Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հարցազրոյց է տուել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին` նշելով, որ Արցախի եւ Ազրպէյճանի իշխանութիւններն արմատապէս հակադիր մօտեցումներ ունեն փախստականների եւ տեղահանուած անձանց խնդրի հանդէպ: Եթէ Պաքուն փախստականների եւ ներքին տեղահանուած անձանց հարցը դիտարկում էր գլխաւորապէս որպէս քաղաքական կամ քարոզչական ինչ-որ շահեր ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպէս մարդասիրական խնդիր եւ հակամարտութեան ողջ ընթացքում ջանացել են թեթեւացնել փախստականների եւ ներքին տեղահանուածների կացութիւնը:
«Արցախփրես»-ը ներկայացնում է հարցազրոյցը.
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մայիլեան, Ազրպէյճանը փախստականների հարցը միշտ օգտագործել է որպէս քաղաքական ճնշման գործիք: Պաքուն շարունակում է յամառօրէն շրջանառութեան մէջ դնել հայերի կողմից «բռնագրաւուած» տարածքների եւ «միլիոնաւոր» փախստականների թեման: Տարիներ շարունակ Իմիշլիում, Պարտայում վրանային ճամբարներ են գոյութիւն ունեցել: Ի՞նչ միջոցներ են Արցախի իշխանութիւնները ձեռնարկում հայ փախստականների խնդրի լուծման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Փախստականների եւ ներքին տեղահանուած անձանց խնդիրն ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի առանցքային հարցերից մէկն է: Ընդ որում` պէտք է նշել, որ տուեալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչութեան ինքնորոշման իրաւունքի իրացման ուժային ճնշմանը միտուած Ազրպէյճանի ապակառուցողական քաղաքականութեան հետեւանքն է: Սա շատ կարեւոր է` ինչպէս ստեղծուած իրավիճակի համար պատասխանատուութեան հարցի, այնպէս էլ փախստականների եւ տեղահանուած անձանց խնդրի լուծման մեթոտաբանութեան տեսանկիւնից: Ակնյայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտութեան սկզբնապատճառը, իսկ այնուհետեւ անցնել նրա հետեւանքների վերացմանը:
Արցախի եւ Ազրպէյճանի իշխանութիւններն արմատապէս հակադիր մօտեցումներ ունեն փախստականների եւ տեղահանուած անձանց խնդրի հանդէպ: Եթէ Պաքուն փախստականների եւ ներքին տեղահանուած անձանց հարցը դիտարկում էր գլխաւորապէս որպէս քաղաքական կամ քարոզչական ինչ-որ շահեր ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպէս մարդասիրական խնդիր եւ հակամարտութեան ողջ ընթացքում ջանացել են թեթեւացնել փախստականների եւ ներքին տեղահանուածների կացութիւնը: Ի տարբերութիւն նաւթային պաշարներով հարուստ Ազրպէյճանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել: Արցախցիները հակամարտութեան զոհերի այդ խաւին տանիքի տակ կեանքի համար նուազագոյն պայմաններ են ապահովել: Մինչ օրս մեր պետութիւնը առանց միջազգային աջակցութեան շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպէս նաեւ ներքին տեղահանուածների համար, որոնք վերադարձել են բռնագրաւումից ազատագրուած բնակութեան նախկին վայրեր: Մասնաւորապէս Արցախի հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի 2017-2020թթ. ծրագրի գերակայ կէտերից մէկն Արցախում ապաստան գտած` Ազրպէյճանից հայ փախստականների ընկերային խնդիրների լուծման հարցն է:
Ազրպէյճանից հայ փախստականների հարցը մշտապէս Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների ուշադրութեան կեդրոնում է: Դեռ աւելի՛ն, նրանց իրաւունքների ու շահերի պաշտպանութիւնն արձանագրուած է Արցախի Հանրապետութեան կառավարութեան ամէնամեայ ծրագրերում` որպէս հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը:
Հ.- Դուք ճիշդ նկատեցիք` առանց միջազգային աջակցութեան: Ազրպէյճանից հայ փախստականները չունեն միջազգային կարգավիճակ, նրանք չեն օգտւում որեւէ միջազգային ծրագրից` ի տարբերութիւն ազրպէյճանական փախստականների: Ազրպէյճանից հայ փախստականների իրաւունքները լիովին անտեսւում են միջազգային ատեանների կողմից: Նրանք դա բացատրում են Արցախի Հանրապետութեան չճանաչուած լինելու հանգամանքով: Բայց ի՞նչ տարբերութիւն` փախստականներն ապրում են ճանաչուա՞ծ, թէ՞ չճանաչուած երկրում: Փաստ է, որ նրանք կան, եւ փաստ է այն, որ նրանց իրաւունքները խիստ սահմանափակուած են եղել Ազրպէյճանի կողմից. նրանք հալածանքների են ենթարկուել ազգային եւ կրօնական յատկանիշով, նրանց կեանքին վտանգ էր սպառնում…
Պ.- Անշուշտ, իրավիճակը, որում` Արցախում ապրող փախստականները եւ ներքին տեղահանուած անձինք լիովին մոռացուած են միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների կողմից, խիստ անբնական ու աղաղակող է: Մենք համարում ենք, որ այդ մարդկանց միջազգային պաշտպանութիւնից եւ աջակցութիւնից զրկելը նրանց հիմնարար իրաւունքների խախտում է: Այդ դիրքորոշման մասին մենք բազմիցս իրազեկել ենք միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովաքիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչաքի հետ վերջերս ունեցած հանդիպմանը ես նշել եմ, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն պէտք չէ սահմանափակուի բացառապէս կարգաւորման գործընթացով եւ առանց պատշաճ ուշադրութեան թողնի մարդկային հարթութիւնը: Մասնաւորապէս հանդիպմանն ընդգծել եմ, որ ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը տեւում է արդէն 27 տարուց աւելի, եւ այդ փաստը որոշակի պարտաւորութիւններ է դնում ԵԱՀԿ-ի վրայ, որպէսզի հակամարտութեան չկարգաւորուածութեան եւ Արցախը մեկուսացնելու պաքուի շարունակական փորձերով պայմանաւորուած` հանրապետութիւնում ապրող մարդիկ, այդ թւում` փախստականները եւ ներքին տեղահանուածները, սահմանափակուած չլինեն իրենց հիմնարար իրաւունքներն ու ազատութիւններն իրացնելու հարցում:
Հ.- Վերջին շրջանում որոշ տեղաշարժեր են զգացւում Արցախում ապրող փախստականների հարցում: Օրինակ, վերջերս Երեւանում Ազրպէյճանից հայ փախստականների Արցախի միութեան ղեկավարը հնարաւորութիւն ունեցաւ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնել տուեալ խմբի անձանց խնդիրները: Գիտեմ, որ ձեր նախաձեռնութիւնն է: Հակիրճ պատմէք հանդիպման բնոյթի մասին:
Պ.- Սարասար Սարեանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլաւ Լայչաքին պատմել է Արցախում ապրող հայ փախստականների հետ կապուած իրավիճակի մասին: Նա նշել է, որ Արցախի Հանրապետութիւնում շուրջ 30 հազար հայ փախստական է ապրում, ովքեր զրկուած են միջազգային աջակցութիւնից եւ օգնութիւնից, այդ թւում` ազրպէյճանական իշխանութիւնների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների կողմից Արցախ այցելելուն: Սարասար Սարեանը ԵԱՀԿ-ի գործող նախագահին հրաւիրել է այցելել Արցախ եւ տեղում ծանօթանալ Արցախում ապրող հայ փախստականների կացութեանը:
Հ.- Ի՞նչ էք կարծում, կը փոխուե՞ն արդեօք միջազգային կառոյցների մօտեցումները Արցախում ապրող Ազրպէյճանից հայ փախստականների հարցի հանդէպ: Կարելի՞ է, արդեօք, յոյսեր կապել այն բանի հետ, որ մեր փախստականները միջազգային կարգավիճակ կը ստանան, կը կարողանան օգտուել միջազգային մարդասիրական ինչ-որ ծրագրերից եւ այդպէս շարունակ:
Պ.- Չեմ կարծում, որ դա տեղի կ՛ունենայ մօտ ժամանակներս, բայց, յամենայնդէպս, մեր գերատեսչութիւնն ամէն բան անում է դրա համար, եւ դրա վառ ապացոյցը ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ Ազրպէյճանից հայ փախստականների Արցախի միութեան ղեկավարի մեր նախաձեռնած հանդիպումն էր: Յուսով եմ, որ Ազրպէյճանից հայ փախստականների ներկայացուցիչների ձայնը լսելի եղաւ: Դրանից բացի` մենք շփումներ ենք հաստատել Հայաստանի համանման կազմակերպութիւնների հետ:
Հ.- Անդրադառնանք ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ տարուող բանակցային գործընթացին: Գիտենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցութիւնների սեղանի շուրջ, ինչին Ազրպէյճանի նախագահը կտրականապէս չի համաձայնում կամ պայմաններ է առաջ քաշում, որ այդ պարագայում պէտք է ներկայ լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի, այսպէս կոչուած, ազրպէյճանական համայնքը:
Պ.- Առաջին հերթին` անհրաժեշտ է նշել, որ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը պաշտօնական Պաքուի` ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու պատրաստակամութեան աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչն է: Այս համոզմունքը հիմնւում է այն անվիճելի փաստի վրայ, որ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափն ամենաարդիւնաւէտն էր: Հետեւապէս, բանակցութիւնների ամենաարդիւնաւէտ ձեւաչափին հակազդելը, մեր կարծիքով, հաւասարազօր է կարգաւորման գործընթացի արհեստական ձգձգմանը:
Տպաւորութիւն է առաջանում, որ պաշտօնական Պաքուն ձգտում է բանակցութիւններն անվերջանալի գործընթացի վերածել` այն յոյսով, որ դա կ՛օգնի հետաձգել միջազգային հանրութեան կողմից Արցախի Հանրապետութեան անխուսափելի ճանաչումը` որպէս անկախ պետութեան: Այդ նպատակով ազրպէյճանական իշխանութիւնները փորձում են ամէն կերպ խեղաթիւրել հակամարտութեան էութիւնը` ներկայացնելով այն որպէս տարածքային կամ միջհամայնքային հակամարտութիւն: Փաստօրէն Արցախից ազրպէյճանական փախստականները դարձել են Ազրպէյճանի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու գործիք:
Հ.- 2005թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ընդունել է մարդու իրաւունքների բնագաւառում միջազգային կանոնների կոպիտ խախտումների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրաւական պաշտպանութեան եւ վնասի փոխհատուցման իրաւունքին վերաբերող հիմնական սկզբունքներն ու ղեկավարող դրոյթները:
Պ.- Փախստականների եւ ներքին տեղահանուածների հարցը յստակ բովանդակութիւն չի ունենայ, մինչեւ չտրուի գլխաւոր հարցի պատասխանը. հարց, որը վերաբերում է կողմերի ունեցած պատասխանատուութեանը այն անձանց առջեւ, որոնք հակամարտութեան արդիւնքում զրկուել են իրենց հայրենի հողում ազատ ապրելու եւ զարգանալու իրենց իրաւունքից:
Ազրպէյճանական ԽՍՀ-ն` որպէս իր հայազգի քաղաքացիների զանգուածային բռնի հեռացումը նախաձեռնած հանրապետութիւն, ակնառու կերպով ցուցադրել է տուեալ խմբի անձանց հանդէպ իր ունեցած դիրքորոշումը: Ո՛չ նախկին Ազրպէյճանական ԽՍՀ-ն, ո՛չ, առաւել եւս, ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութիւնը քայլեր չեն կատարել իրենց նախկին քաղաքացիների առջեւ սեփական քաղաքական-իրաւական պարտաւորութիւնների ճանաչման ուղղութեամբ եւ չեն ստանձնել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նիւթական պատասխանատուութիւն` գործած արարքների համար: Ազրպէյճանից աւելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ մէկը, լքելով այդ երկիրն իր կեանքին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում, փոխհատուցում չի ստացել` դրանից բխող բոլոր նիւթական-գոյքային եւ բարոյական կորուստներով:
Մարդու իրաւունքների բնագաւառում միջազգային կանոնների կոպիտ խախտումների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրաւական պաշտպանութեան եւ վնասի փոխհատուցման իրաւունքին վերաբերող հիմնական սկզբունքների եւ ղեկավարող դրոյթների համաձայն, նման խախտումների զոհերին պէտք է վնասի լիակատար եւ արդիւնաւէտ փոխհատուցում տրուի, որը ներառում է` վերականգնում փոխհատուցում, բաւարարութիւն եւ տեղի ունեցածը կրկնուել թոյլ չտալու երաշխիքներ: Փոխհատուցում պէտք է տրամադրուի տնտեսական գնահատման ենթակայ իւրաքանչիւր վնասի դիմաց` հաստատուած կարգով եւ խախտման լրջութեանը համաչափ: