Քաղաքակրթութեան պատմութեան մէջ առանձնակի դեր ունեն մարդկային հաւաքականութիւնների ըմբոստութիւնները, որոնք զանազան ձեւերով արտայայտուել են որպէս յեղափոխութիւններ, ապստամբութիւններ կամ ընդվզումներ: Այդ ըմբոստութիւնները հիմնականում հանդիսացել են մարդկութեան զարգացման թռիչքային հանգրուանների բեմահարթակներ:
Այս դիտանկիւնից` սուտ եւ մտացածին են ազատական այն տեսակէտները, որ իբր թէ միայն կայունութեան ապահովմամբ կարելի է ունենալ զարգացում: Զարգացման համար, ի հարկ է, պէտք է ունենալ ոչ միայն կայուն մթնոլորտ, այլ` կայացած հիմք, իսկ երբ խարխուլ հիմքի վրայ փորձում են կառուցել կայուն «պալատներ», պարզ է, որ վաղ թէ ուշ փոշիանում են թէ՛ «պալատները» եւ թէ՛ այդ հիմքի վրայ կառուցուած «զարգացումները»:
Մենաշնորհները, փտածութիւնը, օլիկարխիկ համակարգը եւ նման ախտերը հէնց այն խախուտ հիմքերն էին, որի վրայ փորձում էին կառուցել նորանկախ Հայաստանի իշխանական եւ հասարակական համակարգը: Պատահական չէ, որ մեծ արագութեամբ ի չիք դարձան բոլոր հաշուարկները եւ փլուզուեց համակարգը:
Արդէն իսկ կասկածից վեր է, որ Հայաստանում ծաւալուած համաժողովրդական շարժումը կարողացել է նուաճել իրական յաղթանակ: Իրական յաղթանակը կայանում է ոչ միայն իշխանութեանը ձգտող անձանց յաղթանակով, այլ ժողովրդի մէջ տիրող մտայնութեամբ` կապանքների թօթափմամբ: Իսկ ժողովրդի ազատագրումը պետականութեան զարգացման կարեւոր եւ վճռորոշ հանգրուան է: Մերօրեայ պատմութեան մէջ նման պահ ապրել ենք 1988-ին, երբ մեր ժողովուրդը կարողացաւ թօթափել ստրկամտութիւնը եւ իր մէջ ուժ գտաւ իր իրաւունքների համար պայքարելու: Այս տարի նշում ենք այդ զարթօնքի 30-ամեակը: Մայիսի աւարտին նշելու ենք մէկ այլ ազատագրական տօն` Հայաստանի պետականութեան վերականգնման 100-ամեակը: Իսկ այժմ, ներկայ օրերում պարտաւոր ենք արձանագրել ժողովրդի մտայնութեան ազատագրման այս յաղթանակը եւս:
Այս յաղթանակը առարկայականացնելու գործում բաւականին բարդ եւ վճռական որոշումներ կայացնելու դէմ յանդիման է կանգնած հայ քաղաքական միտքը: Քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցութիւնները իրաւունք չունեն ժողովրդի յաղթանակը, նրանց խանդավառութիւնն ու ապագայի հանդէպ տեսլականը ոչնչացնել:
25 տարի առաջ Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան օրօք Հայաստանի իշխանութիւնների անխոհեմ քաղաքականութիւնը պատճառ դարձաւ, որ հայ ազգը չկարողանայ ապրել, ոգեշնչուել եւ իր ապագան կառուցել արցախեան յաղթանակների ոգով ու կուտակուած ներուժով:
Պէտք չէ կրկնել նախկին սխալները: Մեզ բոլորիս պէտք է ժողովրդի ներուժն ու յաղթանակով կուտակուած ախտահանուած հասարակութեան ապագայի հանդէպ դրական լիցքեր պարունակող տեսլականը: Դա է երկրի զարգացման միակ եւ անփոխարինելի երաշխիքը:
2 մայիսի 2018թ.