Արդէն սովորական են դարձել որոշ քաղաքական վերլուծաբանների դատողութիւններն այն մասին, որ աշխարհը գնում է դէպի մեծ պատերազմ: Դրանք անհիմն չեն թւում, եթէ համադրում ես այս կամ այն պետութեան կամ դրանց միութիւնների ղեկավարութիւնների դատողութիւններն ու քաղաքական վարքագիծը, երբ պատմական զուգահեռներ ես անցկացնում ու համեմատում նախկինում եղած նման իրադարձութիւններն ու իրավիճակները, դրանց պատճառներն ու հետեւանքները:
Սիրիայում ծաւալուած իրադարձութիւնները, Ազրպէյճանի պատերազմը Հայաստանի դէմ եւ Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական աշխուժութիւնը Հարաւային Կովկասում տեղիք են տալիս մտածելու, որ վերը նշած դատողութիւններն այդքան էլ հեռու չեն իրականութիւնից:
Տպաւորութիւն է ստեղծւում, որ Մերձաւոր Արեւելքում, ահաբեկչութեան, անջատողականութեան, բռնապետութեան դէմ պայքարի քողի տակ հիմնական խաղացողները իրականում ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական դիրքեր են ստեղծում եւ «խրամատաւորւում» դրանցում` միմեանց դէմ վճռական բախումից առաջ: Ընդ որում, այդ դիրքերը դասաւորուած չեն ճակատային գծի այս կամ այն կողմում, դրանց դասաւորուածութիւնը խառն է, յաճախ` մէկը միւսի թիկունքում: Օրինակ` Իրանը «խրամատաւորուել է» թէ՛ Լիբանանում, թէ՛ Սիրիայում եւ թէ՛ Եմենում, իսկ Իսրայէլը խրամատներ ունի թէ՛ Ազրպէյճանում եւ թէ՛ Վրաստանում: Յիշեցնենք, որ խօսքը ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական, դիւանագիտական եւ հետախուզական դիրքերին է վերաբերւում:
Առաւել ցայտուն նշուածը վերաբերւում է ռուս-թուրքական յարաբերութիւններին: Այս երկու երկրները յաջողութեամբ համագործակցում են տնտեսութեան տարբեր բնագաւառներում, իրականացնում են համատեղ ուժանիւթային, հաղորդակցութիւնների նախագծեր, ապրանքաշրջանառութեան ծաւալը հասել է 30 միլիառ տոլարի, համատեղ մասնակցում են միջազգային քաղաքական հարցերի կարգաւորմանը, հրապարակաւ յայտարարում են փոխադարձ վստահութեան մասին եւ այլն: Սակայն, չնայած այս ամէնին, դժուար է հաւատալ նրանց անկեղծ բարեկամութեանը: Չեն հաւատում դրան, նախեւառաջ, Փութինն ու Էրտողանը: Մեծ է գայթակղութիւնը Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները համեմատելու համար ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ 1930 թուականների 2-րդ կէսին եղած յարաբերութիւնների հետ: Չնայած առեւտրատնտեսական յարաբերութիւնների բուռն զարգացմանը եւ 1939թ. աշնանը ստորագրուած խորհրդագերմանական պայմանագրերին («չյարձակման մասին» 23.08., որը յանգեցրեց Լեհաստանի հերթական` 5-րդ բաժանմանը եւ «բարեկամութեան ու սահմանների մասին» 26.09)` Ա. Հիթլերը եւ Ի. Ստալինը վստահ էին, որ մահացու ընդհարումն անխուսափելի է եւ ընդամէնը ժամանակի հարց է: Ստորագրելուց յետոյ Ստալինը բաժակ է բարձրացնում Հիթլերի` գերմանացիների սիրելի առաջնորդի առողջութեան համար, իսկ աւելի ուշ, խօսելով Մոլոթով-Ռիպենթրոփ դաշինքի մասին, նշում է. «Ոչ մի խաղաղասէր պետութիւն չի կարող հրաժարուել խաղաղութեան պայմանագրից հարեւան տէրութեան հետ, եթէ նոյնիսկ այդ տէրութեան ղեկավարները Հիթլերի եւ Ռիպենթրոփի նման ճիւաղներ եւ մարդակերներ են: Ի հարկէ, այն պայմանով, որ այդ պայմանագիրը ոչ մի կերպ չի դիպչում պետութեան տարածքային ամբողջութեանը, անկախութեանը եւ պատուին»: Վ. Մոլոթովն իր ստորագրած փաստաթուղթը գնահատում էր որպէս հնարաւորութիւն` ուժերի կուտակման, աճի եւ միջազգային դիրքերի ամրապնդման համար: Ի հարկէ, այս, ինչպէս եւ ցանկացած այլ համեմատութիւն չափազանց մօտաւոր է: Ինչպէս ասում են` այնքանով, որքանով: Ո՛չ Թուրքիան է Գերմանիա, ո՛չ էլ Ռուսաստանն է ԽՍՀՄ, Էրտողանը Հիթլեր չէ եւ, առաւել եւս, Փութինը` Ստալին, բայց միջազգային թատերաբեմում նրանց, որպէս քաղաքական դերակատարների, դերերը նման են:
Ինչեւէ, Փութինի եւ Էրտողանի ոխերիմ եղբայրութիւնը հերթական անգամ դրսեւորուեց Հարաւային Կովկասում Հայաստանի բաժանումով (թուով արդէն 5-րդ) Ռուսաստանի Դաշնութեան, Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ: Սա ներկայացուեց որպէս մարդասիրական քայլ` ուղղուած տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը եւ դրա զարգացմանն ու ծաղկմանը, կամ, ինչպէս ձեւակերպեց դա «իմքայլական» անմեղսունակ մի պատգամաւորուհի, Հարաւային Կովկասը կը դառնայ «մարդկային դէմքով տարածաշրջան» (սակայն չնշեց այդ դէմքի ցեղային տիպը): Ճիշդ 100 տարի առաջ, Հայաստանի 4-րդ բաժանումից յետոյ, հայաստանցի պոլշեւիկներն, իրենց դաւաճանութիւնն արդարացնելով, կարեւորում էին համաշխարհային յեղափոխութիւնը (այսօր դա կոչւում է «Կլոպալիստական յեղափոխութիւն») եւ սահմաններով չբաժանուած եղբայրացած ժողովուրդների երջանիկ կեանքը: Սակայն արդար լինելու համար նշենք, որ հայ պոլշեւիկների մէջ էր նաեւ Ա. Միասնիկեանը, որը փորձեց համայնավարական գաղափարախօսութիւնը ծառայեցնել իր ժողովրդին, այլ ոչ թէ` հակառակը: Իսկ համաշխարհայնացման փորձարարական գիտաշխատանոցներում աճեցուած «իմքայլականների» խումբը ձգտում է մեր ժողովրդին ծառայեցնել նոր-ազատական գաղափարներին եւ պատրաստ է նոյնիսկ յանուն այդ յեղափոխութեան զոհել հայրենիքը (ինչպէս ասաց մէկ այլ անմեղսունակ պատգամաւոր. «Յեղափոխութիւնը Ղարաբաղից կարեւոր է»):
Ի տարբերութիւն յիշողութիւնից զրկուած «իմքայլականների» ազերիները յիշում են, որ 1921թ. Նժդեհին յաջողուեց վերադարձնել Զանգեզուրը, եւ նրանք լրջօրէն մտահոգուած են, որ, չնայած Ն. Փաշինեանի եւ նրա կողմնակիցների խոստումներին. անվերապահօրէն կատարել անձնատուութեան պահանջները, հայերի մէջ կարող են դեռ գտնուել մարդիկ, որոնք չեն հաշտուի կատարուածի հետ: Ի զուր չէ, որ յունուարի 11-ին մոսկովեան եռակողմ հանդիպմանը Ի. Ալիեւը, յիշեցնելով Ազրպէյճանի տարած յաղթանակի մասին, «ներողամտօրէն» անուանելով այն իրավիճակի լուծում, յատուկ նշեց, որ համոզուած է, թէ «հայկական կողմից նոյեմբերի 9-ի յայտարարութեան վերանայման փորձեր չեն լինի, ակնկալելով, որ 2 ժողովուրդները գտել են իրենց մէջ կամք եւ իմաստնութիւն` հաշտեցման մասին մտածելու համար»: Եւ, իսկապէս, ինչպէս տեսնում ենք, «իմքայլականներն» իրենց մէջ գտել են կամք ու իմաստնութիւն. հաշտուել են եւ մարդկային դէմքով տարածաշրջան կառուցելու ծրագրեր են նախագծում:
Սակայն վերադառնանք տարածաշրջանային քաղաքականութեանը:
Ի՞նչ դիրքեր է ձեռք բերել Էրտողանը Հարաւային Կովկասում: Եթէ վերցնենք տարածաշրջանի քաղաքական քարտէզը եւ դարչնագոյն մատիտով նշենք նրա ձեռքբերածը, ապա կը տեսնենք, որ Թուրքիայի հիւսիս-արեւելքից այդ գոյնով ներկուած սլաքը մտնում է Աճարիա, յետոյ, Թիֆլիսի վրայով անցնելով Վրաստանի հարաւարեւելեան ազրպէյճանաբնակ գօտիով, դուրս է գալիս «Գեանջա» (Գանձակ, Ա.) եւ հասնում է Պաքու: Միւս սլաքը հարաւ-արեւելքից մտնում է Նախիջեւան եւ Արաքսի հովտով, կտրելով Մեղրին, անցնելով Շուշին ու Աղտամն, ուղղւում է դէպի Պաքու: Մի՞թէ այս քարտէզը չի յիշեցնում 1918-1920 թթ. թուրքական զօրքերի տեղաշարժերը: Բայց այսօրուայ տեսանկիւնից այն մէկը-մէկին կրկնում է դեռ 1990-ականներին նախագծուած եւ մասամբ կառուցուած նաւթատարների ու կազատարների, փոխադրամիջոցային եւ այլ հաղորդակցական միջոցների քարտէզները: Օգտուելով իր համար քաղաքական մի շարք բարենպաստ պայմաններից (մասնաւորապէս 2008թ. ռուս-վրացական պատերազմը, 2014թ. Ղրիմի վերամիաւորումը եւ դրանց հետեւանքով Արեւմուտքի հետ Ռուսաստանի փոխյարաբերութիւնների սրումը եւ միջազգային դիրքերի թուլացումը)` Էրտողանը կարողացաւ ոչ միայն խորացնել իր տնտեսական ազդեցութիւնը Վրաստանի եւ Ազրպէյճանի վրայ, այլեւ աստիճանաբար դարձրեց այն քաղաքական, իսկ վերջինիս դէպքում` նաեւ ռազմական: Առաւել ցայտուն դա երեւում է թուրք-վրացական փոխյարաբերութիւնների օրինակի վրայ:
Վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսատնտեսական ներխուժման միջոցով ու վրացիների հակառուսական տրամադրութիւնները շահարկելով` Թուրքիան անաղմուկ «բռնագրաւեց» Վրաստանը, իսկ Աճարիան, ինչպէս իրենք վրացիներն են ասում` «թուրքացրեց»: Այսինքն Վրաստանն այն աստիճան կախուածութեան մէջ է յայտնուել, որ Թուրքիան կարող է տնօրինել նրա տարածքը եւ հաղորդակցական ուղիներն այնպէս, ինչպէս կ՛ուզենայ եւ թելադրել վրացական կառավարութեանն` ինչ-որ կ՛ուզենայ: Դեռ անցած տարուայ յուլիսին խօսելով հայ-ազրպէյճանական հնարաւոր պատերազմի մասին` Վրաստանի ԶՈՒ սպայակոյտի նախկին պետ զօրավար-հազարապետ Կ. Իուքուրիծէն որպէս սպառնալիք իր երկրի համար նշեց, որ Թուրքիան եղբայրական Ազրպէյճանին օգնելու համար, առանց որեւէ թոյլտուութեան եւ պայմանաւորուածութեան, կարող է օգտագործել իրենց տարածքը որպէս ռազմական խարիսխ եւ ցատկահարթակ: Անգարան, նրա կարծիքով, հաշուի չի առնում միջազգային կանոնները եւ ռազմական նպատակներով ցանկացած պահի կարող է հատել Վրաստանի սահմանները: Ելնելով այս հաստատումներից` կարող ենք ասել, որ Թուրքիան հիմնաւոր է դիրքաւորուել Վրաստանում:
Ինչ վերաբերւում է հարաւային ուղղութեանը, ապա վերջին 3 տարուայ ընթացքում Թուրքիան այնքան խորն է խրամատաւորուել Նախիջեւանում, որ կարելի է, փաստօրէն, խօսել ռազմական խարսխի ստեղծման մասին: Եւ դա մի տարածքում, որի սահմաններին կանգնած են ռուսները` այսինքն` ռուս սահմանապահների թիկունքում: Այդ դիրքերն ապահովելու եւ արդիւնաւէտ օգտագործելու համար Էրտողանին անհրաժեշտ է կառուցել Թուրքիա-Նախիջեւան-Պաքու ռազմավարական նշանակութեան ճանապարհ` իր զինուած ուժերի եւ ռազմական սարքերի արագ տեղափոխութիւններն իրականացնելու համար: Իսկ հարկ եղած դէպքում` նաեւ ՕԹԱՆ-ի զօրքերի տեղափոխութիւնն ապահովելու համար: Էրտողանին քիչ է հետաքրքրում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ հաղորդակցական եւ ճանապարհների վերագործարկման մասին պայմանաւորուածութիւնը, ինչը վերաբերւում է միայն հարաւկովկասեան 3 հանրապետութիւնների, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հաղորդակցութեանը: Իրեն յատուկ խարդախութեամբ նա, ի դէմս Ալիեւի, փորձելու է խցկուել այդ պայմանաւորուածութիւնների մէջ, օգտագործել դրանք ճանապարհային իր նախագիծը իրականացնելու համար: Լինելով հմուտ քաղաքական շանթաժիստ` իր նպատակին հասնելու համար նա կարող է պահանջել Ռուսաստանից, Ղարաբաղում իր զօրախմբի հետ օդային եւ ցամաքային կապը իրականացնելու դիմաց, չխոչընդոտել, նման հնարաւորութիւն տալ նախիջեւանեան իր զօրախմբի հետ կապուելու համար, լաւ իմանալով, որ դա անընդունելի է: Սակայն դրանք Թուրքիայի հետագայ ռազմավարական քայլերն են լինելու:
Այս փուլում նա կարող է բաւարարուել յունուարի 11-ին մոսկովեան հանդիպմանն Ալիեւի ձեռք բերած համաձայնութիւններով` Նախիջեւանը Պաքուին կապող օդային, ցամաքային եւ երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման եւ դրանց անվտանգութեան ապահովման երաշխիքների վերաբերեալ: Ն. Փաշինեանը կարծես սթաթիստի դերում էր, ճանապարհների ապաշրջափակման վերաբերեալ ոչինչ չունէր ասելու եւ միայն գլխով էր անում, երբ Փութինը կամ Ալիեւը խրատում եւ յորդորում էին պահպանել եռակողմ համաձայնութիւնները եւ օգտուել դրանց ընձեռած հնարաւորութիւններից:
Այսպիսով, Թուրքիան այս պատերազմի շնորհիւ տիրացաւ հաղորդակցութեան եւ ռազմական այնպիսի դիրքերի, որոնց շնորհիւ`
– Մշտական ճնշման տակ կը պահի Հայաստանը` սպառնալով ցանկացած պահի ենթարկել ամբողջական շրջափակման, դարձնել այն միջերկիր թուրք-ազրպէյճանական տարածքում,
– Ամբողջական վերահսկողութեան տակ կ՛առնի Ազրպէյճանը` աստիճանաբար դուրս բերելով այն ռուսական ազդեցութիւնից, հեռանկարում փորձելով իսլամացնել այն եւ դարձնել ցատկահարթակ` դէպի Կենտրոնական Ասիա իր ազդեցութիւնը խորացնելու համար,
– Հնարաւորութիւն ստացաւ վերահսկելու արեւելք-արեւմուտք եւ հիւսիս-հարաւ հաղորդակցական հանգոյցը` թուլացնելով Ռուսաստան-Իրան կապի կովկասեան հատուածը,
– Դիրքաւորուելով Ազրպէյճանում` Թուրքիան զգալիօրէն նեղացնում է Իրանի շահերի դաշտը, կաշկանդում է նրա արտաքին քաղաքական գործունէութիւնը ոչ միայն հարաւկովկասեան, այլեւ ողջ կասպեան տարածաշրջանում` օգտագործելով այդտեղ իր ազդեցութիւնը եղբայրական թուրքական ժողովուրդների վրայ:
Ռուսաստանը տեղեակ էր Թուրքիայի կողմից ծրագրուած եւ նախապատրաստուած ազրպէյճանական յարձակման մասին Արցախի դէմ եւ դեռ պատերազմից առաջ յորդորում էր քայլեր ձեռնարկել դրանից խուսափելու համար: Սակայն տեսնելով Հայաստանի ղեկավարութեան` իրավիճակին անհամապատասխան դիւանագիտական, քաղաքական եւ ռազմական քայլերն ու գործողութիւնները եւ արդէն պատերազմը սկսուելուց յետոյ հասկանալով, որ չմիջամտելու դէպքում նրանք կը յանձնեն ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Սիւնիքը, Ռուսաստանը մեծ ջանքերի շնորհիւ զինադադար պարտադրեց կողմերին եւ խաղաղապահ զօրքեր տեղակայեց կրակի գծի երկայնքով:
Արդէն յայտնի է, որ դեռ հոկտեմբերի 19-ին Վ. Փութինը համոզել էր Ի. Ալիեւին` հրադադար հաստատել, սակայն մերժում էր ստացել Ն. Փաշինեանից: Այդ պահի դրութեամբ զինադադարի հաստատումը եւ խաղաղապահների տեղակայումը ռուսների համար նշանակում էր հսկողութեան տակ վերցնել գրեթէ ողջ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Քելբաջարը եւ Սիւնիքի հետ սահմանակից տարածքի զգալի մի շերտ: Բայց միայն նոյեմբերի 9-ին զինադադար հաստատուեց, եւ ռուսական հսկողութեան տակ անցաւ Արցախի մի փոքր մասը` Լաչինի միջանցքով կուրաղիքի նման կապուած Հայաստանին:
Ռուսաստանի միակ ձեռքբերումն այս պատերազմի արդիւնքում եղաւ ռազմական ներկայութիւնը Ազրպէյճանի տարածքում ԽՍՀՄ փլուզումից յետոյ, եւ, ամենայն հաւանականութեամբ, օգտագործելով նաեւ Ստեփանակերտի օդակայանը, խաղաղապահ զօրքերի հիման վրայ կը կազմաւորի ռազմական խարիսխ: Այսպիսով, Հարաւային Կովկասում, բացի Գիւմրիի ռազմական խարսխից, Ռուսաստանի Դաշնութիւնը կ՛ունենայ եւս մէկը Ստեփանակերտում եւ որոշ զարգացումների դէպքում չի բացառւում` նաեւ Սիւնիքում: Ի հարկէ, դա բաւական զօրեղ ռազմական ներկայութիւն է, բայց չմոռանանք, որ այդ դիրքերն ամբողջութեամբ, ինչպէս վերը նշեցինք, շրջապատուած են թուրք-ազրպէյճանական դիրքերով, եւ վերջիններս հնարաւորութիւն ունեն, պէտք եղած դէպքում, խոչընդոտել նրանց գործունէութեանը կամ խզել փոխադրական կապը Ռուսաստանի Դաշնութեան հետ: Այդ պատճառով էլ մոսկովեան վերջին հանդիպմանը Վ. Փութինը շեշտադրում էր փոխադրամիջոցային կապի ապահովութեան հարցը:
Վերջին հաշուով, Ռուսաստանը չի կարող բաւարարուած լինել Հարաւային Կովկասում ստեղծուած իրադրութեամբ: Հաւասարապէս դրանով չի կարող բաւարարուած լինել Թուրքիան, որքան էլ երկուստեք փորձեն քողարկել դա: Երկու կողմերն էլ մշտապէս դիմելու են միմեանց դէմ ուղղուած տարաբնոյթ քայլերի: Թուրքիան յորդորելու է Ազրպէյճանին մի քանի արեւելաեւրոպական երկրների եւ արեւմտեան կազմակերպութիւնների օգնութեամբ տարբեր հարթակներում բարձրացնել, պարտադրել ռուսական զօրքերի դուրսբերման հարցն անկախ պետութեան տարածքից, իսկ ռուսներն, իրենց հերթին, շահարկելով Ղարաբաղի անվտանգութեան ու կարգավիճակի խնդիրը, ակնկալելով դրանում նոյնպէս շահագրգռուած ՄԽ համանախագահ միւս երկրների օժանդակութիւնը, պէտք է փորձեն սահմանափակել թուրքերի ծաւալապաշտական ծրագրերը տարածաշրջանում:
Ռուս-թուրքական համագործակցութեան «քողարկուած լարուածութիւնը» Սիրիայից տարածուեց եւ հայ-ազրպէյճանական պատերազմից յետոյ հաստատուեց նաեւ Հարաւային Կովկասում: Դա նշանակում է, որ այստեղ ցանկացած քաղաքական հարց կարող է քննարկուել եւ լուծուել միայն այս 2 տէրութիւնների յարաբերութիւնների դաշտում եւ միայն նրանց քաղաքական դիրքորոշումների շառաւղի մէջ: Ի դէպ, նշենք, որ Արցախի դէմ յարձակման ժամանակն ընտրուած էր® Թէ՛ ռուսները եւ թէ՛ թուրքերը շտապում էին դիրքաւորուել Ազրպէյճանում մինչեւ Միացեալ Նահանգներն զբաղուած էր Թրամփ-Պայտըն մրցակցութեամբ: Ազրպէյճանը, որի տարածքում տեղակայուել են 2 օտար, իրերամերժ աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող պետութիւնների զինուորականները, չի կարողանալու ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն վարել: Ի. Ալիեւն ստիպուած է լինելու մի կողմից անկասելիօրէն հետեւել Թուրքիայի ուղղորդումներին, իսկ միւս կողմից, ինքնուրոյնութիւն խաղալով, դիմակայելու է Ռուսաստանին: Նման վարքագիծը նրան յատուկ է լինելու նաեւ այն ժամանակ, երբ երկարատեւ դադարից յետոյ տարածաշրջանում իրենց գործունէութիւնը կ՛աշխուժացնեն Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնն` ի դէմս Ֆրանսայի:
Ինչ վերաբերւում է անձնատուութիւն ստորագրած Հայաստանին, ապա, քանի դեռ երկիրը կառավարւում է պարտութիւնը կազմակերպողի եւ իրականացնողի կողմից, հնարաւոր չէ որեւէ կերպ ձեւակերպել, ներկայացնել ու պաշտպանել պետութեան շահերը: Այլընտրանքը ցանկացած թելադրանքի ու ճնշման ենթարկուելն է: Հաշուի առնելով նաեւ, որ Վրաստանն էլ զուրկ է քաղաքական ինքնուրոյնութիւնից, պէտք է եզրակացնենք հետեւեալը.
– Հարաւային Կովկասը վերածուել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դիմակայութեան դաշտի,
– Չնայած տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման մասին այդ պետութիւնների կողմից արուած յայտարարութիւններին, բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ռազմաքաղաքական ներկայութիւնը տարածաշրջանում անհնարին է, եւ նրանցից մէկը պէտք է հեռանայ,
– Այս դիմակայութիւնից ձգտելու են օգտուել Միացեալ Նահանգները եւ ԵՄ-ը` փորձելով ուղղել Թուրքիային Ռուսաստանի Դաշնութեան դէմ, ինչպէս 1930-ականներին հիթլերեան Գերմանիային ուղղորդում էին ԽՍՀՄ-ի դէմ, եւ միաժամանակ անելու են հնարաւոր ամէն ինչ, որպէսզի թոյլ չտան ո՛չ մէկին, ո՛չ միւսին հիմնաւորապէս հաստատուելու Հարաւային Կովկասում,
– Ոչ միայն Ռուսաստանի Դաշնութեան կամ Թուրքիայի, այլեւ որեւիցէ այլ պետութեան ազդեցութեան միանձնեայ հաստատումը Հարաւային Կովկասում ձեռնտու չէ նաեւ Իրանին:
Վերն ասուածից հետեւում է, որ հարաւկովկասեան տարածաշրջանում հաստատուել է հրադադար, այլ ոչ թէ` խաղաղութիւն: Ուշքի գալով ներքաղաքական ցնցումներից եւ վերանորոգելով արտաքին քաղաքական դիրքորոշումներն ու յարաբերութիւնները դաշնակիցների հետ` Միացեալ Նահանգների նորընտիր դեմոկրատական ղեկավարութիւնը շատ շուտով մտնելու է խաղի մէջ եւ թելադրելու է կարգաւորման իր պայմանները: Այսինքն ստեղծուելու է նոր իրավիճակ, բանակցային նոր գործընթաց` դեռեւս դժուար կանխատեսելի հետեւանքներով: Առաւել դժուար է կանխատեսել դրանց հետեւանքները Հայաստանի ապագայի տեսանկիւնից, որն այս պահին չունի յստակ պատկերացում իր քաղաքական շահերի վերաբերեալ: Իսկ եթէ նորից դիմենք պատմական համեմատութեան, ապա այսօրուայ մեր վիճակը կը յիշեցնի ճիշդ 100 տարի առաջուայ իրողութիւնը, երբ 1920 թ. նոյեմբերին, 11-րդ Կարմիր բանակի անուան տակ, Իջեւանից ներխուժած թուրք-մահմետական խուժանի օգնութեամբ իշխանութեան եկած հայ պոլշեւիկները քանդեցին պետութիւնը եւ տարածքները դաւաճանաբար յանձնեցին թուրքերին: