Իբրեւ հայ մշակոյթի կարեւոր կեդրոններէն մէկը` Արցախ ունեցած է նաեւ մանրանկարչական իր դպրոցը, որուն մասին ընդհանուր գաղափար մը կու տայ մեզի Մանիա Ղազարեանի ստորեւ տրուած ակնարկը, որ քաղուած է իր «Արցախեան արուեստի գանձերը» հատորէն:
«Ա.»
Արցախում ստեղծուել է տեղական մանրանկարչական դպրոց: Այն, ըստ էութեան, Սիւնիքի մանրանկարչական արուեստի տարբերակն է, նրա տեղայնացած արտայայտութիւնը:
Արցախի մանրանկարչական արուեստի ծաղկումը կապուած է XIII դ. հետ (տե՛ս պատկ. 3-14): Այս ժամանակներում նկարազարդուած ձեռագրերը հիմնականում ունեն խորանների ձեւաւորումներ եւ լուսանցազարդեր: Այդ յարդամոտիւների զգալի մասը ճարտարապետական կերպարներից թելադրուած մոնումենտալ կառուցուածք ունեն: XIII դ. վերջում եւ XIV դ. մանրանկարչութեան մէջ ներգրաւուում են թեմատիկ նկարներ եւ դիմանկարչական պատկերումներ: Դիմանկարները հիմնականում ներկայացնում են աւետարանիչներին: Լաւագոյններից է Պօղոս առաքեալի կերպարը (Երեւան, Մատենադարան, ձեռ. No 155): Անհատականացման ձգտում կայ Վախթանք Խաչենցու դիմանկարում: Ձեռագիրը գրուած է 1202 թ., գրիչն է Տիրացուն, իսկ ծաղկողը` Գրիգոր Երէցը: Յիշենք նաեւ Դաւիթ Անյաղթին պատկերող թերթը` 1760 թ. Խաչէնում նկարազարդուած ժողովածուից (Երեւան, Մատենադարան, ձեռ. No. 8508, թերթ 58 բ.), որտեղ «աղիւսներից շարուած» ճարտարապետական սիւնն իր ստիլոբատով եւ կամարի վրայ նկարուած գմբէթով պայմանական է, մի փոքր «անփոյթ» կարմիր գծերով արուած, որը համահնչիւն է նաեւ Դաւիթ Անյաղթի գահաւորակի գունային կառուցուածքին: Յատկապէս «ռէալիստական» մեկնաբանութիւն ունի փիլիսոփայի դէմքը. անհատականացուած` որոշակի տրամադրութեան արտայայտչականութեամբ, «հայկականացուած» տիպաժով: Նշանակալից են նաեւ No 378 ձեռագրի խորանները, իսկ երեք տասնամեակ անց նկարուած Աստուածածինը Մանկան հետ եւ երեք աւետարանիչները պաշտամունքային արտայայտչականութիւն ունեն: Մինչեւ 1900 թ. Գանձակի մօտ գտնուող Թարգմանչաց վանքում էր պահպանւում նշանաւոր «Թարգմանչաց Աւետարանը» (Երեւան, Մատենադարան, ձեռ. No. 2743), որի ստացողն է «Ասփայ` դուստր Տարսայիճին տեառն Սիւնեաց, յազգէ Օւրպելեանց» եւ նրա ամուսին Գրիգոր Իշխան Դոփեանցը: Այս աւետարանի մասին Գ. Յովսէփեանը գրում է, թէ` «այն իւր յիշատակարաններով լոյս է սփռում Դոփեանց Գրիգոր իշխանի եւ նորա տոհմական կալուածների մասին»:

Արցախի Մեծշէն գիւղից է ծագում նշանաւոր «Կարմիր Աւետարանը» (Երեւան, Մատենադարան, ձեռ. No 6202): Այն գրուած է Կ. Պոլսում, 1209 թ., իսկ խորանները, Մատթէոսի ու Ղուկասի անուանաթերթերը կատարուել են 1236-1242 թթ. Իգնատիոս մանրանկարչի կողմից:
Արցախի Մեծկողմանց կամ Մեծկուենից հոգեւոր կենտրոն-եպիսկոպոսարանում` Խաթրավանքում է երկար ժամանակ հանգրուան գտել նշանաւոր «Հաղբատի» կամ «Գետաշէնի» Աւետարանը (Երեւան, Մատենադարան, ձեռ. No. 6288, 1211 թ., Հոռոմոսի վանք, նկարիչ Մարգար, վերանորոգուել է 1325-ին): Ձեռագիրը Գանձակի Գետաշէն գիւղից Էջմիածին է բերել Գ. Յովսէփեանը, որը եւ նրա մասին գրել է առաջին ուսումնասիրութիւնը: Գ. Յովսէփեանը հաղորդում է, որ 1294 թ. Ամենաւագ քահանայ գնել է Բանանց գիւղի եկեղեցում պահպանուող «Պապ» կամ «Ծեր» կոչուած Աւետարանը, որը պատրաստուել էր Հաւուց Թառում (Երեւան, Մատենադարան, ձեռ. No 10688): Շիրուանշահենց իշխանների ձեռքով Կեսարիայից բերուել է 1060 թ. նորոգուած, ընտիր մանրանկարներով ձեւաւորուած, Թալիշ գիւղի Բեգիւնց ընտանիքում պահպանուած նշանաւոր «Բեգիւնց Աւետարանը» (Երեւան, Մատենադարան, ձեռ. No. 10099): Ձեռագրի յիշատակարանում Գրիգոր Դոփեանը գրում է. «Զոր գնելով ի նոցանէ եւ զոր ձեռաւք մերովք թաքուցանելով, այլ եւ ըզսպաս սրբութեան, զնշանս տէրունական եւ զտառս աստուածային, ոչ ձեռաւք մերաւք առեալ յաւարի, այլ գնեալ ի նոցանէ, բերաք ի սեփական տէրութիւնս մեր… Եւ զԱւետարան եւ քաջն սրբոյն Ստեփանոսի, զոր ի քաղաքէն Կանու (Իկոնիա – Մ. Ղ.) բերաք եւ տուաք ի բնիկ հայրենական սուրբ ուխտս մեր Խադայի վանից»: Խորանաշատում էր Վանենու Աւետարաններից մէկը (Երեւան, Մատենադարան, ձեռ. No 4823, 1224 թ.), Նուխիի Գոյբուլաղ գիւղում էր Խոխանաբերդում գրուած Վանենու միւս Աւետարանը, որի տեղն այժմ անյայտ է, Նռնավանքում 1303 թ. գրուած ձեռագիր ժողովածուն (Երեւան, Մատենադարան, ձեռ. No. 3606) երկար ժամանակ Գանձասարում էր: Նոյն Գանձասարում էր այժմ Շիքակոյի համալսարանի մատենադարանի Ռաֆայէլ Սթորայի սեփականութիւնը կազմող Աւետարանը (ձեռ. No. 949), որը 1237 թ. նկարազարդել են Իգնատիոս եւ Աբբաս մանրանկարիչները: Աւետարանի` այդ թուականին Գանձասարում լինելու մասին յիշատակարան կայ 311ա-312բ թերթերի վրայ:

Օրինակները բազմաթիւ են եւ ցուցադրում են արցախցիների յատուկ վերաբերմունքը դէպի ձեռագրական արուեստը:
Արցախի վարպետները տարբեր գոյնի քարերով շարել են ճարտարապետական կոթողների առանձին հատուածները` օգտագործելով սպիտակ, դեղին, վարդագոյն, մոխրագոյն եւ սեւ գոյնի տեղական քարատեսակները:
Արցախում եղել է նաեւ շէնքերի ներքին յարդարանքի գեղանկարչական կուլտուրա: Որմնանկարչական արուեստի մասին գրաւոր յիշատակութիւնները սուղ են, սակայն` նշանակալից: Որմնանկարչութեան հետքեր են պահպանուել Դադիվանքում: Առաջաձորի մատուռներից մէկում:
Յատկապէս անհրաժեշտ ենք համարում ներկայացնել այն նկարագրութիւնը, որը XX դ. սկիզբին գրառել է Մեսրոպ Տէր Մովսիսեանը` Դադիվանքի որմնանկարներից ստացած տպաւորութեան տակ:
«Հարաւային պատի տեսարանն էր. Աստուածածին. նկարուած երեք քառորդ հանդիպահայեաց դիրքով, հագին մոխրագոյն երկար շապիկ, գլուխը փաթաթած կարմիր ծածկոցով, ձեռների վրայ երկարած խաչազարդ ուրար: Նա, հայեացքը յառած դէպի Արեւելք, դիտում է կենտրոնում նստած մի անձի: Նրա առջեւում գտնւում է թեւաւոր հրեշտակ, աւելի փոքր դիրքով նկարուած, որի հայեացքը նոյնպէս դարձած է դէպի նոյն կենտրոնական անձին պատկերը, իսկ այդ կենտրոնական անձնաւորութիւնը թէ ով է, չկարողացանք որոշել, որովհետեւ շատ էր վնասուած եւ նկատելի էին միայն անորոշ գծագրութիւններ:
Հիւսիսային պատի տեսարանն է. մի անձնաւորութիւն քայլում է դէպի արեւելք, աջ ձեռքում բռնած ոսկեկազմ Աւետարան, ունի կարմրագոյն երկար միրուք, ինչպէս որ նրա գլխի մազերի գոյնն է: Հագել է կարմիր բաճկոն եւ գորշ գոյնի վերարկու: Նրա մօտ է մի երկրորդ անձնաւորութիւն, երիտասարդ հասակում, անմիրուք, աջ ձեռքը աղերսական եղանակով առաջ կարկառած, հագին ունէր միայն դեղնագոյն մի շապիկ, խաչերով զարդարուած, ուրիշ հագուստ չունէր:
Նոյն պատի վրայ նկարած էր Յիսուսի ծնունդը: Աստուածածինը պառկած է գլուխը բարձրացած դիրքում, ինչ որ սովորական է Աւետարանների մանրանկարներում: Նրա գլխի վերեւ կանգնած է Յովսէփը, բայց նրա գլուխը թափած է, չկայ նկարում: Կոյսից աւելի ներքեւ չոքած էին երեք մոգեր, հագներին գոյնզգոյն, արեւելեան ճոխ հագուստներ, իսկ բարձրում սաւառնում էին խմբով հրեշտակները «Փառք ի բարձունս» երգելով»: Բ. Ուլուբաբեանն ու Մ. Հասրաթեանը, յենուելով աւագ խորանի ետեւում ծեփի վրայ քանդակուած 1215 թ. մի արձանագրութեան վրայ, գտնում են, որ նոյն ծեփի վրայ գտնուող որմնանկարները կատարուած են 1214-1215 թթ.:
Պահպանուել են Գանձասարի, Դադիվանքի եւ Առաջաձորի մօտ գտնուող Ս. Ստեփանոս եկեղեցին այցելած արուեստաբան Լ. Դուրնովոյի տպաւորութիւններն օրագրերի ձեւով:
Դադիվանքի նկարազարդումների վերոյիշեալ նկարագրութիւններից Լ. Տուրնովոն տեսել է որմնանկարների ներկերի հետքեր եւ երկու սիւժէ.
ա) Հարաւային պատին պատկերուած Աստուածամայրը պարզած ձեռքի վրայ ուրար ունի, որը յանձնում է Նիկոլայ հրաշագործին: Ուրարը կրելու իրաւունքից նա զրկուել էր Արարչի ցուցումներին հակառակելու համար: Արուեստաբանը գտնում է, որ Նիկոլայ հրաշագործի հետ կապուած այս սիւժէն հաւանաբար Արցախ է ներմուծուել Բիւզանդիայից, Վրաստանից կամ Ռուսաստանից, քանի որ բացառիկ է հայկական որմնանկարչական արուեստի պատկերագրական շարքում:
բ) Հիւսիսային պատի արեւելեան մասում Լ. Տուրնովոն ուսումնասիրել է մէկ այլ սիւժէով որմնանկար. բուրվառը ձեռքին եւ հոգեւորականի հագուստով անֆաս կանգնած է մի կին, դէպի որն են թեքուած վեց իշխանները: Վերեւում չորս քերովբէներ են: Լ. Դուրնովոն ենթադրում է, որ կենտրոնական ֆիգուրը Հասան Ջալալի կին Մամա Խաթունն է: Նա գտնում է, որ Մամա Խաթունը սարկաւագուհի է (դիակոնիսա), որն այն ժամանակ թերեւս օրինական եւ ընդունելի էր հայ լուսաւորչական եկեղեցում: Լ. Դուրնովոն թողել է նաեւ այդ որմնանկարի գծանկարչական պատկերումը, որից, սակայն, պարզորոշ երեւում է, թէ այն Ս. Ստեփանոսի կեանքի դրուագ ներկայացնող սիւժէ է: Այն մեծ տարածում ունէր յատկապէս Արեւելեան Հայաստանում, որի եկեղեցիներում պահպանուել են նրան նուիրուած ինչպէս որմնանկարչական, նոյնպէս եւ հաստոցային նկարներ:
Առաջաձորի Ս. Ստեփանոս եկեղեցում Լ. Տուրնովոյի այցելութեան տարիներին (1958, 1959, 1960 թթ.) որմնանկարներն արդէն չկային, սակայն պահպանուել էր որմնանկարների ծեփը: Եկեղեցու աւագ խորանի գմբէթին բարձր գմբէթով եկեղեցի էր նկարուած, շուրջը` խաղողի տերեւներ, որոնցից դէպի եկեղեցու յատակն էին իջնում երկրաչափական զարդանախշեր: 1229 թ. նկարուած յարդարանքից միայն սեւ եւ սպիտակ գոյներն էին պահպանուել:
Իր կատարած գործուղման հաշուետուութեան մէջ Լ. Դուրնովոն այն միտքն է յայտնում, որ ինչպէս Դադիվանքի, նոյնպէս եւ գաւառի միւս եկեղեցիների որմնանկարների գունային կառուցուածքը խարսխուած է եղել կարմրաշագանակագոյն եւ մոխրագոյն երանգների վրայ:
Հաւանական պէտք է համարել, որ այս նկարազարդումների յօրինուածքներում պատկերուած կերպարների շարքում եղել են նաեւ պատուիրատուների դիմանկարներ:
ՄԱՆԻԱ ՂԱԶԱՐԵԱՆ