Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները: Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել` ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով:
Ակնյայտ է, որ իրաւապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիօրէն թելադրուած է օրուայ իշխանութիւնների կողմից: Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարը բացայայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազութեանն ու քննչական մարմիններին` թիրախաւորելով քաղաքական հակառակորդներին:
Քաղաքական հետապնդումների թիրախում են յատկապէս ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան պատասխանատուները, անդամներն ու համակիրները:
Բռնութիւնների եւ քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արւում կոտրել հայրենիքի փրկութեան համար սկսուած պայքարի ոգին: Նման գործելաոճը ի ցոյց է դնում օրուայ իշխանութիւնների մօտ առկայ քաղաքական ճգնաժամը: Սանձազերծուած բռնաճնշումները աւելի են խորացնելու այդ ճգնաժամը:
Այսու, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում յանուն հայրենիքի եւ արժանապատուութեան պայքարի դրօշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանութիւններին եւ նրանց կամակատար ուժային կառոյցներին յորդորում ենք մնալ օրէնքի եւ օրինականութեան շրջանակներում:
Յիշեցնում ենք, հայրենիքի եւ ազգի ազատագրութեան, Հայաստանում հայ մարդու եւ քաղաքացու ազատ եւ արժանապատիւ կեանքի պայմանները կերտելու ճանապարհին` ՀՅ Դաշնակցութիւնը որեւէ ճնշումից վախեցողը չէ: Վկան` ՀՅԴ 130 տարուայ պատմութիւնը:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
1 մայիս 2021