ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանն «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է երիտասարդական ոլորտի առաջնահերթութիւնների, առկայ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:
ՀԱՐՑՈՒՄ.- Որպէս մշակոյթի եւ երիտասարդութեան ոլորտի պատասխանատու` որո՞նք էք համարում տուեալ ոլորտների հիմնական խնդիրները, եւ ձեր պաշտօնավարման ընթացքում որո՞նք են լուծում ստացել:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Վերջին 10 տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկուել մշակոյթի վերաբերեալ օրէնսդրական եւ կառավարման դաշտը կարգաւորելու, Արցախի մշակութային կեանքը համապետական եւ, առանձին դէպքերում, նաեւ համայնքային մակարդակով աշխուժացնելու, մշակութային ժառանգութիւնը հանրահռչակելու, այն միջազգային հարթակներում ներկայացնելու եւ մշակութային զբօսաշրջութիւնը զարգացնելու ուղղութեամբ: Մեծ ուշադրութիւն է դարձուել պատմական ժառանգութեան պահպանութեանը, նաեւ` այդ ժառանգութեան հանրայնացմանը եւ միջազգայնացմանը:
Տարբեր ոլորտներում մարդուժի պատրաստման խնդիր ունենք, որի լուծման համար աշխատում ենք ԵՊՀ մշակութաբանութեան, հնագիտութեան եւ ազգագրութեան ամպիոնների հետ:
Մեր հիմնական խնդիրներից է մշակութային քաղաքականութեան ապակենտրոնացումը, գիւղական բնակավայրերի ընդգրկումը: Միւս կարեւոր հարցը համայնքներում զբօսաշրջային կեանքն աշխուժացնելն է: Օրինակ, Բերդաշէն համայնքում, Կուսաբերդի շրջակայքում կատարւում են պեղման աշխատանքներ, թանգարանն է վերանորոգւում, որից յետոյ այն կարող է դառնալ մեր կարեւոր զբօսաշրջային ուղղութիւններից մէկը:
ՀՀ Ազգային արխիւի հետ ձեռնարկել ենք Արցախի բնակավայրերի պատմութեանը վերաբերող փաստաթղթերի, արխիւների պատրաստումը, որոնք հետագայում տրամադրուելու են գիւղական բնակավայրերին:
Ազգային երաժշտարուեստի բնագաւառում կարեւորում եմ Արցախի ազգային նուագարանների նուագախմբի պետականացումը, որի հիմնական նպատակը ազգային նուագարանների ժառանգութեան հանրահռչակումն է:
2020թ. նախարարութեան գործունէութեան ծրագրում մտցուած է ԱՀ մշակութային եւ երիտասարդական քաղաքականութեան հայեցակարգերի հաստատումը:
Մեծ աշխատանք է կատարուել երիտասարդութեան ոլորտում: Աջակցութիւն ենք ցուցաբերել տարբեր երիտասարդական ծրագրերի, որոնք ուղղուած են սահմանափակ կարողութիւններով երիտասարդների հասարակութեանն համարկմանը, ոչ ընթացիկ կրթական ծրագրերին, երիտասարդութեան հասարակական եւ քաղաքացիական աշխուժութեան խթանմանը եւ այլն:
Հ.- Նախընտրական շրջանում բոլորն են խօսում առկայ խնդիրների մասին: Դուք որո՞նք կ’առանձնացնէիք առաջնահերթ լուծում պահանջողներից` մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան ոլորտներում:
Պ.- ԱՀ մշակութային քաղաքականութեան գերակայ ուղղութիւններն են` նիւթական եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման հիմքերի ապահովումը, ժամանակակից արուեստի տարածումը, հանրահռչակումը, մշակութային կրթութեան եւ ոլորտի մարդուժի պատրաստութեան քաղաքականութեան իրականացումը: Վերականգնող ճարտարապետների, հնագէտների, ազգագրագէտների պակաս ունենք: Այս մասնագէտներն անհրաժեշտ են պատմամշակութային ժառանգութեան ուսումնասիրման, պահպանման համար:
Այսօր մշակութային քաղաքականութեան առաջնային խնդիր է մնում առանձին քաղաքացու, խմբի եւ համայնքի մշակութային իրաւունքի իրացումը եւ մշակութային ներուժի ինքնաարտայայտման իրաւական եւ գործնական հնարաւորութիւնների էական բարելաւումը:
Հասարակութեան մէջ այն համոզմունքն է, որ մշակութային գործունէութիւնը նախեւառաջ պէտք է միտուած լինի ազգային աւանդական արժեհամակարգի պահպանմանը, երիտասարդ սերնդին փոխանցմանը:
Պէտք է մշակութային ժառանգութեան պահպանութիւնը որպէս քաղաքացիական պարտաւորուածութիւն դարձնելու ուղղութեամբ աշխատենք, քանի որ այսօր տեսնում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ յաճախ չիմացութիւնից որոշակի խնդիրներ են առաջանում:
Երիտասարդական պետական քաղաքականութիւնն առաջադրում է հետեւեալ խնդիրները` երիտասարդի կարգավիճակի յստակեցում, կենսագործունէութեան պայմանների ձեւաւորում եւ երաշխիքների տրամադրում: Պէտք է երիտասարդութեան շրջանում ընկերային, տնտեսական ինքնուրոյնութիւն ապահովել: Կարեւոր է նաեւ երիտասարդութեան խոցելիութեան առաջնային խմբերի իրաւունքների ճանաչումը եւ պաշտպանութիւնը, միջազգային համագործակցութիւնը:
Հ.- Դուք դասախօսում էք Արցախի պետական համալսարանում, երկար տարիներ առնչութիւն էք ունեցել երիտասարդ սերնդի հետ: Ձեր կարծիքով, արդեօ՞ք կարելի է երկրի ապագան վստահել երիտասարդութեանը:
Պ.- Ցանկացած երկրի ապագան կերտում են սերունդները, յատկապէս` երիտասարդ սերունդը: Պէտք է կարողանանք երիտասարդութեանը ճիշտ ուղղութիւն տալ: Սերունդների պայքարը միշտ արդիական է, բայց ցանկացած սերունդ ունի իր առաւելութիւնները եւ որոշակի թերութիւնները: Յամենայն դէպս մենք պէտք է հնարաւորութիւն տանք երիտասարդներին թրծուել: Դա պէտք չէ լինի հախուռն, այլ` բնական վերափոխման, եղափոխութեան ճանապարհով: Երիտասարդութեան ներուժի իրացումը միայն ու միայն օգուտ կը բերի մեր երկրին:
Հ.- Վերջերս քաղաքական դաշտում մեծ թուով կուսակցութիւններ են հիմնադրուել, որոնց հիմնադիրները երիտասարդներ են: Ինչո՞վ էք դա պայմանաւորում, արդեօ՞ք դա խօսում է գաղափարական բազմազանութեան մասին:
Պ.- Ուրախ եմ, որ երիտասարդութիւնն աշխուժութիւն է ցուցաբերում, բայց, ցաւօք սրտի, գաղափարական հենք չեմ տեսնում: Ցանկացած ժողովրդավար երկրում կարեւորւում է գաղափարական բազմազանութիւնը, բայց այդ բազմազանութիւնն Արցախում գրեթէ չեմ տեսնում: Քաղաքական դաշտում երիտասարդութեան աշխուժութիւն անհրաժեշտութիւն է, բայց դա պէտք չէ արհեստական լինի եւ` միայն ապագայ ընտրութիւններին ուղղուած:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ