութիւնը նրա վրայից կարող է հանել միայն դատարանը եւ ոչ թէ` որեւէ ընտրութիւն: Իսկ հաշտուել առկայ վիճակի հետ նշանակում է կանաչ լոյս վառել հայրենադաւների առջեւ: Պայքարն այլընտրանք չունի եւ այն նոր որակով շարունակելու համար ստեղծուած են լուրջ նախադրեալներ:

Յիշենք, որ պատերազմում կրած խայտառակ պարտութիւնից յետոյ ընդդիմադիր ուժերի բողոքի կոչերին արձագանգում էր ընդամէնը մի քանի հազար մարդ: Եօթ ամիս անց ընդդիմութեանը կամ, այլ խօսքով, երկրի կործանարար ընթացքը կասեցնելու եւ ապահովութեան ու զարգացման գործընթաց սկսելու կոչերին, արձագանգեց առնուազն 270 հազար քաղաքացի:

Նոր խորհրդարանում շօշափելի ներկայութիւն են լինելու իրական ընդդիմութիւնը ներկայացնող երկու խմբակցութիւնները, ինչը նշանակում է, որ իշխանութեան եւ նրա կործանարար ծրագրերի դէմ պայքարը հնարաւոր է դառնում ծաւալել հէնց իշխանական դաշտում եւ` ոչ միայն: Այդ պայքարն այսօր արդէն ունենալու է զանգուածների հուժկու աջակցութիւնը:

Յուլիսի սկզբին տեղի ունեցաւ «Հայաստան» դաշինքին մաս կազմող Հայ յեղափոխական դաշնակցութեան Հայաստանի կառոյցի Գերագոյն ժողովը, որն ամրագրեց պայքարը շարունակելու կուսակցութեան վճռականութիւնը: Պայքարը շարունակելու վճռականութեան մասին է յայտարարել հէնց «Հայաստան» դաշինքը: Հայրենիքի փրկութեան գաղափարը այլընտրանք չունի, պայքարը կը շարունակուի մինչեւ յաղթական աւարտ:

«ԴՐՕՇԱԿ»

Յուլիս 2021

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )