Իմ զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ֆինանսներ» եւ «Միջազգային տնտեսական յարաբերութիւններ» ամպիոնի աւագ դասախօս, տնտեսագիտութեան թեկնածու, ճափոնագէտ Աննա Վարդանեանն է:
Թ. Մ. – Յարգելի՛ Աննա Վարդանեան, կարեւորելով ձեր ուսումնասիրութիւնների շրջանակը եւ անսպառ եռանդը հայ-ճափոնական պատմամշակութային փոխառնչութիւնների նորանոր բացայայտումների գործում, որպէս զրոյցի մեկնարկ, խնդրում եմ ներկայացրէք հայ-ճափոնական բարեկամութեան ձեր պատմութիւնը:
Ա. Վ.- Ճափոնցիների վերաբերեալ իմ յիշողութիւնները սկսւում են մանկութիւնից: Մեր ընտանիքում հայրս է տարիներ շարունակ առիթ ունեցել գործարար շրջանակներում համագործակցելու ճափոնցիների հետ, կանգնած է եղել Հայաստան-Ճափոն դիւանագիտական յարաբերութիւնների ձեւաւորման ակունքներում: Սէրը դէպի ճափոնական մշակոյթ իմ մէջ ձեւաւորուել են մութ ու ցուրտ 90-ականներից: Յիշում եմ, որ անհամբերութեամբ էի սպասում իւրաքանչիւր նոր այցի, քանի որ իմ եւ եղբօրս համար նախատեսուած էին լինում մշակութային հետաքրքիր փաթեթներ: Երկարատեւ շփումները, Ճափոնում ուսումնառութեան տարիները նոյնպէս իրենց անջնջելի հետքն են թողել: Ճափոնը իմ սէրն է:
Թ. Մ.- Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտեան Ազրպէյճանը` Թուրքիայի աջակցութեամբ ու մասնակցութեամբ, պատերազմական լայնածաւալ գործողութիւններ սանձազերծեց: Ինչպէ՞ս արձագանգեց Ճափոնը Արցախի Հանրապետութեան նկատմամբ ազրպէյճանաթուրքական յանցագործ համագործակցութեամբ ռազմական գործողութիւններին:
Ա. Վ.- Սեփական դիտարկումները ցոյց տուեցին, որ չնայած Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ ունեցած համագործակցութիւնների լայն շրջանակի, այնուամենայնիւ բարեկամ Ճափոնի պաշտօնական արձագանգը հաւասարակշռուած էր: Ինչ վերաբերում է ոչ պաշտօնական ընկալումներին, պէտք է նշեմ, որ Ազրպէյճանն ու Թուրքիան ունեն լուրջ ներկայութիւն Ճափոնում` ի տարբերութիւն Հայաստանի: Պէտք է փաստեմ, որ տեղի փոքրաթիւ հայ համայնքը ինքնակազմակերպուել եւ ջանքեր է գործադրում տեղեկատուական դաշտում հակազդելու մեր հասցէին տարածուող ապատեղեկատուութեանը:
Թ. Մ.- Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ճափոնը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:
Ա. Վ.- Կարծում եմ մենք շատ անելիք ունենք այս հարցի ուղղութեամբ: Յուսադրող է, որ տարէցտարի աւելի ու աւելի են սերտաճում երկու երկրների յարաբերութիւնները, ինչն էլ նպաստում է խորացնելու ընդհանուր արժէքների, փոխադարձ վստահութեան ու յարգանքի, արդիւնաւէտ համագործակցութեան վրայ հիմնուած աւանդական բարեկամական յարաբերութիւնները:
Ուրախալի փաստ է, որ ճափոնցի հայագէտներ ունենք, նրանք էլ հիմնականում զբաղւում են Հայոց ցեղասպանութեան հարցի ուսումնասիրութեամբ գիտական հարթակում:
Չմոռանանք Տիանա Աբգարի մասին: Նրա թողած ահռելի ժառանգութիւնն այս հարցի վերաբերեալ անգնահատելի ներդրում է հայ եւ ճափոնցի ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնների պատմութիւն կերտելու հարցում:
Հարկ է փաստել, որ 2018 թուականին Հայաստան պաշտօնական այցի շրջանակներում Ճափոնի ԱԳ նախարար Թարօ Քոնոն եւ նրան ուղեկցող պատուիրակութեան անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այս իրողութիւնը մեծ քայլ է առաջ:
Թ. Մ.- Դուք, որպէս ճափոնագէտ, պարբերաբար հետաքրքիր հետազօտութիւններ էք կատարում եւ մշակութային միջոցառումներ կազմակերպում, որոնք առաւելապէս կապ ունեն հայ-ճափոնական պատմամշակութային յարաբերութիւններին, երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդմանը գիտական դաշտում: Ո՞րն է ձեր ներկայ հետազօտութեան թեման:
Ա. Վ.- Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար (ժպտում է): Արդէն մի քանի տարի է` հետազօտում եմ մի յուզիչ պատմութիւն, որի թեման յատկապէս պատերազմական այս օրերին, ըստ իս, առաւել քան արդիական դարձաւ: Խօսքը վերաբերում է թուրքերի կողմից Հայոց ցեղասպանութեան իրագործման վերջին փուլի իրադարձութիւններին, որտեղ յուզիչ մի պատմական դրուագ դուրս էր մնացել հայ եւ ճափոնցի ժողովուրդների պատմութեան էջերից: Պատճառները բազմազան են, բայց ուրախալի է, որ գրեթէ մէկ դար անց յաջողուեց դուրս գալ մի ճափոնական նաւի յետագծի վրայ եւ բացայայտել նոր փաստեր, որոնց շնորհիւ էլ պարզորոշուեցին իրողութիւնները: Թէ ինչպէ՛ս ճափոնական նաւը եւ խիզախ նաւապետը փրկեցին բազմաթիւ հայերի ցեղասպանուելուց, կը բացայայտենք շուտով մեր նոր յօդուածում: Համոզուած եմ, որ պատերազմական ներկայ իրավիճակի շուտափոյթ կարգաւորումից յետոյ կազմակերպուելու է գիտական միջոցառում, որտեղ էլ կը բացայայտուեն թեմային առնչուող նոր փաստերը, որոնց շնորհիւ հայ եւ ճափոնցի ժողովուրդների առնչութիւնների պատմութեան նոր եւ լուսաւոր էջ է բացուելու: Այդ համատեղ պատմութիւնը, վստահ եմ, է՛լ աւելի է մտերմացնելու հայերին եւ ճափոնցիներին:
Թ. Մ.- Ինչո՞վ է պայմանաւորուած ձեր հետաքրքրութիւնը ճափոնական նաւի հանդէպ, եւ ո՞ւր է տանում ձեզ փրկութեան նաւի յետագիծը:
Ա. Վ.- Այս թեմայի հետազօտութեան նպատակով եղել եմ Յունաստանում եւ Ճափոնում: Վստահ կարող եմ ասել, որ թեման առաւել քան արդիական է այսօր: Նրանում կան մարդասիրական բարձր դրսեւորումներ, մեծ յուզականութիւն, վեհ եւ խորին յարգանքի արժանի արարքներ: Չգիտեմ ինչպէս փոխանցել ընթերցողին իմ յոյզերը: Ողջ ուսումնասիրութեան ընթացքում եղել են պահեր, երբ յուսահատուել եմ, յետոյ նոր բացայայտում կատարել եւ երեխայի նման ուրախացել: Այդ «ուղեւորութիւնը» լաւագոյնս նկարագրուել է յոյն յայտնի անիմաթոր Զաչոս Սամոլատասի նոր անիմացիոն ժապաւէնում, որի հայերէն տարբերակի առաջին ցուցադրութիւնը կը լինի թեմայի ներկայացման միջոցառման ժամանակ:
Թ. Մ.- Յարգելի՛ Աննա Վարդանեան, շնորհակալութի՛ւն հետաքրքիր զրոյցի եւ յատկապէս Ճափոնն ու ճափոնցիներին Հայաստանի ու հայերի համար բացայայտելու կարեւոր առաքելութեան համար:
Ա. Վ.- Շնորհակալութի՛ւն առիթի համար: Խաղաղութի՛ւն մեր երկրին:
Զրոյցը վարեց` ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
Թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի
աւագ գիտական աշխատող «Հայոց ցեղասպանութեան
թանգարան-հիմնարկ» հիմնադրամ
Էլ. հասցէ` [email protected]