Իշխան Սաղաթէլեանի Ամանորեան Ուղերձը. «Նոր Տարի, Նոր Պայքար»

Ստորեւ կու տանք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթէլեանի ամանորեան ուղերձը:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում, մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերեւս ամենաողբերգական տարին: Տարի, որի ընթացքում մենք կորցրինք հազարաւոր մեր զաւակներին, արիւնով ազատագրուած մեր պատմական հողերը, մեր արժանապատուութիւնը, մեր ուժը, մեր վաստակած յարգանքը, մեր վստահութիւնը:

Մեր հայրենիքը հիւծուած է, վիրաւոր ու արնաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է, յուսահատ ու թեւաթափ: Մեր հերոսների կորուստը մենք աւաղ վերականգնել չենք կարող: Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիքի, քոյրերի ու եղբայրների, զաւակների ու ծնողների, ժողովրդի ապագայի համար: Եւ հենց այդ ապագայի մասին մտածելով եւ յանուն մեր հերոսների յիշատակի, մենք կարող ենք եւ պարտաւոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները: Նախ եւ առաջ վերականգնել մեր վստահութիւնը: Վստահութիւն հանդէպ ինքներս մեզ` քաղաքացուց մինչեւ երկրի ղեկավար, թօթափելով մեր վրայից սուտը, կեղծիքն ու չարութիւնը, ապա վերականգնել մեր կորցրած յարգանքը մեզ հասկացողների ու չհասկացողների, մեզ սիրողների ու չսիրողների, մեր բարեկամների ու թշնամիների, ամբողջ աշխարհի մօտ` ինքնակազմակերպուելով, ինքնամաքրուելով, կայունանալով ու զարգանալով, զուգահեռ վերականգնել մեր ուժը, շարունակական, յամառ, խելամիտ աշխատանքով, գիտելիքն ու փորձը շեշտադրելով, անփորձութիւնն ու արկածախնդրութիւնը բացառելով:

Այնուհետեւ այս ամէնն ի մի բերելով վերականգնել մեր արժանապատուութիւնը, քայլ առ քայլ, հեկտար առ հեկտար, շէն առ շէն, աւան առ աւան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Արցախում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում. մեր տօնն այժմ սուգ է եւ այդպիսին կը մնայ այնքան ժամանակ, քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատուութիւնը եւ չկարողանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցուածքով, իրար նայել ազնիւ ու շիտակ հայեացքով, աշխարհի հետ խօսել մեր լեզուով, վստահ ու պինդ շեշտադրումներով ու առոգանութեամբ: Մենք կարող ենք ու պարտաւոր ենք դա անել:

Եկող` 2021 թուականը թող լինի մեր արժանապատուութիւնը վերականգնելու մեկնարկի տարի, ամիսների, տարիների ընթացքում մեր կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարի, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին` ի փառս մեր նահատակուած հերոսների ու յանուն մեր ապագայի:

Նոր տարի, նոր պայքար:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )