«Իրական գանձը ոչ թէ գետնի տակ է, այլ` գետնի վրայ», ասում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամաւոր Թումա Չելիքը:
Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը պատասխանել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան (HDP) անդամ` ԹԱՄԺ-ի պատգամաւոր Թումա Չելիքի հարցապնդմանը, որ Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել էր Մարաշի հայկական եւ յունական բնակավայրերում պետութեան թոյլտուութեամբ գանձ գտնելու նպատակով կատարուած պեղումների հարցը: Այդ մասին հաղորդում է թուրքական Bianet.org լրատուակայքը:
Աղբիւրի համաձայն, Թումա Չելիքի հարցմանն ի պատասխան` նախարար Էրսոյը նշել է, որ տուեալ բնակավայրերում գանձ լինելու մասին որեւէ տեղեկութիւն կամ փաստ չի գտնուել, եւ որ` պեղումներն իրականացրած հնագէտ Հաթիճէ Քըլըչասլանն այդ աշխատանքները կատարել է անհրաժեշտ թոյլտուութիւնն ստանալուց յետոյ:
Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարը նաեւ յայտնել է, որ ամբողջ Թուրքիայում 2014-2019 թթ. 523 անգամ գանձ է որոնուել, սակայն որեւէ տեղեկութիւն չկայ առ այն, թէ նման բան գտնուել է:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ պատգամաւոր Չելիքը Bianet.org-ի հետ հարցազրոյցում ընդգծել է գանձ որոնելու` Թուրքիայում տարածուած մոլուցքն արգելելու անհրաժեշտութեան մասին, քանի որ դրա պատճառով խիստ տուժում են պատմական եւ մշակութային կոթողներ:
Չելիքը նաեւ նշել է. «Նախարարութիւնն իր պատասխան նամակում յայտնում է, որ Մարաշում գրանցուած 305 կառոյց է առկայ, սակայն այդ շինութիւնների մէջ ոչ մի եկեղեցի կամ սինակոկ չկայ: Հրանդ Տինքի անուան հիմնադրամի կողմից կազմուած Մշակութային հարստութիւնների քարտէսի համաձայն, Մարաշում առնուազն 50 հայկական, յունական, ասորական եւ հրէական մշակութային կոթող կայ:
Եթէ գանձ որոնելու ուղղութեամբ գործադրուած այսչափ ջանքերն ուղղուէին այդ շինութիւնները պահպանելուն, ապա մշակութային ժառանգութեան մաս կազմող կառոյցները պաշտպանելու գիտակցութեան մակարդակը կը բարձրանար: Դարձեալ նախարարութեան տրամադրած տուեալների շնորհիւ` պարզ է դառնում, որ կատարուած պեղումների արդիւնքում ոչ մի գտածոյի չեն հանդիպել: Գանձն իրականում ոչ թէ գետնի տակ է, այլ` գետնի վրայ»:
Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»