Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեան` արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն նախօրեակին ժողովուրդին յղեց հետեւեալ ուղերձը.
«Սիրելի՛ ժողովուրդ,
Աւարտին մօտեցաւ արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւը: Անցած մէկ ամսուայ ընթացքում խմբակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մէկ:
Վաղուց` 13 տարի ձեզ հիւր չէի եղել, շնորհակալ եմ հիւրընկալութեան ու ջերմ ընդունելութեան համար: Այս օրերին հազարաւոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին: Չեմ թաքցնում` փորձում էի հասկանալ` արդեօ՞ք փոխուել էք այս տարիների ընթացքում: Ու մեծ ուրախութեամբ պէտք է ասեմ` չէք փոխուել, մնացել էք աշխատասէր, տաղանդաւոր, պարզ խօսող, վատն ու լաւը տարբերող: Կարճ ասած` շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք:
Հիմա ընտրութիւնների մասին` երկու բառով:
Յունիսի 20-ը ճակատագրական օր է: Ընտրում ենք արժանապատիւ խաղաղութեան ու նուաստացած խայտառակութեան միջեւ: Ընտրում ենք բարեկեցիկ կեանքի եւ անյոյս աղքատութեան միջեւ:
Վստահ եմ, որ այլեւս չէք խաբուելու: Սուտը, տգիտութիւնն ու պիղծը մերժելու էք:
Կոչ եմ անում Ձեզ` եկէք նորից միասին շէնացնենք մեր տունը, մեր Հայաստանը:
Յարատեւ խաղաղութիւն հաստատենք:
Վերականգնենք մեր արժանապատուութիւնը:
Բուժենք վէրքերը: Յաւերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին:
Մեր ամէնօրեայ տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կեանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար:
Դա պէտք է լինի մեր կատարելիք ընտրութեան իմաստը: Եւ ընդհանրապէս` մեր ապրած կեանքի իմաստը: Վստահ եմ, որ չէք սխալուի:
Իսկ Դուք վստահ եղէք, որ ամէն ինչ լաւ է լինելու:
Դէպի ուժեղ Հայաստան»:



