Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Ա. Հանրապետութեան 100-ամեակը

Յուլիս 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Այո՛, հէնց այդպէս` Արցախի Ա. Հանրապետութիւն, որի 100-ամեակը լրանում է յուլիսի 22-ին: Անհերքելի պատմական ճշմարտութիւն է, որ 100 տարի առաջ նոյն այդ օրը` 1918թ.  յուլիսի 22-ին, Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարուեց Արցախահայութեան Ա. համագումարը, որը   Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միաւոր, այսինքն` իրաւական կարգավիճակով հանրապետութեանը հաւասարազօր պետութիւն:

Համագումարը, որին մեր լեռնաշխարհի բոլոր շրջաններից մասնակցում էին վճռորոշ ձայնի իրաւունքով 180 պատգամաւոր եւ խորհրդակցական ձայնով` Շուշի քաղաքում գործող հասարակական հոսանքների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, աշխատանքները շարունակեց մինչեւ յուլիսի 28-ը` ընտրելով Ազգային խորհուրդ եւ կազմելով քոալիսիոն կառավարութիւն` բաղկացած 7 անդամից: Այն ստացաւ «Ղարաբաղի ժողովրդական կառավարութիւն» անունը: Հէնց համագումարի օրերին էլ` յուլիսի 24-ին, ընդունուեց կառավարութեան հռչակագիրը:

Նորընտիր կառավարութիւնը, որի իրաւասութիւնը տարածւում էր ամբողջ գաւառի վրայ, եռանդագին լծուեց տեղերում իշխանութեան մարմինների ստեղծման գործին: Քաղաքի եւ մերձակայ շրջանների անվտանգութիւնն ապահովելու համար յուլիսի 27-ին հաստատուեց պարետութիւն: Գաւառի ներքին խնդիրները լուծելու համար ստեղծուեց չորս յանձնաժողով` ֆինանսական, պարէնաւորման, բժշկա-սանիտարական եւ վարչաիրաւական: Գիւղական լիազօրների փոխարէն` նշանակուեցին գաւառային եւ քաղաքային կոմիսարներ: Ջրաբերդ-Գիւլիստանում, Խաչէնում, Դիզակում եւ Շուշիում հիմնուեցին հաշտարար դատարաններ: Իբրեւ բարձրագոյն վճռաբեկ ատեան` Շուշիում ստեղծուեց շրջանային դատարան եւ նրան կից յատուկ գործերի քննիչ յանձնաժողով:

Այսպիսով, Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծմամբ աւարտուեց արցախեան լեռնաշխարհի  հայկական անկախ իշխանութեան կազմաւորման դժուարին գործընթացը, ինչի արդիւնքում 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ունէր պետականութեան բոլոր յատկանիշները, ներառեալ` բանակն ու օրինական իշխանութիւնները: «Ղարաբաղի ժողովրդական կառավարութեան ստեղծումով հայերը հռչակեցին նրա անկախ գոյութեան իրաւունքը, որը, հարկաւ, սկսեց տհաճութիւն պատճառել թուրքերին», գրել է «Մշակ» թերթը:

Ժամանակաշրջանը, անշուշտ, բոլոր առումներով վտանգայարոյց էր` յագեցած հակասական ու տրամաթիք իրադարձութիւններով: Հէնց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձաւ «վիճելի տարածք»: Փաստօրէն, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է հէնց այդ շրջանում, երբ 1917թ. Ռուսաստանի կայսրութեան փլուզման արդիւնքում Անդրկովկասում կազմաւորուեցին երեք ազգային պետութիւններ` Հայաստանի, Ազրպէյճանի եւ Վրաստանի հանրապետութիւնները: Ազրպէյճանը ձգտում էր միաւորուել Թուրքիայի հետ, վրաստանը յոյսեր էր տածում Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հաւատարիմ մնացած հայաստանին ոչ մի տէրութիւն չէր սատարում: Ի տարբերութիւն Հայաստանի եւ Վրաստանի` «Ազրպէյճան» անունով պետութիւն ձեւաւորուել էր առաջին անգամ եւ որեւէ պատմական կապ չունէր արեւելեան Անդրկովկասի հետ: Նորաստեղծ Ազրպէյճանը նպատակ ունէր ցամաքային կապ հաստատել Օսմանեան կայսրութեան հետ, որի ճանապարհին ընկած էր նաեւ Արցախի տարածքը: Արցախահայութիւնը հրաժարուեց ճանաչել, այսպէս կոչուած, Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւասութիւնը:

Ազրպէյճանի մուսաւաթական կառավարութիւնը նպատակադրուել էր բռնազաւթել պատմական Հայաստանի տարածքներից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Նրա ծաւալապաշտական ծրագրերը բացայայտ քաջալերում եւ դրանց իրականացմանը նպաստում էին Թուրքիան, որոշ ժամանակ անց` դաշնակից տէրութիւնները, գլխաւորապէս` Անգլիան, իսկ Ազրպէյճանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ պոլշեւիկեան Ռուսաստանը:

Այնուամենայնիւ, արցախահայութիւնը, հաւատարիմ մնալով նախնեաց ազատատենչ ոգուն, կենաց ու մահու պայքար մղեց իր բնօրրան երկրի ազատութեան ու անկախութեան համար, պայքար, որի կազմակերպական, բարոյական ու քաղաքական, միով բանիւ` ռազմավարական կեդրոն դարձաւ Շուշի քաղաքը:

Արցախում հայ-թաթարական ազգամիջեան խորացող ատելութիւնը, բնականաբար, խիստ վտանգաւոր էր եւ յղի` ներքին կռիւների ողբերգական հեռանկարով: Ուստի, ձգտելով կանխել իրադարձութիւնների նման զարգացումը, Արցախի իշխանութիւնները հնարաւորինս ամէն ինչ անում էին առաջացող վիճելի հարցերը քաղաքակիրթ ձեւով` բանակցութիւնների միջոցով  լուծելու համար: Սակայն Ազրպէյճանի ղեկավարութիւնը, մտադրութիւն չունենալով հրաժարուել Լեռնային Ղարաբաղը նուաճելու գաղափարից, մի կողմից եռադուն ջանքերով անընդհատ բորբոքում, սրում էր հայ-թաթարական փոխյարաբերութիւնները, միւս կողմից` յարմար պահի սպասում իր նկրտումներն իրականացնելու համար: Եւ պահն այդ չուշացաւ: Երիտթուրքական զօրքերը, որոնք խայտառակ պարտութիւն էին կրել հայ ժողովրդի մղած 1918թթ. մայիսեան հերոսամարտերում` Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում, տակաւին մեծ վտանգ էին ներկայացնում Հայաստանի եւ նրա պատմական նահանգ Արցախ լեռնաշխարհի համար: Ղազախ-Աղստաֆա գծով դրանք շտապում էին Գանձակ` դէպի Պաքու առաջանալու եւ այն գրաւելու համար, նպատակ ունենալով, մի կողմից, կանխել գերմանացիներին, միւս կողմից`  նախադրեալներ ստեղծել համաթուրքական նպատակների իրականացման համար: Դէպի Պաքու շարժուող թուրքական բանակից առանձնացաւ մի զօրախումբ եւ գնաց դէպի Արցախ ու բանակատեղի դարձրեց Աղտամը` ներկայիս Ակնան,  Լեռնային Ղարաբաղի սահմանային դարպասներից մէկը, որը բանալի էր գաւառ ներխուժելու համար:

Զօրախմբի հրամանատար Ճեմիլ Ճահիտ պէյը, ապա եւ թուրքական զօրքերի հրամանատար Նուրի փաշան, դեռեւս Ելիզավետպոլում (Գանձակում) հաստատուած  ազրպէյճանական կառավարութեան հետ մէկտեղ վերջնագրեր ներկայացրին Ղարաբաղի Ազգային խորհրդին: Թշնամին, վստահ լինելով իր վրայ, ծրագրել էր սրընթաց գրոհով վերցնել Շուշին: Թուրք-թաթարական միացեալ ուժերի յարձակմանը նախորդեց Ղարաղշլաղ (ներկայիս` Բերդաձոր) հայկական մեծ գիւղի կործանումը, որը ծանր հարուած էր Արցախին: Գիւղը պատկանում էր Զանգեզուրի գաւառին եւ սահմանակից էր Շուշի քաղաքին: Արցախի համար այն ունէր ռազմավարական նշանակութիւն. Գորիսից դէպի Շուշի միակ ճանապարհը անցնում էր այդտեղով:

Սեպտեմբերի 6-ին` Ղարաղշլաղի անկումից երկու օր անց, Շուշիում հրաւիրուեց Արցախահայութեան Բ.  համագումարը, որը պէտք է քննարկէր գաւառի ներքին ու արտաքին կեանքին վերաբերող մի շարք հարցեր: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 200 մարդ, այդ թւում` ներկայացուցիչներ քաղաքական բոլոր կուսակցութիւններից: Համագումարը, մէկ անգամ եւս արտայայտելով արցախահայութեան կամքը, անառարկելիօրէն մերժեց թուրքական հրամանատարութեան եւ մուսաւաթական կառավարութեան պահանջները` միաձայն արտայայտուելով Հայաստանի Հանրապետութեան հետ միաւորուելու օգտին:

Սեպտեմբերի 15-ին, անգլիական ուժերի հեռանալուց յետոյ, թուրքերը ներխուժեցին Պաքու եւ կազմակերպեցին եռօրեայ նախճիր` կոտորելով 30 հազար անզէն հայերի: Պաքուի եւ Ելիգավետպոլի (Գանձակի) նահանգներում աւերուեցին ու ոչնչացուեցին հարիւրաւոր հայկական գիւղեր:

Թուրքական զօրքերի հրամանատարութիւնը դարձեալ վերջնագիր յղեց Ղարաբաղի կառավարութեանը` պահանջելով զինաթափուել ու թոյլատրել թուրք-թաթարական զօրքերի մուտքը  Շուշի  եւ ճանաչել Ազրպէյճանի իշխանութիւնը:

Սեպտեմբերի 17-22-ին Շուշիում գումարուեց Արցախահայութեան Գ. համագումարը: Պատգամաւորների ընդհանուր թիւը հասնում էր շուրջ 200-ի: Համագումարի աշխատանքներն ընթանում էին բուռն վէճերի պայմաններում: Երեք օրուայ քննարկումներից յետոյ որոշուեց` հաշուի առնելով, որ Ա. Աշխարհամարտում գերմանա-թուրքական խմբաւորման պարտութիւնը դարձել է օրախնդիր, ժամանակ շահելու նպատակով եւ արիւնահեղութիւնից խուսափելու համար առանց կռուի գնալ համաձայնութեան:

Մինչ այդ թուրք-թաթարական զինուած կազմաւորումները սեպտեմբերի 22-23-ին լայնածաւալ յարձակում սկսեցին Ղարաբաղի վրայ եւ շարժուեցին դէպի Շուշի` ճանապարհին աւերելով ամէն ինչ, ժողովրդից խլելով բոլոր զէնքերը եւ տեղափոխելով Աղտամ (Ակնա): Շուշին առանց կռուի անձնատուր եղաւ: Տաճիկ ասկեարները, որոնց թիւը հասնում էր շուրջ 2000-ի, Շուշի մտան սեպտեմբերի 24-ին: Գրաւելով Շուշին, թուրքերն այնտեղ մտցրին ռազմական դրութիւն: Ազրպէյճանի թելադրանքով թուրք հրամանատարութիւնը ցրեց Ղարաբաղի կառավարութիւնը եւ զինաթափ արեց հայ բնակչութեանը: Խուժելով քաղաք` տաճիկ ասկեարները, քրտերն ու տեղական թուրքերը սկսեցին կողոպտել հայերի տները, խանութները եւ կոտորել նրանց: Սարսափելի կոտորածն ու թալանը տեւեցին երկու օր ու դադարեցին երրորդ օրը միայն: Առաջին հերթին հաշուեյարդար տեսան Շուշիի հայ մտաւորականութեան հետ: Միայն հոկտեմբերի 1-ի գիշերը ձերբակալուեց մի քանի տասնեակ մտաւորական` աւելի քան 60 հոգի: Բնակչութեան գլխին կախուած բոլոր տեսակի դժուարութիւններից ամէնից սարսափելին սովն էր: Թուրքերի մուտք գործելուց յետոյ գիւղացիները պոյքոթ յայտարարեցին քաղաքին եւ թոյլ չտուեցին, որպէսզի ոեւէ մէկը կենսամթերք բերէր քաղաք, դա էլ` այն դէպքում, երբ քաղաքը կտրուած էր դրսի աշխարհից, հաղորդակցութիւն չունէր թէ՛ Գանձակի եւ թէ՛ Գորիսի հետ:

Թուրքական տիրապետութեան հետեւանքով Ազրպէյճանի իշխանութիւնը տարածուեց ընդամէնը Շուշի քաղաքի եւ Քարինտակ, Շոշ ու Ղայբալու գիւղերի վրայ:  Ու թէկուզ  Շուշին ընկել էր, բայց կանգուն էին միւս շրջանները` Ճիւանշիրը, Ջրաբերդը, Դիզակը եւ Վարանդան: Յատկանշական է, որ դեռեւս թուրքական յարձակման նախօրեակին այդ շրջանների զինուած ուժերն ինքնաբերաբար համախմբուեցին գաւառի աչքի ընկնող գործիչների շուրջը եւ, երկիրը պաշտպանելով վերահաս վտանգից` միչեւ անգլիական ներկայացուցչութեան գալը, չենթարկուեցին թուրքական հրամանատարութեանն ու Ազրպէյճանի կառավարութեանը: Այն օրերին, երբ թուրքերը շարժւում էին դէպի Շուշի, Ճիւանշիրի գաւառի հայութիւնն անհաւասար կռւում ջարդեց ու դուրս շպրտեց իր հողը ներխուժած թուրքերին: Ճիւանշիրում կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ տաճկական բանակի հրամանատարութիւնը վճռում է գրաւել Վարանդան: Թուրքական զինուժը առանց դիմադրութեան հանդիպելու` մտաւ Շոշ, այնուհետեւ` Տռնավարզ եւ Խաչմաչ գիւղերը: Հոկտեմբերի 17-ի երեկոյեան թշնամին հասաւ Վարանդայի Մսմնայ գիւղ եւ գիշերեց այնտեղ: Զէնքի ընդունակ բնակչութիւնը ոտքի կանգնեց: Ամէնուր կազմակերպուեցին աշխարհազօրային ջոկատներ: Նոյն օրը հայկական մի ջոկատ` Ասլան Մուրադխանեանի (Ասլանիկ) գլխաւորութեամբ, ամրանում է Մաշադիշէն գիւղի մօտ ընկած բարձունքներում` փակելով դէպի Ամարասի ձոր տանող միակ ճանապարհը: Հայ զինեալները փակեցին նաեւ դէպի Շուշի տանող նահանջի ուղիները: Գիշերուայ խրախճանքը դեռ չվայելած` թուրք եւ թաթար ասկեարները հոկտեմբերի 18-ի լուսաբացը դիմաւորեցին շրջապատման մէջ ընկած: Շրջապատումից դուրս գալու թշնամու բոլոր ջանքերն ապարդիւն անցան. կռիւը տեւեց մի ամբողջ օր: Հակառակորդը մարտադաշտում թողեց մի քանի տասնեակ զինուոր, նաեւ` 3 թնդանօթ, 4 գնդացիր եւ ռազմամթերքով բեռնաւորուած 30 ջորի: Ոսոխի կենդանի մնացած աննշան թուով զինուորները, օգտուելով մառախլապատ եղանակից, ծածուկ քաշւում են դիմացի անտառը, իսկ այնտեղից գիշերով մեծ դժուարութեամբ հասնում Շուշի: Այսպիսով, Արցախի գաւառները թշնամու համար մնացին անմատչելի: Այսքանից յետոյ թուրքերը հազիւ մտածէին, թէ Շուշի մտնելը բաւական է, որպէսզի իրենցը համարեն ողջ Լեռնային Ղարաբաղը:

Ի վերջոյ, 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուտրոսի զինադադարով Թուրքիան ճանաչեց իր պարտութիւնն Ա. Աշխարհամարտում: Թուրքական զօրքերը հեռացան Անդրկովկասից, իսկ դեկտեմբերին նրանց տեղը գրաւեցին անգլիացիները եւ երկրամասում դարձան բացարձակ տէր ու տիրական: Մուսաւաթական Ազրպէյճանի կառավարութիւնն այս անգամ փորձեց անգլիացիների օգնութեամբ նուաճել Լեռնային Ղարաբաղը: Յայտարարելով, թէ վիճելի տարածքների ճակատագիրը որոշուելու է փարիզի հաշտութեան խորհրդաժողովում, անգլիական հրամանատարութիւնն իրականում ջանք չէր խնայում Լեռնային Ղարաբաղն Ազրպէյճանին կցելու համար: Հսկողութիւն հաստատելով Պաքուի  նաւթի արտահանութեան վրայ` նա ձգտում էր Անդրկովկասը վերջնականապէս անջատել Ռուսաստանից, իսկ Ազրպէյճանը դարձնել Արեւմուտքի ամրակէտն ու խոչընդոտել տարածաշրջանի խորհրդայնացումը: Այդ պատճառով էլ Անդրկովկասի նկատմամբ դաշնային պետութիւնների քաղաքականութիւնն ակնյայտ ազրպէյճանամէտ էր:

Բրիտանական ռազմական ներկայացուցչութեան Ղարաբաղ մուտք գործելուց յետոյ տեղի քաղաքական ուժերի մէջ ուրուագծւում է երկու ուղղութիւն: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք Շահնազարեանի եւ Ղարաբաղի զօրքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ բէկ Մելիք Շահնազարեանի գլխաւորած հոսանքը բռնել էր անգլիացիներին հլու-հնազանդ ենթարկուելու ուղին: Նրանք գտնում էին, որ պէտք է ենթարկուել դաշնակիցների կամքին, անտեղի արիւն չթափել, համբերատար սպասել վեհաժողովի արդար վճռին: Հակառակ դէպքում դա կարող է վնասել Արցախի դատին: Իսկ Դաշնակցութեան տեղական «Ապառաժ» կոմիտէն եւ Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդն անիմաստ էին համարում անգլիացիների հետ յոյսեր կապելը, առաւել եւս` նրանցից օգնութիւն եւ աջակցութիւն սպասելը: Նրանք Արցախի հարցի լուծումը իրաւացիօրէն կապում էին ազատագրական պայքարի հետ եւ ճիգ էին գործադրում զէնքի ենթակայ բնակչութիւնից զինեալ խմբեր ստեղծելու ուղղութեամբ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

(Շար. 1)

Նախորդը

Հայ Երգչուհին, Որ Գրաւեց Պոլիսը, Եւ Ո՞վ Է Այս Տաղանդաւոր Պոլսահայ Երաժիշտը

Յաջորդը

Աշխարհիկութեան Ալիքը Հասաւ Յունաստան

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?