29 տարի անցած է արդէն Հայաստանի հիւսիսային շրջանները հարուածած աղէտալի երկրաշարժէն, եւ տակաւին «Աղէտի գօտի» հասկացողութիւնը կը յամենայ, հայ ազգը հարուածած բնական աղէտին բացած խոցը տակաւ կ՛արիւնի:
29 տարիներէ ի վեր տակաւին կարելի չէ եղած Սպիտակի երկրաշարժի վէրքին ամբողջական սպիացումը: Եւ տակաւին 1988-էն անտուն մնացած մարդիկ կ՛ապրին մետաղեայ տնակներու մէջ, հեռու` կեանքի տարրական բնականոն պայմաններէն:
Ստորեւ տրուած քանի մը վկայութիւններուն եւ տեղեկութիւններուն հրապարակումով չենք միտիր վերաթարմացնել տխուր յիշողութիւնը երկրաշարժի մասին, այլ` ցոյց տալ զօրակցութեան եւ համերաշխութեան մարդկայնական ապրումներուն հոսքը, որ առկայ էր այդ տխուր օրերուն: Պլպլացող լոյսերը` համատարած մութին մէջ…
Ստորեւ կու տանք հատուած մը արցախեան ազատամարտի նահատակ ազատամարտիկներէն Դուշման Վարդանին (Վարդան Ստեփանեան) նուիրուած Մաքսիմ Ոսկանեանի ընդարձակ վարքագրութենէն:
Հատուածը ուղղակիօրէն կը վերաբերի Սպիտակի երկրաշարժին ժամանակ Դուշման Վարդանի կատարած փրկարարական բացառիկ աշխատանքին:
18 օրում` 18 կեանքի փրկութիւն
Մեծ երկրաշարժից առաջ Վարդանը Մոսկուայում մտաւորական շրջաններում արցախեան հարցի բացատրական աշխատանքով էր զբաղուած: Եւ երբ մեծ աղէտն եղաւ, Մոսկուայից Երեւան գալով` տուն էլ չմտաւ, անմիջապէս գնաց Լենինական: Մոսկովեան մի շարք թերթեր գրեցին Վարդանի լենինականեան օրերի մասին: 18 օրում Վարդանը փլատակներից հանեց 18 մարդ: 18 հոգի դրանից յետոյ վերստին կեանք ստացաւ, որոնցից մէկը յղի կին էր, որ ուր որ է ծննդաբերելու էր: Ուղարկեցին Վանաձորի ծննդատուն: Տուն գալով` մօրը պատմում էր սարսռալի բաներ, որ որոնման աշխատանքների ժամանակ էին կատարուել: Առաւել շատ նրան ազդել էր, երբ փլատակները քանդելիս` Նոր տարուայ պատրաստութիւն տեսած ուտելիքներ, միրգ ու աղանդեղէն էր թափւում: Մարդիկ միամտօրէն պատրաստւում էին տօնի` չիմանալով, որ առջեւում մահացու աղէտն է սպասւում:
Եւ մի գիշեր շատ յոգնած էր, մի քիչ հանգստանամ, ասաց: Քնելու տեղ չկար, մտաւ մի դագաղի մէջ, կափարիչը ծածկեց, որ տաք լինի ու քնեց: Առաւօտեան դագաղը վերցրին, որ տանեն թաղելու. ներսից ձայն լսուեց.
– Կենդանի եմ, սպասէ՛ք…
Մարդիկ ասես վայրենացել էին: Հոգեւոր որեւէ երեւոյթ, մշակոյթ, գիրք` արդէն օտար էր դարձել նրանց համար: Ահա մի տեղ խարոյկ են արել, գրքեր էլ էին վառում: Նկատեց հայկական ճարտարապետական մի հին, արժէքաւոր գիրք: Նման բանը չէր կարելի տաքանալու համար կրակին տալ: Գուրգուրանքով վերցրեց, շոյեց գիրքը, ապա դրեց մօտիկ ծառի ճիւղերի արանքում եւ գնաց իր գործին: Երբ ետ դարձաւ, որ մի փոքր հանգիստ առնի, գիրքը կրկին խարոյկի կողքին` ցեխի մէջ ընկած էր: Այս անտարբերացած մարդկանց համար վառելանիւթ էր միայն: Վերցրեց, սրբեց, կրկին դրեց ծառին եւ յաջորդ դարձին կրկին եկաւ մի փոքր հանգստանալու, գիրքն արդէն… վառել էին: Վշտացել էր, դառնացել. չկարողացաւ արժէքաւոր գիրքը փրկել:
Երբ մայրը ցոյց տուեց այն թերթերը, որ պատմում էին Լենինականում Վարդանի կատարած որոնման աշխատանքների մասին եւ պատուոգրերը, որ նրա մօրն էին յանձնել, ասաց.
– Մա՛մ, խնդրում եմ, ո՛չ մէկին ցոյց չտաս, ամօ՛թ է: Թող որ պարծանք չհամարեն այն, ինչն իմ պարտաւորութիւնն է եղել:
Ոչ ճիշդ եղած գովեստների վտանգը նկատի ունենալով` Յիսուս առաքեալներին աշխարհ ուղարկելիս, գործը անելու մեծ գովեստների վտանգին` պատուիրեց այսպէս դիմագրաւել. «Ծառաներն ենք Աստծոյ, ինչ որ արեցինք, պարտաւոր էինք անել»:
Եթէ այդպէս է, հապա ինչո՞ւ ենք մենք եւս Վարդանի արժանաւոր գործերի մասին գրում, յիշատակում: Այդ էլ մե՛ր պարտաւորութիւնն է: Բանն այն է, որ Վարդանի եւ միւս արժանաւոր մարդկանց բարի գործերի վկայութիւնները սերունդ են մշակում: Նման գրքեր կարդալով, շարժանկարներ դիտելով` մենք զարգացնում ենք արժանաւոր շնորհները, ոգեւորւում աստուածային մարդասիրութեան յատկանիշներով, այդպէս` սկսում ենք մերժել շրջապատի անհոգի բացասումները, այլեւս շնորհներով աճելով ու քաջալերուելով բարի բաներում: Հին իմաստութիւնն ասում է. «Մարդը հակուած է առաւել օրինակների հետեւորդել, քան` ճշմարտութեանը»: Ուստի իմաստուն եւ բարի է մարդկանց ներկայացնել այնպիսի վկայութեան օրինակներ, որ ճշմարտութիւնից են եւ բարին են քաջալերում մեր մէջ:
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆԵԱՆ
2005 թ., հոկտեմբեր