Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան երէկ հետեւեալ տեսակէտը յայտնեց արտահերթ ընտրութիւններուն մասին.
«Մեր երկիրը դիմագրաւելով ապահովական, ընկերային-տնտեսական, քաղաքական ճգնաժամ, կանգնած է աղէտի շէմին: Իբրեւ լուծում առաջարկւում է.
Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկութեան շարժումը
Ցոյցերի եւ անհնազանդութեան գործողութիւնների միջոցով ձեւաւորել համազգային շարժում` պարտադրելով այս իշխանութեանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կը ձեւաւորի ժամանակաւոր կառավարութիւն, կը կայունացնի երկրում իրավիճակը եւ մէկ տարի անց կը կազմակերպի արդար խորհրդարանական ընտրութիւններ` չմասնակցելով այդ ընտրութիւններին եւ հեռանալով իշխանութիւնից:
Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը
Բանակը վերցնում է իշխանութիւնը` ձեւաւորելով ժամանակաւոր վարչութիւն, եւ որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրութիւններ: Կամ նոյնը լինում է ժողովրդական ապստամբութեան միջոցով:
Այս տարբերակը վտանգաւոր է համարւում այն պատճառաբանութեամբ, որ այդ ճանապարհով ձեւաւորուած ժամանակաւոր իշխանութիւնն արտաքին աշխարհի կողմից կ՛ընկալուի ոչ օրինական:
Կարծում եմ` այս դէպքում վտանգը չափազանցուած է, յատկապէս, որ առաջարկւում է ժամանակաւոր շրջան, որից յետոյ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Ներկայ իրավիճակից աւելի վտանգաւոր վիճակ ստեղծուել չի կարող: Այդ ժամանակահատուածում մենք կը համագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կը զգուշանան:
Տարբերակ 3. Առաջարկւում է իշխանութեան կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկութիւնն ամենայն հաւանականութեամբ քաղաքական խաղ է եւ ոչ` իրականանալիք տարբերակ)
Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ Նիկոլ Փաշինեանի օրօք (կամ ձեւականօրէն նրա խմբից որեւէ մէկին վարչապետ նշանակելով):
Այս տարբերակն ամենավտանգաւորն է, որը մեծ հարուած կը հասցնի Հայաստանին եւ իր խայտառակ հետեւանքներով էապէս կը խորացնի յանձնուողական խայտառակութիւնը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքոյ ընտրութիւնների անցկացումն անհեթեթութիւն է եւ մեր երկիրը ոչ թէ կը հանի այս վիճակից, այլ աւելի կը խորացնի իրավիճակը: Խնդիրը պետութեան գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկայ իշխանութեան հեռացում:
Չմոռանանք, որ Հայաստանում իշխանութիւնն ընտրութիւնների միջոցով մշտապէս վերարտադրուել է: Երբեք ընդդիմութիւնը չի եկել իշխանութեան ընտրութիւնների միջոցով (նոյնիսկ 2018 թուականի ընտրութիւններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինեանն արդէն վարչապետ էր):
Իշխանութեան վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.
– իշխանական լծակներ,
– ֆինանսական միջոցներ` ինչպէս պետական, այնպէս էլ անձնական,
– եւ ի վերջոյ` իշխանութեան հնարաւորութիւնը` կեղծել ընտրութիւնների արդիւնքները եւ ուժով պահել իշխանութիւնը:
Այս ամէնն ամենավատ ձեւով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանութիւնների օրօք առկայ են: Բայց այս ամէնին աւելացել է եւս մի բան, որը նախկինում չկար` արտաքին ուժերի միջամտութիւնը: Մեր պայքարն այսօր ո՛չ միայն այս իշխանութեան դէմ է, այլ աւելի շատ` այս իշխանութեանը եւ դրա միջոցով նաեւ Հայաստանը վերահսկող հզօր արտաքին ուժերի դէմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց եւ ժողովրդին ձեռնավարութիւնների ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդիւնաւէտութիւնն արդէն ապացուցել է:
Նման պայմաններում միամտութիւն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենիքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրութիւնների միջոցով յաղթանակ կ՛ունենան:
Պատահական չէ, որ մեր կողմից մինչեւ ընտրութիւնների անցկացումն առաջարկւում է մէկ տարի ժամկէտ, որի ընթացքում պէտք է նախեւառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից եւ արտաքին ազդեցութիւնից, նաեւ պարտադրելով ժամանակաւոր կառավարութեան վարչապետին չմասնակցել իր օրօք կազմակերպուող ընտրութիւններին` բացառել ընտրութիւններում իշխանական լծակների չարաշահումը:
Նիկոլ Փաշինեանի կամ նրան ձեւականօրէն փոխարինողի օրօք ընտրութիւնների անցկացումը կը բերի սարսափելի հետեւանքների.
– կը վերարտադրուի նոյն իշխանութիւնը,
– Հայաստանը կը շարունակի մնալ արտաքին ազդեցութեան տակ,
– կ՛օրինականացուեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետեւանքով եւ շարունակում ենք ունենալ:
Միայն այն փաստը, որ ներկայ իշխանութիւնն է անցկացնում ընտրութիւնները, արդէն իսկ կը նշանակի օրինականացնել մեր կորուստներն ու պարտութիւնը:
Հետեւաբար ի՞նչ է պէտք անել:
Պէտք է ամէն գնով կանխել այս իշխանութեան օրօք արտահերթ ընտրութիւնների անցկացումը: Իսկ եթէ, այնուամենայնիւ, իշխանութիւնը գնայ այդ քայլին եւ յայտարարի ընտրութիւնների մասին, ապա պէտք է հեռացնել այս իշխանութեանը մինչեւ նախընտրական գործընթացի սկիզբը»:



