Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գինուց Քացախ Դարձուած Էրզրումն Ու Չորս Օրեկան Հայը

Մարտ 20, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Էրզրումն ու դրա վերաբերեալ պատկերացումներն ինձ համար երկար ժամանակ սահմանափակուել են միայն հայաստանեան ճաշարանների ճաշացուցակին մէջ «էրզրումի ղափամա»-ով, հայկական արխիւներում կոկիկ հագնուած ու սուր պեխերով հայ ոսկերիչների սեւ-սպիտակ լուսանկարներով ու ջաւախեցի ընկերներիս անմիջականութեամբ ու մեզ` սասունցիներիս նման զգացմունքայնութեամբ:

Հա՛, Էրզրումն իմ գլխում դա մէկ էլ մեր թուրք ընկեր Տենիզն էր, ով միակն էր, որ չնայած մեզ հետ մտերմութեանը` շարունակում էր նեարդայնանալ Ցեղասպանութիւն եզրոյթից ու շարունակաբար վիճել` հակառակ ապացոյցներ փնտռելով: Բայց նրա մասին մի փոքր ուշ:

էրզրումը, նոյն ինքը ` երբեմնի փառահեղ Կարինը Թուրքիայում, մեղմ ասած, այդքան էլ սիրուած վայր չէ: Արեւմտեան նահանգների «մոտերնիզացուած» թուրքերը տանել չեն կարող այս նահանգն ու տեղի մարդկանց չափից դուրս կրօնամոլութիւնը, քրտերը` թուրք ազգայնականութիւնը, իսկ հայերը` երկուսն էլ:

Ի վերջոյ, Էրզրումը դա նաեւ ժամանակակից Թուրքիայի այն տարածքն է, որտեղ մեզ` հայերիս, թերեւս, ամենաշատն են ատում:

Թուրքիայի` իրաւամբ ամենաազգայնամոլ բնակչութիւն ունեցող տարածքներից մէկը հանդիսացող այս վայրում ձեզ ոգեւորուած կը պատմեն, թէ ինչպէ՛ս են հայերը յարձակուել թուրքական գիւղերի վրայ, մէջքից հարուածել օսմանցիներին` ռուսների հետ մութ ու ստոր համագործակցութեամբ:

Ինչպէս հասկացաք, Էրզրումը տեսնելու համար իւրաքանչիւր հայի նաեւ անհրաժեշտ է քար համբերութիւն ու երկաթէ նեարդային համակարգ:

Դէ՛, իսկ ես այն չունեմ:

Եթէ շատ անկեղծ լինեմ` երբեւէ յատուկ հետաքրքրասիրութիւն չեմ տածել Էրզրումի ու դրա հետ կապուած ինչ-որ բանի հանդէպ: Աւելի՛ն. երբ երկու տարի առաջ ինձ առաջարկեցին մեկնել Էրզրում, պատասխանս մօտաւորապէս այսպիսին էր` «Աստծու սիրուն, ինձ հանգիստ թողէք»:

Սակայն, ի վերջոյ, մի օր ստիպուած եղայ դէմ առ դէմ դուրս գալ սուր ու ստեպղինագոյն ժայռերի տիրակալ Էրզրումի հետ: Դա պատահեց այն ժամանակ, երբ Համշէնում հրաշալի մէկշաբաթեայ արձակուրդից յետոյ որոշեցինք մեկնել Տէրսիմ` վաղուց ճշդուած ծրագրով: Համշէնից Տէրսիմ ընկած ճանապարհն ընկած է Արտուինի, Էրզրումի եւ Երզնկայի միջով: Հէնց այդպէս էլ, մայիսեան մի առաւօտ, ժամը 7:00-ի կողմերը մտանք Էրզրումի կենտրոն, ուր մեր համշէնցի ընկերը որոշեց հանգիստ առնել: Ես Էրզրումի ու մեքենայի ապակիներից դուրս ամէն բանի հանդէպ խորապէս անտարբեր ու քնկոտ լինելով` որոշել էի անգամ դուրս չգալ մեքենայից ու, առիթից օգտուելով, մի լաւ քնել: Անգամ ընկերներից մէկի` հայաստանցի լինելն ու թուրքերէն բնաւ չհասկանալը ինձ չկարողացաւ ստիպել գլուխս վեր հանել ու դուրս գալ մեքենայից` Էրզրումում լուսանկարներ անելիս նրան ուղեկցելու համար… «Ամա՛ն, ի՛նչ պէտք է լինի, գնա՛, պտտուի՛ր քեզ համար, ոչ ոք քեզ բան չի ասի»: Մօտ երկու ժամ, երբ չափից դուրս քաղցած ու միրգ գնելու փորձ կատարելիս էրզրումցիներին այդպէս էլ որեւէ լեզուով բան բացատրել չկարողացած ընկերուհիս կրկին թխկթխկացրեց մեքենայի պատուհանը, ստիպուած եղայ, ի հարկէ, դուրս գալ բոյնիցս ու ծանօթանալ Էրզրումի անձրեւոտ ու ցուրտ փողոցներին:

Շատ բարեհամբոյր ու մեզ խաբած մրգավաճառից գնեցինք տեղական կեռաս, կանաչ խնձոր, ելակ ու թութ: Հէնց այդ պահին էր, որ յանկարծ գլուխս բարձրացրի ու դիմացս վեր խոյացաւ վեհ, արտասովոր մի կառոյց. ակնյայտ հին պատմութիւն ունեցող շքեղ երկյարկանի տունը գեղեցկացնում էր փայտէ պատշգամբը, կապոյտ ներկն ու աչք ծակող զարդանախշերը: Սառած հայեացքս նկատած ծեր, կապուտաչեայ տղամարդը արագ անցաւ դիմացի մայթ եւ, վազելով դէպի մեզ, ասաց. «Սա Արամ փաշայի տունն է, մինչ 1915-ը Էրզրումի ամենահարուստ մարդկանցից է եղել: Տան բանալին ինձ մօտ է. եթէ ցանկացաք, կ՛օգնեմ, դուռը կը բացեմ, ցոյց կը տամ»:

Անծանօթ ու տարօրինակ կերպով պատրաստակամ պապիկին պատասխանեցի միանգամից ու առանց երկար մտածելու` «կարիք չկայ, շնորհակալ եմ»: Ի վերջոյ, մենք Սասունում կամ Մուշում չենք, ուր ամէն երրորդը հայ է կամ հայ որբ փրկած արաբի թոռ: Մենք Էրզրումում ենք… Դադաշներով, թուրքերով, չերքեզներով, թուրքացած վրացիներով, լազերով ու տեղ-տեղ ոչ պակաս մոլեռանդ քրտերով լցուած Էրզրումում: Այնպէս որ, լաւ կը լինի խելքներս գլուխներս հաւաքենք:

Սակայն կապուտաչեայ պապիկը դեռ նոյն տեղում կանգնած` սպասում էր, նոյնիսկ` երկու ժամ անց, երբ մենք կերանք բոլոր մրգերը, շրջեցինք աղէտի գօտի յիշեցնող թաղամասի հին տների բոլոր փլատակներն ու նորից յայտնուեցինք նոյն փողոցում: Ծերունին ժպտացող դէմքով նստած էր Արամ փաշայի տան դիմաց ու ուշադիր նայում էր, թէ արդեօք կը մօտենա՞նք նրան: Գուցէ սխա՞լ վարուեցի, գուցէ «մեղքն առա» ու նա իսկապէս անկե՞ղծ էր:

– Հօրեղբա՛յր, տէ՛, լա՛ւ, բացէ՛ք դուռը, գալիս ենք, – փողոցի ծայրից ձայն տալս ու պապիկի մէկ վայրկեանում տեղից վեր թռնելով հին եւ ծանր բանալին հանելը մէկ եղաւ:

Տունը ոչ թէ նման էր մէկ դար անտէր ու բռնազաւթուած կառոյցի, այլ` ուղղակի մի քանի ամիս մաքրութիւն չտեսած շինութեան: Պատուհանները, սեղանները, դարակներն ու պատերի նախշերը մնացել էին անփոփոխ, ձեռք չտուած, 20-րդ դարի առաջին տարիների հոտն ու ոգին ներկայ էին: Երեւում էր, որ կահոյքի մի քանի մաս դուրս է բերուել, որոշ տեղերում առաստաղը փլուել է հնութիւնից ու խոնաւութիւնից, տեղ-տեղ էլ թափուել է պատուհանների ներկը: Բայց` միայն այդքանը:

– Ոեւէ մէկը չի՞ ապրում այստեղ,- հարցրեցի պապիկին` գիտակցելով, որ հարցս չափից դուրս անիմաստ է: Ակնյայտ է` ոչ ոք չի ապրում ու չի էլ ապրել վերջին մէկ դարում:

– Մի անտուն մարդ կայ, բանալին տալիս եմ, գիշերները գալիս քնում է միայն,- կրկին ժպիտով բացատրում է կապուտաչեայ ծերունին:

Թէ ինչո՞ւ տան ներկայի սեփականատէր կապուտաչեայ ծերունին չէր աւերել, կողոպտել, վաճառել կամ վարձակալութեան տուել շքեղ տունը, ինչպէս դա անում են քրտերը Պիթլիսում, Մուշում, Վանում կամ Խարբերդում, ինչո՞ւ, ինչպէ՞ս են տան բանալիները յայտնուել նրա ընտանիքի ձեռքում, ի՞նչ կապ ունի Արամ փաշայի հետ` չհարցրեցի: Գուցէ իմանալով, որ ճիշդ պատասխանը միանգամից չեմ ստանալու:

– Գիտես, աղջի՛կս, ինձ թւում է` մենք պէտք է նրանց (հայերին) աւելի լաւ վերաբերուենք,- այս մէկը պապիկն ասաց առանց իմ հարցերի` ինքնաբուխ ու նորից ժպիտով, որը մեր շփման 20 րոպէների ընթացքում ոչ մի վայրկեան չպակասեց:

Ինչպէս պարզուեց` ազգայնական Էրզրումը նախ եւ առաջ ամենամեծ Թուրքիայի ամենամեծ հակասութիւնների կէտն է:

Որովհետեւ սա այն վայրն է, որտեղ հայկականութիւնն ու հայկական հետքը գուցէ եւ  ամենահարազատն ու կենդանին են: Թող ինձ ների աւելի քան 15.000 հայ բնակչութիւն ունեցող Մուշը, թող ինձ ներեն մինչ օրս հայերէնի իրենց բարբառը պահած սասունցիները, թող ինձ ներեն անգամ կրօնափոխութիւնից ամբողջովին խուսափել յաջողած մուսալեռցիները, սակայն ազգայնական, կրօնամոլ ու հայատեաց էրզրումցիների դէպքն ուրիշ է` ցնցող, անհասկանալի, մի քիչ էլ սթափեցնող, բայց միանշանակ` ուրիշ է:

Ուրիշ ոչ մի տեղ դուք չէք հանդիպի հայկական պարերն այսքան ճիշդ, այսքան նոյնութեամբ, չքրտացուած ու չթուրքացուած վիճակով պարող երիտասարդների, որոնք, սակայն, գաղափար անգամ չունեն, թէ դա հայկական մշակոյթ է: Թերեւս կեանքիս ամենացնցիչ պահերից մէկը համացանցը փորփրելիս «էրզուրում պարը» վերնագրուած հոլովակում թուրքական դրօշի եւ Աթաթուրքի պատկերի տակ թրով պարը կատարող երիտասարդներին հետեւելն էր: Չէ՛, թուրքերէն «հալայ», «օյուն» կամ փոխառնուած «տանս» բառը չէր, հէնց «պար», այո՛, հէնց հայերէն բառը` թուրքերէն վերջաւորութեան կցմամբ. «էրզուրում պարը»: Եւ հէնց այդ նոյն կերպով ամբողջ Թուրքիայում ճանաչում են էրզրումցիների այս խաղը` դասելով այն Էրզրումի մշակոյթի առանձնայատկութիւնների շարքը, քանի որ միւս գաւառներում «պար» բառը անծանօթ է մարդկանց: Սակայն մի կողմ թողնենք նոյնիսկ պարը: Անբիծ է պահպանուած նաեւ լաւաշ թխելու հնամենի աւանդոյթը, քայլ առ քայլ, թոնրի առաջ նստելու ձեւից, մինչեւ լաւաշը թոնրից հանող երկաթին հայերէն «ակիշ» ասելը:

Սակայն այս ամէնի մասին չի խօսուել, չի լսուել, չի հասկացուել: Գուցէ` թէկուզ այն պատճառով, որ ոչ ոքի մտքով չի անցել, թէ նման վայրում, որտեղ օդից անգամ թուրք ազգայնականութեան հոտ է գալիս, կարող է հայկական որեւէ բան մնացած լինել, էլ չասենք` հայեր ապրեն: Ասէք` Մալաթիա, ասէք` Տիգրանակերտ, ասէք` Մարտին, բայց` Էրզրում, Էրզրումում ծպտեալ հայեր® Չէ՛, չէ՛: Առաւելագոյնն, ինչ լսել էինք ու գիտէինք, ժամանակին այստեղ ապաստանած համշէնցիներն են, որոնք հետագայում ձուլուելով ոչ թէ ուղղակի հայ լինելն են մոռացել, այլեւ համշէնցի լինելու մասին երբեմն լսած չկան:

Էրզրումում հայերի իսլամացումը ունի ոչ թէ հարիւր, այլ երկու եւ անգամ երեք հարիւր տարուայ պատմութիւն ու երբեմն էլ աւելին: Այստեղ կան ամբողջական գիւղեր եւ անգամ գաւառներ, որոնք զանգուածայնօրէն իսլամացուել են 1700-ականներին, իսկ 1828-ին ռուս-թուրքական պայմանագրով արտագաղթի ժամանակ, որին միացած հայերը կազմեցին ժամանակակից Ջաւախքի հայութեան մի հատուածը, իրենց ետեւից թողեցին տասնեակ ամայի բնակավայրեր: Էրզրումի` Նարմանի, Թորթումի, Իսփիրի ու մի քանի այլ շրջանների հայկական գիւղերը կիսել են վաղ զանգուածային իսլամացման կամ վերջնական արտագաղթի գրեթէ նոյն ճակատագիրը: Եւ զարմանալի չէ, որ 1915-ին Էրզրումից դուրս եկած հայերի ժառանգների հանդիպելն այսօր շատ աւելի բարդ է, բացառութեամբ` Շիրակի որոշ գիւղերի: Բոլորից շա՞տ մորթուեցին, թէ՞ աւելի շատերը չլքեցին Էրզրումը, ո՞ւր են 1915-ի էրզրումցի որբերը, եւ ինչո՞ւ են միայն Էրզրումում այսքան «հայկական» մեզ ատողները` «գինուց քացախ» դարձածների թնդութեամբ:

Ի դէպ` «քացախների» մասին…

Թէեւ երկու տարի առաջ էի Էրզրում գնացել` երկու տարի շարունակ որեւէ կերպ Էրզրումի մասին գրուածքը չէր դասաւորւում ու կապւում ո՛չ մտքիս մէջ, ո՛չ թղթի վրայ: Ես գիտէի, որ նախապէս նախապաշարումներով գնացած ու տեսածս մոխրագոյն Էրզրումը այն չէր, ու իմ զգացումներն էլ Էրզրումի մասին այն չեն, ինչ պէտք էր որ լինէին:

Գուցէ դրա պատճառով էր, որ իմ հոգու խորքի «իրական Էրզրումը» արջի քուն մտածի պէս սպասում էր իր հերթին, իսկ ամէն բան, անշուշտ, ունի իր հերթը, իր ժամանակը:

Եւ ժամանակը փաստօրէն եկել էր. հէնց այն ժամանակ, երբ Էրզրումի մասին յիշողութիւնները հերթական անգամ անյաջող կերպով փորձում էի վերարտադրել ու գոնէ ուղղակի գրի առնել, համացանցում պատահաբար աչքս ծակեցին Էրզրումի Նարման գաւառի մասին տուեալներ: 1700-ականներին ամբողջովին իսլամացուա՞ծ… Բացի երկու գիւղի՞ց: Գիւղերից մէկն էլ Աքրակն է: Աքրակը մինչեւ 1914 քրիստոնեայ գի՞ւղ է եղել: Ու նաեւ` հիւրընկալել աւելի վաղ իսլամացումից խուսափելով այստեղ եկած համշէնցիների տոհմի՞:

Չէ՛, ճիշդ էք, այս տեղեկութիւնների մէջ արտառոց ու տարօրինակ բան չկայ: Միակ տարօրինակ բանն այն էր, որ Աքրակը մեր ընկեր Տենիզի գիւղն է: Թուրքիայում իմ ճանաչած միակ էրզրումցու, ֆէյսպուքեան դիմանկարը թուրքական դրօշակի նկարներով ծանրաբեռնած, օսմանցիների` երկրագնդի արդարագոյն հասարակութիւն լինելու մասին համոզուած, ուրբաթ օրերի նամազը երբեք չմոռացող Տենիզը:

– Տենի՛զ, քեզ ասե՞լ են, թէ ե՛րբ էք եկել ձեր գիւղ:

– Ինչո՞ւ ես հարցնում:

– Դո՛ւ ասա:

– Մերոնք դեռ 1800-ականներին են անցել Էրզրում` Համշէնից:

– Համշէնի գիւղը գիտե՞ս (ասում եմ արդէն գրեթէ խենթացած, բայց ամէն դէպքում` համոզուելու համար, քանի որ Համշէնում կան` նաեւ լազերի, յոյների ու վրացիների գիւղեր):

– Պապս ասում էր` Քօխսեր, կամ` նման մի բան:

Քօխսերի մասին տուեալները գտնելը 8 րոպէ խլեց ու այլ ասելիք չգտայ, քան` «Բարո՛վ եկար մեր ճամբար, Տենի՛զ»:

Յետո՞յ: Յետոն շատ բնական էր ու սպասելի. ջղագար, բայց արդէն խեղճացած ծիծաղ, ներքին ցնցումը թաքցնել փորձող անիմաստ հումորներ ու ինքնիրեն սփոփեցնող «Տէ՛ լաւ, դրա մէջ ինչ կայ» շարքից արտայայտութիւններ:

Ուրախացա՞յ: Ո՛չ: Անկեղծօրէն` ո՛չ: Մտածում էի, որ Տենիզը, ով անկախ իր ուղեղի` լուացուած լինելուն, մեծահոգի էր, զուսպ, համեստ ու շատ հետաքրքրասէր, արժանի չէր դրան: Մտածեցի` «Տենիզի կեանքը կործանուեց, Տենիզը կործանուեց»:

Տենիզը մի քանի ժամ լռեց, յետոյ ետ եկաւ ու ասաց.

– Բայց Սոֆի, ախր նման բան լինել չի կարող: Մենք օղուզ-թուրքերից ենք սերում: Նոյնիսկ մեր գիւղում օղուզ-թուրքերի հին բարբառը դեռ կիրառում են:

– Իրա՞ւ, մի երկու բառ ասա «օղուզերենից»…

– Ասեմ, ասեմ… Օրինակ` մեր գիւղի մեծերը ինձ փոքր ժամանակ ասում էին «տըղա», իսկ տատիկները` «օրթի»…:

Տենիզը կորաւ երեք կամ չորս օրով, ոչ ոքի հետ խօսեց, մտածեցինք` իրօք, Տենիզը կործանուեց:

Յիշեցի առաջին վէճը, որի ժամանակ Տենիզի երեսին էի շպրտել Թաներ Աքչամի` Թալէաթ փաշայի հեռագրերը բացայայտող գիրքն ու ասել` «Լաւ տղայ ես, բայց քեզ էշի պէս ես պահում»:

Դրանից մէկ օր առաջ Տենիզն ինձ հունից հանել էր.

– Անունդ Սոֆիա էր, չէ՞, հա՛, տէ՛ լսի, Էրզրում գնացել ես, չէ՞, իսկ տեսե՞լ ես պատերազմի ժամանակ թուրք զինուորների համար շինուած փայտէ տնակները®այնտեղ ռուսների ու ձերոնց սպանած զինուորների արիւնն է, չի մաքրուել, կը գնաս, կը նայես:

Նկատել էի` անգիր արած խօսքեր էին, իսկ ինքը, չնայած անիմաստ արտայայտութիւնների, մահմետականների մօտ չհանդիպող զսպուածութիւն ունէր: Նկատել էի, բայց երկար չէի մտածել այս ամէնի շուրջ:

Լա՛ւ, իմ ինչի՞ն էր պէտք նրա հայ լինելն իրեն ասելը, ի՞նչ շահեցի, տղան թող ապրէր իր համար:

Բայց Տենիզը վերադարձաւ: Չորս օր անց Տենիզը վերադարձաւ:

– Դու մի՛ տխրիր, լսի՛ր, գիտե՞ս, կարեւոր չէ հայ, թուրք, արաբ, չերքեզ: Դու, դու եղիր, մնացածն էլ մոռացիր,- փորձում եմ հանգստացնել միեւնոյն ժամանակ եւ՛ ինձ, եւ՛ նրան:

Բայց Տենիզը սփոփանքի կարիք չունէր, ինքն էր եկել սփոփելու:

– է՜, աղջի՛կ, ես բառարանում նայեցի, «տըղան» հայերէն է, դու ինձ ինչո՞ւ չասացիր,- ասաց նորաթուխ համշէնահայը, ով «տըղա» բառը գրեց հայերէն տառերով, որովհետեւ 4 օր անհետացել էր` հայերէնի այբուբենը հանգիստ, առանց խանգարողների սովորելու համար:

Այո՛, Էրզրումը պէտք էր գրուէր ու ապրուէր հէնց հիմա, որովհետեւ հէնց հիմա, հէնց այսօր մենք արդէն գիտենք, որ ազգայնական, կրօնամոլ, թուրքական դրօշակների գոյնի մէջ խեղդուած, լքուած հայկական տների հոտով ու «գորշ գայլերի» պէս գորշացուած Էրզրումը դա նաեւ Տենիզն է, տենիզներն են: Ու այս Էրզրումը ես նորից եմ գնալու, հաստա՛տ:

agopyan.sofia@gmail.com

Նախորդը

Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանի Ուսուցչաց Տօնը

Յաջորդը

«Հողի Կանչը» Ժապաւէնը Կը Նուիրուի Լեւոն Մելիք-Շահնազարեանի Յիշատակին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?