«Կոմիտասի Երգերի Մէջ Մեր Յարատեւութեան Գաղտնիքն Է Աւանդուած»
Վարեց` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ, կայացաւ լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգը, որը նուիրուած է մեծ երգահան Կոմիտասի ծննդեան 150-ամեակին: Համազգայինի Արցախի գրասենեակից մեր թղթակցին տեղեկացրին, որ համերգից յետոյ երգիչը եօթ օր մնալու է Կովսականում եւ տեղի երիտասարդներին ու դպրոցականներին ուսուցանելու է կոմիտասեան երգեր:
Ներկայացնում ենք «Ապառաժ»-ի զրոյցը Լիբանանի Այնճար աւանում ծնուած, այնուհետեւ հայրենիքում հաստատուած երգչի հետ` Կոմիտասի, համերգի եւ ընդհանրապէս հայկական երգի շուրջ:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ.- Այս տարի հայ մեծանուն երգահան, երգիչ, Կոմիտաս վարդապետի 150-ամեակն է: Իբրեւ նրա երգերի մեկնաբան, կարո՞ղ էք կիսուել` ո՞րն է, ըստ ձեզ, նրա թողած կարեւորագոյն պատգամը:
ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆ.- Նախ եւ առաջ, շնորհակալ եմ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի «Ապառաժ» թերթին, որ դարձեալ առիթ է ընձեռում հայ մամուլի միջոցով խորհրդածութիւններս կիսելու: Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ Արցախի Համազգայինի գրասենեակին, որ կրկին այսպիսի առիթ ստեղծեց, որպէսզի հայ հանդիսատեսի հետ կարողանամ Կոմիտաս եւ ռազմահայրենասիրական երգերս կատարել:
Այո՛, մանկութեան օրերից Կոմիտասի ստեղծագործութիւնները ինձ համար եղել են հայ երգին սիրահարուածութեանս բանալին: Կոմիտասի կարեւորագոյն պատգամի մասին խօսելիս, անմիջապէս մտածում եմ հայ մնալու եւ հայօրէն ապրելու մասին: Նահատակութեամբ կտակուած պատգամ է այն: Այլ խօսքով` Կոմիտաս վարդապետի ժառանգութեան մէջ մեր ժողովրդի յարատեւութեան գաղտնիքն է աւանդուած, ազգային մեր ինքնուրոյն դիմագիծն ու պայքարը:
Տ. Ա.- Բացի հսկայական բանահաւաք աշխատանքներից` Կոմիտասը հայ երգը ներկայացրել է բազմաթիւ օտար բեմերում եւ նպատակ ունէր ապացուցելու, որ հայն ունի ինքնուրոյն երաժշտական մշակոյթ: Այսօր, 150 տարուայ հեռաւորութիւնից նայելով, արդեօք երգահանը հասե՞լ է իր նպատակին:
Գ. Հ.- Ձեր այս հարցը առաջին հարցի տրամաբանական շարունակութիւնն է. Կոմիտասը իր հանճարեղ մաքրագործմամբ օտարածին ելեւէջներից դասականացրեց հայ երգը` հայ երգի կատարողական արուեստը դնելով միջազգային մրցունակ երգի կողքին: Առ այդ, այսօր, երբ հայ երգիչ-երգչուհիները Հայաստանից դուրս են Կոմիտաս մատուցում, օտար հանդիսատեսը մեծ աչալրջութեամբ եւ գրաւուածութեամբ է ըմբոշխնում այն, որովհետեւ այնտեղ ներկայացուածը հայի մաքրամաքուր եւ ջինջ հոգուց բխած ոգին է, որ սաւառնում է դահլիճներից ներս: Այս առումով նաեւ չենք կարող բաւարարուել` միայն ասելով, որ, այո՛, նա հասել է իր նպատակին, այլ այդ միտքն ու գաղափարը մեր ամէնօրեայ ճիգի մէջ պէտք է մնան` որպէս կոմիտասաւանդ հայորդիք:
Տ. Ա.- Ինչքանո՞վ էք արժեւորում երգի դերը ազգային դաստիարակութեան գործում եւ արդեօք երգի նկատմամբ սէրը դերակատարութի՞ւն է ունեցել ձեր հայրենադարձութեան գործում:
Գ. ՀԱՃԵԱՆ.- Անշո՛ւշտ, հայ երգը առանցքային դերակատարութիւն ունի իւրաքանչիւր հայի հոգեմտաւոր կերտուածքում: Այնտեղ են` հայի ոգին, հայի երազանքները, ուրախութիւնը, վիշտը, խինդը, աշխատանքային եռանդը, սիրոյ մասնիկը, բնութեան հանդէպ սէրը, մարդասիրութիւնը, աւանդութիւնների պահպանումը, հոգեւոր ապրումները, աստուածավախութիւնն ու հաւատքը, ազգային նիստ ու կացը, հայրենասիրութիւնը, ռազմատենչ առնականութիւնը, պարերգութիւնը եւ այսպէս շա՜տ ու շատ անթիւ-անհամար ապրելաձեւն ու տեսիլները®
Այո՛, շատ կարեւոր է նաեւ կոմիտասեան երգի մէջ տեսնել ու ապրել հայրենադարձութիւնը: Կոմիտասն ինքը նաեւ երգահաւաք էր: Այսօր իր երգերը դարձել են հայահաւաքի ինքնուրոյն բանալիներից մէկը: Բոլոր մենահամերգների ժամանակ, յատկապէս Հայաստանից դուրս, անպայման այս գաղափարն եմ բարձրաձայնում հանդիսատեսի հետ, եւ ծափողջոյններով է դիմաւորւում այս գաղափարը, որը խորքային իմաստ ունի ու նաեւ ազդեցիկ է:
Տ. Ա.- Դուք յաճախ էք ելոյթներ ունենում Արցախի տարբեր շրջաններում, իսկ մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում է կայանալու հերթական համերգը: Ինչպէ՞ս էք գնահատում այդպիսի համերգների դերը ազգային-հայրենասիրական երգերի մեկնաբանութեան ու տարածման գործում:
Գ. Հ.- Այս հարցումը շատ կարեւոր է: Իր բովանդակութեան մէջ Կոմիտասը ապրել ու ապրեցնել է նշանակում: Այո՛, արցախահայութեան հետ, ե՛ւ ժողովրդի մօտ, ե՛ւ Պաշտպանութեան բանակում իմ մենահամերգները կեանքիս անկիւնադարձային պահերն են, կարող եմ շատ մեծ հպարտութեամբ նշել, որ Արցախում Կոմիտաս երգելը մեծ դերակատարութիւն ունի իմ պահանջատիրութեան ոգին միշտ վառ պահելու իմաստով: Նախ անդրադառնում եմ, որ Արցախն ազատագրուած է եւ իրաւատիրոջ արժանի հայաշխարհն է, Արցախի մարդկային մաքրագործումը ինձ համար նոյնն է, ինչ որ Կոմիտասն արեց հայ երգի պարագայում: Այսօր Արցախը հպարտ է իր հայեցի դիմագծի վերստին ձեռքբերումով, այսօր մենք ունենք ազատագրուած տարածքներ, որոնցից Կովսականը օրէցօր ծաղկում է, եւ այս ընթացքում այնտեղ գտնուել ու երգել Կոմիտաս, ազգային-հայրենասիրական երգեր, նշանակում է` ամուր պահել հայի ոգին ու կամքը. այն հայի, ով իր ազատ կամքով եկել եւ վերաբնակեցնելով հայրենի հողը, ամէն տեսակի դժուարութիւններ յաղթահարելով` հայ օճախ է հաստատում սահմանին կից եւ պայքարում է սահմանն ամուր պահելու համար: Այստեղ, ահաւասիկ, Կոմիտասն ու հայ մարդը նոյնանում են հայ զինուորին կողքին եւ հանդիսանում են հայապահպանման, ազգային անվտանգութեան հարցի վառ օրինակ:
Եւ այս անգամ ոչ թէ միայն որպէս երգիչ եմ այցելում, այլ իմ կամքով տեղի պատանիներին, երիտասարդներին մէկ շաբաթ հայ երգը պիտի ուսուցանեմ, եւ վերջին օրը հանդիսատեսի առջեւ ելոյթ պիտի ունենան արդէն սաներս` մատուցելով Կոմիտաս եւ ազգային հայրենասիրական երգեր: Եւ կը ցանկանայի, որ այս նախաձեռնութիւնը լինէր մշտական, եւ մեր բոլոր հեռու-մօտիկ գիւղերն արժանանային այսպիսի հոգատար մշակութային ծրագրերի:
Բացի դրանից, իմ ծննդավայր Այնճարը Կովսականի հետ քոյր քաղաք է, եւ այնտեղ ելոյթ ունենալը առանձնայատուկ նշանակութիւն ունի ինձ համար:
Շնորհակալ եմ Արցախի Համազգայինի գրասենեակին, որ այսպիսի ձեռնարկների միջոցով մեծարում է մեր ազգի պարծանք հանդիսացող Կոմիտասին ու իր արժանի ժամանակակիցներին, որոնք այսօր էլ նոյնն են յորդորում` ապրել ու շէնացնել հայի հողն ու տունը:
Տ. Ա.- Երկար տարիներ բնակուել էք օտար երկրում եւ բնականաբար բախուել սեփական մշակոյթը պահպանելու խնդրին, հայրենիքում այդ առումով խնդիրներ տեսնու՞մ էք արդեօք:
Գ. Հ.- Բոլոր ժամանակներում եւ աշխարհի ամէն անկիւնում հայը գերխնդիր է ունեցել եւ ունի` պահելու ազգային իր տեսակը, իր լեզուն, իր մշակոյթը: Այսօրուայ գերզարգացող աշխարհում, որպէս փոքրիկ, սակայն հնագոյն ազգ, ունենք մեր դժուարութիւնները, սակայն այստեղ ամենակարեւորը ճկուն լինելն է, եւ իւրաքանչիւր ժամանակ պէտք է որոնել ու գտնել հայ պատանու մտքին ու սրտին հասնելու մատչելի եւ հաղորդակից ճանապարհներ, նրա կրթութեան, դաստիարակութեան ընթացքում տալ ազգի յարատեւման գաղտնագրութիւնը, հայ երգի, Կոմիտասի, Խրիմեան Հայրիկի պատգամը®
Հայոց փրկութեան կարգախօսը ե՛ւ հայ զինուորի զէնքով, եւ՛ կոմիտասեան երգով է այսօր տարածուն եւ արժանի տեղը պէտք է ունենայ հայ մարդու մէջ, որովհետեւ երկուսի ճիշդ կիրառմամբ է ազգային մեր անկախութիւնն ու անվտանգութիւնը կայուն: Հետեւաբար, մենք ամէնօրեայ հացի նման` դրանց կարիքն ունենք, որպէսզի միշտ ամուր պահենք հոգեմարմնական մեր մարտունակ դիրքերը: