ՀԱՐՑՈՒՄ.- Տիկի՛ն Յակոբեան, սփիւռքում մենք ունենք 1000-ից աւելի կրթօճախներ: Սակայն էլ ի՞նչ դպրոց` առանց հայալեզու գրականութեան, նոր հրատարակուած գրքերի ու ձեռնարկների: Այս նպատակով նախարարութիւնն իրականացնում է համայնքային դպրոցները դասագրքերով ապահովման ծրագիրը: Քանի՞ գիրք է առաքուել համայնքներին, ինչպիսի՞ն էր վիճակը մինչ նախարարութեան ստեղծումը: Խնդրում եմ` անդրադարձէք նաեւ նախարարութեան հետազօտութիւնների ծրագրին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ինձ համար աւելի ուրախալի լուր, քան նոր դպրոցի հիմնումն է, չկայ: Առաւել ոգեւորիչ է, երբ կրթօճախ է բացւում սփիւռքում, որտեղ մեր հայրենակիցներն ամէն օր պայքարում են իրենց ինքնութեան պահպանման համար: Հայկական սփիւռքում դպրոցը դառնում է ե՛ւ հայրենիքի մի մասը, ե՛ւ հայապահպանութեան կենտրոն: Ահա այս ամէնի գիտակցմամբ Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ իրականացնում ենք սփիւռքի կրթօճախներին ուսումնական, մեթոտական գրականութեան, ուսումնաօժանդակ նիւթերի տրամադրման, սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայոց լեզուի համահայկական ողիմպիականների, հայագիտական գիտելիքների մրցոյթների կազմակերպման պետական ծրագրերը: Նպատակն է սփիւռքում գործող ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցներին, կրթամշակութային այլ հաստատութիւններին անհրաժեշտ եւ օգտակար ուսումնական, մեթոտական գրականութեամբ, ուսումնաօժանդակ, այդ թւում` ելեկտրոնային նիւթերով ապահովումը: Այս տարիներին 500 հազարից աւելի գիրք է առաքուել սփիւռք, իսկ վերջին երեք տարիներին` 150.000, այն դէպքում, երբ մինչեւ նախարարութեան ստեղծումը առաքուած գրականութիւնը 10 հազար կտորից աւելի չի եղել: Ի հարկէ, սա ակնառու փաստ է, սակայն պիտի շարունակենք այս գործը, եւ սփիւռքի մեր դպրոցները պիտի չունենան հայալեզու ուսումնական, գեղարուեստական գրականութեան պակաս:
Այդ նպատակով նաեւ պատրաստուեցին արեւմտահայերէնի «Այբբենարան» եւ «Ընթերցարան» դասագրքերը, սփիւռքեան մասնագէտների մասնակցութեամբ ստեղծուեցին «Արեւմտահայերէնի քերականութեան» առաջին եւ երկրորդ ձեռնարկները:
Մեր գործունէութեան առաջին իսկ օրից մենք սկսեցինք հետազօտել հայկական սփիւռքը, համայնքները, նրանց արդի վիճակն ու մարտահրաւէրները: Սփիւռքի բազմաթիւ եւ բազմաբնոյթ հիմնախնդիրները գիտականօրէն վեր հանելու, վերլուծելու, դժուարութիւնների մէջ յայտնուած համայնքային կեանքը լուսաբանելու, համայնքների պատմութիւնը գրի առնելու նպատակով սփիւռքի նախարարութեան կողմից պարբերաբար տրւում են թեմաթիք հետազօտութիւնների պատուէրներ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան, արեւելագիտութեան, գրականութեան, լեզուի, տեղեկատուութեան եւ աւտոմատացման խնդիրների, ազգագրութեան եւ հնագիտութեան հիմնարկներին, Երեւանի պետական համալսարանին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազօտական կենտրոնին, Պէյրութի Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կենտրոնին եւ գիտական այլ հաստատութիւններին: 2009-2017 թուականներին կատարուել է 104 նմանատիպ հետազօտութիւն: Ի դէպ, մեր առաջարկով է, որ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի 6 հիմնարկներում բացուել են սփիւռքի բաժիններ:
Հ.- Համազգային իւրայատուկ հաւաքներ են Հայաստան-սփիւռք համաժողովները: Թոյլ տուէք ասել, որ դրանցից իւրաքանչիւրը քննարկումների մեծ հարթակ, համահայկական հարցերի խօսափող, նոր գաղափարների շտեմարան լինելուց զատ` դառնում են նաեւ հետաքրքիր, իւրօրինակ համահայկական տօներ: Այո՛, տօն է, երբ հանդիպում, իրար ճանաչում ու կապ են հաստատում հայերը Աւստրալիայից ու Արժանթինից, Չինաստանից ու Լիբանանից, Եւրոպայից եւ Լատինական Ամերիկայից: Տիկի՛ն Յակոբեան, նախարարութեան ստեղծումից յետոյ համահայկական 3 համաժողովներն ամփոփելով` ի՞նչ արդիւնքներ կարող ենք արձանագրել:
Պ.- Նախարարութեան հիմնադրումից յետոյ մենք անցկացրել ենք Հայաստան-սփիւռք 3 խոշոր համահայկական համաժողովներ 2011, 2014 եւ 2017 թուականներին: 2017 թուականի սեպտեմբերի 18-20 Երեւանում կայացաւ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովը, որն իր աշխարհագրութեամբ, մասնակիցների թուով եւ բարձրացրած հարցերի արդիականութեամբ իրօք աննախադէպ իրադարձութիւն էր: Ի տարբերութիւն միւս համաժողովների` 6-րդ համաժողովը ունէր մի շարք առանձնայատկութիւններ: Առաջին անգամ համաժողովի 4 գլխաւոր ուղղութիւնների անցկացման եւ կազմակերպման համար ընտրուել էին պատասխանատու գերատեսչութիւններ` սփիւռքի, պաշտպանութեան, արտաքին գործերի եւ միջազգային տնտեսական համարկման եւ բարեփոխումների նախարարութիւնները: Համաժողովի մէկ այլ առանձնայատկութիւնը կլոր սեղան-քննարկումների անցկացումն էր: Այդ օրերին ներկայացուեցին նաեւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակման եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի, ինչպէս նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամեակի տօնակատարութիւնների նախնական ծրագրերը:
Չեմ կարող դարձեալ չնշել, որ համաժողովն առանձնացաւ նաեւ մասնակիցների թուով` 1827 հոգի, եւ աշխարհագրութեամբ` 71 երկիր: Միւս կողմից, առաջին անգամ համաժողովի ընթացքում յայտարարուեց յաջորդ համաժողովի օրակարգը, որը նուիրուելու է հայադարձութեան թեմային: Պէտք է փաստել, որ համահայկական հերթական այս հաւաքն ամենամեծ հարթակն էր` ի մի բերելու եւ ամփոփելու Հայաստան-սփիւռք գործակցութեան ձեռքբերումները, նախանշելու հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ ապագային միտուած անելիքները: Համաժողովը միակն է իր տեսակի մէջ` որպէս Հայաստան-սփիւռք-Արցախ եռամիասնութեան իրական համախմբման եւ հայութեան ուժի ցուցադրման աննախադէպ հարթակ:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, բազմիցս եմ ականատես եղել, թէ ինչպիսի՛ իւրայատուկ ջերմութեամբ էք գովաբանում, գնահատում, փայփայում մեր սիրիահայ հայրենակիցներին: Յաճախ էք ասում, որ մենք` հայաստանցիներս, նրանցից պիտի շատ ու շատ հարցերում օրինակ վերցնենք: Սփիւռքի նախարարութիւնը մեծ պատասխանատուութեամբ զբաղւում է սիրիահայերի խնդիրներով, օգնում, դառնում նրանց աջակիցն ու հաւատարիմ ընկերը Հայաստանում:
Պ.- Ի հարկէ, այսօր էլ Հայաստանի Հանրապետութեան պետական քաղաքականութեան հիմնական նպատակն է սիրիական հակամարտութեան արդիւնքում Հայաստանում հաստատուած սիրիահայերին սահուն կերպով համարկել հայաստանեան կեանքին: Գլխաւորը` նրանք դառնան ՀՀ քաղաքացիներ եւ հայրենիքում չունենան փախստականի կարգավիճակ: Այդ նպատակով սիրիահայերին պարզեցուած կարգով շնորհւում է քաղաքացիութիւն, ինչի արդիւնքում Հայաստանում ապաստան գտած շուրջ 22 հազար սիրիահայերից այսօր արդէն 19 հազար 800-ը դարձել է ՀՀ քաղաքացի, 1500-ը ստացել կացութեան կարգավիճակ եւ միայն 700-ին է տրուել փախստականի կարգավիճակ: Մեզ յաջողուել է նրանց համարկել ՀՀ կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական եւ այլ ոլորտներում:
Ուրախալի է, որ սիրիահայերն այսօր Հայաստանում իրենց լաւ են զգում: Նրանք ստեղծող, արարող մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքային մշակոյթն են ներդրել մեզանում, ընդգրկուել են տարբեր ոլորտներում, ստեղծել իրենց պիզնես ծրագրերը եւ յաջողութեամբ զարգացնում են դրանք:
Հայաստանը նաեւ Հալէպում է սիրիահայերին եւ սիրիացիներին աջակցութիւն ցուցաբերել` իրականացնելով մի շարք ծրագրեր. մի քանի օդանաւով մեծ քանակութեամբ օգնութիւն է հասցուել Սիրիա:
Դեռեւս շարունակւում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ամէն օր մեզ այցելում է 20-30 սիրիահայ: Մեր նախարարութիւնում գործում է աշխատանքային խումբ, միջգերատեսչական յանձնաժողով` իմ գլխաւորութեամբ, որի մասնակիցն են ՀՀ բոլոր նախարարութիւնները ներկայացնող փոխնախարարները: Յանձնաժողովում քննարկւում եւ լուծումներ են տրւում սիրիահայերի հիմնախնդիրներին:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, սփիւռքի նախարարութեան առաքելութիւններից մէկն էլ ազգային ներուժի համախմբումն է: Քանի՞ համահայկական մասնագիտական ընկերակցութիւն կայ այսօր, եւ ինչպէ՞ս է նախարարութիւնն աշխատում նրանց հետ:
Պ.- Սփիւռքը կայ, գործում է, նրա տրոփիւն սիրտն են մեր աւանդական կառոյցները եւ նրանց կից քոյր կառոյցները, ՀԲԸՄ-ը, մարզական, կանանց, երիտասարդական բազում կառոյցներ: Առանձնապէս պէտք է ընդգծել Հայ եկեղեցու դերակատարութիւնը ազգային խնդիրների լուծման, հայ ինքնութեան հզօրացման գործում: Մենք հաստատուն կապեր ենք ստեղծել նրանց հետ: Շատերի հետ կնքել ենք գործընկերութեան համաձայնագրեր, յուշագրեր, կազմակերպել բազմաբովանդակ ձեռնարկներ: Ես երախտապարտ եմ մեր սփիւռքեան կառոյցներին, որոնց օգնութեամբ էլ ոչ միայն կայացաւ, այլեւ ընդունելի դարձաւ նախարարութիւնը, հաստատուեցին գործընկերային յարաբերութիւններ: Սակայն մենք սփիւռքի օգնութեամբ նորը, առաջադէմը Հայաստան բերելու համատեղ ծրագրեր կազմելու համար նպատակայարմար գտանք նաեւ մասնագէտներին համախմբել, մասնագիտական ցանցեր ստեղծել:
Այսօր նաեւ մեր աջակցութեամբ գործում են ճարտարապետների եւ ճարտարագէտների համահայկական միութիւնը, Լրատուամիջոցների, Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցութիւնները, Իրաւաբանների համահայկական խորհրդաժողովը, «Հայկական առեւտրային ցանց» (ՀԱՑ) կազմակերպութիւնը, «Ակցիա առողջութիւն Հայաստան-Ֆրանսա» կազմակերպութիւնը, աշխարհի հայ նկարիչների, հայ գրողների միութիւնները, Հայ բժիշկների միջազգային, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէները, Հայ ոսկերիչների միութիւնը, Համահայկական կրթական խորհրդաժողովը եւ այլն: Մինչ այժմ անցկացուել են համահայկական մասնագիտական մօտ 100 համաժողով, որոնց ընթացքում ստեղծուել են նոր ցանցեր, կեանքի են կոչուել յաւակնոտ գաղափարներ, խորացել է յատկապէս սփիւռք-սփիւռք կապը:
Իսկ ամենակարեւորը` նախարարութիւնում ստեղծուել է մասնագէտների, փորձ ունեցող մարդկանց մի անձնակազմ, որը ճանաչում է բազմաշերտ, հետաքրքիր, պահանջկոտ հայկական սփիւռքին եւ կարողանում է արդիւնաւէտ աշխատել նրա հետ: Ես երջանիկ եմ, որ հնարաւորութիւն եւ բախտ եմ ունեցել աշխատել իմ ազգի տարբեր հատուածների հետ, սովորել նրանցից, գործակցել նրանց հետ եւ փորձել միշտ բարձր պահել հայի, հայութեան եւ Հայաստանի պատիւը:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, այսօր սփիւռքում հազարաւոր հայորդիներ սպասում են նախարարութեան ամառային ծրագրերի մեկնարկին, արդէն լրացրել են մասնակցութեան յայտերը, եւ նրանցից շատերը հայրենիքը ճանաչելու, ընկալելու ու մտապահելու են հէնց սփիւռքի նախարարութեան տարբեր ծրագրերի միջոցով: Ի՞նչ է խոստանում 2018-ի ամառը: Խօսենք մի փոքր անելիքների մասին:
Պ.- Ինչպէս ամէն տարի, այս տարի նոյնպէս նախարարութեան բոլոր ծրագրերը կեանքի կը կոչուեն: Ընդհանրապէս մենք մեր գործունէութեան հիմքում դրել ենք արդիւնաւէտութեան եւ տրամաբանուած շարունակականութեան գաղափարը: Այս ծրագրերի իրականացումն ինքնանպատակ չէ, սա սփիւռքի պահանջն ու հրամայականն է: Ահա այսպէս են ստեղծուել ու կազմակերպուել «Արի տուն», «Սփիւռք» ամառային դպրոց ծրագրերը, մեր փառատօներն ու խորհրդաժողովները, մրցանակաբաշխութիւնները, հրատարակութիւնները, եւ ի վերջոյ` Հայաստան-սփիւռք համաժողովները: Ուրախ եմ, որ այս տարի եւս նախարարութեան ամառը յագեցած եւ ծանրաբեռնուած է լինելու: Միայն մէկ փաստ նշեմ. «Իմ Հայաստան» փառատօնն ունենալու է 1000-ից աւելի մասնակից: Այսօր կառավարութիւնում են արդէն սիրիական հակամարտութեան պատճառով հարկադիր տեղահանուած եւ Հայաստանի Հանրապետութիւնում պաշտպանութիւն հայցող անձանց համարկման 2018-2022 թուականների եւ արեւմտահայերէնի պահպանման, զարգացման եւ կանոնարկման ռազմավարութիւնները, մշակւում է հայրենադարձութեան գործընթացի խթանման եւ կազմակերպման ռազմավարութիւնը:
Այսինքն նախարարութիւնը հաւատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, աշխատում է յանուն Հայաստանի, սփիւռքի ու Արցախի բարօրութեան: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետեւ այս չափանիշները մենք մեր առաջ դրեցինք նախարարութեան հիմնադրման առաջին իսկ օրուանից: Ես լիայոյս եմ, որ այդպէս է լինելու նաեւ հետագայում:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, իշխանափոխութեան ներկայ պայմաններում, երբ կառավարութեան նոր կազմ է ձեւաւորւում, խօսակցութիւններ են գնում ՀՀ սփիւռքի նախարարութեան անհրաժեշտութեան մասին: Խնդրում եմ ձեր կարծիքը` հարցի վերաբերեալ:
Պ.- Նախ` ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ստեղծուել է սփիւռքի պահանջով: Այդ մասին հնչել է Հայաստան-սփիւռք մի քանի համաժողովների ընթացքում: Նախարարութեան ստեղծումը համընկաւ Հայաստանի եւ սփիւռքի համար իրաւական, քաղաքական բարդ ժամանակահատուածի հետ, երբ տեղի էին ունեցել 2008 թուականի մարտի 1-ի իրադարձութիւնները, ինչպէս նաեւ ստորագրուել էին հայ-թուրքական արձանագրութիւնները, ինչի պատճառով սփիւռքի ստուար հատուածը երես էր դարձրել Հայաստանից, չկար վստահութիւն, եւ դժուար էր գտնել համագործակցութեան եզրեր: Ահա այս ծանր պայմաններում մի կողմից` մեր խմբով 0-ից պետական կառավարման նոր հիմնարկ էինք ստեղծում, իսկ միւս կողմից` մասնագէտներ էինք պատրաստում եւ փորձում երկխօսել ու գործակցել սփիւռքի հետ:
Յետահայեաց գնահատելով` կարող եմ ասել, որ մեզ յաջողուեց 827 համայնքների եւ հարիւրաւոր կազմակերպութիւնների ու կառոյցների հետ աշխատել, ծրագրեր իրականացնել: Բոլոր ձեռնարկները նպատակաուղղուել են հայրենաճանաչութեանը, հայապահպանութեանը, հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդմանը: Իսկ որոշակի գործերն ու ծրագրերը ես արդէն թուարկեցի:
Ձեր հարցին ի պատասխան` նկատեմ, որ սփիւռքը դարձել է սահմանադրական հասկացութիւն, հիմնական օրէնքով ամրագրուել են պետութեան անելիքները` հայկական սփիւռքի հետ կապուած, կարեւորուել են հայապահպանութիւնն ու հայրենադարձութիւնը, այլ պետութիւններում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանումը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացումը, ազգային միասնութեան ամրապնդումը, համապետական ու համազգային շահերը (ՀՀ սահմանադրութեան 19-րդ, 123-րդ, 127-րդ եւ այլ յօդուածներ):
Ուստի, սփիւռքի հետ աշխատանքներն առաւել քան կարեւոր են: Այսօր նախարարութիւնում աշխատում են քաղաքացիական ծառայողներ, իսկ քաղաքացիական ծառայութեան անցնելու պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի լինելը: Հայրենիք-սփիւռք կապերի իրաւատէրերը ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլեւ` տարբեր պետութիւններում ձեւաւորուած հայկական համայնքների անդամները, հետեւաբար կարելի է այնպիսի լուծում գտնել, որ սփիւռքահայերը նոյնպէս աշխատելու հնարաւորութիւն ստանան:
Հ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում ձեր հետագայ գործունէութիւնը:
Պ.- Ակնյայտ է, որ ձեւաւորուելու է նոր խումբ` նոր մօտեցումներով եւ ծրագրերով: Ես լիայոյս եմ, որ այդ խումբը յաջողութիւններ կ՛արձանագրի, որ Հայաստանում եւ սփիւռքում մեր հայրենակիցների սպասումներն իրականութիւն կը դառնան, եւ, ի հարկէ, սփիւռքեան ոգեւորութեան արդիւնքում նաեւ հայրենադարձութեան ծաւալները կ՛ընդլայնուեն:
Իսկ ես այսուհետ եւս կը շարունակեմ ծառայել երիտասարդների կրթութեան գործին, մեր պետութեան ու ազգի շահերին:
Հ.- Ի՞նչ կ՛աւելացնէիք հարցազրոյցի աւարտին:
Պ.- Դիմում եմ իմ սիրելի հայրենակիցներին, սփիւռքահայերին, աշխարհի տարբեր անկիւններում ապրող իմ քոյրերին ու եղբայրներին եւ հպարտօրէն ասում, որ ինձ վիճակուեց իմ համախոհների հետ, ձեր անմիջական աջակցութեան շնորհիւ ստեղծել եւ կայացնել ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Հայաստանի անկախացումից յետոյ սփիւռքահայերի ոգեւորութիւնը, հայրենիքին ծառայելու եւ հայրենիքի հետ գործակցելու ցանկութիւնները շատ դէպքերում մնում էին չհամակարգուած, եւ այդ պատճառով դուք յաճախ հիասթափւում էիք եւ չէիք կողմնորոշւում, թէ որտեղ գտնէք ձեր հարցերի պատասխանները:
Սփիւռքի նախարարութիւնը դարձաւ այն դուռը, այն կենտրոնը, որտեղ լսեցին ձեզ, գործակցեցին ձեզ հետ, քննարկեցին բազում-բազում հարցեր Հայաստան-սփիւռք գործակցութեան վերաբերեալ, մշակուեցին եւ իրականացուեցին բազմաթիւ հայանպաստ ծրագրեր` քայլ առ քայլ կոտրելով նախկինից եկող կարծրատիպերը եւ ամրապնդելով համազգային համերաշխութեան եւ գործակցութեան համար անհրաժեշտ հիմքերը:
Մենք մեր խմբով արեցինք այն, ինչ հնարաւոր էր եւ ինչ կարող էինք:
Ես եղայ շատ համայնքներում, տեսայ ձեր ազգային կերպարը, հայրենասէր ոգին եւ երիտասարդութեանը հայ պահելու հերոսական քայլերը: Ձեզանից ես շատ բան սովորեցի, դուք եղաք իմ խորհրդատուն եւ աջակիցը, քննադատը, բարեկամն ու ընկերը: Խորապէս շնորհակալ եմ եւ երախտապարտ, որ հնարաւորութիւն եմ ունեցել ձեզ հետ աշխատելու:
Վստահ եմ` մեր ցանած սերմերը փարթամօրէն կը ծլարձակեն, մեր բացած ակօսները առաւել կը խորանան եւ նոր հանգրուանների կը հասնեն:
Համոզուած եմ, որ ներկայ իրադրութեան պայմաններում նոր կառավարութիւնը կը շարունակի մեր ազգաշահ գործերը եւ մեծ թափ կը հաղորդի հայրենադարձութեանը:
Ցանկանում եմ խորին շնորհակալութիւն յայտնել Հայ եկեղեցու հոգեւոր պետերին, աւանդական կուսակցութիւնների ղեկավարութեանը, նրանց ուղեկից քոյր կառոյցներին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան ղեկավարներին եւ նրան կից բոլոր կազմակերպութիւնների ղեկավարներին ու անդամներին, հայկական հարիւրաւոր համայնքների առաջնորդներին, մշակութային, կրթական, գիտական, երիտասարդական, կանանց, մարզական եւ այլ կառոյցներին, բոլոր անհատներին, որոնք անցած տարիների ընթացքում գործակցեցին մեզ հետ, մասնակցեցին մեր ծրագրերին եւ օգնեցին մեզ` առաւել կամրջելու սփիւռքը հայրենիքին:
Խորին երախտագիտութիւն եմ յայտնում սփիւռքեան համայնքներում ազգանուէր գործունէութիւն ծաւալող բոլոր հայորդիներին` երիտասարդների շրջանում հայի վսեմ նկարագիրն ու հայրենասէր ոգին վառ պահելու, հայրենիքին մշտապէս զօրավիգ լինելու համար:
Պատիւ եմ համարում աշխատանքը սփիւռքի համար եւ սփիւռքահայերի հետ:
Շնորհակալ եմ արդիւնաւէտ համագործակցութեան համար:
Մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք:
(Շար. 2 եւ վերջ)