Վազգէն Մանուկեանի Ամանորեան Ուղերձը. «Ես Հաւատում Եմ Հայաստանի Եւ Արցախի Վերածննդին»

Ստորեւ կու տանք Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի ամանորեան ուղերձը:

Սիրելի՛ հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ,

Մենք միշտ Նոր տարին դիմաւորել ենք տօնական սեղանով, հարազատների ժպիտով, մաղթանքներով, լաւատեսութեամբ: Սա այդ Նոր տարին չէ:

Դժուար, դաժան էր 2020 թուականը, հազարաւոր զոհեր, տասնեակ հազարաւոր վիրաւորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Մեր ազգային արժանապատուութիւնը ոտնահարուած է, մեր բազմաթիւ հայրենակիցներ մխիթարութիւն, վաղուայ հանդէպ յոյս են փնտռում ու դեռ չեն գտնում:

Մենք կորցրել ենք անկախ պետականութեան մեր ամենամեծ նուաճումը, մեր հաւաքական երազանքը` արցախեան յաղթանակը: Այսօր ապահովուած չեն անգամ Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը: Պատերազմը հնարաւոր էր կանխել, պատերազմական գործողութիւնների աւարտն էլ այս տեսքը չէր ունենայ, եթէ սխալ ու կասկածելի որոշումներ չընդունուէին: Տեղի ունեցածը դաւաճանութեան, անգրագիտութեան, ստի ու կեղծիքի հետեւանքներ են: Դա փոքր մարդու մեծ վրէժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից:

Մեր երկրում այսօր անիշխանութիւն է եւ պետական կառավարման ճգնաժամ: Իսկ հասարակութեան տրամադրութիւնները կառավարւում եւ ուղղորդւում են ընկերային ցանցերից, դիտաւորեալ կազմակերպուած արհեստական օրակարգերով:

Հայրենակիցներ,

2020 թուականը ողբերգութեան, բայց նաեւ հերոսութեան տարի էր, ես խոնարհւում եմ Արցախի ու Հայաստանի համար մղուած մարտերում զոհուած մեր քաջերի յիշատակի առջեւ, ցաւակցում նրանց հարազատներին, համբերութիւն, տոկունութիւն մաղթում բոլորիս:

Ցաւակցում եմ նաեւ «Քորոնա» ժահրից մահացած մօտ 3 հազար մեր քաղաքացիների ընտանիքներին:

2021 թուականին մենք հսկայական անելիքներ ունենք, պէտք է ապահովենք արժանապատիւ խաղաղութիւն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայութեանը, տէր կանգնենք Հայաստանի սահմաններին, թոյլ չտանք ընկերային-տնտեսական անկում, ներդրումներ բերենք, նոր բովանդակութեամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, արժանավայել շփուենք աշխարհի հետ, վերացնենք թոյնի եւ ատելութեան մթնոլորտը: Ամենակարեւորը, Հայաստանի քաղաքացիների, հայութեան մօտ մենք վերականգնելու ենք հաւատը ապագայի հանդէպ: Այդ հաւատով միայն կարող ենք յաղթահարել ներկայիս դժուարութիւնները: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տէր կը կանգնենք մեր երկրին, մեր արժէքներին, մեր արժանապատուութեանը:

Ես հաւատում եմ Հայաստանի եւ Արցախի վերականգնմանը, վերածննդին:

Սիրելի՛ ժողովուրդ, մենք հազարամեակներից եկող ժողովուրդ ենք, մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը, հին Հռոմի վերացմանը, խաչակիրների արշաւանքներին, համաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձութիւններին` մեծ ներդրում կատարելով այժմեան համաշխարհային քաղաքակրթութեան մէջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները: Մենք նորից ոտքի պէտք է կանգնենք եւ շարունակենք առաջ գնալ:

Թող նոր` 2021 թուականը առողջութիւն, համերաշխութիւն եւ խաղաղութիւն բերի, թող լինի նոր յաղթանակների սկզբնաւորման տարի:

Շնորհաւոր Ամանոր եւ Ս. Ծնունդ:

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )