ԳԷՈՐԳ ԽՈՒԴԻՆԵԱՆ
Պատմագիտութեան դոկտոր
«Վէմ» համահայկական հանդէսի խմբագիր
2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» հատորը` խմբագրութեամբ պատմաբան Երուանդ Փամպուքեանի: Ասիկա «Վէմ» համահայկական հանդէսի նորաստեղծ մատենաշարի առաջին հատորն է, որ շարունակութիւնն է Հրաչ Տասնապետեանի խմբագրութեամբ Պէյրութի մէջ 1993-ին հրատարակուած Քրիստափոր Միքայէլեանի «Նամականի»-ին:
«Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» հատորը, որ նուիրուած է Քրիստափոր Միքայէլեանի ծննդեան 160-ամեակին, տպագրուեցաւ հովանաւորութեամբ Ալիս Պօղոսեանի` ի յիշատակ անոր մեծ հօր` Արամ Սահակեանի եւ մօր` Կասիա Թիւթէլեանի:
Այս էջով կը հրատարակենք հատորին յառաջաբանը, զոր գրած է «Վէմ»-ի խմբագիր, պատմագիտութեան դոկտոր Գէորգ Խուդինեանը:
ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր, հայ մեծագոյն յեղափոխական Քր. Միքայէլեանի կեանքի ու գործունէութեան ամբողջական պատկերը վերականգնելու համար մեզ այսօր անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ոչ միայն նրա մասին որոշակի տեղեկատուութիւն պարունակող արխիւային փաստաթղթերն ու ժամանակակիցների յուշերը, այլեւ հէնց նրա գրչին պատկանող նամակները, գաղտնի գրութիւններն ու հրահանգները:
Յայտնի է, որ Քր. Միքայէլեանի եղերական մահուանից ընդամէնը մի քանի տարի անց` 1909 թուականին, Կ. Պոլսում լոյս է տեսել ժամանակակիցների յուշերից եւ այլ վաւերագրերից բաղկացած մի ժողովածու(1), որով առաջին քայլն է արուել նրա ժառանգութեան ուսումնասիրութեան ուղղութեամբ: Կարճ ժամանակ անց տպագրուել է նաեւ Քր. Միքայէլեանի` ծաւալով ոչ մեծ, բայց բաւականին ինքնատիպ յօդուածներն ամփոփող գրքոյկը, որը վերահրատարակուել է մի քանի անգամ(2): Սակայն Քրիստափորը թողել է նաեւ բազմաթիւ նամակներ, որոնք տուեալ դարաշրջանի յեղափոխական գործիչների համար հաղորդակցման հիմնական միջոցի դեր ունէին: Դրանց մի մասը ժամանակին ընթերցողին է ներկայացուել Ս. Վրացեանի հրատարակած ՀՅ Դաշնակցութեան «Դիւանի»(3) զոյգ հատորների, իսկ աւելի ուշ` Հր. Տասնապետեանի կազմած «Քրիստափոր Միքայէլեանի նամակները»(4), մասամբ նաեւ` «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար»(5) ժողովածուների միջոցով:
Բայց ամբողջակա՞ն է արդեօք Քր. Միքայէլեանի կեանքի ու գործունէութեան ուսումնասիրութեան ընթացքում ձեւաւորուած այս պատկառելի աղբիւրագիտութեան հէնքը: Պարզւում է` ոչ, որովհետեւ նախ` մեծ մասամբ ոչնչացուել կամ անհետ կորել են ՀՅԴ գործունէութեան վաղ շրջանում Քրիստափորի` հիմնականում Թիֆլիսից ուղարկուած նամակները, որոնց մի մասն է միայն հանգրուանել Ժընեւում, իսկ հետագայում ՀՅԴ Կենտրոնական արխիւում: Դրանցից «փրկուել են» թերեւս միայն այն գրութիւնները, որոնք հետապնդումների ու խուզարկութիւնների հետեւանքով յայտնուել են ցարական Ոստիկանութեան դեպարտամենտի տարբեր բաժանմունքների, հնարաւոր է նաեւ` այլ երկրների ոստիկանութեան գզրոցներում:
Աւելի բարեյաջող է եղել Քր. Միքայէլեանի կեանքի վերջին եօթնամեակում գրուած նամակների ճակատագիրը: 1898 թ. տեղի ունեցած ՀՅԴ երկրորդ Ընդհանուր ժողովից կարճ ժամանակ անց Եւրոպայում հաստատուելուց յետոյ Քրիստափորը հնարաւորութիւն է ունեցել գործելու աւելի ազատ պայմաններում, ուստի գրել է շատ աւելի մեծ թուով նամակներ, որոնց ճնշող մեծամասնութիւնը պահպանուել է Ժընեւում` ՀՅԴ Արեւմտեան Բիւրոյի գզրոցներում: Այս մարմնի գործունէութիւնն ուղղորդելու եւ ապա «Փոթորիկ»-ի ու Սուլթան Համիտի դէմ ուղղուած «Նժոյգի գործ»-ի վերաբերեալ Քրիստափորի հրահանգների մեծագոյն մասը հետագայում հանգրուանել է ՀՅԴ Կենտրոնական արխիւում: Պատճառն այն է, որ դրանց մի զգալի մասը նշանակուած վայրերն ուղարկուելուց առաջ արտագրուել է Ժընեւում պահուող յատուկ մատեաններում, իսկ մի մասն էլ ծածկագրուել է` նման բարդ ու «ոլորապտոյտ» ճանապարհներով փրկուելով անհետացման վտանգից: Ուստի ՀՅԴ «Եւրոպական պրոպագանդի» սկզբնաւորումից սկսած մինչեւ իր եղերական մահը գրուած Քրիստափորի նամակների մի կարեւոր մասը դեռեւս անյայտ է մնում մեր գիտնականներին ու հասարակայնութեանը:
Պատճառն ակնյայտ է. 1930-ականներին ՀՅ Դաշնակցութեան «Դիւանի» մէջ ամփոփուած փաստաթղթերն ուսումնասիրած Ս. Վրացեանը եւ անգամ Քրիստափորի նամակներն ամբողջացնելու գործն իրականացրած Հր. Տասնապետեանը հնարաւորութիւն չեն ունեցել վերծանելու կուսակցութեան առաջնորդի բոլոր գրութիւնները, որոնց մի մասը ժամանակին ՀՅԴ մարմիններին է ուղարկուել Արեւմտեան Բիւրոյի կամ «Դրօշակ» պաշտօնաթերթի անունից: Այստեղ թերեւս իրենց դերն են ունեցել նաեւ այդ փաստաթղթերի արտագրուած, այսինքն` պատճէնուած կամ էլ ծածկագրուած (գաղտնագրուած) լինելու իրողութիւնից բխող բարդութիւնները: Հարկաւոր էին տասնամեակների հետեւողական աշխատանք, համբերութիւն ու նաեւ յամառութիւն` նման վաւերագրերը հաւաքելու եւ ամբողջացնելու համար:
Ձեռնարկելով Քրիստափորի անտիպ նամակների ու նամակ-հրահանգների ուսումնասիրութեան ու հրապարակման գործը` ՀՅԴ արխիւների լաւագոյն գիտակ Երուանդ Փամպուքեանն առաջնորդուել է հարազատ կուսակցութեան հիմնադրի ու առաջնորդի ժառանգութիւնն ամբողջացնելու սեւեռուն նպատակով: Եւ այսօր ընթերցողի դատին ներկայացուող «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» ժողովածուն գալիս է վկայելու, որ դա յաջողուել է իրականութիւն դարձնել շնորհիւ կուսակցութեան գործին այն անմնացորդ նուիրումի, որի հիմքերը մեզանում հէնց ինքը` Քրիստափորն է դրել:
Ի մի բերելով Քր. Միքայէլեանի ձեռագրով գրուած եւ նրա վառ անհատականութեան ու ինքնատիպ մտածողութեան մասին վկայող նշխարները` ներկայ ժողովածուի միջոցով Երուանդ Փամպուքեանը Քրիստափորի կամային որակները ներբերել է նաեւ գիտութեան ասպարէզ: Դա սկսած գործը շարունակելու հարցում դրսեւորուող անկոտրում կամքի ու յամառութեան այն ամուր համաձուլուածքն է, որը ժամանակ ու տարիք չի ճանաչում: Ուստի այս նոր հրատարակութեան միջոցով հնարաւորինս ամբողջացնելով Քրիստափորի անտիպ նամակները` Երուանդ Փամպուքեանը մեզ յիշեցնում է ոչ միայն մեր մեծերի քաղաքական ժառանգութեան իմացութեան, այլեւ նրանց աւանդոյթներին հաւատարիմ լինելու հրամայականի մասին:
ՀՅ Դաշնակցութեան հիմնադրի ամէն մի երկտողի իւրաքանչիւր բառը կարեւոր է ոչ միայն դաշնակցականներիս ներկայ սերնդի, այլեւ մեր գործը շարունակողների համար: Այս առումով չենք կարող չնկատել, որ Քրիստափորի ձեռքով գրուած, բայց կուսակցութեան այս կամ այն մարմնի անունից ուղարկուած նամակներն ու գրութիւնները որքան պատկանում են իրեն` Քր. Միքայէլեանին, նոյնքան էլ իր ձեռակերտ կուսակցութեանը` ՀՅ Դաշնակցութեանը: Բայց կարո՞ղ է արդեօք մեզանից ոեւէ մէկը ջնջել այդ փաստաթղթերի վրայ դրոշմուած Քրիստափորի ոգին եւ դրանք մեր հանրութեան սեփականութիւնը դարձնել սոսկ որպէս կուսակցական հրահանգներ ու գրութիւններ: ՀՅԴ միւս ղեկավար դէմքերի ու մանաւանդ Ռոստոմի կողմից գրուած գրեթէ նոյնատիպ նամակներից իւրաքանչիւրի հեղինակին հնարաւոր է յայտնաբերել միայն նրանց ձեռագրերի ու ինքնատիպ ոճի իմացութեան միջոցով:
Աւելին` որպէս գաղտնի գրութիւններ` ներկայ ժողովածուում ներառուած փաստաթղթերը յաճախ աւելի կարեւոր տեղեկատուութիւն են պարունակում ՀՅԴ նպատակների ու գործունէութեան նրբերանգների վերաբերեալ, քան հրապարակային յայտարարութիւնները կամ էլ ստորագրուած եւ կնքուած նամակներն ու գրութիւնները: Դրանցում ՀՅ Դաշնակցութեան հերոսական ու զոհառատ յեղափոխական պայքարի հեւքն է զգացւում, ինչը նրա աւելի քան մէկդարեայ առասպելը դարձնում է յաւերժի բաղադրիչ: Այդ իրողութիւնն էր իր անձնական պատասխանատուութեան բեռը մինչեւ վերջ սեփական ուսերին կրած Քրիստափորի կեանքի վերջին եօթ տարիները վերածել համակ ինքնազոհութեան: Նա դանդաղօրէն այրւում ու մխում էր` կուսակցութեան իւրաքանչիւր ձեռնարկի մէջ ներդնելով իր ողջ եռանդը եւ ապա անցնելով յաջորդ գործին, որը կարող էր վերջինը լինել: Ուստի հայ ընթերցողի դատին ներկայացուող` Քր. Միքայէլեանի այս անտիպ նամակներն ու գրութիւնները կարելի է համարել 1898 թ. դեկտեմբերից սկսուած եւ 1905 թ. մարտեան օրերին աւարտուած նրա եօթնամեայ մարտիրոսագրութեան վաւերական էջերը:
ՀՅ Դաշնակցութեան երկրորդ Ընդհանուր ժողովից յետոյ Ժընեւ հասնելուն զուգահեռ` Քրիստափորը արագացրել էր կուսակցութեան արտասահմանեան մարմինների աշխատանքի կշռոյթը` նրանց տալով նոր ու աւելի բարդ յանձնարարականներ: Նրա նամակների ու հրահանգների առարկան էին դարձել ՀՅԴ «Եւրոպական պրոպագանդի» սկզբնաւորմանը առնչուող մեծ ու փոքր գործերը` հանդիպումներն ու շփումները հայկական հարցով հետաքրքրուող քաղաքական շրջանակների հետ, «Փրօ Արմենիա»-ի համար դրամական միջոցների հայթայթումը, ինչպէս նաեւ թուրքական բռնակալութեան դէմ պայքարի դրօշ պարզած պուլկար-մակեդոնական շարժման հետ յարաբերութիւնների կանոնաւորումը Պուլկարիայում հաստատուած Ռոստոմի միջոցով:
Սակայն այս բոլոր ձեռնարկներն անընդհատ ընդմիջւում էին Երկրից հասնող` Սերոբ Աղբիւրի եւ միւս հերոսների նահատակութեան մասին ցնցող լուրերով: Նման պայմաններում Քրիստափորի մօտ օրէցօր խորանում էր յեղափոխական պայքարի նոր մարտավարութեանն անցնելու համար անհրաժեշտ միջոցների անբաւարարութեան գիտակցումը: Այդ պատճառով, համբուրելով «Փրօ Արմենիա»-ի 1900 թ. դեկտեմբերին ստացուած առաջին համարը, Քրիստափորը համակուեց ոչ միայն անսահման ոգեւորութեամբ, այլեւ սկսած գործը կիսատ չթողնելու գիտակցութեամբ: Ուստի նա իր նամակների ու գրութիւնների միջոցով նախապատրաստում է «ՀՅԴ Կամքը ներկայացնող մարմնի» ժողովը, որը պէտք է հիմք դառնար «Փոթորիկի գործի» սկզբնաւորման համար:
Եւ ահա Կովկաս անցած Քրիստափորը նորից ՀՅԴ կենդանի գործի գլուխն էր, նորից համախմբում էր երկրամասի տարբեր քաղաքներում Երկրի համար միջոցներ հայթայթող իր ընկերներին` յաղթահարելով պարտադիր հանգանակութեան ճանապարհին երբեմն դրուող բարոյական արգելքները: Ժամանակն իրենն էր պահանջում. Կովկասում սկսուել էր պայքարը հայ մանուկներին ուսում ստանալու հնարաւորութիւնից զրկող ցարական դիւանակալութեան դէմ, իսկ թուրքական բանակի կողմից օղակուող Սասունը նորանոր խմբեր ու զէնք էր պահանջում: Անհրաժեշտ էր նաեւ նախապատրաստել ՀՅԴ երրորդ Ընդհանուր ժողովի հրաւիրումը` զուգահեռաբար ստեղծելով մի յանձնախումբ, որն անմիջապէս պէտք է ձեռնամուխ լինէր նրա որոշումների գործադրմանը:
Բայց այդ ամէնը դեռ բաւարար չէր: Հէնց այդ ժողովի որոշմամբ սկսւում է նաեւ Քրիստափորի համար ճակատագրական դարձած նախաձեռնութեան` «Նժոյգի գործի» անմիջական նախապատրաստման գործընթացը: Դրանով պայմանաւորուած` ծաւալւում ու ընդլայնւում է քիմիական բանաձեւերով ու պայթուցիկների արտադրութեան բարդ ու վտանգաւոր աշխատանքի այլեւայլ մանրամասներով համեմուած` Քրիստափորի գաղտնի գրագրութիւնը «Ցուցական մարմնի» միւս անդամների հետ:
Քր. Միքայէլեանն իր տարերքի մէջ էր. լինում է տարբեր երկրներում, երկու անգամ գաղտնաբար այցելում է Կ. Պոլիս, վերադառնում Պուլկարիա եւ, դրան զուգահեռ, շարունակում է աշխուժ նամակագրութիւն պահպանել Սուլթան Համիտի դէմ նախապատրաստուող մահափորձի համար անհրաժեշտ միջոցներ ուղարկող կովկասեան մարմինների հետ: Միաժամանակ նա վերջիններիս հետ մտքեր է փոխանակում Ռուսաստանում սկիզբ առած յեղափոխութեան ու նոյն օրերին ընթացող` ՀՅԴ Խորհրդի հրաւիրման նախապատրաստական աշխատանքների վերաբերեալ: Դրանց իւրօրինակ ամփոփումն է դառնում ներկայ ժողովածուում առաջին անգամ հրապարակուող` ՀՅԴ Խորհրդի օրակարգի մասին Քրիստափորի բաւականին ընդարձակ, բայց այդպէս էլ սեւագիր վիճակում մնացած գրութիւնը, որը թէեւ կիսատ է ձեռագրի վերջին էջի կորստեան պատճառով, բայց իր բովանդակութեամբ ու քննարկուող հարցերի լայն շրջանով իւրօրինակ քաղաքական կտակ է յիշեցնում:
Նման բովանդակութեամբ բնագիրներ սովորաբար գրում են իրենց անցած ուղին ամփոփող քաղաքական գործիչները: Մինչեւ իր կեանքի վերջին ակնթարթը յեղափոխական գործի մէջ խրուած Քրիստափոր Միքայէլեանը չհասցրեց նոյնիսկ դա՛ անել, եւ նրա վերջին գրութիւնը մնաց սեւագիր ու անաւարտ: Ու թէեւ նրանում Քրիստափորը հանդէս է գալիս որպէս ՀՅԴ Խորհրդի աշխատանքների ոչ ուղղակի մասնակից, սակայն, Սուլթան Համիտի ահաբեկման գործով զբաղուելուն զուգահեռ, անհանգստացած է իր բացակայութեան պայմաններում կուսակցութեան 1898 եւ 1904 թթ. Ընդհանուր ժողովներում որդեգրուած ուժերի կենտրոնացման մարտավարութեան հնարաւոր փոփոխութեամբ: Աւելին` դրանում նա նշմարում է Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան հիմնանպատակից շեղուելու միտում. «Այլեւս բաւական է. իմ կարծիքով ոչ սիստեմ փոխելու եւ ոչ էլ Մեծ Հայքի գործը կանգնեցնելու տրամադրութիւններ պիտի արտայայտի Խորհուրդը»(6):
Այս տողերում նկատւում է Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդրի առաջնահերթութիւնը կասկածի տակ դնելու փորձերը կանխելու Քրիստափորի ցանկութիւնը: Այդ նպատակով ոչ միայն ամփոփւում են ՀՅԴ 15-ամեայ յեղափոխական պայքարի արդիւնքները, այլեւ տրւում են այնպիսի գնահատականներ, որոնք որոշակի ուղերձներ են պարունակում յաջորդ սերունդների եւ անգամ մեզ համար:
Քրիստափորը կարծես գուշակում է, որ ինքն այլեւս չի մասնակցելու կուսակցութեան որոշումների ընդունման գործընթացին, ուստիեւ շտապում է նախազգուշացնել, որ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան համար մղուող պայքարը սառեցնելու պարագայում կուսակցութիւնը բռնելու է քայքայման ու թուլացման ուղին: Քրիստափորի պարագայում նման սուր անհանգստութիւնը կարելի է համարել կեանքի ճակատագրական պահերին մարդկային ենթագիտակցութեան մէջ առկայծող` մայրամուտի զգացողութեան արտայայտութիւն:
«Մեծ Հայքի գործը» կամ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան համար պայքարը շարունակելու պատգամը Քրիստափորի կտակն է ոչ միայն իր ժամանակակիցներին, այլեւ մեր սերնդին, որն արդէն տեսանելի ապագայում անպայմա՛ն դառնալու է Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդրի` Հայկական հարցի վերաբացման ականատեսն ու մասնակիցը:
Աւարտելով Քր. Միքայէլեանի ծննդեան 160-ամեակի առթիւ ընթերցողի դատին ներկայացուող «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» ժողովածուի այս համառօտ առաջաբանը` չենք կարող ուշադրութեան չհրաւիրել նաեւ որպէս «Յաւելուած» հրատարակուող` ցարական Ոստիկանութեան բաժանմունքի կազմած փաստաթղթերի այն փաթեթի վրայ, որը ժամանակին լոյս է տեսել «Վէմ» հանդէսում(7): Բանն այն է, որ 1905 թ. մարտին Քր. Միքայէլեանի հետ պատահած ողբերգական դէպքից յետոյ` Կովկասում սկիզբ առած յեղափոխութեան վերելքի պայմաններում, ողջ երկրամասի հայութիւնն իր հանրահաւաքների ու երթերի ժամանակ պարզել էր Քրիստափորի դիմանկարը: Եւ ահա ցարական ոստիկանութիւնը սկսում է հետաքրքրուել, թէ ով էր վերջերս զոհուած այդ խորհրդաւոր անձնաւորութիւնը, որին մի ողջ ժողովուրդ իր առաջնորդն է համարում: Այդ պատճառով, Ոստիկանութեան բաժանմունքի հրահանգով, նրա Յատուկ բաժնում սկսում են կուտակուել Քր. Միքայէլեանի յեղափոխական գործունէութեան մասին բոլոր այն զեկոյցներն ու գաղտնի գրութիւնները, որոնք հաւաքուել էին տարիների ընթացքում, եւ ապա կազմւում են դրանցից իւրաքանչիւրի ամփոփագրերը: Ցարական Ռուսաստանի ոստիկանական տարբեր բաժանմունքների նիւթերը պահպանող` ներկայիս Ռուսաստանի Դաշնութեան, Ուքրանիայի ու Վրաստանի արխիւների գզրոցներում գտնուող այս փաստաթղթերի ամբողջական բնագրերի մանրամասն հետազօտութիւնը մեր պատմագէտների յաջորդ սերնդի պարտականութիւնն է: Որովհետեւ ամէն մի մեծ գործի աւարտ, յաջորդ` ոչ պակաս կարեւոր գործի սկիզբն է միայն…
Ուստի տարիների իր տքնաջան աշխատանքով ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր Քր. Միքայէլեանի հարուստ նամակագրական ժառանգութիւնն ամբողջացնելու դժուարին ու խիստ պատասխանատու գործը հրատարակութեան հանգրուանին հասցրած Երուանդ Փամպուքեանին մնում է յայտնել մեր խորին երախտագիտութիւնն ու ակնածանքը: Նա աւարտին է հասցրել ի՛ր գործը եւ ճանապարհ է բացել յաջորդ սերունդների համար, որպէսզի նրանք շարունակեն Քրիստափորի հետքերով ընթացող իրենց գիտական պրպտումները:
(1).- Տե՛ս Քրիստափորի յիշատակին, Կ. Պոլիս, հրատ. ՀՅ Դաշնակցութեան, 1909:
(2).- Տե՛ս Միքայէլեան Քրիստափոր, Յեղափոխականի մտքերը, հրատարակութիւն ՀՅ Դաշնակցութեան, Աթէնք, 1931:
(3).- Տե՛ս Դիւան ՀՅ Դաշնակցութեան, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1934 եւ 1938:
(4).- Տե՛ս Քրիստափոր Միքայէլեանի նամակները, խմբ. Հ. Տասնապետեան, Պէյրութ, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, 1993:
(5).- Տե՛ս «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար», հատ. Ե., Պէյրութ, 2007, էջ 405-413:
(6).- Տե՛ս էջ 289:
(7).- Տե՛ս Յասմիկ Ա. Համբարձումեան, Քրիստափոր Միքայէլեանի հետքերով: Ցարական ոստիկանութեան բաժանմունքի յատուկ բաժնի 1905 թուականի թղթածրարը, «Վէմ», 2009, N3 (28), էջ 191-210: