11 յունուարին նախատեսուած Նիկոլ Փաշինեան-Իլհամ Ալիեւ հանդիպման հետ կապուած բազմաթիւ մտահոգութիւններ եւ տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդիւնքները կարող է վերածուել «նոյեմբերի 9»-ի անձնատուութեան շարունակութեան:
Թեմայի վերաբերեալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի, Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի հետ:
Օնիկ Գասպարեանն ու Արմէն Աբազեանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգութիւններն ու կասկածները:
Ողջունում ենք արտաքին գործոց նախարար Արա Այվազեանի` մեզ հանդիպելու եւ որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը:
Հայրենիքի փրկութեան շարժումը յայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դէմ ընդունուող ցանկացած որոշում ճանաչուելու է ոչ օրինական, մերժուելու է հայ ժողովրդի կողմից, չի վաւերացուելու ու չեղարկուելու է իշխանափոխութիւնից յետոյ:
Ենթադրեալ համաձայնութեան բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինեանը չի ներկայացնում Հայաստանը եւ Արցախը, չունի համապատասխան լիազօրութիւն:
Հայրենիքի փրկութեան շարժումը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին տէր կանգնել մեր երկրին ու թոյլ չտալ դաւաճանութեան յաղթարշաւ:
Մեր երկրի աղէտալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դաւաճան իշխանութեան հեռացումն է եւ մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղութեամբ:
ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ