Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի վարչապետի պաշտօնին կառչած անձը` դաւաճան Նիկոլ Փաշինեանը, այսօր հերթական սադրանքն էր նախաձեռնել սիւնեցիների դէմ: Դեռ ուշ գիշերուանից Սիւնիք ուղարկելով ոստիկանութեան զօրքերի եւ այլ իրաւապահ մարմինների աւելի քան 1500 ծառայողների` նա փորձել է թաքուն այցելել մարզի մի շարք քաղաքներ: Սակայն, տեսնելով սիւնեցիների վճռական դիրքորոշումը թոյլ չտալ իրեն մուտք գործել մարզի տարածք, Նիկոլ Փաշինեանը նախ հրահանգել է ձերբակալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանին, ոստիկանութեան ուժերով փակել միջպետական ճանապարհը` զրկելով քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրաւունքից, ապա նաեւ սադրանքներ կազմակերպել Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Պարգեւ քհնյ. Զէյնալեանի դէմ:
Ի պատիւ Սիւնիքի մեր հայրենակիցների` Փաշինեանի բոլոր ջանքերն ապարդիւն անցան. սիւնեցիներն իրենց պատուարժան կեցուածքով կանխեցին դաւաճանի հերթական սադրանքը:
Նիկոլ Փաշինեանի այսպիսի կեցուածքը մեր հանրային համերաշխութեան դէմ ուղղուած լուրջ մարտահրաւէր է:
Հայրենիքի փրկութեան շարժումը խստօրէն դատապարտում է վարչապետի պաշտօնը զբաղեցնող Փաշինեանի խառնակչութիւնների քաղաքականութիւնը եւ զգուշացնում, որ նրա ցանկացած սադրանք արժանանալու է ժողովրդի ամենավճռական հակադարձմանը: Ինքը` Փաշինեանը, որ այսօր ստիպուած եղաւ փախչել Սիւնիքից, պէտք է որ արդէն հասկացած լինի իր մօտեցումների անհեռանկար եւ նոյնիսկ վտանգաւոր լինելը: Ամէն դէպքում, Հայրենիքի փրկութեան շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին մէկտեղուել եւ դեկտեմբերի 22-ին, միանալ համապետական գործադուլին, դասադուլին եւ բողոքի շարժումներուն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեքշաբթի, 22 դեկտեմբերին, ժամը 12:00-ին, սպասում ենք ձեզ Հանրապետութեան հրապարակում:
Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ