Երկու տարի առաջ` 2016թ. ապրիլի 2-ի լոյս գիշերը Ազրպէյճանի զինուած ուժերը հրետանու, զրահամեքենաների եւ մարտական օդուժի կիրառմամբ ձեռնարկեցին լայնածաւալ յարձակողական գործողութիւններ շփման գծի գրեթէ ողջ երկայնքով: Ընդ որում, հակառակորդը կրակը տեղափոխեց նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքը` հրետակոծութեան ենթարկելով նաեւ խաղաղ բնակավայրերն ու Պաշտպանութեան բանակի մի շարք զօրամասերի մշտական տեղակայման վայրերը: Ազրպէյճանական յարձակումին զոհեր դարձան նաեւ քաղաքացիական անձինք, այդ թւում` երեխաներ:
Այդ զինուած ընդհարումը, որն ազրպէյճանական-ղարաբաղեան հակամարտութեան պատմութեան մէջ մտաւ որպէս ապրիլեան քառօրեայ պատերազմ, դարձաւ աննախադէպ` 1994թ. մայիսին հրադադարի հաստատումից ի վեր: Օգտագործելով անսպասելիութեան գործօնը` Ազրպէյճանին յաջողուեց աննշան յաջողութեան հասնել, գրաւելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի վերահսկողութեան տակ գտնուող որոշ տարածքներ: Յիշեցնենք, որ Քրեմլինի միջնորդութեամբ ապրիլի 5-ին Մոսկուայում Հայաստանի եւ Ազրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետերի հանդիպմանը ձեռք բերուեց պայմանաւորուածութիւն` ռազմական գործողութիւնների դադարեցման շուրջ:
Եթէ հետեւենք 2016թ. ապրիլին նախորդած իրադարձութիւնների ժամանակագրութեանը, ապա կարելի է նկատել, որ Պաքուի վարչակարգի գործողութիւնները բերեցին իրավիճակի նման զարգացման: Սկսած յունուարից` Ազրպէյճանի սադրանքները գնալով աւելի ծաւալուն ու վտանգաւոր բնոյթ էին ստանում` խափանարարական ներթափանցումներ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի դիրքերի, այլեւ անգամ Հայաստանի պետական սահմանի գնդակոծումներ, ինչպէս հրաձգային, այնպէս էլ ծանր սպառազինութեան կիրառում, ինչը յանգեցնում էր թէ՛ զինծառայողների, թէ՛ խաղաղ բնակիչների կորուստների:
Կարելի է ասել` դա գալիք եւ արդէն մօտ պատերազմի նախերգանքն էր: Ըստ երեւոյթին, մի կողմից շօշափւում էին մեր պաշտպանութեան թոյլ կէտերը, միւսից` ստուգւում էր միջազգային հանրութեան արձագանգը նոր պատերազմի նախաձեռնմանը: Միեւնոյն ժամանակ Պաքուն հասկանում էր, որ ինքը հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների գործընթացում իրեն պէտք եղած լուծումը ոչ մի կերպ չի ստանայ, ինչի հետ կապուած` հայկական երկու կողմերին եւ միջազգային միջնորդներին շարունակ շանթաժի էր ենթարկւում ռազմական գործողութիւնների վերսկսմամբ: Ակնյայտ է, որ նման յանցաւոր արկածախնդրութեան Պաքուն համարձակուել է դիմել իր օգտին ռազմական հաւասարակշռութեան փոփոխութեան պատճառով, ինչը հանդիսանում էր նրա կողմից մեծ քանակութեամբ զէնքի, նախ եւ առաջ` յարձակողական, մասնաւորապէս` Ռուսաստանից, ձեռք բերելու հետեւանք: Բայց անգամ զէնքի անհաւասարակշռութեան եւ, այսպէս կոչուած, անսպասելիութեան գործօնի պայմաններում Ազրպէյճանը մեծ կորուստներ կրեց եւ ստիպուած եղաւ դիմել Մոսկուային` յամառօրէն խնդրելով հասնել հայկական կողմից մարտական գործողութիւնների դադարեցմանը: Փաստօրէն, Լեռնային Ղարաբաղի դէմ իր իսկ սանձազերծած զինուած նախայարձակման արդիւնքում ալիեւեան վարչակարգը ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական պարտութիւն կրեց:
Բնականաբար ապրիլեան պատերազմը Հայաստանի եւ Արցախի համար դարձաւ լուրջ մարտահրաւէր, թող որ` բաւականին դառը, բայց, այնուամենայնիւ, դաս, որից եզրակացութիւններ արուեցին: Կասկած չկայ, որ մասնագէտները մանրակրկիտ վերլուծութեան ենթարկեցին տեղի ունեցածն ու իրենց եզրայանգումներն արեցին առկայ խնդիրների լուծման, բանակի մարտունակութեան բարձրացման շուրջ: Կարծում ենք, գլխաւոր դասերից մէկն է` ընդմիշտ յիշել, որ գործ ունենք բաւականին վտանգաւոր ու խարդախ թշնամու հետ, նշանակում է` պարզապէս իրաւունք չունենք կորցնել զգօնութիւնը: Նրա հետ դիմակայութեան մէջ մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի բոլոր հատուածների` Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի տնտեսական, քաղաքական-դիւանագիտական ներուժի համախմբումը: Մեր պատկերացմամբ, համապատասխան դասեր պէտք է քաղեն նաեւ միջազգային միջնորդները, եւ ամէնից առաջ` ԵԱՀԿ Մինսքի խմբի նախագահութիւնը, որի համար ապրիլեան պատերազմը պէտք է լուրջ նախազգուշացում դառնայ: Քամահրելով խնդրի լուծումը բացառապէս բանակցութիւնների սեղանի շուրջ փնտռելու համապատասխան կառոյցների բազմաթիւ կոչերը` Ազրպէյճանը, փաստօրէն, լկտի մարտահրաւէր է նետել միջազգային հանրութեանը:
Կարելի է պնդել, որ Ազրպէյճանի յարձակողապաշտ ռազմամոլութեան հանդէպ միջնորդների` տարիներով շարունակուող ոչ համապատասխան, ուղղակիօրէն ասենք` անտրամաբանական արձագանգն էլ հէնց խրախուսեց նրան չափազանց վտանգաւոր սադրիչ գործողութիւնների, որոնք վերջին հաշուով յանգեցրին նոր պատերազմի: Որպէս արդիւնք` կարգաւորման գործընթացը, որը Պաքուի մեղքով առանց այդ էլ սուր ճգնաժամ էր ապրում, բաւականին յետ շպրտուեց:
2016թ. ապրիլից յետոյ ստեղծուեց նոր քաղաքական իրավիճակ, որը Մինսքի խմբի համանախագահներից հրամայականօրէն պահանջում է փոփոխութիւններ մտցնել հակամարտութեան կարգաւորման մեթոտաբանութեան մէջ: Ակնյայտ է, որ բանակցութիւնների ներկայ երկկողմ ձեւաչափը կտրուած է իրականութիւնից ու բոլորովին չի արտացոլում ներկայ իրողութիւնները: Մինչդեռ դրանք պահանջում են Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցութիւնների սեղան` որպէս հակամարտութեան հիմնական կողմ, որն ապրիլին իր վրայ է վերցրել Ազրպէյճանի գլխաւոր հարուածը, եւ որպէս ռազմական-քաղաքական խաղացող` կարողացել է կանխել լայնածաւալ յարձակումը ու դրանով իսկ պահպանել տարածաշրջանային կայունութիւնը: Ու նաեւ: Եթէ նախկինում միջազգային հանրութեան ներկայացուցիչներից ինչ-որ մէկը դեռեւս թոյլ էր տալիս Ազրպէյճանի կազմում Լեռնային Ղարաբաղի գոյութեան հնարաւորութիւնը, ապա, կարծում ենք, ապրիլեան պատերազմից յետոյ, որի ընթացքում ազրպէյճանցիներն սպաննեցին անօգնական ծերերի ու երեխաների, գլխատեցին հայ զինծառայողներին, ոչ մէկի մօտ պէտք չէ կասկած մնայ այդ պետութեան ցեղասպանական ու նացիստական էութեան հարցում: Ապրիլեան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, սակայն Ազրպէյճանը, որը մտադիր չէ հրաժարուել հիմնախնդրի ուժային լուծումից, այսօր էլ սուր է ճօճում, իսկ դա նշանակում է` պահանջւում են ոչ միայն Մինսքի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի, այլեւ միջազգային ազդեցիկ կազմակերպութիւնների, մասնաւորապէս ՄԱԿ-ի գործուն միջոցները:
Ապրիլեան պատերազմը լուրջ փորձութիւն դարձաւ Արցախի երիտասարդ պետականութեան համար: Ու պէտք է ասել, արցախցիների, ողջ հայ ժողովրդի միասնութեան, հայ զինուորի բարոյակամային բարձր որակների շնորհիւ, Արցախի Հանրապետութիւնը պատուով յաղթահարեց այդ փորձութիւնը: