Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախեան Պայքարի 30՞, Թէ՞ 100-ամեակ

Փետրուար 27, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Այսօր, արցախեան պայքարի 30-ամեակին, հարկ է յիշեցնել, որ այն ձեւաւորուել է 100 տարիներ ի վեր եւ ժայթքել է 30 տարի առաջ: Եւ արժեւորելով այդ շարժման յաղթանակի անգնահատելի արդիւնքը` անկարելի է նաեւ չվերլուծել այն իրադրութիւնները, որի արդիւնքում Արցախը չկարողացանք դարձնել մայր հողի մասնիկը, չկարողացանք այն վերջնականապէս ամբողջ տարածքով ազատագրել:

Այս մասին մտածելիս մտովի մխրճւում եմ մեր պատմութեան կրկնուող, անկանգառ ընթացքի մէջ, որը մեզ պարտադրում է այս օրերին ամբողջութեամբ վերլուծել արցախեան պայքարը` սկսելով յատկապէս, մեր առաջին հանրապետութեան շրջանից, քանի որ շուտով նշելու ենք այդ իրողութեան 100-ամեակը, եւ որի անկման արդիւնքում Արցախը խլուեց, տեղի ունեցաւ Հայաստանի եւ Արցախի բաժանումը: Դարաւոր հայրենի Արցախը յանկարծ դարձաւ գերի, վիճելի տարածք` իր իսկ հողի վրայ պոլշեւիկ-ազերի զաւթիչների ձեռքին:

Մենք մինչեւ օրս երբեք հարկ եղած չափով չենք անդրադառնում այն հարցին, թէ ինչպէ՛ս մի անյայտ Ազրպէյճան ոչ միայն անյայտութիւնից յանկարծ կազմաւորուեց եւ անկախ պետականութիւն հիմնեց մեզանից էլ առաջ, այլ կարողացաւ մեր տարածքներից Նախիջեւանը եւ Ղարաբաղն էլ խլել` իր կամքը թելադրելով ե՛ւ պոլշեւիկներին, ե՛ւ խորհրդայիններին: Չենք ուզում ընդունել մեր կարճամտութիւնը քաղաքականութեան մէջ, չենք վերլուծում մեր կորուստների պատճառները` գտնելու համար մեր թերացում-սխալները: Միշտ մի պատճառաբանութեամբ արդարացնում ենք մեր կորուստները, որի փայլուն օրինակն էլ ոչ շատ առաջ` 2016-ի ապրիլին, կրկին Արցախի տարածքի նոր կորուստն էր:

Եւ այսօր դատապարտելով հանդերձ ե՛ւ մեր մելիքների եւ յատկապէս մեր երկրորդ հանրապետութեան իշխանութեան անհեռանկար, անձնասէր եւ անտարբեր, ոչ հայրենանուէր վերաբերմունքը ժողովրդի հիմնական, ամենակարեւոր սեփականութեան` տարածքների հանդէպ, ուզում եմ կեդրոնանալ արցախցու իւրայատուկ կարողութեան վրայ, որն արիւնաքամ լինելով հանդերձ, երբեք չզիջեց, շարունակաբար պայքարեց իր անկախութեանը տիրանալու, կրկին մայր երկրին միանալու համար:

Անշուշտ իմ գրութիւնը ամենապարզ ուրուագիծն է արցախեան այդ մեծ Պայքարի:

Այսօր, երբ յետադարձ հայեացքով վերլուծում ենք Արցախի մեր հայրենակիցների պայքարը դեռ 1918-ին իրենց անկախութեան համար, որպէս իր ճակատագիրը իր ձեռքով կերտող ժողովրդի, համոզւում ենք, որ արցախեան պայքարը  իրարայաջորդ անարդար, աւելի ճիշդ` դաժան դասաւորումին, մեր ժողովրդի մղած պայքարներից ամենահետեւողական եւ անկոտրումներից է, եւ պէտք է որ յաղթանակէր:

Երկու տարի` 1918-ից 1920թ. բռնութեան, աննկարագրելի ջարդերի ու աւերների մէջ մասնատուելով անգամ Արցախը չընկճուեց, հռչակեց իր ինքնիշխանութիւնը, որն, աւաղ, թուրքերի նենգութեան եւ ստալինեան դիւային գործարքով 1921թ. յուլիս 5-ին, առանց իրաւական հիմքի, ընդգրկուեց խորհրդային Ազրպէյճանի կազմում: Դեռ աւելի՛ն. մայր հողին կապող սահմանակից տարածքը` Քարվաճառը եւ Լաչինն էլ անջատեցին, որ ընդհանրապէս խեղդեն, վերացնեն արցախահայութեանը: Որպէսզի ջնջեն հայութեան պատմութիւնը այդ հողերի վրայ, մայրաքաղաք Շուշին, որն արդէն աւերել էին, բաժանելով հայկական եւ թուրքական թաղամասերի` տեղափոխեցին Վարարակ գիւղ, որն սկզբում անուանեցին Խանքենդի, իսկ յետոյ` 1923թ. դարձրին Ստեփանակերտ, ի պատիւ Պաքուի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումեանի եւ աստիճանաբար սկսեցին գործադրել հայաթափման իրենց ծրագիրը: Այդ բռնի ստրկացումը` մարդկային, ազգային, մինչեւ իսկ որպէս նոյն խորհրդային իշխանութեան քաղաքացիական իրաւունքների սահմանափակումը, արցախցիները երբեք չընդունեցին եւ ստեղծելով «Ղարաբաղը` Հայաստանին» ընդյատակեայ միութիւնը, պարբերաբար` 1927թ., 1962թ., զանց առնելով իրենց սպառնացող ամէն վտանգ, բռնութիւն, հազարաւոր դիմումնահաւաքներով կրկին Հայաստանին վերամիաւորուելու պահանջներ ներկայացրին խորհրդային իշխանութիւններին, որոնք բոլորն էլ անշուշտ անարձագանգ մնացին` է՛լ աւելի վատթարացնելով տեղի հայութեան վիճակը:

Յիշեցնեմ, որ խորհրդային իշխանութեան տարիներին երկրի ներքին որոշումներն ամրագրւում էին պլենումներում (լիագումար ժողովներում), եւ ինչպէս յայտնի է 1985թ. համագումարներից մէկում Կորպաչովի «գլաստնոստ-վերափոխումներ»-ի հռչակումից անմիջապէս յետոյ, արցախահայութիւնը կրկին ոտքի ելաւ մայր հողին միաւորուելու պահանջով: Թէեւ դա դեռ միայն ստորագրահաւաք էր, ոչ ցոյցեր կամ ապստամբութիւն, պարզապէս Արցախն ուզում էր ոչ թէ դուրս գալ խորհրդային իշխանութեան լծից, այլ միանալ մայր հողին, որը նոյն խորհրդային իշխանութեան հանրապետութիւններից մէկն էր: Չնայած` դեռ մինչեւ 70-ական թթ. տարածքային փոփոխութիւններ էին տեղի ունեցել նոյն խորհրդային իշխանութեան տակ` Լաթուիա, Էսթոնիա, Պիելոռուսիա, Ուզպէքստան եւ այլն: Սակայն խորհրդային իշխանութիւնը մեր այդ առաջարկի մէջ պարզորոշ տեսնելով իր փլուզումը` արցախցիների պահանջը որակեց նացիոնալիստական, որն ամենամեծ «մեղադրանք»-ն էր այդ «եղբայրական» երկրում, փորձեց ամէն միջոցներով լռեցնել նրանց պահանջը: Աւելացնեմ, որ Ազրպէյճանի հայաթափումը եւ ազգային խտրականութիւնը, այսինքն` բացայայտ նացիոնալիզմը, այդ նոյն խորհրդային իշխանութեան կողմից երբեք մեղադրանք չհամարուեց:

1987թ. երբ ազերիները սկսեցին սանձարձակ հայաթափման գործողութիւնները, արցախցուն այլեւս ոչինչ էր մնում, եթէ ոչ` ինքն իր ձեռքով վերջնականապէս լուծել իր հարցը:

Երբ աշխարհին յայտնի 1988թ. դեկտեմբերի Հայաստանի ահաւոր երկրաշարժին, ուր հազարաւոր հայեր կորցրին իրենց կեանքն ու ունեցուածքը, իբր թէ Հայաստանով մտահոգ Կորպաչովը այցելեց Հայաստան, աշխարհին բացայայտուեց մէկ այլ ներքին երկրաշարժ` արցախեան շարժումը, որը կասեցնել այլեւս անկարելի էր:

1988-ի փետրուարեան դէպքերը, երբ Աղտամում սկսուեցին առաջին յարձակումները, վստահ եմ, դեռ բոլորի յիշողութեան մէջ է: Այդ նոյն շրջանում Երեւանի Թատերական հրապարակում արցախցիների արդար պահանջին միացող հազարաւոր հայութեան մէջ յանկարծ անյայտութիւնից իշխանութեան ձգտող աճպարարների մի խումբ յայտնուեց, որոնք ժողովրդի ազատութեան ձգտող հաստատ որոշումը` Արցախի պայքարը, իրենց կարգախօսը` «Պայքա՛ր, պայքար մինչեւ վե՛րջ»-ը դարձնելով, սուտ խոստումներով, նրանց հետ բռունցք թափահարելով` շուտով դառնալու էին մեր երկրորդ հանրապետութեան առաջին իշխանաւորները եւ արցախահայութեան ճակատագիրը վճռողները: Մինչ արդէն Սումկայիթում եւ Պաքւում հայերի դէմ կոտորածն էր սկսւում:

1988թ. սեպտեմբեր 18-ին Ստեփանակերտ տանող ճանապարհին` Խոջալուում սկսուեցին առաջին ընդհարումները ազերիների կողմից, Շուշիիում սկսեցին այրել հայերի տները:

1989թ. դեկտեմբեր 1-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը միջազգային բոլոր օրինական իրաւասութիւններով որոշում ընդունեց ԼՂ-ն Հայաստանին միաւորելու: Այսպիսով, Միջազգային դիւանագիտութեան մէջ յայտնուեց մի նոր  յապաւում` ԼՂ, մի անյայտ երկրամաս` Լեռնային Ղարաբաղ անուամբ, Խորհրդային Միութիւնում, որն առաջինը համարձակուել էր իր պատմական անկախութիւնը պահանջել այդ կարգերից:

1991թ. Արցախի ժողովուրդը դեռեւս չհայաթափուած Շահումեանի եւ դրան յարակից շրջանների հանրաքուէով հռչակեց իր անկախութիւնը: Ազրպէյճանն անշուշտ հեշտօրէն չէր կարող զիջել 100 տարուայ իր գերուն, մի հարուստ եւ  թուրանական ապագայ ծրագրի իրականացման համար այնպիսի մի յոյժ կարեւոր տարածք, ինչպիսին Արցախն է, եւ նոյն թուի սեպտեմբերին սկսուեցին պատերազմական գործողութիւնները արցախեան տարածքում:

Բնականաբար խօսել արցախեան շարժման մասին եւ զանց առնել պատերազմը` անկարելի է, քանզի այդ շարժումը ծնեց ե՛ւ պատերազմ` ե՛ւ յաղթանակ:

Առանց պատերազմի մանրամասների մէջ մտնելու, դրա տեղեկատուութիւնը եւ անաչառ իրականութիւնը թողնելով մասնագէտների տարեգրութեանը, ձեր յիշողութիւնը թարմացնելու համար միայն կը թուարկեմ մի քանի կարեւոր իրադարձութիւններ, որոնց արդիւնքում շարժումը պատերազմի վերածուեց եւ իր նպատակին հասաւ, թէեւ ոչ ամբողջութեամբ:

Յիշեցնեմ. Արցախը պատերազմի մէջ մտաւ, բնականաբար առանց կանոնաւոր բանակի ու ռազմամթերքի, ազրպէյճանական զինուած 80 հազարանոց կանոնաւոր բանակի,  ՕՄՕՆ-ի` Ազրպէյճանի ներքին ամենավայրագ զինուած ուժերի, ինչպէս նաեւ խորհրդային բանակի, նաեւ հաւաքագրուած վարձկան օդաչուների, մոճահետների, Խորհրդային Միութեան տարբեր շրջաններից` Ուքրանիայից, Ռուսաստանից, Ուզպեքստանից տոլարով վարձուած զինուորների դէմ:

Արցախեան բանակը կազմուած էր ժողովրդից, որոնցից շատերը ոչ մարզուած, առանց զինուորական կրթութեան, կռիւներում փորձառութիւն ձեռք չբերած զինուորներ էին:  Ընտանիքներից շատերը 3, 4, նոյնիսկ 9 եղբայրներով, հայրերով, պարզապէս նետւում էին պատերազմի մէջ իրենց երկիրը պաշտպանելու, որոնց գումարուեցին նաեւ սփիւռքից ինքնակամ եկած մարտիկները, որով եւ հապճեպ կազմուած մեր բանակի թիւը հասաւ 25 հազարի: Ուստի հանգիստ կարող ենք ասել, որ պատերազմը վարեց եւ շահեց ժողովուրդը, նոյն այն ժողովուրդը, որը 100 տարիներ եւ աւել պայքարել էր իր ինքնավարութիւնը պահելու, ամէն գնով հայրենի հողին միանալու համար եւ անսակարկ հեղեց իր արիւնը:

Իւրաքանչիւր պատերազմ ոչնչացման ռազմավարութեան իր բառապաշարն ունի, եւ Արցախում յաճախակի օգտագործուող «կոլցօ» (օղակ), անուանումը որը նշանակում էր փակել ել ու մուտք, օղակի մէջ սեղմել տեղի բնակչութեանը, նրան ազատ կոտորելու համար գործադրուեց ամենուրէք: Կամ` «Կրատ» հրթիռների առատ օգտագործումը, որով անխնայ ռմբակոծում էին Ստեփանակերտը եւ ողջ Արցախի մեծ ու փոքր հայկական գիւղերը: Բերդաձորի, Հադրութի, Գետաշէնի աւելի քան 20 գիւղեր գնդակոծւում էին ուղղաթիռներով, որից յետոյ խորհրդային հրասայլերն էին մտնում ու պաշարում գիւղերը:

Ինչպէս գիտէք, 1913թ. պայմանգրով Գիւլիստանը, որը ներկայիս Շահումեանի շրջանն է, մտաւ Ռուսաստանի կազմի մէջ, իսկ 1921թ. Ազրպէյճանի որոշմամբ Շահումեանի տարածքը, որն ամբողջովին բնակեցուած էր հայերով, դարձրին անմիջական Պաքուի ենթակայութիւն:

Ազրպէյճանի նախագահ Մութալիպովի հետ համաձայնեցուած` 1991թ. յունիս 4-ի Կորպաչովի հրամանով, խորհրդային զօրքերը դուրս բերուեցին Շահումեանի, Գետաշէնի, Մարտակերտի շրջանից` ազատ հնարաւորութիւն տալով ազրպէյճանցիներին իրենց կոտորածը իրագործելու, եւ` իրագործեցին: Ժողովուրդը որքան էլ տոկաց, սակայն արեւմտահայութեան նոյն ճակատագրին արժանացաւ, շրջանի գիւղերից մօտ տաս հազար հայեր մազապուրծ, խոշտանգուած, բռնաբարուած, կողոպտուած` մի կերպ հասան Ստեփանակերտ: Այս ամէնին գումարուեցին նաեւ Կիրովապատի, Սումկայիթի, Պաքուի կոտորածից փրկուածները: Հայութիւնը երկրորդ եղեռն էր ապրում, արդէն խորհրդային իշխանութեան հովանաւորութեամբ անուանափոխուած թուրքի` ազերիների ձեռքով:

Ինչպէս տեսնում էք, խորհրդային իշխանութիւնը իր փլուզման մէջ անգամ թշնամի մնաց հայութեան, իսկ թուրքը նոյն ազատութեամբ հետեւեց հային կոտորելու իր հին սովորութեանը:

Ազերիների նշանակակէտը մայրաքաղաք Ստեփանակերտն էր, որը լեցուած էր Շահումեանից եւ այլ շրջաններից մազապուրծ փախած տասնեակ հազարաւոր հայերով: Շրջափակուած Ստեփանակերտը տնքում էր սովի, մութի, Շուշիից արձակուող հրթիռների ռմբակոծումից, մարդկային կորուստներից: Անհրաժեշտ էր ազատագրել Շուշին` ազատագրելու համար Ստեփանակերտը եւ Հայաստանին կապող պարանոցը` Լաչինը, որպէսզի օգնութիւն հասնէր Արցախին:

Աշխարհը լուռ էր, սակաւ տեղեակ` Արցախում կատարուող արիւնալի իրադարձութիւններին, լուռ էր յատկապէս մեր հանրապետութեան նախագահ ԼՏՊ-ն:

Ժողովրդին զրկելով ջրից, ելեկտրականութիւնից, սնունդից, պատճառաբանելով, որ պատերազմական գօտի է նաեւ Հայաստանը, որ ազերիները յարձակուելու են նաեւ Հայաստանի վրայ: Այո՛, այդ օրերին թէեւ կրակոցներ էին լսւում Հայաստանում, բայց` ոչ թշնամու կողմից արձակուած, այլ իշխանութիւնը ազատւում էր իր ընդդիմադիրներից: Այդ օրերից մէկում էլ կրակոցները հասան նաեւ Ստեփանակերտ: Ո՞վ կը մտածէր, որ կրակոցներ են հնչելու հայերի ձեռքով ազատագրուած Ստեփանակերտում, քաղաքական սպանութիւն գործելու: Թիրախը` արցախեան պայքարի հիմնադիրներից, ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանն էր, որին հետեւեց Արկադի Ղուկասեանի մահափորձը, որը բարեբախտաբար միայն երկու ոտքից վնասուելով` կենդանի մնաց: Կրակոցները շարունակուեցին եւ պատերազմից յետոյ էլ շարունակուելով` հետա-գային հասան Երեւանի խորհրդարան` Հոկտեմբեր 27-ին:

Արցախում դրութիւնը օրէօր ճակատագրական էր դառնում: Շուշիի հայկական թաղամասերը պուլտոզերներով վերացւում, հողին էին հաւասարեցւում` մարդկանց կենդանի թաղելով իրենց տներում: Շուշիի ազատագրումը դժուարին եւ միաժամանակ ճակատագրական հարց էր այդ պատերազմում:

(Շար. 1)

 

 

Նախորդը

Սումկայիթ. Չդատապարտուած Ցեղասպանութիւն

Յաջորդը

Խմբագրական. 4-րդ Նախագահի Ընտրութեան Սեմին. Համահայկական Կերպար Եւ Քաղաքական Ներկայ Պահու Ընտրանք

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ) (115-րդ Տարեդարձին Առիթով)

Հոկտեմբեր 18, 2025
Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն
Անդրադարձ

Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն

Հոկտեմբեր 18, 2025
Ժեներալը…
Անդրադարձ

Ժեներալը…

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?