«Թերթ»-ի Հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Փոխ Նախագահ Վահրամ Բալայեանի Հետ
Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխ նախագահ Վահրամ Բալայեանը Փաշինեան-Ալիեւ բանակցութիւններից մեծ սպասելիքներ չունի: «Թերթ»-ի հետ զրոյցում նա ընդգծեց, որ բանակցութիւնների օրակարգից պէտք է հանուեն Մատրիտեան սկզբունքները, դրանցով յաջողութեան հասնել հնարաւոր չէ, հայկական կողմին ձեռնտու չեն:
Վահրամ Բալայեանը նաեւ ընդգծեց, որ տեղին է համարում Դաւիթ Տօնոյեանի կողմից հնչեցուած յայտարարութիւնները` «Նոր պատերազմ` նոր տարածքներ» սկզբունքի ընդհանուր պարունակում:
«ԹԵՐԹ».- Նիկոլ Փաշինեանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ բանակցութիւնների վերաբերեալ: Նա նշել է, որ քննարկուել են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Մատրիտեան սկզբունքների եւ հանրութիւններին խաղաղութեան նախապատրաստելու հարցերը:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցութիւն դրական եմ համարում, եթէ չկայ բանակցութիւն, չկայ սեղանի շուրջ երկխօսութիւն, դրան յաջորդում է պատերազմը: Նախընտրելի է, որ բանակցային գործընթացները շարունակուեն: Բայց, ի հարկէ, մեծ սպասելիքներ չկան, որովհետեւ այս պահին երկու կողմերի մօտեցումներն այնքան տարբեր են, մասնաւորապէս Ազրպէյճանի դիրքորոշումը շատ ծայրայեղական է, անհնարին է որեւէ համաձայնութեան հասնել: Վերջին շրջանում որեւէ պայմանի չեն համաձայնում, իրենք պայման են դնում, որ արցախահայութիւնը պէտք է հրաժարուի իր պետականութիւնից, որը, իհարկէ, անհնար է իրագործել, ինչպէս ասում են, վերադարձ անցեալին չկայ, ստեղծել ենք պետականութիւն, պիտի ամրապնդենք:
Ի հարկէ, Ալիեւը չի համաձայնի բանակցային գործընթացին ներգրաւել Արցախը: Ես մտածում եմ, որ միգուցէ դրանով են նրանք փորձում ձախողել հետագայ բանակցութիւնները: Ըստ էութեան, եթէ արցախեան կողմը չմասնակցի բանակցութիւններին, անհնարին է հասնել հարցի որեւէ կարգաւորման: Բայց, ինչպէս ասում են, խօսել պէտք է, քննարկել պէտք է, եւ կարծում եմ, որ կարող են նաեւ մարդասիրական բնոյթի ծրագրեր իրականացնել, որոշակի ծրագրեր, որոնք հնարաւորութիւն կը ստեղծեն, որ Ազրպէյճանի ժողովրդի մօտ որոշակի տրամադրութիւն ձեւաւորուի:
Մենք խնդիր չունենք որպէս երկիր, պետականութիւն, մեր հարցը վաղուց` 1994թ. պատերազմի աւարտից յետոյ ենք լուծել, մենք ունենք մեր հրամանները, Սահմանադրութիւնը, բանակը, կառավարութիւնը, մնում է այդ ամէնի իրաւական ձեւակերպումն ապահովել: Պետական, ժողովրդի կողմից ընտրուած Արցախի իշխանութիւնը պէտք է մասնակցի եւ լուծում ապահովուի: Նիկոլ Փաշինեանի ասածի մէջ ճշմարտութիւն կայ, վերջիվերջոյ Արցախի ժողովուրդը վստահութեան քուէ չի տուել ՀՀ վարչապետին եւ չի ընտրել: Ի հարկէ ԱՀ-ն իր ժողովրդի ընտրած ղեկավարութեամբ պէտք է այդ ամէնին մասնակցի: Բանակցութիւնները կարող է վարել ծնունդով շիրակցին, բայց ներկայացնի Արցախի իշխանութիւններին:
«ԹԵՐԹ».- Մատրիտեան սկզբունքների քննարկումը որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմին: Նիկոլ Փաշինեանն ասում է, որ այդ մասով անհրաժեշտ են պարզաբանումներ:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Մեզ համար անընդունելի են այդ սկզբունքները, բանակցութիւնները, ամենայն հաւանականութեամբ, մինչեւ հիմա այդ սկզբունքների շուրջ են ընթանում, որը, բնականաբար, մեզ հետ չի քննարկուել: Կարծում եմ, որ պէտք է Մատրիտեան սկզբունքները օրակարգից հանել, մաքուր էջից սկսել, շա՜տ շա՛տ հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում: Անհնարին է այդ փաստաթղթի շուրջ բանակցութիւններով որեւէ յաջողութեան հասնել:
«ԹԵՐԹ».- Կարո՞ղ ենք ասել, թէ հանդիպումից յետոյ վստահութեան մթնոլորտ է ստեղծուել, թէ` սահմանին լարուածութիւն կարող է լինել:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Կարծում եմ` սկզբնական շրջանում որոշակի բեռնաթափում կը լինի, բայց վստահ լինել, որ Ազրպէյճանը չի գնայ սադրանքների, դժուար է, վերջիվերջոյ միլիառաւոր տոլարների զէնք է ձեռք բերում` միայն հետապնդելով մի նպատակ. ոչնչացնել Արցախի Հանրապետութիւնը, հասնել Սեւանայ լիճ, Երեւան:
«ԹԵՐԹ».- Մի կողմից խօսւում է հանրութիւններին խաղաղութեան նախապատրաստելու մասին, միւս կողմից էլ Նիւ Եորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը խօսում է «Նոր պատերազմ` նոր տարածքներ» սկզբունքի մասին, նրա յայտարարութեանն ինչպէ՞ս էք վերաբերւում, հակասութիւն չկա՞յ:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Տօնոյեանի յայտարարութեան հետ համամիտ եմ: Մենք տարիներ շարունակ մեզ խելօք ենք պահել, որ բանակցային գործընթացը չձախողուի, մենք փորձել ենք Ազրպէյճանի հետ քաղաքակիրթ ձեւով վարուել, բայց Ազրպէյճանն ամէն սահման անցնելով` անընդհատ ռազմատենչ յայտարարութիւններ է անում, այլ դիրքերից է խօսում:
Պաշտպանութեան նախարարը ճիշդ է, ԱՀ նախագահն էլ էր վերջին տարիներին այդ մասին խօսում: Աստուած չանի, ռազմական գործողութիւններ լինելու պարագայում դրանք տեղափոխուելու են հակառակորդի դաշտ` Ազրպէյճանի տարածք:
Ազրպէյճանում 1994թ.ից մինչեւ հիմա հակահայական ջղագարութեան պայմաններում խօսել են այն մասին, որ Ազրպէյճանում պատրաստ են խաղաղութեան, դժուար է, դա բաւականին երկարատեւ գործընթաց է, բայց Ազրպէյճանի ղեկավարութիւնը իր մէջ քաջութիւն պիտի գտնի` քայլեր կատարելու այդ ուղղութեամբ, այդ ժամանակ կը խօսենք եւ գնահատական կը տանք: