«Ազգերու լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 16 եւ 19 նոյեմբերին երկու մրցում ունի կատարելիք, յաջորդաբար Ճիպրալթարի եւ Լիխթնշթայնի դէմ:
Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց հրապարակեց իր կազմը, որ պիտի մասնակցի այդ երկու մրցումներուն:
Ազգային խումբ կը վերադառնայ Լիւքսամպուրկի փոխախոյեան` Փրոկրես Նիտերքորնի յառաջապահ Ալեքսանտր Կարապետեան (30 տարեկան), որ Հայաստանի կազմին հետ 2 մրցում կատարած է 2014-ին: Ան նախորդ տարեշրջանին նշանակեց 29 կոլ` իր ակումբին հետ:
Ստորեւ` հաւաքականին կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Լիեփայա, Լաթվիա), Արամ Հայրապետեան (Բանանց) եւ Հանրի Աւագեան (Ալաշկերտ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմփի, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Արտակ Եդիգարեան, Գագիկ Դաշբաշեան, Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Արթուր Քարտաշեան (Փիւնիկ) եւ Արտեոմ Խաչատուրով (Լոռի):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Գէորգ Ղազարեան (Ժաւիշ, Փորթուգալ), Էտկար Մալաքեան (Ժեթիսու, Ղազախստան), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Կարլեն Մկրտչեան, Ռումեան Յովսէփեան, Ալիք Առաքելեան (Փիւնիկ) եւ Գոռ Մալաքեան (Արարատ – Արմենիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Եուրա Մովսիսեան (Շիքակօ Ֆայըր, Միացեալ Նահանգներ) եւ Ալեքսանտր Կարապետեան (Փրոկրես Նիտերքորն (Լիւքսամպուրկ):
Հաւաքականին մարզիչը նշեց, որ Մարքոս Փիցելլի Անտրէ Քալիսիր, Հրայր Մկոյեան, Հայկ Իշխանեան, Պետրոս Աւետիսեան եւ Արթուր Սարգիսով չմիացան խումբին (վնասուածքի պատճառով), մինչ Արազ Օզպիլիս` փաստաթուղթերու հետ կապուած խնդիրներու պատճառով:
Հայրենի կազմը այսօր կը մեկնի Մալակա, ուրկէ օթոպիւսով Ճիպրալթար:



