ՍՈՒՍԱՆՆԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (Հայաստան)
Բանասիրական գիտութիւնների դոկտոր
«Միջազգային գիտաժողովի նիւթեր»
ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ
«Ապառաժ»
20-րդ դարի առաջին երկու տասնամեակները աւելի, քան` հայ ժողովրդի պատմութեան ընթացքի որեւէ այլ հանգրուան, խտացրեցին իրենց մէջ մեր գոյութիւնից ի վեր բոլոր դարերի ողբերգութիւնն ու օրհասը, որոնք միաժամանակ ծնեցին հայորդիների աննախադէպ քաջ, տաղանդաւոր սերունդ, հայրենազրկման պահին ազգի գոյապայքարին նուիրուած հայրենասէրների մի ծաղկաբոյլ, որի կարկառուն ներկայացուցիչներից են նաեւ Աւետիս Ահարոնեանը եւ Յովհաննէս Թումանեանը: Երկուսն էլ դարձան իրենց ժողովրդի ողբերգական ճակատագրի կրողները:
Երկու գրողների ստեղծագործական կեանքի ու ազգային հայրենասիրական գործունէութեան սկիզբը դրուեց գրեթէ միաժամանակ, եւ պայմանաւորուած էր ազգային ինքնագիտակցութեան բարձրացման եւ ազատագրական պայքարի նոր զարթօնքով: Նրանց բարեկամութեան ու մտերմութեան, գրական ու քաղաքական գործունէութեան աշխուժ տարիները 20-րդ դարի առաջին երկու տասնամեակներն էին: Ահարոնեանի եւ Թումանեանի ճանապարհները խաչուել են ինչպէս անձնական, այնպէս էլ հայ գրական ու մշակութային կեանքի, նաեւ ազգային քաղաքական կեանքի խաչմերուկներում:
Ահարոնեանն ու Թումանեանը մինչեւ 20-րդ դարասկիզբ անձամբ ծանօթ չէին. միմեանց գիտէին միայն մամուլի հրապարակումներով: Ծանօթացել են ըստ ամենայնի 1901-1902թթ., երբ Ահարոնեանը բնակութիւն հաստատեց Թիֆլիսում եւ ստանձնեց «Մուրճ» ամսագրի գրական-գեղարուեստական բաժնի խմբագրի պաշտօնը: 1902թ. յուլիսին 1893-ից «Մուրճ»-ից հեռացած բանաստեղծին Ահարոնեանը հրաւիրեց աշխատակցելու ամսագրին: Նա 1902թ. սեպտեմբերին Թումանեանից խնդրել էր որեւէ բանաստեղծութիւն տրամադրել ամսագրին: 1902թ. նոյեմբերի 9-ին պոէտը գրում է. «Այս օրերս մի բան եմ ուղարկելու: Եւ այն էլ` լեգենդ»:
Նոյն շրջանում հեղինակի ընթերցանութեամբ լսելով «Սասունցի Դաւիթը»` Ահարոնեանն այն տպագրում է «Մուրճ»-ում, 1903թ. փետրուարից:
Յայտնի չէ, թէ որոշակիօրէն որտեղ հանդիպեցին երկու գրողները` խմբագրութիւնո՞ւմ, թէ՞ այլուր, սակայն մինչեւ 1906թ. երկու գրողների միջեւ սոսկ գրական գործիչների գործնական յարաբերութիւններ էին: Նրանք մտերմացան 1906-ից, երբ Աւ. Ահարոնեանը ընտանիքով հաստատուեց Բեհբութեան 60 հասցէում: Գրողի որդին` Վարդգէս Ահարոնեանը, մօտաւորապէս ճիշդ է յիշում, երբ գրում է. «Յովհ. Թումանեանը ծանօթ էր մեր ընտանիքին 1903-ից սկսած: Մեր երկու ընտանիքները, սակայն, ծանօթ չէին իրարու գրեթէ մինչեւ 1906-07թթ. 1906-ից մենք էլ փոխադրուեցինք Սոլոլակ եւ միեւնոյն Բեհբութեան փողոցը, ուր բնակւում էր Թումանեանը: Բնակարանների մօտիկութիւնը փոխադարձ այցելութիւնների հնարաւորութիւններ ստեղծեց: Յովհ. Թումանեանին շատ անգամներ տեսել էի մեր տանը»:
Յիրաւի, բանաստեղծը յաճախ էր լինում Ահարոնեանի տանը: Այդպիսի այցելութիւններից մէկի մասին պատմում է Վարդգէս Ահարոնեանը. «Մի անգամ, երբ Յովհ. Թումանեանը մեր տանն էր, իմ ամենափոքր եղբայրը` այն ժամանակ հազիւ հինգ տարեկան, ծայրեծայր արտասանեց Թումանեանի «Անբախտ վաճառականները» բաւական երկար առակը:
Թումանեանը սաստիկ յուզուեց.
– Էսպէ՜ս էլ բան, էդ ո՞նց է սովորել էդքան բանը:
Միմեանց հետ մտերիմ էին գրողների զաւակները, մասնաւորապէս` Մուշեղն ու Վարդգէսը, ովքեր տարեկիցներ էին: Թումանեանի զաւակները նոյնպէս հաճոյքով էին ընթերցում Ահարոնեանի երկերը: Այսպէս, Աշխէն Թումանեանը 1909թ. յուլիսի 29-ին տեղեկացնում է հայրիկին, որ շատ է հաւանել Ահարոնեանի «Լռութիւնը», որը նրան յիշեցրել է Տուրգենեւի «Տվորեանսքոէ կնեզտօ»-ն («Տը Նոպըլ»-ի բոյնը):
1907թ. աշնանից մինչեւ 1909թ. մայիս Ահարոնեանը Ներսիսեան դպրոցի տեսուչն էր: Ահարոնեանի նոր պաշտօնը առիթ դարձաւ նրա եւ Թումանեանի մանկավարժական համագործակցութեան: 1906թ. բանաստեղծն ընտրւում է Ներսիսեան դպրոցի հոգաբարձուների խորհրդի 12 անդամներից մէկը Լոռու բնակչութեան կողմից: Ղ. Աղայեանը նոյնպէս այդ յանձնաժողովում էր: Ահարոնեանը նրանց երկուսին է վստահում 1907թ. ընդունելութիւնը: Երկու մանկագիրները չեն կարողանում մերժել գաւառներից եկած ոեւէ երեխայի: Ինչպէս վկայում է Թումանեանը` «Մենք էլ ոչ մէկին չմերժեցինք, դէ, գաւառներից եկած երեխաներ»: Ահարոնեանը, որ ամէնուր կարգ ու կանոն էր հաստատում, ստիպուած եղաւ դպրոցում նոր ճիւղեր «վարժեցնել», նախապատրաստական դասարաններ բացելու հրաման տալ եւ յաջորդ տարին սահմանափակել ընդունելութիւնը: Միաժամանակ Ներսիսեան դպրոցի տեսուչը հանդէս է գալիս նոր շէնք կառուցելու նախաձեռնութեամբ` գործին կարողանալով մասնակից դարձնել Ալեքսանդր Մանթաշեանին:
Գնալով` երկու գրողների մտերմութիւնն աւելի էր խորանում: Ահարոնեանը սկսում է ներկայ լինել պոէտի բնակարանում «Վերնատան» հաւաքոյթներին: «Մեր «Վերնատունը» բանում է մեղուի փեթակի նման,- գրում է Թումանեանը 1908թ. ապրիլին: – Նոր մօտիկ ընկեր-բարեկամներից ուզում եմ յիշել Ահարոնեանին… Այո՛, միշտ իրար հետ ու իրար մօտ»:
1908թ. ապրիլի առաջին կէսին Ներսիսեան դպրոցի ղեկավարութիւնը որոշել էր դպրոցական գործերով Թումանեանին եւ Աւ. Ահարոնեանին գործուղել Եւրոպա: Ահարոնեանն ամէն ինչ անում է, որ յունիսեան այդ ուղեւորութիւնից Թումանեանը չհրաժարուի: Բայց պոէտը կրկին, այս էլ որերո՜րդ անգամ, չի կարողանում օգտուել արտասահման մեկնելու բարեպատեհ առիթից: Բանաստեղծի` 1908թ. յուլիսի 2-ի նամակում կարդում ենք. «Լէոն ու Աւետիսը շատ աշխատեցին, որ ինձ տեղահան անեն, հետները տանեն Եւրոպա: Չեղաւ, մնացի: Մի քանի հարիւր ռուբլի փող պէտք էր գտնէի, որ հետս վերցնէի, մի քանի հարիւր էլ, որ տանըցոց ապահովէի մինչեւ գալս, մի քանի հարիւր էլ` էս ու էն ամսին վճարելիքներ ունեմ… Մի՞թէ կարելի բան էր: Չեղաւ: Բայց շատ կ՛ուզենայի մի անգամ ընկնեմ էդ աշխարհքը, ինչ որ ականջով լսել եմ, մի աչքով տեսնեմ` ժողովուրդներ կան, աշխարհքներ… կան… կուլտուրա ու գեղարուեստ կայ: Հարկաւոր էր, շատ էր հարկաւոր… լաւ կը լինէր, բայց չի լինում»:
Աւ. Ահարոնեանի եւ Յովհ. Թումանեանի նամակագրութիւնից պահպանուել են միմեանց հասցէագրուած` 1914թ. եւ 1921թ. մէկ-երկու նամակ (Թումանեանի` 1914թ. մարտի 31-ի նամակը Թիֆլիսից եւ Ահարոնեանի 1914. ապրիլի 26-ի (հին տոմարով) նամակը Լոզանից), նաեւ Ահարոնեանի 1921թ. սեպտեմբերի 1-ի մի նամակը` ուղղուած բանաստեղծին, որով վտարանդի դարձած Ահարոնեանը խնդրում էր աջակցել իր հարազատներին: Սակայն այդ մի քանի նամակներն էլ բաւական են` համոզուելու նրանց մտերմութեան եւ ընկերական ջերմ յարաբերութիւնների մասին: Դրանք վկայում են, որ նրանք միմեանց վստահել են, պատմել են իրենց դժուարութիւններից ու հոգսերից եւ անկեղծօրէն զրուցել այն ամէնի մասին, ինչ չէին կարող բարձրաձայնել:
Ահարոնեանը գրում է գրական որոշ ընկերներից, նոր սերնդի գործիչներից ու հրապարակախօսներից, յատկապէս` «Մշակ»-ի «մարքսիստ» թղթակիցներից (նկատի ունէր Ցոլակ Խանզադեանին եւ Պօղոս Մակինցեանին) իր հիասթափութեան, անձնական ապրումների, վիրաւորանքների ու զայրոյթի, իր վատառողջ վիճակի, արտասահմանեան կեանքի դժուարութիւնների մասին, եւ կարծում է, որ Թումանեանը չափից դուրս շատ է նշանակութիւն տալիս Համբարձում Առաքելեանին, եւ զուր է նրա հետ բանավիճում. «Հեռուից հեռու հետեւում եմ կեանքիդ ու գործիդ, իմ շատ սիրելի ընկեր, եւ անկեղծօրէն ասեմ` ի սրտէ ցաւում եմ վատնած լաւ ժամանակիդ, լաւ եռանդիդ համար: Հաւատա ինձ, անհնար է հայկական աւգեան ախոռը մաքրագործել լրագրական բանակռիւներով, եւ այն էլ` մեր օրերում, երբ քեզ շրջապատող նոր սերունդը անհամեմատ աւելի վար է կանգնած նախընթացներից իր հոգեկան առաքինութիւններով»:
Իսկ Ահարոնեանին ուղղուած պոէտի նամակում ձեւակերպուել է ընկերական յարաբերութիւնների մասին թումանեանական ընկալումը, արդէն ասոյթի արժէք ձեռք բերած` «Ինչ ուզում է լինի, ընկերը ժայռի պէս կը լինի» բանաձեւը:
Շուրջ երեք տարի ապրելով Եւրոպայում` Ահարոնեանը, ինչպէս խոստովանում է ընկերոջը, օտարացել ու խորթացել էր Թիֆլիսի միջավայրից, սակայն ձգտում էր ժամ առաջ յայտնուել այնտեղ: Նա նկարագրում է օտարութեան մէջ առանց ընտանիքի ու հարազատների իր կրած տառապանքներն ու կարօտից ծնուող ծանր ապրումները. «Հիասթափութիւնից հիասթափութիւն. ես հասել էի վերջերս այն յուսաբեկ եզրակացութեան, թէ իմ շրջապատում այլեւս ընկեր չունեմ, եւ թէ` աշխարհում այլեւս ոչ ոքի պէտք չէ հաւատալ, եւ պէտք է փորձել ապրել մեն մենակ` որպէս մերժուած, նզովուած հալածական, որ լռութեամբ տանում է իր ճակատագիրը, հեգնանքը շրթունքներին եւ հպարտութիւնը ճակատին: Վերադարձիս հնարաւորութեան մասին ես գրում: Երանի թէ կարողանայի լաւատեսութիւնդ բաժանել… Ուզում եմ վերադառնալ միայն եւ միայն երեխաներիս համար, որոնց կարօտը խեղդում է ինձ, իսկ Վարդգէսիս վիճակուած հոգսերի բեռը հեռուից իմ մէջքն է ջարդում: Կ՛ուզէի ժամ առաջ իմ լաւ, շատ լաւ տղային յանիրաւի եւ վաղաժամ իր ուսերին ընկած այդ անիրաւ բեռից ազատել: Կ՛ուզէի… բայց ո՞ւր է հնարը վերադարձի… Կեանքս լաւ չի անցնում: Ինքս ինձնից դժգոհ եմ: Վերադարձը միայն կարող էր օգնել ինձ եւ ոտքի հանել վերստին: Ընտանեկան յարկի նպաստացուցիչ սրտապարար հովանին հզօրապէս պակասում է ինձ, եւ ես ի զուր երկրէ երկիր եմ թափառում` լցնելու մի պարապ, որ ոչնչով լցուելու չէ»:
Թումանեանը վաղուց էր սկսել պայքարը` արտասահմանում գտնուող ընկերների ապահով վերադարձի համար իշխանութիւններից հաւաստիացումներ ստանալու: Բնականաբար, Ահարոնեանի նամակից յետոյ պոէտը աւելի մեծ եռանդով 1914թ. գարնանը վերստին պիտի պայքարէր նրա վերադարձի համար` կատարելով ընկերոջ խնդրանքը: Նա դիմում է պաշտօնական տարբեր ատեաններ: Ահարոնեանը բարձր է գնահատում ընկերոջ ջանքերը Թիֆլիս իր վերադարձն անվտանգ դարձնելու ուղղութեամբ: Սակայն ընդհանուր համաներումը յայտարարւում է միայն Ա. Աշխարհամարտը սկսելուց մէկ տարի յետոյ` 1915թ. ամրանը: Ահարոնեանը 1915թ. դեկտեմբերին վերադառնում է Փեթերսպուրկ, բուժւում Քիսլովոտսքում, ապա նոր միայն 1916թ. սեպտեմբերին վերադառնում Թիֆլիս:
Թումանեանը հնարաւորինս աջակցել է Ահարոնեանին նաեւ այլ հարցերում: 1910 թ. յունուարի 15-ին բանաստեղծը բարձրացրեց Ահարոնեանի հեղինակային իրաւունքի խնդիրը` գրելով. «Ահարոնեանի եւ միւսների փիեսները խաղում էք շարունակ ու իրենց` տրամաթուրկներին թողնում զուրկ, բողոքաւոր»: Իսկ 1910թ. հոկտեմբերի 17-ին պոէտը հրապարակայնօրէն դժգոհում է Տրամաթիքական ընկերութեան որոշումից` Աւ. Ահարոնեանի գործերը թատրոնի խաղացանկից դուրս մղելու. «Սա կը նշանակի` լաւ չգնահատել ինքնուրոյն գործը»: