ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Որքան փորձում եմ բացայայտել կեանքի առեղծուածը, այնքան մխրճւում եմ հարցերիս պատասխանը չգտնելու իրավիճակների մէջ` խճճուելով բնութեան անբացատրելի շերտերում:
Յաճախ գեղեցիկ ծաղկամանում սերմ ես ցանում, կարգապահօրէն ջրում ու սնում, միեւնոյն է` ոչինչ է աճում: Բայց դրա կողքին կարծր պեթոնի ճեղքից, պատահականօրէն ընկած սերմը, իրեն յարմարեցնելով այդ նեղ բացուածքին, հանգիստ վեր է բարձրանում, նոյնիսկ` առանց ջրի ու սնունդի, ամաչացնելով քեզ քո թերացումի համար:
Նայում եմ վաղ առաւօտեան ծագող արեւի շողով լուսաւորուած հանդարտ սրսփացող ծառի տերեւների պարին, թռչունների վաղորդեան եռուզեռին, ծաղիկների եւ մարդկանց քնկոտ արթնացումին, թափուող մեռած տերեւներին ու մտածում` բնութեան մէջ բաշխուած իւրաքանչիւրիս անկանգառ շարժման մասին:
Ինչո՞ւ իւրաքանչիւր էակ արագընթաց հասնում է մի կէտի ու անհետանում: Երջանկօրէն պարող տերեւներից միայն ամուր ծառարմատն է մնում, ճեղքուածքից իրեն դուրս նետած ծաղկից հետք անգամ չկայ, բայց վստահաբար այդ ճեղքի խորքում կայ նրա արմատը, կամ էլ` իր կողքին ընկած նրա սերմը, որի վրայ կրկին աճելու ու բազմանալու է: Եթէ կրկին աճելու ու բազմանալու ենք, ողջ բնութիւնը ինչո՞ւ է կրում այս կորուստը: Բնականաբար` շարունակելու համար ընդհատուածը, նոր տեղ բացելու եկողներին: Միլիոնաւոր տարիներ այս ընթացքը ճշգրտօրէն շարունակւում է, տարուան եղանակները ճշգրտօրէն յաջորդում են միմեանց, եւ սակայն մարդ էակը երբեք չի հաշտւում բնութիւնից իրեն սահմանուած կորուստներին, որքան էլ այն բնական լինի: Գալիս է մի պահ, որ իւրաքանչիւրս հանդիպում ենք բնութեան այդ անխուսափելի օրէնքին եւ, սակայն, գիտենալով հանդերձ, անակնկալի գալիս, աւելի ճիշդ` մերժում ենք ընդունել այն:
Եւ մերժելով հանդերձ, իւրաքանչիւրս մեր կեանքի ընթացքին թանկագին եւ անդառնալի կորուստներ ենք ունենում, յատկապէս այդ կորուստները աճում են մեր տարիքի աճմանը զուգընթաց: Իւրաքանչիւր կորուստի հետ մեր հոգում փլուզւում են տեսանելի եւ անտեսանելի ներքին բազմաթիւ անքակտելի կապեր, երկար կամ կարճ յարաբերութիւններ, ապրուած կամ լսուած կենսագրութիւններ, հոգեկան, մտային, ֆիզիքական ամբողջ մի աշխարհ: Մի աշխարհ` կեանք առած տարբեր պայմաններում, հարազատ կամ ոչ հարազատ արեան կապով, ներքին անբացատրելի զգայարաններով ստեղծուած, լեցուած երջանիկ կամ դժուարին վայրկեաններով, առօրեայ մանրուքներով հիւսուած, մեր կենսագրութեան անբաժանելի մասնիկը դարձած:
Որքան տարբեր է կորուստների կշիռը, բնականաբար այդքան տարբեր է նաեւ դարմանումը: Այդ կշիռը ծանրանում է կրկին մեր տարիքի աստիճանական առաջացմամբ, քանզի տարիքի հետ աւելի երկարում է մեր յարաբերութիւնը անձերի հետ, խորանում, իմաստաւորւում, ու նոր արժէք են ստանում` մեր կապերը, մեր զգացումները մեր սիրելիների, մեր բարեկամների, ընկերների, նոյնիսկ` հեռաւոր ծանօթների հետ: Թէեւ աւելի փիլիսոփայօրէն ենք ընդունում կեանքը իր բոլոր հարուածներով, յատկապէս` այն անողոք փաստով, որ մենք անզօր ենք կեանքի անառարկելի օրէնքների հանդէպ, անզօր ենք փոխել բնութիւնից իւրաքանչիւրիս սահմանուած ճակատագիրը, այսուհանդերձ, մերժում ենք ընդունել մեր սիրելիի, մեր հարազատի, մտերիմ ընկերոջ, կամ ծանօթի անվերադարձ հեռացումը` մեր առօրեայից, մեր կեանքից, մեր կենսագրութիւնից: Կորուստի դէպքում տարիքը, հարազատութեան կապը ասելիք չունեն, կորուստը անվերադարձ է ե՛ւ մեռնողի, ե՛ւ ապրողի համար: Կորուստը անսփոփելի է ծնողների եւ զաւակների պարագային: Արդեօք ծառերն ու ծաղիկնե՞րն էլ են այսպէս ընդունում իրենցից պոկուող, ընկնող տերեւների մահը: Ո՞վ գիտէ…
Մէկ տարի առաջ շատերիդ պէս ես էլ յաւէտ հրաժեշտ տուի 96-ամեայ մօրս: Գրում եմ մէկ տարի առաջ եւ չեմ հաւատում, որ մէկ տարի է չեմ տեսել իմ պաշտելի մօրը: Կարծես երէկ էր, իր մօտ էի, իր ձայնը դեռ ականջումս արձագանգում է, դեռ իր շունչն եմ զգում, իր օրհնութեան շղարշով եմ պատուած զգում ինձ եւ աղօթում, որ այն երբեք չհեռանայ ինձնից:
Մօրս մահով աշխարհը միանգամից դատարկուեց կարծես, մի տեսակ որբացած եմ զգում ինձ ոչ բառարանական, այլ` զգացումների իմաստով: Հասկանում եմ` անկարելի է հրաժեշտ տալ մօրը, ընդունել իր մահը, չէ՞ որ ներքին թելերով ենք կապուած իրեն, իր մէջ ենք ձեւաւորուել ի սկզբանէ, իր զգայարաններից ենք սնունդ առել, մեր բնազդական եւ գիտակցական շտեմարանի բացայայտող, մեզ աստիճանաբար կեանքին վարժեցնողն է նա, ում կարիքը զգում ենք ոչ միայն մանկութեան շրջանին, այլ որքան էլ տարիք առած լինենք, մեր ուրախութեան եւ դժուարութեան մէջ, որքան էլ մայր կամ մեծ մայր դարձած լինենք:
Հօրս կորցրել եմ ինը տարի առաջ` բացառիկ հումորով, բարի ու փափուկ, համակ սէր հօրս եւ անշուշտ ծանր եմ տանում նաեւ իր բացակայութիւնը, բայց ամէն վայրկեան նա ինձ հետ չէ, քանզի մեր կապը հօր հետ բոլորովին այլ է: Այն արեան կապ է, յետոյ աստիճանաբար բնազդական եւ գիտակցական յարաբերութեամբ խորանում ու դառնում է մեր հոգու մասնիկը, որին կրում ենք մեր մէջ տղամարդու իր կերպարով եւ անշուշտ փնտռում իրեն, հեռացումի կսկիծով հանդերձ, աւելի սիրոյ յուշերով, իր կերպարով ծանրաբեռ:
Յիշում եմ` երբ տուն էինք մտնում, առաջին մեր հարցումը` «Մաման ո՞ւր է»: Հայրս, մեծ մայրս տանը լինելով կ՛ասէին` «Մենք տունն ենք, չի՞ բաւեր», սակայն մենք դեռ մամային կը փնտռէինք: Եւ վստահ եմ` շատերդ էք այդպէս:
Միշտ մամային փնտռող այս անհերքելի փաստը մինչեւ այսօր շարունակւում է, եւ այդ ինձ ստիպում է խօսել իր մասին, աւելի ճիշդ, իր մասին խօսելով` խօսել իր հետ, իր երկարամեայ կենսագրութեան մասին պատմելով` կրկին հաղորդակցուել իր հետ: Ի վերջոյ այդ կենսագրութիւնն ամփոփում է ոչ միայն իր, այլ նաեւ մեր ընտանիքի եւ բնականաբար` իմ կենսագրութիւնը: Ամփոփում է անվերծանելի զգացումների շերտեր, ուր կայք են դրել միայն մեզ յայտնի երկար տարիների հսկայածաւալ դէպքեր, անջնջելի յիշողութիւնների հաւաքածու` ե՛ւ ընտանեկան, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ մարդկային տարբեր վայրիվերումներով լեցուն:
Եւ ամենագլխաւորը` այն ամփոփում է իմ ժողովրդի պատմութեան մի հատուած եւ նրան բաժին ընկած ճակատագիրը, որն ապրել է մայրս, եւ որը դարձել է նրա եւ մեր կենսագրութիւնը:
Հարցն այն է` կը կարողանա՞մ արդեօք այդ ամէնն ամփոփել մի կենսագրութեան մէջ եւ ներկայացնել ողջ արեւմտահայութեան դիմագիծը ներառող իմ մօրը: Ի վերջոյ կենսագրութիւնը միայն իրադարձութիւններով չէ, որ ապրւում է, այլ` վայրկեաններով եւ այդ պահերը լրացնող ներքին ապրումներով, անսպասելի դէպքերի յարաբերութիւնով, որը միայն տուեալ անձն է ապրում եւ որի պատմութիւնը յետոյ ամփոփում ու կենսագրութիւն ենք դարձնում: Այսինքն ինչպէ՞ս պատմեմ, ո՞ւր տեղաւորեմ 96 տարիները:
Փորձեմ միայն աչքի ընկնող իրադարձութիւնները ներկայացնել մօտաւոր գծանկարով ներկայացնելու մօրս:
Չեմ ուզում ոեւէ մէկի զգացումները վիրաւորած լինել իմ վերլուծումներում, չեմ փորձում իմ մօրը գերադասել այլ մայրերից, այլ ուզում եմ անկեղծ ու պարզ հաղորդակցուել ու սփոփել բոլոր մայր կորցնողներին, ամուսին, ընտանիքի անդամ, եւ ամենածանրը, յատկապէս զաւակի վշտով ապրողներին: Ինչպէս նշեցի, կորուստը անդառնալի է, եւ այդ անդառնալիութեան մէջ կեանքը շարունակողներս գտնում ենք յարատեւման մի շող ու դրանով պարուրելով նրանց յուշերը` ապրեցնում ենք մեզ հետ եւ մեր կեանքի երկարակեցութեամբ ապրեցնում ենք նաեւ նրանց:
Նկատել եմ, որ զաւակներից իւրաքանչիւրը իրենց իւրայատուկ կապը ունեն ծնողների հետ, իրենց ուրոյն զգայարաններով են ընդունում ծնողներին, իւրաքանչիւրը յիշողութեան իր շտեմարանում թանկագին դէպքերի տարբեր հաւաքածուներ ամփոփում բոլորով միասին ապրուած դէպքերից, իւրովի դիմագրաւում նրանց բացակայութիւնը: Թող ինձ ներեն քոյրերս, քանի որ ես իմ դիտանկիւնից, իմ էութեան մէջ բոյն դրած մօրս եմ փորձելու ներկայացնել, աւելի ճիշդ` իր պատկառելի կենսագրութիւնը, որն ամփոփում է մի ամբողջ անցած սերունդի կենսագրութիւն նաեւ: Սերունդ, որից նմուշներ են մնացել:
Սերունդ, որոնք թէեւ ապրեցին մէկ կեանք, սակայն մի քանի կենսագրութիւն ներառեցին իրենց մէջ, որոնք Եղեռնից փրկուածների առաջին սերունդ որակումը ստացան, այսինքն անմիջական վկան դարձան նրանց յօշոտուած կեանքի ապրումներին: Որոնք մանկական պարզամիտ հեքիաթներում նկարագրուած չարի կերպարանքով դեւերի պատմութիւնների փոխարէն` իրական մարդակերների պատմութեանը հանդիպեցին, կամ նրանց գործած գազանութիւնների եղելութիւնները լսեցին: Ովքեր մանկութեան անհոգ երգ ու զուարթութեան փոխարէն` վշտով ողողուած երգեր ու հոգոցներ, թաքուն հեկեկոցնէր լսեցին: Ովքեր մանկական անհոգ զուարճութիւնների փոխարէն` դառը արցունքներ սրբեցին, որոնց պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը դարձաւ երդման բռունցք, երդում` իրենց ծնողների թափած արիւնն ու վշտի արցունքները դարձնել ապրելու ու յարատեւելու պայքար: Որոնք դարձան արեւմտահայութեան կորուստների վերածնողները, արեւմտահայութեան դարեր կուտակած անսպառ հարստութեան յօշոտուած մասնիկների փոխանցող-պահպանողները:
Միայն այն փաստը, որ մայրս ծնուել էր 1920թ., այն էլ` Մարաշ, ինքնին կարծես հեռաւոր, երկակի, քառակի պատմութիւն է, այն էլ` մի ամբողջ սերունդի հաւաքական պատմութիւն: Թէեւ մօրս եւ մեր ընտանիքի համար այն երբեք հնացած, մոռացուած անցեալ պատմութիւն չի եղել, այլ ընդհակառակը, այն եղել է ամէնօրեայ ներկայութիւն` մեր էութիւնը եւ միտքը ձեւաւորող, պահպանուող աւանդութեամբ, չհնացուող սովորութիւններով, յիշարժան իրադարձութիւններով, հետաքրքիր կերպարներով յագեցուած անբացատրելի մի կապ: Աւելի հակիրճ` կեանքի մի սկիզբ, որը երբեք վերջ չունեցաւ, չկորցրեց իր տրոփիւնը եւ զարմանալիօրէն երբեք յուշ չդարձաւ ու չաւարտուեց նոյնիսկ մօրս մահից յետոյ:
Ինձ միշտ զարմացրել է մօրս սերտ կապը իր ծննդավայր Մարաշի հետ, որից հեռացել է դեռ այն չճանացած, չտեսած, իր մէջ չամփոփած, ամենավաղ տարիքին, եւ եկել եմ այն համոզման, որ ծննդավայրը որոշ մարդկանց կեանքում պատահականութիւն չէ: Այդ ոչ պատահականութիւնն էլ ձեւաւորում է անձին, որը կեանք առնելով տուեալ հողից, օդից ու շրջապատից` դառնում է այդ տեղանքի դիմագիծ կրողը: Եւ ուրեմն պատահականութիւն չէր, որ մայրս ծնուել էր հիթիթների պազալթէ առիւծի քանդակը իրենց բերդաճակատին կրող Կիլիկիոյ հինաւուրց մեր երկիր Մարաշում: Այդ առիւծը քանդակուած էր նաեւ մօրս էութեան մէջ եւ վստահաբար` այն շատերի, որոնք ծնուել ու ձեւաւորուել էին մեր այդ հիասքանչ երկրում, որը հռոմէացի զօրավար Գերմանիկոսը գրաւելով` փոխել էր իր անուան, եւ իրենից յետոյ կրկին վերակոչուել է Մարաշ:
Կիլիկիոյ այս հարուստ ու զարգացած շրջանը, որը պահպանել էր իր արժէքն ու դիմագիծը ասորիների, հռոմէացիների, բիւզանդացիների, արաբների, սելճուկների, խաչակիրների, մեմլուքների, մոնկոլների անվերջանալի ասպատակումներից յետոյ էլ, մինչեւ իսկ աւելի յետոյ հինգ դար, կքուելով օսմանեան ծանր լուծի տակ, դարձեալ չէր կորցրել իր ուրոյն հայ ինքնութեան հեղինակութիւնը: Մարաշցիների հաստատմամբ, այն փոխանցուել էր իրենց: Եւ ես հաւատում եմ դրան, մօրս եւ իմ ճանաչած բոլոր այլ երեւելի մարաշցիների օրինակով: Մինչեւ հիմա էլ երբ մարաշցիի եմ հանդիպում, կարծես հին ծանօթի հանդիպած լինեմ, գիտեմ, ճանաչում եմ իրենց, վստահ եմ, որ իրենք էլ պահպանել են իրենց ծննդավայրի յատկութիւնները:
(Շար. 1)