Արցախի արտաքին գործոց նախարարութիւնը 13 յուլիսին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ խստօրէն դատապարտեց 12 յուլիսին Ազրպէյճանի կողմէ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզին ուղղութեամբ հայ-ազրպէյճանական սահմանին զինադադարի դրութեան կոպիտ խախտումը` լարուածութեան հետագայ նպատակաուղղուած սրման միտող:
Հաղորդագրութեան մէջ նշուեցաւ.-
«Ծանր զրահապատներու կիրառմամբ ազրպէյճանական բանակի յարձակումը հայկական դիրքերի ուղղութեամբ եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգութեանը եւ կայունութեանը: Վերստին նշում ենք, որ Ազրպէյճանի բարձրագոյն քաղաքական վերնախաւի աղաւաղուած պատկերացումները` միջազգային իրաւունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայութեան մասին, Հարաւային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբիւրն են եւ տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործօն:
«Վճռականօրէն մերժում ենք ցանկացած փորձ` խրախուսելու Պաքուի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ: Այս առումով անթոյլատրելի ենք համարում Թուրքիայի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը` ի աջակցութիւն Ազրպէյճանի կողմից իրականացուած սադրանքներին եւ հրադադարի դրութեան խախտումներին: Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբին:
«Կոչ ենք անում միջազգային հանրութեանը եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներին` համարժէք գնահատական տալ ինչպէս Ազրպէյճանի գործողութիւններին` ուղղուած հայ-ազրպէյճանական սահմանին իրադրութեան ապակայունացմանը, այնպէս էլ Անգարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը»: