Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սումկայիթ. Չդատապարտուած Ցեղասպանութիւն

Փետրուար 27, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Ուղիղ 30 տարի է անցել սումկայիթեան ոճրագործութիւնից` ազրպէյճանական այդ քաղաքի աւելի քան 18 հազար հայ բնակիչների զանգուածային ջարդերից ու կոտորածներից: Եւ, ցաւօք, միջազգային հանրութիւնն  առ այսօր էլ իրաւական գնահատական չի տուել ազգային թշնամանքի գետնի վրայ անցած դարավերջին տեղի ունեցած այդ արիւնալի իրադարձութիւններին` դրանք միանշանակ որակելով իբրեւ հայ ժողովրդի մի հոծ հատուածի, իսկ աւելի լայն ու խորն ընդգրկմամբ` մարդկութեան դէմ ուղղուած դատապարտելի ցեղասպանական արարք:

Թէկուզ եւ ակնյայտ են այդ ողբերգական իրողութեան իրաւական գնահատման ու դատապարտման բոլոր համընդունելի ցուցիչները: Առաւել եւս, որ  ցեղասպանութիւնը, որպէս միջազգային յանցագործութիւն, ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 12-ի  «Ցեղասպանութեան  յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» համաձայնագրում սահմանւում է իբրեւ որեւէ ազգային, կրօնական կամ ցեղային խմբի մասնակիօրէն կամ ամբողջութեամբ մտադրուած, համակարգուած ոչնչացում:  Ըստ այդ միջազգային իրաւական սահմանման, նշուած յանցագործութիւնն իրականացւում է հետեւեալ կերպ.` «Խմբի անդամների սպանութիւն, խմբի անդամներին մարմնական կամ մտաւոր ծանր վնասի պատճառում, միտումնաւոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որոնք հաշուարկուած են յանգեցնելու նրանց լիարժէք կամ մասնակի ֆիզիքական ոչնչացմանը, այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կը կանխարգելեն այդ խմբի ծնելիութիւնը, այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը»:

Անշուշտ, այդ իրաւական կանոնը լիովին յատկանշական է 20-րդ դարասկզբին եւ դարավերջին հայ ժողովրդին ապրած բոլոր ողբերգութիւնների օրօք. երիտթուրքական, ապա եւ քեմալական իշխանութիւնների կողմից օսմանեան Թուրքիայում  եւ Արեւմտեան ու Արեւելեան Հայաստանում 1915-1923թթ. իրագործուած Հայոց ցեղասպանութեանը, այսպէս կոչուած, Ազրպէյճանի Ժողովրդավարական Հանրապետութեան գոյութեան տարիներին` 1918-1920թթ., մուսաւաթական իշխանութիւնների կազմակերպած ջարդերին` Պաքուի եւ Ելիզաւետպոլի (Գանձակի) նահանգների բնիկ հայկական կամ հայահոծ գաւառներում` Նուխիում, Շամախիում, Արէշում, Գարդմանքում, Շուշիում, Պաքւում, Խորհրդային Ազրպէյճանում` 1988-1990թթ.: Ջարդեր, որոնց ընթացքում հրի ու սրի մատնուեցին բազմաթիւ հայկական բնակավայրեր, կոտորուեցին, ընդհանուր առմամբ, երկու միլիոնից աւելի հայեր: Աշխարհը, աւաղ, խուլ ու անտարբեր մնաց հայոց ապրած այդ ողբերգութիւնների հանդէպ: Յատկանշական է, որ հայ ժողովրդի դէմ օսմանեան թուրքերի իրագործած ցեղասպանութիւնն առ այսօր ճանաչել ու դատապարտել են ընդամէնը երկու տասնեակից փոքր-ինչ աւելի պետութիւններ, մի քանի միջազգային կազմակերպութիւններ, տարբեր երկրների վարչատարածքային կառավարման մարմիններ: Ժամանակագրօրէն վերջին անգամ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն օրերս  վերահաստատել է Հոլանտան, բնականաբար, առաջ բերելով ցեղասպան երկու պետութեան` Թուրքիայի եւ Ազրպէյճանի իշխանութիւնների զայրոյթը: Աւաղ, ընդամէնն այսքանը:

Ինչպէս տարիներ առաջ միանգամայն իրաւացիօրէն նշել է Երեւանի պետհամալսարանի  դասախօս, պատմաբան Գէորգ Մելքոնեանը (մէջբերում եմ)` «Եթէ ժամանակին դատապարտուէր Հայոց ցեղասպանութիւնը, մենք չէինք ունենայ սումկայիթեան ողբերգութիւնը, իսկ եթէ դատապարտուէր սումկայիթեան ողբերգութիւնը, մենք չէինք ունենայ Պաքուի եւ Մարաղայի հայերի ջարդերը: Պէտք է հասկանանք նաեւ, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ դատապարտմամբ է պայմանաւորուած սումկայիթեան ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը»:

Միեւնոյն ժամանակ հարկ է նշել, որ չնայած միջազգային հանրութիւնը դեռեւս Սումկայիթի ոճրագործութիւնը չի ճանաչել որպէս ցեղասպանութիւն, բայց այն դատապարտել են Եւրոխորհրդարանը, Միացեալ Նահանգների  ծերակոյտը, Արժենթինի խորհրդարանը: Ակնյայտ է, որ  այդ երկրների հանրութիւնները ցնցուած էին Սումկայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգուածային ջարդերի վայրագութեամբ ու դաժանութեամբ, ջարդեր, որ մոլեռանդ  խառնամբոխը 1988թ. փետրուարի 27-29-ին իրականացրել է ազրպէյճանական իշխանութիւնների փաստացի աջակցութեամբ եւ Խորհրդային Միութեան  ղեկավարութեան թողտուութեամբ: Երկու դէպքում էլ` յանցաւոր ու դատապարտելի:  «Ստալինեան գազանութիւններից յետոյ,- այն օրերին գրել են մոսկուացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղուած իրենց «Բաց նամակում»,- մեր երկրում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ յետ շպրտէր մեզ` քաղաքակրթութիւնից դէպի վայրենութիւն»: «Խորհրդային Միութիւնը խաղաղ ժամանակներում երբեւէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցաւ այնուհետեւ: Տասից մինչեւ յիսուն եւ աւելի հոգանոց աւազակախմբերը սփռուեցին քաղաքով մէկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ինքնաշարժները, բայց ամէնից գլխաւորը` փնտռում էին հայերի»,- տարիներ անց` 1994 թուականին գրել է «Ռոտինա հանդէսը:

Սումկայիթեան նախճիրը, փաստօրէն, մարմնաւորել է ամբողջ խորհրդային շրջանում ազրպէյճանական իշխանութիւնների վարած հայատեաց քաղաքականութիւնը: Ընդ որում, դա  Ազրպէյճանի իշխանութիւնների եւ խորհրդային կեդրոնի դաժան հակադարձումն էր Արցախի հայութեանը`  ի պատասխան Հայաստանի հետ վերամիաւորուելու նրա օրինական կամքի արտայայտութեան ու պահանջի: Բազմազգ Սումկայիթում հայերի զանգուածային ջարդերի նպատակն էր` խափանել ղարաբաղեան հիմնախնդրի հնարաւոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արիւնահեղութիւններով ու ստիպել հրաժարուելու ազգային-ազատագրական շարժումից: Պատահական չէ, որ`  դէպքերից մէկ օր առաջ` փետրուարի 26-ին,  խորհրդային առաջնորդ Միխայիլ Կորպաչովը հայ մտաւորականների հետ հանդիպման ժամանակ, «մտավախութիւն» էր յայտնել Պաքւում ապրող աւելի քան 200 հազար հայերի անվտանգութեան ապահովման վերաբերեալ` այն ուղղակիօրէն կապելով Լղիմ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիաւորուելու արցախահայութեան պահանջի հետ: Դարձեալ պատահական չէր ԽՍՀՄ Գլխաւոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսեւի հեռուստատեսային սադրիչ յայտարարութիւնն առ այն, թէ Ասկերանի մերձակայքում հայերի եւ աղդամցիների միջեւ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում երկու ազրպէյճանցի է սպաննուել: Պատահական չէր նաեւ, ուստի եւ` անտեղեակութեան կամ անփութութեան հետեւանք չէր, որ խորհրդային զօրքերը Սումկայիթ մտցուեցին երեք օր ուշացումով` փետրուարի 29-ին: Ընդ որում, բանակը զէնք կիրառելու հրաման չի ստացել ու չի օգնել հայերին: Եւ միայն երեկոյեան է, որ դիմել է վճռական գործողութիւնների ու կանխել հետագայ ջարդերը:

Այս առումով, կարեւորւում է նաեւ այն հանգամանքը, որ  խորհրդային իշխանութիւնները յատուկ դիտաւորութեամբ բոլոր յանցագործութիւնները մէկ ընդհանուր գործի մէջ ներառելու փոխարէն, դրանք մասնատել են մի քանի մասերի` դատավարութիւնները կատարելով միութեան տարբեր քաղաքների դատարաններում: Դատավարութիւնների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի եւ տուժածների իրաւունքների կոպիտ խախտումներ: ԽՍՀՄ փլուզումից յետոյ ոճրագործների շատ գործեր կարճուել են եւ նրանց մեծ մասն` ազատ արձակուել: Ոճրագործութիւնը պաշտօնապէս չի դատապարտուել եւ ցաւակցութիւն չի յայտնուել զոհերի հարազատներին:

Բացի այդ, ջարդարարներից պատասխանատուութեան է ենթարկուել ընդամէնը 94 մարդ, եւ նրանցից միայն մէկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացուել: Մնացածներին ներկայացուել են սպանութիւնների, բռնաբարութիւնների, ջարդերի եւ այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառութեան, բոլոր դէպքերում յանցագործութեան հիմնաւորումն անուանուել է «խուլիկանական դրդապատճառներ»:

Ինչպէս յայտնի է, փետրուարի 27-ի սումկայիթեան  «հանրահաւաքներն» անմիջապէս վերածուեցին բռնարարքների: Եթէ Համայնավար կուսակցութեան Սումկայիթի քաղկոմի շէնքի դիմաց անցկացուած առաջին հաւաքին ներկայ էր մինչեւ 50 հոգի, ապա յաջորդ օրը մասնակիցների թիւը հասաւ մի քանի հազարի: Իր ելոյթում քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Պայրամովան պահանջում էր, որ հայերը հեռանան Ազրպէյճանից, իսկ ազրպէյճանցի բանաստեղծ, ազգութեամբ քիւրտ Խըտըր Ալովլուն իր ճառն աւարտեց «Մա՛հ հայերին» կոչով: Ամպիոնում քաղաքի ղեկավարութեան կողքին կանգնած էին նաեւ իրաւապահ մարմինների պատասխանատուներ, ու պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրուեցին ներքին գործերի աշխատակիցների անգործութեան եւ անհոգի պահուածքի աննախադէպ փաստեր: Հանրահաւաքներում բացայայտ կերպով ձեւաւորւում էր զանգուածային հոգեկան գրգռուածութեան եւ ջղագարութեան մթնոլորտ: Ամպիոններից ամբոխին կոչում էին ժիհատի` համախմբուել անհաւատների դէմ պատերազմում: Ջարդարարները, բորբոքուած այդ կոչերից, տաքացած` անվճար բաժանուող ոգելից խմիչքներից, մոլեգնած թմրանիւթերից, համոզուած լինելով իրենց անպատժելիութեան մէջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգուածային ջարդերը, խմբային ծեծը, սպանութիւնները, որոնք շարունակուեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխը,  ինչպէս երկուսուկէս ամիս անց` մայիսի 13-ի իր համարում վկայել է «Կոմունիստ Սումկայիթա» («Սումկայիթի համայնավար».- խմբ.) թերթը,  զինուած էր  խողովակագլանման գործարանի արտադրամասերում պատրաստուած կացիններով, դանակներով, ծակող ու կտրիչ այլ առարկաներով: Ջարդարարներին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան Սումկայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ճահանկիր Մուսլիմզատէն` Ազրպէյճանի պետական դրօշը ձեռքին: Աւազակախմբերին ղեկավարում էին նաեւ Սումկայիթում յայտնի այլ մարդիկ: Ամբոխը յստակ գիտէր ինչ պիտի անել: Խմբերի բաժանուած ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպաննում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլեւ ամէնից յաճախ նրանց դուրս էին հանում փողոցներն ու բակերը` հրապարակաւ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից յետոյ զոհերի վրայ պենզին էին լցնում եւ ողջակիզում:

Հայկական կողմի տրամադրութեան տակ եղած փաստաթղթերը հաստատում են, որ սումկայիթեան ցեղասպանութիւնը կազմակերպուած է եղել Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից ու, կրկնում եմ` Կրեմլի յանցաւոր թողտուութեամբ, եւ չի եղել մի խումբ խուլիկանների արարք, ինչպէս այդ արիւնալի իրադարձութիւններից անմիջապէս յետոյ սկսեցին ներկայացնել Պաքուն ու Մոսկուան: Այս առումով,  ուշագրաւ են սումկայիթեան ջարդերի վերաբերեալ քննարկումները ԽՄԿԿ Կենտկոմի քաղբիւրոյի 1988թ. փետրուարի 29-ի նիստում ու դրանցից բխած  հետեւութիւնները:  Նիստում առաջին անգամ պաշտօնապէս, սակայն «յոյժ գաղտնի» նշուեց, որ Սումկայիթում զանգուածային ջարդերն ու կոտորածը իրականացուել են ըստ ազգային յատկանիշի, այսինքն` բացառապէս հայազգի անձանց դէմ: Սակայն խորհրդային ղեկավարութիւնը շտապեց արգելք դնել «սումկայիթ» թեմայի վրայ:

Յանցագործութիւնները, որոնք, ըստ ցեղասպանութեան մասին միջազգային համաձայնագրի, պէտք էր որակուէին որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն, որակուեցին իբրեւ «խուլիկանական դրդապատճառներով» կատարուած քրէական արարքներ: Այլ կերպ ասած, քողարկուեց տեղի ունեցած ցեղասպանութիւնը, իսկ նրա կազմակերպիչները պարտակուեցին պաշտօնական մակարդակով: Այս անհեթեթ ու նողկալի տրամաբանութեան արդիւնք է, որ ԽՍՀՄ լուսաւորութեան նախարարութիւնը ջարդերից ընդամէնը մի քանի ամիս անց, որպէս գովասանքի արտայայտութիւն, փոխանցիկ կարմիր դրօշ շնորհեց Սումկայիթի իշխանութիւններին` մատաղ սերնդի ճիշդ դաստիարակութեան գործում ցուցաբերած եռանդուն ջանքերի ու մեծ ներդրման  համար:

Ոճրագործութեան շատ կազմակերպիչներ առաջ քաշուեցին իրենց պաշտօններում, իսկ նրանցից ոմանք այսօր էլ Ազրպէյճանում զբաղեցնում են բարձր պաշտօններ: Մասնաւորապէս անպատիժ մնացին քաղաքային եւ իրաւապահ մարմինների գործիչները, չնայած` մեծ թուով ականատեսներ մատնացոյց էին անում քաղաքում յայտնի անձանց` որպէս ջարդարար խառնամբոխի անմիջական մասնակիցների: Այսպէս, Սումկայիթի դատախազ Իսմաթ Կայիպովը, որն ի պաշտօնէ կոչուած էր  իրականացնելու քաղաքի կարգուկանոնի վերահսկողութիւնը, սումկայիթեան  ջարդերից մէկ տարի էլ չանցած` նշանակուեց Ազրպէյճանի գլխաւոր դատախազ: Ի դէպ, նրա բախտը հետագայում, մեղմ ասած, չբերեց, եթէ չասենք` Սումկայիթի, ապա եւ Պաքուի հայկական ջարդերին աջակցելու համար Բարձրեալի անխուսափելի հատուցում էր դա: Ինչպէս յայտնի է, Ազրպէյճանում ներիշխանական պայքարի արդիւնքում` 1991թ. նոյեմբերի 20-ին, նա` գլխաւոր դատախազը, ինչպէս նաեւ` պետքարտուղար Թոֆիք Իսմայլովը, փոխվարչապետ Զուլֆի Հաճիեւը, ներքին գործերի նախարար Մոհամետ Ասատովը  (նա, ով 88-ի փետրուարին Ստեփանակերտում սպառնալի յոխորտում էր հայերի նկատմամբ հաշուեյարդար տեսնելու նպատակով Աղտամից (ներկայումս` Ակնա) հարիւր հազար ազրպէյճանցիների բերել Լեռնային Ղարաբաղ), ընդհանուր առմամբ` 22 հոգի, եւ-եւս եղան իւրայինների կողմից խոցուած ՄԻ-8 ուղղաթիռում, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշէն գիւղի մերձակայ լեռներում:

Նոյնպէս բարձր պաշտօն ստացաւ խառնամբոխին հայկական ջարդերի ոգեշնչած  քիւրտ բանաստեղծ Խըտըր Ալովլին, ով, արժանանալով Նախիջեւանից վերջնականապէս Պաքու վերադարձած եւ Սումկայիթ այցելած իր ազգակից Հայտար Ալիեւի ջերմագին վերաբերմունքին, շուտով նշանակուեց քաղաքի գործադիր իշխանութեան ղեկավար, իսկ հետագայում դարձաւ ազրպէյճանական խորհրդարանի` Միլլի մեճլիսի պատգամաւոր:

Իր պաշտօնից ազատուեց միայն Սումկայիթի կուսակցական առաջնորդ, քաղկոմի առաջին քարտուղար Ճահանկիր Մուսլիմզատէն, չնայած` նա նոյնպէս չենթարկուեց քրէական պատասխանատուութեան: Ըստ երեւոյթին,  պատճառն իրադարձութիւններին նրա քաջատեղեակութեան մէջ էր, ինչը Մուսլիմզատէն օգտագործեց Ազրպէյճանի կոմկուսի Կենտկոմի 1988թ. մայիսի 21-ի պլենումում, որտեղ քննարկւում էր նրա անձնական պատասխանատուութեան հարցը, ուղղակիօրէն մեղադրելով հանրապետութեան ղեկավարութեանը ջարդերի կազմակերպման մէջ:

Սումկայիթեան ցեղասպանութեան զոհերի ճշգրիտ թիւը պարզուած չէ: Ազրպէյճանի դատախազութեան տրամադրած տուեալների հիման վրայ ԽՍՀՄ դատախազութիւնը յայտարարել է, որ` «սումկայիթում զոհուել է հայ ազգութեան 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտօնական տուեալներով` ցեղասպանութեան ենթարկուածների թիւը հասնում է հազարի, որոնց աճիւնները մինչ օրս էլ յայտնաբերւում են Սումկայիթի արուարձաններում նոր շինարարութիւն կատարելիս:

Մասնաւորապէս, բրիտանացի հետազօտող Թոմ տէ Վաալն իր «Սեւ այգի: Խաղաղութեան եւ պատերազմի արանքում» գրքում գրել է. «Եթէ ուշադրութիւն դարձնէք մահուան մասին տրուած բժշկական վկայականների գրանցման համարներին, ապա կը տեսնէք, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցուած է եղել առնուազն 115 դիակ… Իսկ բնական մահերի նման քանակութիւնը բացառւում է թէկուզ այն պատճառով, որ նախորդ երկու ամիսներին գրանցուել է ոչ աւելի, քան 72 մահ»:

Միեւնոյն ժամանակ, ըստ ազրպէյճանցի ակադեմիկոս, մոլեռանդ հայատեաց Զիա Պունիաթովի` Սումկայիթում 700 հայ է զոհուել, Պաքւում` 9000: Թէ որքանով է դա ստոյգ, այսօր դժուար է ասել, քանզի ինչպէս Սումկայիթի, այնպէս էլ Պաքուի ջարդերի հետեւանքով մահացածութեան փաստերը եօթը կողպէքի տակ են պահւում Ազրպէյճանի արխիւներում, առաւել եւս, որ նահատակուածների դիակները շուտափոյթ ցրել էին տարբեր բնակավայրերի դիարաններում, իսկ հետագայում, գիշերները, մթութեան քողի տակ  հողածածկ արել Սումկայիթի մերձակայ, նաեւ Պաքուից 40 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Փերեկիւշկիւլ կոչուող տարածքի,  Ապշերոնի թերակղզու ամայի վայրերում:  Բայց երեւի թէ  հիմք չունենք չհաւատալու Սումկայիթի ու Պաքուի հայոց կոտորածների ամենաակտիւ կազմակերպիչներից մէկին, ով  տիրապետում էր առկայ փաստերին:  Ի դէպ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան քննչական խմբի սպայակոյտի պետ Վիքթոր Քրիւոփուսքովը Սումկայիթի պարագայում համարեա նոյնն է ասում իր «Խռովայոյզ Ղարաբաղ» փաստավաւերագրական գրքում, նշելով, որ Սումկայիթում սպաննուած հայերի թիւը մի քանի հարիւրի է հասնում: Սա նշանակում է, որ Պունիաթովի բերած թուերը, ամենայն հաւանականութեամբ, մօտ են  իրականութեանը:

Խօսքս աւարտեմ լրահոսի բերած թարմ ու յուսալի տեղեկատուութեամբ այն մասին, որ օրերս`  փետրուարի 23-ին, Հայաստանի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նիստում քննարկուել է մի խումբ պատգամաւորների հեղինակած` «Հայերի նկատմամբ Ազրպէյճանի ոճրագործութիւնների դատապարտման վերաբերեալ» ԱԺ  յայտարարութեան նախագիծը, որին միացել են տարբեր խմբակցութիւններ: Նախագծում դատապարտւում են խաղաղ բնակչութեան դէմ Ազրպէյճանի իրագործած զանգուածային բռնութիւնները, սպանութիւններն ու տեղահանումները, ինչպէս նաեւ` հայատեաց, ցեղապաշտական քաղաքականութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի դէմ սանձազերծուած յարձակողապաշտ ռազմական գործողութիւնները: Միեւնոյն ժամանակ կոչ է արւում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպութիւններին, մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կառոյցներին` դատապարտել Ազրպէյճանի իրականացրած եւ շարունակուող ոճրագործութիւնները, միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` ողջ տարածաշրջանի անվտանգութեան, կայունութեան եւ զարգացման համար: Յայտարարութեան նախագիծը յանձնաժողովի դրական եզրակացութեամբ ընդգրկուել է խորհրդարանի  վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Յուսանք` Սումկայիթում, Պաքւում,  Ազրպէյճանի այլ բնակավայրերում հայ ազգաբնակչութեան նկատմամբ իրագործուած ցեղասպանութեան անժխտելի փաստն ի վերջոյ պաշտօնապէս միջազգային շրջանառութեան է դրւում հայրենի իշխանութիւնների կողմից` ի դատապարտումն մարդկութեան դէմ ուղղուած այդ յանցագործութեան եւ ի նպաստ ժողովուրդների  անվտանգ ապագայի: Եւ իրօք` մինչեւ ե՞րբ լռենք:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Ռուստամեան. «Հարցը Քաղաքական Առումով Եւ Մնացած Բոլոր Գործընթացներով Աւարտած Է»

Յաջորդը

Արցախեան Պայքարի 30՞, Թէ՞ 100-ամեակ

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ) (115-րդ Տարեդարձին Առիթով)

Հոկտեմբեր 18, 2025
Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն
Անդրադարձ

Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն

Հոկտեմբեր 18, 2025
Ժեներալը…
Անդրադարձ

Ժեներալը…

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?