Դեկտեմբերի 2-ը հայոց պատմութեան դժնդակ օրերից մէկն է: 1920 թուականի այդ օրը Խորհրդային Ռուսաստանը անկախ Հայաստանի իշխանութիւններից, վերջնագրային ձեւով, պահանջեց յանձնել իշխանութիւնը: Միւս կողմից` շարունակւում էր թուրքական զօրքերի առաջխաղացումը: Երկիրը եւ իր իշխանութիւնը յայտնուել էին երկու կրակի արանքում: Պոլշեւիկեան կառավարութեան բանագնաց Պորիս Լեկրանին յայտնելով անկախ Հայաստանի պատրաստակամութիւնը բարեկամական սերտ յարաբերութիւններ պահպանել Ռուսաստանի հետ` Սիմոն Վրացեանը ներկայացնում է մի քանի փաստարկներ, համաձայն որոնց, նպատակայարմար չէ իշխանափոխութիւնն ու անկախութեան կորուստը. «Խորհրդային զօրքեր մտցնելու, որ ասել է` Հայաստանը խորհրդայնացնելու դէմ առաջ բերի եւ այլ կարգի առարկութիւններ: Խորհրդայնացման դէպքում Հայաստանը բոլորովին պիտի կտրուէր Եւրոպայից ու Ամերիկայից եւ պիտի զրկուէր այն պարէնից, որ ստանում էր այնտեղից: Այդ պիտի նշանակէր սովամահութիւն հայ ժողովրդի համար, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ սովահար` ի վիճակի չէր Հայաստանին ուտելիք հասցնելու»:
Երկրորդ` Հայաստանի խորհրդայնացումը մահացու հարուած պիտի հասցնէր Հայկական հարցին եւ Հայաստանին տրուած բոլոր միջազգային յանձնառութիւններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթէ Հայաստանը պահուէր անկախ, թէ՛ դրսի աշխարհից չէր կտրուի, թէ՛ կը մնար Հայկական հարցի իրաւատէր:
Սրա կողքին գոյութիւն ունէր աւելի լուրջ փաստարկ. «Հայ ժողովուրդը համակիր չէր Հայաստանի խորհրդայնացման»:
Հայաստանի Ա. Հանրապետութեան պատմութեանը նուիրուած նիւթերի հրապարակման ժամանակագրութիւնը խախտելով` կրճատումներով ներկայացնում ենք մէկ գլուխ Սիմոն Վրացեանի. «Հայաստանը ՊՈԼՇԵՒԻԿԵԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՒ ԹՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ միջեւ» (ՏՊԱՐԱՆ «Համազգային» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ, ՊԷՅՐՈՒԹ 1953) աշխատութիւնից: Նկարագրուող ճակատագրական օրերին ստանձնելով անկախ Հայաստանի վերջին վարչապետի լիազօրութիւնները` Վրացեանը դառնում է այդ իրադարձութիւնների թերեւս ամենակեդրոնական դէմքը, ինչը, այս պարագայում, առաւել չափով արժեւորում է շարադրուող նիւթը:
Վերջինս արժէքաւոր է նաեւ, որպէս պատմական դաս, ինչպէս յայտնի է քաղքականութեան մէջ բարեկամները մշտական չեն, բայց մշտական են շահերը: Ներկայացուող նիւթը ունի նաեւ մեր օրերի շատ գործընթացների հետ զուգահեռներ տանելու, թէեւ ոչ ուղղակի, բայց նոյնպէս արժէքաւոր խորհուրդներ:
Arfd.am
Հայ-Թրքական Պատերազմը
Եւ Պոլշեւիկները
Շանթի պատուիրակութիւնը Մոսկուայից Երեւան վերադարձաւ սեպտ.14-ին` շարունակելու համար բանակցութիւնները Լեկրանի հետ: Հոկտ. 11-ին Լեկրանը հասաւ Երեւան` 47 հոգինոց պատուիրակութեան գլուխը անցած: Լեկրանը անշուշտ, Պաքւում եւ Թիֆլիսում հող էր պատրաստում Հայաստանի խորհրդայնացման համար:
Ինչպէս արդէն տեսանք, համագործակցութեան որոշ գիծ էր հաստատուած պոլշեւիկների, ազրպէյճանցիների, իթթիհատականների եւ քեմալականների միջեւ: Այդ գծի հետեւանք էր Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջեւանի գրաւումը Կարմիր բանակի կողմից: Այդ գծի մէկ մասն էին կազմում եւ թուրքերի պատերազմական գործողութիւնները Հայաստանի դէմ:
Հայաստանի կառավարութիւնը իր ժամանակին, որոշ չափով, իրազեկ էր թուրքերի ծրագիրներին եւ թուրք-պոլշեւիկ միացեալ ճակատի գոյութեանը: 1920 թ. ամառը Երեւանում ստացուել էր Մուսթաֆա Քեմալի Ազգ. Մեծ ժողովում արտասանած ճառի մանրամասնութիւնները, ինչպէս նաեւ սպայակոյտի պետ Իսմեթ փաշայի եւ Քեազիմ Քարապեքիր փաշայի միջեւ տեղի ունեցած գրագրութիւնը Հայաստանին վերաբերող խնդիրների մասին:Այդ տեղից որոշ կերպով երեւում էր, որ թուրքերը ծրագրում էին յարձակուել Հայաստանի վրայ եւ այդ մասին բանակցութիւնների մէջ էին պոլշեւիկների հետ:
Եւ սեպտ. 23-ին սկսուեց թուրք-հայկական պատերազմը: Դրանից երեք շաբաթ վերջն էր, որ Երեւան հասաւ Լեկրանը` իր բազմանդամ պատուիրակութեամբ: Եւ յաջորդ օրն իսկ Հայաստանի կառավարութեան ներկայացրեց Մոսկուայի պահանջները.
1) Հրաժարուել Սեւրի դաշնագրից,
2) Թոյլ տալ խորհրդային զօրքերին, որ իրենց ռազմամթերքով միասին անցնեն Հայաստանի վրայով` միանալու Մուսթաֆա Քեմալի բանակին` կռուելու համար դաշնակիցների դէմ,
3) Սահմանավէճը Հայաստանի եւ հարեւանների միջեւ լուծել Խորհրդ. Ռուսաստանի միջնորդութեամբ:
Հայաստանի կառավարութիւնը կտրուկ կերպով մերժեց առաջին կէտը եւ ընդունեց միւս պահանջները: Մի քանի օրից կողմերը եկան համաձայնութեան, եւ կազմուեց դաշնագրի նախագիծը, որի գլխաւոր կէտերն էին.
1) Խորհրդ. Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախութիւնը եւ անձեռնմխելիութիւնը:
2) Զանգեզուրը պիտի մտնէր Հայաստանի սահմանների մէջ, իսկ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը պիտի լուծուէր իրաւարարութեամբ:
3) Խորհրդ. Ռուսաստանը անմիջապէս պիտի միջամտէր` կասեցնելու համար պատերազմը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
4) 1914թ. սահմանի վրայ պիտի ստեղծուէր չէզոք գօտի եւ հայ թրքական սահմանավէճը պիտի լուծուէր Խորհրդ. Ռուսաստանի բարեկամական միջամտութեամբ:
5) Հայաստանի կառավարութիւնը համաձայնւում էր իր երկաթուղիներով եւ խճուղիներով ճամբայ տալու ռուսական զօրքին` անցնելու համար Թուրքիայ: Հայաստանի վրայով փոխադրուելիք ռազմամթերքի 30%-ը պիտի յանձնուէր Հայաստանին:
6) Հայաստանը ընդունում էր Խորհրդ. Ռուսաստանի միջնորդութիւնը իր եւ հարեւանների միջեւ եղած հողային վէճերը լուծելու համար:
7) Խորհրդ. Ռուսաստանը համաձայնւում էր վճարել Հայաստանին երկու եւ կէս միլիոն ոսկի ռուբլի, թոյլ տալ քարիւղի ազատ մուտք, տալ երկրագործական գործիքներ, վերադարձնել Էջմիածնի Մոսկուա տարուած գոյքերը, աջակցել հայ գաղթականների վերադարձին եւ այլն:
Լեկրանը դաշնագրի նախագիծը պիտի տանէր Պաքու, ստանար Մոսկուայի հաւանութիւնը եւ շուտով վերադառնար Երեւան` ստորագրելու համար «Բարեկամութեան եւ խաղաղութեան դաշնագիր Խորհրդ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»:
Թուրքերի յարձակումը Հայաստանի վրայ մեծ հրճուանք պատճառեց պոլշեւիկներին: Թիֆլիսի «կոմունիստ» թերթը գրում էր ցնծութեամբ, հոկտ. 24-ին: «Մնում է միայն ուրախանալ, որ դաշնակցական Հայաստանը գտնւում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստուած եղջիւրներ չի տուել»: Իսկ Պաքուի «Կոմունիստը» փառաբանական խմբագրականներ էր հրատարակում Մուսթաֆա Քեմալի հասցէին: Պոլշեւիկեան ժողովներում անվերապահ կերպով գովաբանւում էին թուրքերը, որ գալիս էին ազատելու Հայաստանի աշխատաւորութիւնը:
Ի՞նչ էին անում այդ միջոցին հայ պոլշեւիկները: Մտածեցի՞ն մի վայրկեան Հայաստանի պաշտպանութեան մասին:
Պաքուի «Կոմունիստ» թերթում լոյս տեսաւ «Անդրկովկասի ու ամբողջ աշխարհի բանուորներին եւ գիւղացիներին» ուղղուած մի կոչ, որի տակ ստորագրել էր եւ «Հայաստանի Կոմունիստ կուսակցութեան Կենդրոնական կոմիտէն»: Այդ կոչը ստերով, զրպարտութիւններով, հայհոյանքներով ու սպառնալիքներով համեմուած զզուելի մի գրութիւն էր: Այն պահուն, երբ Հայաստանի ժողովուրդը մահ ու կենաց օրհասական կռիւ էր մղում ջարդարար թշնամու դէմ, հայ պոլշեւիկները, միացած ազրպէյճանցի իրենց ընկերների հետ, շանթ ու կայծակ էին թափում Հայաստանի գլխին: «Հայաստանի մռայլ ու խոնաւ բանտերը, գրում էին Աւիսներն ու Միկոյեանները, որոնք շատ կեանքեր խլեցին արիւնոտ ցարի օրով, այժմ վերածուել են կառավարական տաճարների, ուր մաուզերիստները արիւնալի խնճոյքներ են սարքում Հայաստանի կոմունիստների նկատմամբ: Հայաստանի ներսում կոմունիստական բանուորական շարժումը յաղթահարելով միայն դաշնակները կարողացան Հայաստանը վերածել իմպերիալիստների համար յուսալի յենարանի` արեւելքի յեղափոխութեան դէմ կռուելու համարէ:
«Մենք ուխտ ենք տալիս Հայաստանի արիւնաքամ բանուորա-գիւղացիական զանգուածներին` չենթարկուել աւազակային խմբերի ցածրոգի պրովոկացիային® Մա՛հ Հայաստանի բանուորների եւ գիւղացիների վրայ բռնութիւն կատարողներին»:
Եւ ո՛չ մէկ խօսք ո՛չ պատերազմի, ո՛չ էլ Հայաստանի «աշխատաւորութիւնը» կոտորող թուրքերի մասին: Հայ պոլշեւիկները անշուշտ գիտէին, որ թուրքերը խորհրդային իշխանութեան գործօն աջակցութեամբ էին պատերազմի ելել Հայաստանի դէմ: Թուրքերը նրանց սրտին աւելի մօտ էին, քան` Հայաստանի «սպիտակ աւազակային կառավարութիւնը», քան Հայաստանը` ինքը:
Բայց միայն նման խօսքերով չէր, որ հայ պոլշեւիկները պայքար էին մղում Հայաստանի կառավարութեան դէմ: Նրանք գործով էլ աշխատում էին դիւրացնել Քեազիմ Քարապեքիրի աշխատանքը: Պատերազմի ընթացքին թէ՛ ընդհանուր զօրակոչի ենթարկուածների եւ թէ՛ դրսից եկած կամաւորների մէջ սպրդել էին բազմաթիւ պոլշեւիկներ, որոնք գաղտնի կերպով, զինուորների մէջ քարոզում էին պարտուողական գաղափարներ եւ գրգռում Հայաստանի կառավարութեան, զինուորական հրամանատարութեան դէմ: Նրանք հաւատացնում էին հայ զինուորներին, որ թուրքերը չէ, որ յարձակուել էին Հայաստանի վրայ, այլ` «Դաշնակները» պատերազմ սկսել, որ թուրքերը բարեկամ են պոլշեւիկներին ու դաշնակից` խորհրդային իշխանութեան, որ թուրք բանակի մէջ կան եւ ռուս ու հայ զինուորականներ, եւ որ` Հայաստան եկող թուրք զօրքերը չեն կոտորի հայերին, այլ միայն «Դաշնակների իշխանութիւնը կը տապալեն եւ կ՛օգնեն խորհրդային կարգերի հաստատման»:
1920-ի արիւնոտ օրերին, գրում է Վ. Նաւասարդեանը, երբ թրքական բանակը գրաւելով Սարիղամիշը` յաղթականօրէն արշաւում էր դէպի Կարս, այդ գերագոյն տագնապի եւ համազգային աղէտի օրերին հարիւրներով թռուցիկներ էին շրջան անում ժողովրդի ու բանակի մէջ, ուր պոլշեւիկեան կուսակցութիւնը սեւով սպիտակի վրայ ժողովրդին յայտարարում էր մօտաւորապէս հետեւեալը.
«Հա՛յ բանուոր, հա՛յ գիւղացի ու հա՛յ զինուոր,
«Քեմալական յեղափոխական բանակը` թուրք բանուորը, աշխատաւոր գիւղացին ու յեղափոխական ասկեարը, պարզած` խորհրդային կարմիր դրօշը, գալիս են փրկելու քեզ քո դահիճների ձեռքից եւ տապալելու քո արիւնը ծծող Դաշնակների անարգ լուծը»:
«Չկրակե՛ս, հա՛յ աշխատաւոր զինուոր, եղբայրական թուրք բանակի վրայ, նա քեզ բերում է ոչ թէ ստրկութիւն, այլ ազատութիւն, նա գալիս է օգնելու քեզ քո սրբազան պայքարի մէջ: Երբ տեսնես կարմիր դրօշը, ա՛ռ զէնքերդ եւ միացի՛ր եղբայրական թուրք բանակին` ընդդէմ քո ոխերիմ թշնամիների, ընդդէմ անարգ Դաշնակների»:
Այս տողերը չափազանց խոշոր գրերով ու մեսրոպեան տառերով, ստորագրուած էին յատուկ թռուցիկների վրայ ու տարածւում էին ժողովրդի ու բանակի մէջ:
Տարիներ անխաղաղ ապրած հայ գիւղացու եւ քաղքենու ականջին հաճելի էին այս քարոզները: Վերջ տալ պատերազմին, տուն երթալ ու խաղաղ նստել ռուս բանակի հովանաւորութեան տակ. ինչ աւելի հրապուրիչ հեռանկար:
(Շար. 1)