Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

50 Տարի Առաջ (11 Դեկտեմբեր 1968)

Դեկտեմբեր 11, 2018
| 50 Տարի Առաջ
0
Share on FacebookShare on Twitter

Լսեցէ՛ք, Հայեր,

Խօսողը Միակողմանի Եղբայրութեան Մը Որդեկորոյս
Զոհն Է` Լեռնային Ղարաբաղցի Բենիկ Մովսիսեան

Աւելի քան տարի մը առաջ դէպք մը, քստմնելի ոճիր մը, իր եղերական մանրամասնութիւններով, իր պատճառներով եւ հետեւանքներով ցնցեց ամբողջ հայութիւնը, նախ մայր հայրենիքի, ապա` արտասահմանի մէջ, երբ անոր արձագանգները հասան մեզի` տխուր եւ ընդվզեցուցիչ:

Պատմական Արցախի հողին վրայ, հոն, ուր կը կարծուէր, թէ շնորհիւ Մոսկուայի կեդրոնական իշխանութեան հայրակա՜ն համահաւասար հոգածութեան, խորհրդային ժողովուրդներու եղբայրական մթնոլորտը շատոնց պատմութեան յանձնած է անցեալի արիւնոտ յիշատակներ, օր ցերեկով յօշոտուեցաւ ինը տարեկան հայ տղեկ մը եւ դատական իշխանութիւնները արդար պատիժի մը մխիթարութիւնն իսկ զլացան հէք երեխային տարաբախտ ծնողներուն եւ ազրպէյճանցի գազանը դատապարտուեցաւ միայն… 10 տարի բանտարկութեան: Այս դատավճիռը, որ ծանր հարուած մը եղաւ դեռեւս խորհրդային արդարութեան մասին պատրանքներ սնուցանող մեր եղբայրներուն, արդար զայրոյթ յառաջացուց շրջանի հայերուն մօտ, որոնք, նոյն օրն իսկ, վճիռի արձակումէն անմիջապէս ետք, յարձակում գործեցին ու թոպամահ ըրին ոճրագործը:

Տարի մը առաջ գրեցինք ու հիմա կը կրկնենք. Ղարաբաղի դէպքը կը հանդիսանար արտայայտութիւնը մէկ կողմէ ազրպէյճանցի ժողովուրդին բնազդական հակումներուն, միւս կողմէ` Ղարաբաղի նախատինքը այլեւս չկարենայ տանելու` հայութեան զգացումներուն: Նման դէպք մը, դէպքեր կարելի կը դառնային, որովհետեւ ազրպէյճանցի ղեկավարները, գլխաւորութեամբ կոմկուսի քարտուղար Ախունտովի, եւ Մոսկուայի անոնց պաշտպանները կը յամառէին, առաջինները` իրենց մոլեռանդութեան, միւսները` իրենց անարդար կարգադրութիւններուն մէջ:

Ո՞րն է այդ անարդար կարգադրութիւնը, որ կը շարունակուի յիսուն տարիէ ի վեր: Ղարաբաղը, հայապատկան այլ հողերու հետ, դեռեւս զոհ կ՛երթայ տարօրինա՜կ եղբայրութեան մը «հրամայականներուն», Ազրպէյճան նստած է ուրիշին պատկանող հողերու վրայ` այդ բռնագրաւումը յաւերժացնելու յանցապարտ ցանկութեամբ մը, որ շա՜տ հեռու է եղբայրական տրամադրութեան մը ցուցանիշը ըլլալէ:

Նամակը, զոր արցունքով կարդացինք, արցունքով պիտի կարդայ իւրաքանչիւր հայ, ի՛նչ հոսանքի ալ պատկանի: Գրուած է խեղճ տղեկին հօր` Բենիկ Մովսիսեանի կողմէ եւ ուղղուած հայ ղեկավարի մը` Սողոմոնեանի, զայն «չպատռելու, չթաքցնելու, այլ ՄԱՍԱՅԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ», տարածելու խնդրանքով: Արդարագործ հայու մը կողմէ Պաքուի բանտէն գրուած այս նամակը ոչ միայն կը յուզէ մարդկային խնդիրներ, այլ նաեւ կ՛արծարծէ համահայկական հարցեր, կ՛ըսէ այն, ինչ որ կը մտածէ իւրաքանչիւր հայ` ի տես իր մասնատուած հայրենիքին:

Մեր խօսքը ըսելէ առաջ, ահա՛ նամակը, արդարութեան ծարաւի հայու մը սրտակեղեք կոչը.

Յարգելի` ընկ. Սողոմոնեան,

Յանկարծակիի չգաք: Ձեզ է դիմում ձեր կենդանի դիակ` հարեւանի որդի, յօշոտուած զաւկի հայր, այժմ բանտի բնակիչ Բենիկ Մովսիսեանը: Աշխարհը պատրաստւում է Մեծ Հոկտեմբերի յիսնամեակին, իսկ մենք` նորանոր դժբախտութիւնների: Հոկտեմբերի յիսնամեակի նախօրեակին հաւաքեցինք անմեղ, 10 տարի դեռ չբոլորած դպրոցական տղայիս մուսաւաթիստի կողմից կտրտուած, յօշոտուած դիակի պատառները, լցրեցինք փայտեայ դագաղին մէջ եւ հողին յանձնեցինք: Երեխայիս յօշոտողը մուսաւաթիստի որդի` ՍՄԿԿ-ի անդամ, դպրոցի տնօրէն, ձեզ քաջ յայտնի Արշատ Մամետովն էր: Նա էր, որ դրանից մէկ տարի առաջ սպաննեց Գրիշա Սողոմոնեանին` նրա ծերուկ հօրն ու երեք մանուկներին, երիտասարդ կնոջը թողնելով սգի ու սեւի մէջ: Գրիշայի հօր` Լեւոն քեռու աղեկտուր լաց ու կոծի արձագանգները դեռ ղօղանջում էին շատերիս ականջում, երբ նոյն դանակի զոհ դարձաւ նաեւ որդիս, անմեղ գառնուկս: Ի՛նչ լաւ է, որ դուք թուրքի կողմից մորթուած զաւակի հայր չէք: Դուք այդ մասին մեզ պատմել էիք գրքերից, իսկ ես տեսայ նաեւ իրականում: Գիտէ՞ք` ինչքա՛ն ծանր է այդ: Քնել չի լինում, հանգստանալ չի լինում. ուզում եմ քնել` երեխայիս անկողինն եմ յիշում, փորձում եմ ուտել` որդուս մարմնից կտրտուած մսի կտորներն եմ յիշում, անընդհատ զաւակս է կանչում` «Հայրի՛կ, վրէ՜ժ…»:

Սակայն քո տուած խրատները դարձեալ չէի մոռանում: Յիշո՞ւմ էք, թէ ինչպէ՛ս էիք պատմում խորհրդային կարգերի առաւելութիւնների, ժողովուրդների բարեկամութեան, միջազգայնականութեան, խորհրդային օրէնսդրականութեան արդարացիութեան մասին: Մենք ձեզ լսում էինք ու հաւատում:

Ձեր ասածներին ես հաւատացել եմ մինչեւ այս տարի, մինչեւ երեխայիս դահիճների վերաբերեալ դատավճռի ընթերցումը: Հաւատալով ձեր ասածներին` խորհրդային օրէնսդրութեան ուժին ու արդարացիութեանը, դիմել եմ նախ շրջանային, ապա մարզային, այնուհետեւ հանրապետական ու միութենական գրեթէ բոլոր կուսակցական, խորհրդային, արհմիութենական, կոմերիտական, դատական ու դատաքննչական օրկաններին ու խնդրել օրէնքով պատժել զաւկիս դահճին: Դիմեցի եւ սպասեցի: Սպասեցի եւ դիմեցի: Այդպէս մի ամբողջ տարի: Ազրպէյճանական հանրապետական կառավարութիւնը մի քանի ամիս գործը Մարտունու շրջանի դատական-դատաքննչական օրկաններում նեխացնելուց յետոյ յանձնեց «ինքնավար» մարզի (ինքնավարը չակերտներում) դատական-դատաքննչական օրկաններին: Նորից ամիսներ անցան, համարեա՛ կասկած չէր մնում, որ իրօք մարդասպանը արժանի պատիժ կը ստանայ: Ըստ երեւոյթին, այդ բանը հասկացան նաեւ Պաքւում: Պաքուի ղեկավարները սկսեցին անհանգստանալ` մի հայ երեխայի համար զրկուե՜լ արհեստավարժ հայասպանից: Զաւակիս մորթողների դատական գործը խլուեց հայերից: Ինքնավար մարզում, նրա հինգ շրջաններում մարդասպան դատող հայ չգտնուեց: Հայկական դատը յանձնուեց թուրքի: Մարդասպան թուրքին պէտք էր դատէր ինքը` թուրքը: Եւ ի՞նչ: Մինչեւ դատավճիռը կը յայտնուէր, փաստօրէն կենդանի չէին նաեւ բալիկիս  զոյգ տատիկներն ու պապիկները, կենդանի դիակ էր դարձել կինս, բայց դեռ բոլորս էլ շնչում էինք:

Իսկ երբ կաշառուած դատաւորը ազդարարեց` «Արշատ Մամետովին 10 տարուայ բանտարկութիւն», աչքերս մթնուեցին, գլուխս պատռուեց, լսեցի երեխայիս ձայնը` «Հայրի՛կ, խաբուած ես, բալիկդ է կանչում, բաւակա՛ն է` ինչքան ապրել ես, վրէ՜ժ…». ուրիշ ոչինչ չեմ յիշում… Վիրաւորուելս չզգացի, չիմացայ` ինչպէ՛ս ձերբակալուեցի, միայն մի բան եմ յիշում, որ բանտ նետուեցի: Երբ իմացայ, որ Արշատն այլեւս կենդանի չէ, 24 ժամ քնից չարթնցայ: Մի տարի չէի քնել: Զաւակիս թաղելուց յետոյ այդ առաջին անգամն էր, որ հանգիստ քնեցի, թէկուզ եւ բանտում` իբրեւ մարդասպան: Բայց մի՞թէ ես իրօք մարդասպան եմ: Չէ՞ որ ես մարդ չեմ սպաննել, ամբոխը պանտիթ է սատկացրել, վրէժ է լուծել` զաւակի՛ս վրէժը, արեան վրէժը: Ես փոխարինել եմ խորհրդային օրէնքին, ես փրկել եմ խորհրդային օրէնքի պատիւը, եթէ նոյնիսկ մենակ ինքս արած լինեմ, մի՞թէ ես մարդասպան եմ: Մի՞թէ թշնամուն ոչնչացնելը մարդասպանութիւն է համարւում: Այն դէպքում խորհրդային բոլոր մարդիկ բանտարկեալներ են: Չէ՞ որ նրանք ոչնչացրել են գերմանական մարդասպաններին. սպաննողներին մենք շնորհել ենք հերոսի կոչում, պարգեւատրել ու փառաբանել, իսկ ես` ոճրագործին սպաննելուն մասնակցելուս համար ձերբակալուել ու բանտ եմ նետուել:

Դուք յիշում էք, ընկ. Սողոմոնեան, երբ շրջկոմի քարտուղար էիք, եկաք գիւղ: Ես ու եղբօրդ տղան` Վահանը դասերը թողած վազեցինք եկանք ձեզ մօտ: Դուք ձեր տանը մենակ էիք ու տխուր, 1952 թ. աշնանն էր: Դուք մեզ քէֆ ու հալ հարցրիք: Մենք ասացինք, որ լաւ ենք: Յիշո՞ւմ էք, ինչ պատասխանեցիք դուք ինձ, երբ հարցրի. ընկ. Սողոմոնեան, ինչո՞ւ են մեզանից բուրդ ուզում, բուրդը ո՞րտեղից տանք: Դուք պատասխանեցիք.

– Ոչի՛նչ, ուզում են, տուէք: Պաղիրովին դեռ չեն խուզել, երբ կը խուզեն, էլ ոչ ոքից բուրդ չեն ուզի:

Մենք չհասկացանք ձեզ: Ձեր պատասխանը համարեցինք սովորական կատակ, ծիծաղեցինք եւ ուզում էինք գնալ, դուք ասացիք.

– Տղե՛րք, իմ ասածը ոչ ոքի չասէք: Մեր հարցին` ինչո՞ւ, դուք պատասխանեցիք.- Որ իմանան ես այդպիսի բան եմ ասել, ինձ կը սպաննեն: Յիշո՞ւմ էք այս բոլորը: Դժուար թէ մոռացած լինէք: Մեր այն հարցին, թէ ո՞վ կարող է ձեզ սպաննել, չէ՞ որ դուք շրջկոմի քարտուղար էք, այն էլ` հեղինակաւոր, դուք գրեթէ չպատասխանեցիք: Միայն ասացիք` «Ես կը փրկուեմ միայն Հայաստանում»:

Ու մենք գնացինք չհասկանալով` ինչումն է բանը, մենք երեխայ էինք: Դուք ամէն ինչ մեզ ասել չէիք կարող: Շատ չանցած` մենք լսեցինք, որ դուք արդէն մեկնել էք Հայաստան: Այդ ժամանակուանից անցել է շուրջ 15 տարի: 15 տարի է ես ձեզ չեմ տեսնում, բայց անչափ շնորհակալ եմ ձեզանից: Ինձ հաղորդել են, որ դուք ձեր մայրիկի մահուան առթիւ լինելով գիւղում` այցի էք գնացել եմ բալիկի սուրբ գերեզմանին եւ գլխիկոր աղեկտուր արտասուք թափել: Ինձ ասել են նաեւ, որ դուք եղել էք մեր տանը եւ ծնողներիս ներշնչել համբերութիւն: Դուք նրանց ասել էք, որ խորհրդային օրէնքը արդար կը դատէ: Իսկ ձեր խօսքը մինչեւ հիմա հեղինակութիւն է ծնողներիս համար: Նրանք հաւատացել են ձեզ եւ սկսել հանգստանալ: Ես այն կարծիքին չեմ ի հարկէ, որ դուք համոզուած էք ասել այդ, բայց դարձեալ շնորհակալ եմ, չէ՞ որ ձեր հեղինակաւոր խօսքի շնորհիւ մինչեւ դատավճռի յայտարարումը ծնողներս համեմատաբար հանգիստ էին: Ճիշդ է` դուք խաղացել էք ձեր խօսքի հեղինակութեան հետ, բայց ոչինչ, այն ժամանակաւոր հանգիստ է բերել ծնողներիս: Եւ երբ մանկամորթի պաշտպան, զաւակամորթի պաշտպան, ամենաանմեղամորթի պաշտպան պաքուեցի կաշառուած սրիկան ազդարարեց դատավճիռը` ծնողներս գոռացին` «Միքայէլ, դո՛ւ էլ խաբեցիր մեզ»: Այդ պահին էր, որ աչքերս մթնուեցին, այդ ձայնն էր, որ շփոթեցի մանկանս ձայնի հետ:

Հիմա ես բանտարկեալ եմ, յանցագործ: Հայասպանութիւնը յանցագործութիւն չէ, մուսաւաթասպանութիւնը` յանցագործութիւն, զաւակապաշտպանութիւնը` յանցագործութիւն, մարդասպանին ձեռք չտալը` օրէնքի պահանջ:

Դուք ասացիք, որ Պաղիրովին կը խուզեն: Ճիշդ դուրս եկաք: Միր Ճաւարը խուզուեց: Բայց ի՞նչը փոխուեց: Փոխուեց միայն այն, որ այժմ մեզանից բուրդ չեն ուզում, Ղարաբաղ են ուզում… Մի՞թէ բուրդն աւելի կարեւոր է, քան զաւակը, քան հայրենիքը… Պաղիրովի ժամանակ մեր գիւղում ոչ մի ազրպէյճանցի չէր ապրում, իսկ այժմ կայ ազրպէյճանական 70 տնտեսութիւն: Ասում են, որ այդ ինտերնացիոնալիզմ է, ժողովուրդների բարեկամութիւն: Իսկ ինչո՞ւ է հայ եւ ազրպէյճանական ժողովուրդների բարեկամութիւնը ամրապնդելու փորձ է կատարւում հայկական հողերն ու գիւղերը Ազրպէյճանին տրուելու միջոցով: Եթէ իսկապէս տարածքային զիջումներ օգնում են հայ եւ ազրպէյճանական ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը, ապա թող մեր գիւղացիներն էլ հող ու տուն ստանան հարեւան Մարզիլու, Կիչափլու, Սուղանլու, Սմիրանլար եւ միւս ազրպէյճանական գիւղերից, թող Ղարաբաղը, Նախիջեւանը, Կիրովապատը (Գանձակ, Ա.) եւ միւս տարածքներն էլ տրուեն Հայաստանին: Այդ ի՞նչ ինտերնացիոնալիզմ է, որ պահանջւում է միայն հայերից` ինչ-որ բան ազրպէյճանցիներին տալու միջոցով: Գուցէ դա նոր տեսակի ինտերնացիոնալիզմ է, որը դեռ չենք հասկացել: Բայց կարծեմ այդտեղ անհասկանալի ոչինչ չկայ: Անտէր ենք ու անպաշտպան: Հաւատարիմ ենք ու անբախտ: Ազատ Հայաստանը ինքնուրոյն պետութիւն է: Բայց չէ՞ որ պետութիւնը առանց բանակի աներեւակայելի է: Իսկ ո՞ւր է հայկական բանակը: Ի՞նչ կարող է անել Հայաստանի Կենտկոմի քարտուղարը. խնդրել Մոսկուային: Ես էլ եմ խնդրել: Մոսկուան աւելի շուտ լսում է մահմետական աշխարհին, քան` իր երկրի զաւակամեռ որդիներին:

Ընկ. Սողոմոնեան, դուք ինձ չմեղադրէք, ես ձեզանից ոչինչ չեմ խնդրում, դուք ինձ ոչնչով օգնել չէք կարող, միայն նամակս չպատռէ՛ք, չթաքցրէք, այլ կը մասսայականացնէք: Թող հայերն իմանան, թէ ի՛նչ վիճակում է Արցախի հայը… Հայաստանի քանի՜ քանի մանուկների կեանք ես փրկել դու, թուրքերի, պարսիկների, թաթարների եւ ուրիշ հրոսակախմբերի քանի՜ քանի արշաւանքներ ես մղել դու, իսկ այժմ քո մանուկներին կուսակցական տոմսով մարդասպաններից պաշտպանել չես կարողանում:

Լենինի շքանշանակի՛ր Արցախ, քո հողի վրայ, բոլոր հայերի աչքի առաջ սպաննում են քո մանուկներին միայն նրա համար, որ նրանք հայ են, քո թրքացած հայ ղեկավարների մասնակցութեամբ թուրք մոլլաները թաղում են Հայաստանին, թաղում, որին մասնակցում է նաեւ հանրապետութեան կոմունիստ, մինիստրների սովետի նախագահը: Արցա՛խ, քո կենտրոնում հանրապետութեան կուսակցութեան Կենտկոմի առաջին քարտուղարը, թուրքը` յայտարարում է, որ «դու եղել ես, կաս ու կը մնաս Ազրպէյճանի անբաժան ու անձեռնմխելի մասը», իսկ քո «հայ» կառավարիչները ծափահարում են: Արցա՛խ, ո՞ւր ես փախցնում քո իսկական ղեկավարներին ու ո՞ւմ ես պահում դու:

Ովքե՞ր են քո ղեկավարները: Մելքոնեանը, Հայկ Սարգսեանը, Սերոժա Աբրահամեանը, Շամիր Մկրտչեանը… իմ զաւակից թա՛նկ Արցախ, իմ զաւակի գերեզման Արցախ, հայութեան միջնաբերդ Արցախ, քո զաւակները քո բանտերից անգամ բաժին չեն ստանում, մեզ տարել են Պաքուի բանտերը, որպէսզի ֆիզիքապէս ոչնչացնելը աւելի հեշտ լինի: Հայ ժողովուրդ, դու մի՛ սպասիր հերթով մորթուելուն: Ես այս չեմ ասում ինձ փրկելու համար: Ինձ այլեւս փրկութիւն չկայ, իմ զաւակին ոչ մի ազգ վերակենդանացնել չի կարող, իմ բալիկի մօր սիրտը այլեւս ոչնչով չի մխիթարուի, ես մտածում եմ միւս հայերի մասին, մտածում եմ նրանց զաւակների կեանքի մասին, հայ մանուկների ու նրանց ծնողների մասին:

Հերթով որդեզրկուելու ու բանտ նետուելու տրամադրութիւնը ազգակործան է, ներկայ դէպքում` հայակործան:

Արցախը Հայաստանի համար մորթուած զաւակ չէ, մորթուելու վտանգի տակ է… Իմ զաւակիս մորթելուց առաջ ինձ ոչ ոք չի նախազգուշացրել, իսկ քանի՜ քանի տեղերից, քանի՜ քանի անգամ ձեզ զգուշացնում եմ, Խորհրդայի՛ն Հայաստան, հայայոյս Երեւան:

Ձեզ միշտ յարգող, Մեծ Հոկտեմբերի զաւակ, մուսաւաթների ձեռքով մորթուած զաւակի հայր, թուրքացած հայի մատնութեամբ մուսաւաթական զնդան նետուած, Հոկտեմբերի 50-ամեակի օրերին ալլահին մատաղցու, լեռնային ղարաբաղցի (արցախցի)`

ԲԵՆԻԿ ՄՈՎՍԻՍԵԱՆ

Նախորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

Յաջորդը

Ծերակուտական Մենենտեզ Կը Յետաձգէ Ծերակոյտին Կողմէ Ազրպէյ Ճանի Մէջ Միացեալ Նահանգներու Դեսպանին Հաստատումը

RelatedPosts

50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (18 Մարտ 1970)

Մարտ 18, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (17 Մարտ 1970)

Մարտ 17, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (16 Մարտ 1970)

Մարտ 16, 2020

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?