Հայրենիքի Փրկութեան Շարժման Իրաւական Յանձնախումբի Յայտարարութիւնը

 

Երէկ Հայրենիքի փրկութեան շարժումի իրաւական յանձնախումբը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը` Հայաստանի իշխանութիւններուն կողմէ յաւելեալ տարածքներու` Ազրպէյճանին յանձնելու քայլերուն առիթով.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը զաւթած դաւաճանական վարչակարգը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, այս օրերին յանձնում է նաեւ այն տարածքները, որոնց մասին որեւիցէ խօսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մէջ:

Նոյեմբերի 9-ին ստորագրուած յանձնուողական յայտարարութեան առաջին կէտի համաձայն. «Ազրպէյճանական Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ` կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Յայտարարութեան մէջ Ազրպէյճանին յանձնուող տարածքները ներկայացւում են յայտարարութեան բացառապէս 2-րդ եւ 6-րդ կէտերով, ուր խօսքը գնում է միմիայն Ակնայի (Աղտամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատուածի (Լաչինի նախկին շրջան) յանձնման մասին:

Այս յայտարարութեան մէջ որեւէ կէտում անգամ ակնարկ չկայ Կուպաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական յանձնման մասին, ընդ որում նոյեմբերի 10-ի դրութեամբ պահպանւում էին այդ շրջաններից որոշակի մասեր եւ կարեւորագոյն դիրքեր, որոնք երաշխաւորում էին Սիւնիքի, այդ թւում` Գորիս-Կապան ճանապարհի եւ Կապան քաղաքի յարակից գիւղերի անվտանգութիւնը:

Դաւաճանի կողմից Կուպաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական յանձնումը, որը ակնյայտ դուրս է յանձնուողական համաձայնագիրի ստանձնած պարտաւորութիւնների շրջանակից, վկայում է, որ այս դաւաճանական վարչակարգը փորձում է ո՛չ միայն խայտառակ ձեւով մէկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլեւ կախուածութեան մէջ դնել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը Ազրպէյճանի քմահաճոյքից` յանձնելով Զանգելանի եւ Կուպաթլիի նախկին շրջաններից մնացած հատուածները, որոնք Սիւնիքի անվտանգութեան երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ չկար:

Զօրքերը, ըստ տխրահռչակ յայտարարութեան, մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, բացառութեամբ Ակնայի (Աղտամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատուածի (նախկին Լաչինի շրջան), ինչն էլ հիմք ընդունելով, զինուած ուժերը, յատկապէս կամաւորականները, անսասան կանգնած են եղել նշուած դիրքերում: Սակայն հայրենանուէր ուժերին հարկադրում են նորանոր տարածքներ զիջելով նահանջել` փոխանցելով Հայաստանի իշխանութեան հրահանգը, ինչը, անխօս, ստուերային համաձայնութեան արդիւնք է:

Սա ոչ այլ ինչ է, քան պետական դաւաճանութեան հերթական բացայայտ դրսեւորում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ
ԻՐԱՒԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )