Հայրենիքը Վտանգուած Է, Պատգամաւորնե՛ր, Առաջնորդուէք Ձեր Խղճով Եւ Համոզմունքներով

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Ապրում ենք հայ  ժողովրդի, հայոց պետականութեան, Արցախի համար ամենադրամատիկ եւ ամենացաւալի օրերը:

Սգում  եւ կիսում եմ բոլոր որդեկորոյս մայրերի եւ այրիացած կանանց  ցաւը:

Այս օրերին ժողովուրդը միակամ մերժում է գաղտնութեամբ, յանիրաւի ստորագրուած յայտարարութիւնը:

Կը փորձեմ խօսել որոշ իրաւական խնդիրների մասին:

Փաստաթղթի անուանումն է «Յայտարարութիւն»:  «Յայտարարութիւն» հասկացութիւնն ընդամէնը հռչակագրային բնոյթ է կրում, չունի իրաւական ուժ եւ չի կարող գործել: Սակայն, եթէ հիմք է ընդունուել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրէնքը/այսուհետ` Օրէնք/, ապա  օրէնքի յօդուած 2-ի առաջին կէտը սահմանում է, որ`

«1) միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետութեան եւ պայմանաւորուող միւս կողմի (կողմերի) միջեւ մէկ փաստաթղթի կամ փոխկապակցուած եւ միմեանցից անբաժանելի մէկից աւելի փաստաթղթերի տեսքով գրաւոր ձեւակերպուած եւ միջազգային հանրային իրաւունքով կարգաւորուող համաձայնութիւն` անկախ դրա անուանումից»:

Հետեւաբար, ես նոյնպէս ընդունում եմ, որ փաստաթղթի անուանումը կարեւոր չէ եւ անկախ անուանումից` այն միջազգային պայմանագիր է, քանի որ ունի երեք կողմ:

Ըստ Օրէնքի` միջազգային պայմանագրի նախագիծը պէտք է.

  1. անցնի ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման եւ ստորագրման գործընթաց (յ. 2, կէտ 5):
  2. Այդ գործընթացի մասնակիցներն են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատութեան եւ ՀՀ ելեւմուտքի նախարարութիւնները, ռազմական խնդիրների դէպքում նաեւ պաշտպանութեան նախարարութիւնը, որոնք անպայման տալիս են եզրակացութիւն եւ դրանք ամրագրւում են փաստաթղթին:
  3. Պայմանագիրն անպայման պէտք է վաւերացուի Ազգային ժողովի կողմից, որպէսզի այն որպէս միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետութիւնում պարտադիր ուժ ունենայ: (յ. 2, կէտ 10):
  4. Ռազմական բնոյթի միջազգային պայմանագիրն ունի իր սահմանումը, ըստ որի ռազմական համագործակցութեան, խաղաղութեան (հաշտութեան), հաւաքական անվտանգութեան, զինաթափման, սպառազինութիւնների նկատմամբ հսկողութեան հարցեր կարգաւորող, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցութիւն, ռազմական մատակարարումներ, օտարերկրեայ պետութիւններում Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում օտարերկրեայ զինուած ուժերի տեղակայում նախատեսող միջազգային պայմանագիր է, որը անպայման պէտք է վաւերացուի (յ. 2, կէտ 18):
  5. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում հայկական կողմի եւ պայմանաւորուող միւս կողմի (կողմերի) միջեւ յարաբերութիւններն իրականացւում են Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան միջոցով եւ համակարգմամբ (յ. 6 կէտ 1): Արդեօ՞ք մեր նախարարութիւնը դրանից տեղեակ է:
  6. Կառավարութիւնը միջազգային պայմանագիրը վաւերացնելու մասին օրէնքի նախագիծը կամ միջազգային պայմանագրի հաստատման մասին Հանրապետութեան նախագահի հրամանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի վաւերացմանը ներկայացնում է օրէնքով սահմանուած կարգով (յ. 12, 2,3 կէտեր):

Այսինքն, կառավարութիւնը, Սահմանադրութեան 169-րդ յօդուածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրուած պարտաւորութիւնների` Սահմանադրութեանը համապատասխանութիւնը որոշելու նպատակով:

Որպէսզի տարբեր մեկնաբանութիւնների առիթ չտայ, ցանկանում եմ ընդգծել, որ

Ազգային Ժողովը պարտաւոր է ՀՀ Սահմանադրութեան 116 յօդուածի համաձայն`

Կառավարութեան առաջարկութեամբ վաւերացնել  այն միջազգային պայմանագրերը`

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքներին եւ ազատութիւններին, ինչպէս նաեւ պարտականութիւններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնոյթ…

Կարծում են, մեկնաբանութիւնն աւելորդ է:

ՀՀ Ազգային ժողովը պարտաւոր է ԱԺ պատգամաւորների ձայների մեծամասնութեամբ հաստատել կամ մերժել միջազգային փաստաթղթի նախագիծը:  Այսօր օրակարգում է, որպէսզի պահանջել Ազգային ժողովի պատգամաւորներից քննարկել հրապարակի վրայ եղած փաստաթուղթը:

Այնպէս որ, հերթը ձերն է, յարգարժա՛ն պատգամաւորներ, դուք պարտաւոր էք հաւաքուել եւ քննարկել «Յայտարարութեան»` որպէս միջազգային պայմանագրի վաւերացնելու կամ  չեղեալ յայտարարելու մասին հարցը: Ի դէպ ձեզ է վերապահուած դրա մէջ փոփոխութիւններ, լրացումներ  կատարելու իրաւասութիւնը:

Եւ վերջապէս, համաձայն Օրէնքի 17-րդ յօդուածի` «Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրն ուժի մէջ է մտնում եւ կիրառւում Օրէնքով սահմանուած վաւերացման կամ հաստատման ընթացակարգերի աւարտից յետոյ` այդ պայմանագրով նախատեսուած կարգով եւ պահից»:

Յաւելեմ նաեւ, որ պայմանագիրը կարող է գործել միայն նրա հրապարակումից յետոյ. (յ. 23-ի առաջին մաս):

Միւս կողմից, քանի որ մենք կառուցում ենք իրաւական, ժողովրդավարական պետութիւն, մեր սուրբ  պարտականութիւնն է  կատարել, պահպանել եւ չխախտել Սահմանադրութիւնը: Այդ դէպքում խնդրում եմ կարդալ ՀՀ Սահմանադրութեան 118-րդ յօդուածը, որում ամրագրուած է.

«1. Ազգային ժողովը, կառավարութեան առաջարկութեամբ, պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութեամբ կարող է ընդունել պատերազմ յայտարարելու կամ խաղաղութիւն հաստատելու մասին որոշում»:

Չմոռանանք Սահմանադրութեան մէկ այլ յօդուած եւս` 205-րդ յօդուածը, որի առաջին մասի համաձայն`

«Հայաստանի Հանրապետութեան տարածքի փոփոխութեանը վերաբերող հարցերը լուծւում են հանրաքուէների միջոցով»:

Չեմ կարող չանդրադառնալ եւս մի խոտորնակ իրողութեան. ինչպէ՞ս է պատահել, որ յայտարարութեան ռուսերէն տարբերակի եւ հայերէն տարբերակի միջեւ կայ անհամապատասխանութիւն` ի վնաս մեզ:

Եթէ դա անուշադրութեան ու թափթփածութեան արդիւնք է, ուրեմն ՀՀ արդարադատութեան եւ արտաքին գործերի նախարարութիւնների համապատասխան պաշտօնեաները պէտք է պատասխան տան: (յ. 9-ի 6-րդ մաս):

Այսպիսով, որպէս ժողովրդի ներկայացուցիչներ` խնդրում ենք կատարել ձեր ուղղակի սահմանադրական պարտաւորութիւնը եւ  ՀՀ Սահմանադրութեան 94-րդ յօդուածի համաձայն առաջնորդուէք ձեր խղճով եւ համոզմունքներով:

Սպասենք եւ յուսանք, ժամանակը մեր օգտին չի աշխատում:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )