Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Միացում». Պէտք Է Հին Կարգախօսին Տալ Նոր Բովանդակութիւն. Հրաչեայ Արզումանեան

Մարտ 6, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի «Աշխարհ» ռազմավարական հետազօտութիւնների կեդրոնի տնօրէն, ռազմական եւ ազգային անվտանգութեան խնդիրների փորձագէտ, Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի խորհրդական Հրաչեայ Արզումանեանի հետ:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան շարժումը հայ ժողովրդի իտէալների իրականացման տեսանկիւնից:

Պ.- Մենք պէտք է հասկանանք, որ այն, ինչ տեղի է ունեցել 1988 թուականին` արտայայտուելով «միացում» կարգախօսով, ունի շատ խոր արմատներ: Արցախեան շարժումը Մեծ եղեռնի եւ 20-րդ դարում ընդունուած որոշումների հետեւանք է, երբ Թուրքիայի ազդեցութեան տակ պոլշեւիկ-քեմալականները Արցախը եւ Նախիջեւանը յանձնել են Ազրպէյճանին: Հայ ժողովրդի` դարերով կուտակուած` պետականութիւնը վերականգնելու ցանկութիւնը, յոյսը եւ կամքն արտայայտուեցին 1988 թուականին:

Հայութիւնը գիտակցում էր, որ Արցախի հայութեանը սպասւում է Արեւմտեան Հայաստանի հայութեան ճակատագիրը: Այդ իսկ պատճառով Արցախի առջեւ դրուած էր երկու նպատակ` Արցախի հայութեան փրկութիւնն ու Արցախի միացումը Հայաստանին:

Փորձի պակասութեան եւ ճակատագիրի բերումով որոշուեց, որ այդ նպատակներին կարելի է հասնել միայն հայկական 2 պետութիւնների միջոցով: Ճանաչուած-չճանաչուած` երկրորդական խնդիր էր: 30  տարի անց կարող ենք արձանագրել, որ յաջողեցինք: Այսօրուան դրութեամբ մենք ունենք երկու պետութիւն, երկու կառավարման համակարգ, բայց իրականում մենք ունենք տէ ֆաքթօ մէկ Հայաստան: Հայաստանն ու Արցախն ունեն միասնական զինուած ուժեր, ազգային անվտանգութեան համակարգ, միասնական ֆինանսական եւ ընկերային-տնտեսական ոլորտ, կրթական համակարգ եւ այլն: Կարելի է ասել, որ 95 տոկոսով միացումը տեղի է ունեցել:

Արցախեան շարժումն ապացուցեց, որ մենք ի վիճակի ենք դնել համաժողովրդական խնդիրներ եւ լուծել դրանք: Արցախեան շարժումը եւ յաղթանակը առաջընթաց եւ փոփոխութիւն դարձաւ հայութեան համար: Հայ ազգի միասնութիւնը տեղի էր ունենում միայն վէրքի, աղէտի եւ այն յիշատակի շուրջ, որ մեզ կոտորել են: Արցախեան շարժումը եւ յաղթանակը կոտրել են այդ կարծրատիպը: Մենք հասկացանք, որ կարող ենք լինել ոչ միայն զոհի դերում, այլ ի վիճակի ենք կռուել եւ յաղթանակել:

Հ.- Ի՞նչ նշանակութիւն է ունեցել Արցախեան շարժումը համաշխարհային քաղաքական տեսանկիւնից:

Պ.- Համաշխարհային իմաստով` ակնյայտ է, որ 30 տարի առաջ նախաձեռնուած գործընթացը 20-րդ դարավերջին տեղի ունեցող փոփոխութիւնների միայն մէկ բաժինն է: Արցախեան շարժումն ունէր ոչ միայն տարածքային-քաղաքական, այլ համաշխարհային-քաղաքական նշանակութիւն: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ մենք կարողացել ենք առաջ քաշել եւ լուծել համահայկական խնդիրներ: Այն փորձառութիւնը, որը մենք ձեռք ենք բերել այս 30 տարուան ընթացքում, իւրայատուկ է եւ օգտագործուելու է յառաջիկայ հայկական խնդիրների լուծման համար:

Հ.- Ինչպէս Արցախեան շարժման օրերին, այնպէս էլ այսօր` աշխարհում ազատութեան ձգտող ժողովուրդների ու երկրների թիւը չի կրճատւում: Ըստ ձեզ` տարբերւո՞ւմ են արդեօք ազատութեան ձգտող ժողովուրդների ցանկութիւններն ու տեսլականները:

Պ.- Ազատութեան իտէալն, ի հարկ է, անխտիր եւ անփոփոխ է բոլոր ժողովուրդների համար, բայց ազատութեան ձեւը եւ այդ իտէալի իրականացումն ու տեսլականը բնականաբար տարբեր են: Ազատութեան հայկական բանաձեւը տարբերւում է Հարաւային Սուտանի` ազատութեան մասին պատկերացումից: Դա բնական է: Ազատ եւ անկախ լինելու ազգերի իրաւունքն ընդհանուր է` որպէս երեւոյթ, բայց պէտք չէ ընդհանրացնել Արցախի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի, Պրետնիստրովիայի խնդիրը չճանաչուած երկրների կարգախօսի տակ: Արցախեան հարցի լուծումը բացառապէս արցախեան է լինելու:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախեան հիմնահարցի կարգաւորման ներկայ փուլը եւ ի՞նչ հեռանկար էք տեսնում:

Պ.- Արցախեան խնդիրը, որ դրուած էր հայ ժողովրդի առջեւ 1988 թուականին, լուծուած է: Մենք հասել ենք մեր նպատակին` Արցախի հայութիւնը փրկուած է, Արցախը տէ ֆաքթօ միացել է Հայաստանին: Հայ ազգի համար այդ խնդիրը փակ է: Մնացել են միջազգային երեւոյթները` Արցախի Հանրապետութեան ճանաչումը, իսկ դա արտաքին ասպարէզի խնդիր է: Անկախ նրանից, թէ երբ եւ ինչպէս կը լուծուի այդ խնդիրը, 21-րդ դարում հայ ժողովուրդի առջեւ ծառացած են այլ,  որակապէս աւելի բարդ խնդիրներ: Եւ այդ նոր խնդիրները լինելու է աւելի մեծ չափացոյցով, որովհետեւ մենք, տարածաշրջանը եւ աշխարհը փոխուել ենք: Այդ իսկ պատճառով` հայ ազգը պէտք է դադարեցնի յետ նայել: Լաւ կամ վատ ենք լուծել մեր առջեւ դրուած խնդիրը 20-րդ դարի վերջում այդ արդէն ամրագրուել է պատմութեան գրքերում, դարձել են հայոց պատմութեան մի մաս: Այսօր մենք ունենք սահմաններ, պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան համակարգ, երկիր եւ հնարաւորութիւններ: Վերջ: Պէտք է խօսենք եւ մտածենք այն խնդիրների մասին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ 21-րդ դարում:

Մենք ապրում ենք յետխորհրդային տարածաշրջանում, որն այսօր բաւականին պայմանական է: Յետխորհրդային տարածքում տեսնում ենք տագնապներ եւ զանազան երկրների ազդեցութիւնն այդ հակամարտութիւնների վրայ: Կառուցւում է նոր երկիր, նոր աշխարհ, նոր համաշխարհային համակարգ: Այդ նոր համաշխարհային համակարգում հայերն, ի հարկ է, կ՛ունենան հին-նոր հայկական խնդիրներ, եւ այդ խնդիրներն աւելի շատ կապուած չեն լինելու յատկապէս Արցախի հետ: 21-րդ դարում մեր առջեւ կանգնած են սպառնալիքներ եւ ազգային անվտանգութեան խնդիրներ, որոնք այլեւս տեղական չեն: Նման շքեղութեան մասին այլեւս կարող ենք մոռանալ: Նոր ռազմական տագնապներում ուղղակի ներքաշուած են լինելու տարածաշրջանային եւ  աշխարհաքաղաքական կեդրոնէ: Ծագած տագնապները աւելի շուտ նմանուելու են Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին. շատ մասնակիցներ` իրենց շահերով:

Հ.- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մէջ Արցախը միայն մի բաժինն է կազմում: Ի՞նչ էք կարծում` հնարաւո՞ր է Միացեալ Հայաստան երազանքի իրականացումը:

Պ.- Հայ դատը միջազգային, ռազմական, քաղաքական իմաստով մնում է չլուծուած: Այսօր մենք պէտք է պատրաստուենք լուծելու այդ, քանի որ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները նպատակ ունեն վերականգնելու Առաջին համաշխարհային պատերազմում ստեղծուած իրավիճակը: Իսկ դա բխում է հայկական շահերից: Մենք պէտք է պատրաստ լինենք նրան, որ Վուտրօ Ուիլսընի իրաւարարական վճիռը եւ Սայքս Փիքոյի որոշումը 21-րդ դարում կը դառնան իրականութիւն:

Մենք, ցաւօք սրտի, չունենք անհրաժեշտ ռազմական կարողական այդ խնդիրը լուծելու համար, բայց Արցախեան շարժմանը օրօք հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր: Միայն շարժման ընթացքում գիտակցեցինք, որ մեր նպատակին կարող ենք հասնել զէնքով: Մենք անպատրաստ ենք մտել պատերազմի մէջ, եւ այդ դասը պէտք է հաշուի առնել: Այսօր մենք ունենք պետութիւն, մտաւորականներ եւ համահայկական ներուժ նոր մարտահրաւէրներին պատրաստ լինելու համար: Ցաւօք սրտի, մինչեւ այսօր դասեր չենք քաղել: Ապացոյցը` Ապրիլեան պատերազմն էր:

Համահայկական խնդիրների մէջ մենք իրաւունք չունենք սահմանափակուել միայն Արցախեան յաղթանակով: Այս 30 տարին մենք միայն վայելել ենք եւ հասցրել սովորել նրան, որ մեզ պէտք է օգնեն. համոզուել ենք, որ պարտաւոր են: Մեզ ժամանակ են տուել, սիրել եւ գուրգուրել են, իսկ հիմա եկել է ժամանակը` մտածել, որն է լինելու Արցախի խնդիրները 21-րդ դարում, որն է լինելու Արցախի դերը համահայկական խնդիրների լուծման մէջ:

Եթէ 20-րդ դարավերջին «միացում» կարգախօսով հասանք Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների միացմանը եւ լուծեցինք մեր ժողովրդի առաջ դրուած խնդիրը, ապա 21-րդ դարում, դարձեալ օգտուելով հին կարգախօսից, պէտք է այն լիցքաւորենք նոր իմաստով, այն է` համայն հայութեան միացում: «Միացում»` հին կարգախօսին պէտք է տալ նոր բովանդակութիւն: Մեզ համար այժմ դա անհրաժեշտութիւն է: Այդ միացումը պէտք է կազմակերպուի, իսկ կարգախօսի յստակեցումը գուցէ լինի առաջին քայլը մեծ խնդիրներ լուծելու համար:

Միացումը պէտք է լինի ոչ թէ տարերայնօրէն, ինչը տեղի էր ունեցել 88-ին, 92-ին եւ ապրիլին, այլ` համակարգուած: Որեւէ արտակարգ իրադարձութեան ժամանակ միայն «միացումով» զբաղուելը չափազանց մեծ շքեղութիւն է: Մենք պէտք է սովորենք դնել ու լուծել համահայկական խնդիրներ նաեւ խաղաղ պայմաններում:

Արցախեան յաղթանակից յետոյ կանգնեցինք աւելի մեծ խնդիրների առջեւ, որոնց լուծման համար դեռեւս ժամանակ ունենք, սակայն, միեւնոյն ժամանակ, պէտք է շտապել: Եթէ Արցախի հարցը լուծում է գտել, ուրեմն պէտք է փորձել կազմակերպուել եւ աւելի մեծ նպատակներ դնել հայ ժողովրդի առջեւ: Օգտագործենք ձեռք բերուած փորձառութիւնը աւելի մեծ խնդիրներ լուծելու համար: Իսկ փորձը փաստում է` երբ հայ ժողովուրդը միաւորւում եւ իր առջեւ նպատակ է դնում, նուաճում է այն:

Հրաչեայ Արզումանեանի հետ զրուցել է
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆԸ

Նախորդը

Յայտարարութիւններ (6 Մարտ 2018)

Յաջորդը

Տեսակէտ. Պայքարի Վերանորոգում. Նոր Հորիզոն, Նոր Փուլ

RelatedPosts

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան
Անդրադարձ

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան

Հոկտեմբեր 17, 2025
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Ի Զուր Կը Հնչեն Ահազանգները Մեր… (Կրթական Վերամուտ Եւ Թարգմանչաց)

Հոկտեմբեր 17, 2025
Սլաք.  Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն  Մէջ  Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան
Անդրադարձ

Սլաք. Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն Մէջ Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան

Հոկտեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?