ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ (1919-1997)
Լիթուական ժողովրդական բանաստեղծ,
Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ
Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգուել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ եւ բուրգեր կառուցել, բանաստեղծութիւններ յօրինել եւ նայել աստղերին: Եւ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկութեան հաւատարիմ ուղեկիցներն են եղել իմաստութիւնն ու տգիտութիւնը, գթասրտութիւնն ու դաժանութիւնը: Անանուն մի բաբելոնացի յօրինել է սքանչելի աւանդութիւն այն մասին, թէ ինչպէս վայրենաբար Էնգիդուն կին ճանաչելով` դառնում է մարդ… Ինչպէս է Գիլգամեշը ձգտել, որ մահը չիշխի մարդկանց վրայ, իսկ ասորի տիրակալները, ըմբոշխնելով իրենց կոպիտ ուժը, հրամայել են քարերին փորագրել մարդու արիւնը երակներում պաղեցնող պատմութիւնը` ժողովուրդների ոչնչացնելու մասին` իբրեւ սերունդներին մշտնջենապէս աւանդուող մի խրատ:
Հաւատաքննութեան զնդաններ…
Բարթուղիմէոսեան գիշեր… Հակաբարենորոգչականների խարոյկներ… Մարդկութիւնը, յիրաւի, անթիւ-անհամար սարսափներ է ապրել: Բայց արդէն անցեալ դարի աւարտին սկսում էր այնպէս թուալ, թէ այդ ամէնի երկար սպասուած աւարտը մօտենում է, թէ` գալիս է եթէ ոչ համընդհանուր երջանկութեան, ապա գոնէ` համընդհանուր խաղաղութեան դարաշրջանը:
Բայց դա մոլորութիւն էր: Երկիր մոլորակի համար սահմռկեցուցիչ մի դաս եղաւ Ա. Համաշխարհային պատերազմը, եւ հէնց նոյն այդ ժամանակ էլ ծայր առաւ մի ողբերգութիւն, որպիսին մինչ այդ չէր տեսել աշխարհը` անզէն մարդկանց, կանանց, երեխաների եւ ծերունիների սառնարիւն, հետեւողական, բարբարոս դաժանութեամբ աներեւակայելի մի ջարդ: Ոչ թէ կոյր կատաղութեան վայրենի մի բռնկում… Ո՛չ… այլ պաղ գլխով կատարուած հաշիւ` մինչեւ վերջին մարդը ոչնչացնել աշխատաւոր, տաղանդաւոր, իմաստուն մի ժողովրդի:
Սասունից մինչեւ Տէր Զօրի անապատները եւ Միջագետքի գաղջ ու հոտած ճահճուտները ձգուող վիթխարի տարածքի վրայ ծայր առած ողբերգութիւնը աղերսում էր աշխարհի խիղճը… Բայց շատ քչերին հասաւ այդ աղեկտուր ձայնը:
Ի դէպ, դա մէկ ուրիշ ողբերգութեան չարագուշակ նախազգուշացումն էր, եւ 20 տարի անց Եւրոպան ինքն ապրեց այդ ողբերգութիւնը:
Գերմանական ֆաշիստները մարդկութեան դէմ իրենց յանցագործութիւնը նախապատրաստելիս յստակօրէն գիտակցում էին իրենց գաղափարական (եթէ յարմար է այդ բառը տուեալ դէպքում) հոգեհարազատութիւնը երիտթուրքերի հետ, որոնք 1915 թուականին սկսել էին եօթ տարի շարունակուող մի վայրենաբարոյ կոտորած` առանց հաշուի առնելու զոհերի տարիքն ու սեռը եւ, ի հարկէ, թքելով հասարակական կարծիքի վրայ` նրանց լպիրշօրէն ոգեւորում էր պատմական փաստը. «Այսօր ո՞վ է յիշում հայերի ջարդը»:
Ինչպէս միւս հարցերում` Ֆիւրերը սխալւում էր նաեւ այս դէպքում: Մարդկութեան խիղճն ու յիշողութիւնն այնքան էլ տեղի տուող չեն, ինչպէս թւում էր նրան: 1915 թուականի ապրիլի 24-ի օրը բոլոր ազնիւ մարդկանց սրտերը առյաւէտ երիզուած են սգոյ շրջանակով:
Եաթաղանների մոլեգնած խրախճանքի` անվերջանալիօրէն ձգուող այն օրերին հայերը Եւրոպայի «քաղաքակիրթ» կառավարութիւններից օգնութիւն էին խնդրում, բայց այդ օգնութիւնը այդպէս էլ չհասաւ… Միայն առանձին մարդիկ արձագանգեցին անսահման ցաւով ու զայրոյթով: Դրանք Եւրոպայի լաւագոյն մարդիկ էին` Մաքսիմ Գորկին, Ռոմեն Ռոլանը, Անաթոլ Ֆրանսը, Ֆրիտեոֆ Նանսենը: Իսկ պուրժուական կառավարութիւնները, որպէս ժամանակակից փարիսեցիներ, գերադասեցին միայն կողքից նայել:
Լեռնային կիրճերը լցուեցին դիակներով, եւ գետերի ջրերը բարձրացան մարդկային արիւնից: Եւ հիմա Տէր Զօրի անապատի աւազը գիշերները կայծկլտում է զարհուրելի մի լոյսով: Ֆոսֆորի լոյսն է: Մարդու ոսկորների մէջ ֆոսֆոր շատ է լինում…
Իսկ թուրքական իշխանութիւնները, վստահ լինելով, որ պատասխան չեն տալու եւ չեն պատժուելու, նորանոր հրամաններ էին արձակում հետագայ գործողութիւնների համար:
«Ջարդ-աքսոր-սովահարութիւն» յարահոսը գործում էր անխափան ու առանց դադարի: Վերջերս Երեւանում հրատարակուեց «Հայերի ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան մէջ» փաստաթղթերի ռուսերէն ժողովածուն, որն անհնար է կարդալ` առանց սոսկումի: Անհնար է, բայց անհրաժեշտ է կարդալ: Մենք պարտաւոր ենք իմանալ այդ ամէնը: Պարտաւոր ենք իմանալ, յիշել ու չներել:
Գրքում զետեղուած 267 փաստաթղթերի մէջ կը գտնէք թուրք պաշտօնեայ Ռիֆաթի` 1915 թուականի տակ գրառուած պատմութիւնը` ջարդերն սկսելուց առաջ կառավարական գաղտնի խորհրդակցութեան մասին: Դոկտոր Նազըմը յայտարարել էր. «Այս անգամ մեր գործողութիւնները պէտք է ունենան հայերի բնաջնջման համատարած բնոյթ. պէտք է կոտորել բոլորին` մինչեւ վերջին մարդը»:
Մի՛ կասկածէք, այդ դոկտորը իրեն լիակատար հաշիւ էր տալիս, որ կոտորելու են կանանց, ծերունիներին, ծծկերներին… Եւ հաղորդում էր գործընկերներին. «Խնդրում եմ, պարոնա՛յք, մի՛ եղէք այդքան փափկասիրտ ու գթացող, դրանք շատ վտանգաւոր ախտեր են»: Իսկ ինչո՞վ էր հիմնաւորւում այդ մտագար դոկտորը ցեղասպանութեան «բարոյականութիւնը»: Երկու դրդապատճառներով, նախ` ազգային շահը` «Ես ուզում եմ, որ այս հողերի վրայ թուրքը եւ միայն թուրքը ապրի ու միանձնեայ տիրապետի, թող վերանան ոչ թուրք բոլոր տարրերը, ո՛ր ազգին էլ նրանք պատկանելիս լինեն», այնուհետեւ` դաժանութիւնը, որ իբր բնութեան օրէնքն է: Ի՜նչ ապշեցուցիչ նմանութիւն` ֆաշիստական հրէշաւոր տեսութիւններին: Եւ նմանութեան մէկ ուրիշ ահաւոր գիծ էլ դրոշմուած թուրքաշխարհակալական եւ գերմանաֆաշիստական ազգայնամոլական բնոյթների միջեւ` այն հեռաւոր ժամանակներում ցեղասպանութիւն իրագործելիս: Պարզւում է, որ թուրք բժիշկները դեռեւս 1915 թուականին հայերի համար ստեղծուած մահուան ճամբարներում մարդկանց վրայ կատարում էին այնպիսի փորձեր, որոնք սովորաբար կատարւում են ճագարների եւ ծովախոզուկների վրայ:
Ի՞նչը կարող էր համեմատուել հայ ժողովրդի ցաւի ու վշտի հետ, ժողովուրդ, որ կէս տարուայ ընթացքում ջարդուել, կէս էր դարձել… Իսկ մոլեգնած ամբոխի ճիրաններից մազապուրծ փախստականների տառապանքն ու չարչարա՞նքը…
Այնուհանդերձ, հայ ժողովուրդը տոկաց, դիմացաւ… Այն ժողովուրդը, որ աշխարհին տուել է ոչ միայն Այա Սոֆիայի գմբէթը վերակառուցող հանճարեղ ճարտարապետ Տրդատին, ոչ միայն խոշոր բանաստեղծների ու մտածողների` Գրիգոր Նարեկացուն, Նահապետ Քուչակին, Սայաթ Նովային, ականաւոր մարդասէրների ու գրողների` Միքայէլ Նալբանդեանին, Խաչատուր Աբովեանին, Յովհաննէս Թումանեանին, այլեւ իր հզօր գրկում մեծացրել է հմուտ զօրավարների` Տիգրանին, Վարդանին, Անդրանիկին: Այդ ամենադժնի տարիներին ընդվզեց հպարտ, ասպետական հայ ժողովրդի դիմադրութեան ոգին: Աշխարհը ապշահար էր Վանի ու Մուսա Լերան պաշտպանների հերոսականութեամբ: Պարզ գիւղացին եւ դարբինը, ելնելով պաշտպանելու… ոչ թէ իրենց տունն ու օճախը, այլ կանանց ու աղջիկների կեանքն ու պատիւը, զէնքը ձեռքներին արիաբար ետ մղեցին քանակապէս հարիւրապատիկ գերակշռող եւ լաւ վարժեցուած, լաւ կերած, լաւ զինուած թուրքական բանակների յարձակումները: Քանզի արդարութեան համար մարտնչողների արիութիւնը հազարապատիկ աւելի է, քան` անիմաստ ու վայրենի չարութիւնը: Կարելի է սպաննել հերոսական պաշտպաններին, բայց նրանց ծնկի բերել` երբեք: Մեծն Տիգրանի ոգին այդ օրերին յառնեց զօրավար Անդրանիկի մէջ, Սասնայ Դաւթի ու Մհերի ոգին` ամէն մի հայի, որը դուրս էր եկել` մարտնչելու Սարդարապատի արիւնոտ ռազմաճակատում:
Զարհուրելի են հայ ժողովրդի կորուստները, բայց եւ անմահ է նրա փառքն ու խիզախութիւնը:
Ապրիլի 24-ին, ամէն անգամ նշելով տարելիցը այն ողբերգութեան, որը ոչ ոք իրաւունք չունի մոռանալու, մենք ձեզ հետ ենք, հա՛յ եղբայրներ: Հայերի սրտերի պէս մեր սրտերն էլ է համակում անսահման վիշտը, եւ ձեզ հետ մենք էլ ենք հպարտօրէն բարձրացնում մեր գլուխները` յիշելով, որ սեւհարիւրեակային ուժերին չյաջողուեց սպաննել հայ ժողովրդի հանճարը, որ` ստորութիւնը, կեղծիքը, նենգութիւնը, չարութիւնն ու բարբարոսութիւնը Սարդարապատում ստացան իրենց արժանի հակահարուածը:
Փա՛ռք ու պատի՛ւ մարտիկներին, յաւե՛րժ յիշատակ անմեղ զոհերին: Ծաղկիր, Հայաստա՛ն, խաղող մշակի՛ր, տներ կառուցի՛ր եւ աստղային մաքուր երկնքին նայի՛ր Բիւրականի զով բարձունքից: Դեռեւս ցաւից մխում է քո խոր վէրքը` զաւակներդ սփռուած են աշխարհով մէկ: Բայց հաւատում եմ, որ կը գայ օրը, եւ այդ ցաւից էլ հետք չի մնայ, եւ բոլոր հայերը կը հաւաքուեն իրենց հարազատ հողի վրայ եւ «սփիւռք» բառը կը մնայ միայն պատմական բառարաններում:
Յիշողութեան ցաւն անզօր են ջնջել ոչ միայն 80, այլեւ 8000 տարիները, քանզի յիշողութիւնը մարդու ամենամարդկային յատկանիշներից մէկն է: Բայց մեր աչքերի առջեւ 80 տարի առաջ տեղի ունեցածն այլեւս երբեք չի կրկնուելու: Յիշի՛ր եւ ապրի՛ր: Յիշի՛ր եւ կառուցի՛ր, ստեղծի՛ր, մեր հարազա՛տ, մեր սիրելի՛ եղբայր, մեր Հայաստա՛ն, հինաւո՛ւրց երկիր Նայիրի:
Երբ տասնամեակներ առաջ Գերմանիայի վարչապետ Քոնրատ Ատենաուէրը Երուսաղէմում ծնկի եկաւ Լացի պատի մօտ, դրանով ընդգծեց իր ժողովրդի եւ նրա ոգու բարոյական վսեմութիւնը:
Իսկ համայն աշխարհով սփռուած հայերը ահա արդէն 80 տարի շարունակ սպասել են այն օրուան, թէ ե՛րբ թուրքական պետութիւնը գէթ մի բառ կը գտնի արտայայտելու իր զղջման ցաւը հայերի ցեղասպանութեան առթիւ:
Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ կայացաւ Նիւրենպերկի դատավարութիւնը, եւ պատերազմի գլխաւոր յանցագործները դատապարտուեցին մահուան` կախաղանի միջոցով: Այնինչ, հայ ժողովրդի դահիճները հռչակուել էին Թուրքիայի ազգային հերոսներ:
Գերմանիայի մտաւորականութիւնը մեղադրեց նացիզմը, Գերմանիան Իսրայէլին 40 միլիառ մարք վճարեց` որպէս նիւթական փոխհատուցում: Ի վերջոյ, չնայած Գերմանիան հրեաների հայրենիքը չէ, այնուհանդերձ, ցեղասպանութեան զոհերը եւ լեռնափախստականները ստացան իրենց բնակութեան նախկին վայրերը վերադառնալու իրաւունք:
Իսկ հայերը ամբողջ 80 տարի թուրքական գրականութիւնում եւ մամուլում մի բառ անգամ չգտան 1915 թուականի եղեռնի վերաբերեալ: Ես արդէն չեմ խօսում նիւթական փոխհատուցման մասին, թէեւ մարդու կեանքը անգնահատելի է:
Եւ, վերջապէս, Թուրքիան հնարաւոր չհամարեց զոհերի սերունդներին իրաւունք ընձեռել վերադառնալու իրենց պատմական հայրենիքը` Թուրքիա անուանուող Արեւմտեան Հայաստան: Նոյնիսկ հիմա ծայրայեղական տարրերը պղծում են հայկական գերեզմաններ Պոլսում եւ սպառնում նոր դատաստան տեսնել հայերի հետ: Եւ մի՞թէ որպէս ժամանակավրիպութիւն ու պատմական փարատոքս չեն հնչում Հայաստանին պատերազմ յայտարարելու սրբապիղծ սպառնալիքները, որպիսիք կարելի է լսել նոյնիսկ կառավարութեան որոշ յարգարժան անդամների բերանից: Ու այդ ամէնը` 1915 թուականի հայերի սահմռկեցուցիչ ցեղասպանութեան 80-ամեայ յիշատակի նախօրէին: Եւ այդ ամէնը` ողբերգական այն բոլոր տառապանքներից յետոյ, որ բազմաչարչար հայ ժողովուրդն ապրեց 20-րդ հարիւրամեակի վերջին տասնամեակներին. ահաւոր երկրաշարժը, որի յարուցած վէրքերը տակաւին չեն սպիացել, արիւնոտ իրադարձութիւնները Ղարաբաղում, արիւն, արցունք եւ սով վերջին տարիներին: Այդպէս խօսել եւ նիզակ ճօճել կարող են, ինձ թւում է, միայն այն մարդիկ, ում մօտ տեղի է ունեցել խղճի խաւարում: Բայց այդ ամէնը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի համար, այլեւ` այն ժողովրդի համար, որի անունից ծայրայեղականները յարձակողապաշտութեամբ սպառնում են պատերազմով:
Սակայն կամենում եմ զգուշացնել` աշխարհի բոլոր ողջամիտ եւ ազնիւ մարդիկ զօրավիգ կը լինեն բիւրատանջ հայ ժողովրդին: Երբ գերմանական Զոլինկեն քաղաքում սափրագլուխ նէոնացիստները ողջ-ողջ այրեցին մի քանի թուրք վտարանդիների, որքա՛ն վրդովուեցին Թուրքիայի կառավարիչները: Իսկ ի՞նչ անեն հայերը, ովքեր այժմեան Թուրքիայում տարագիրներ չեն, այլ տէրեր, սակայն դարձեալ ապրում են ահ ու սարսափի մէջ: Հինաւուրց հայկական քաղաքներ Կարսն ու Սարիղամիշը, Էրզրումը եւ Վանը, Մուշն ու Սասունը մնացել են առանց բնիկների, այստեղ աւերել ու աւերում են հայկական եկեղեցիները: Եղեռնը Սումկայիթում, Պաքւում, Ղարաբաղում` 1915 թուականի եղեռնի շարունակութիւնն էր:
Գերութեան մէջ է նոյնիսկ բիբլիական Արարատ լեռը: Բայց մի՞թէ ժամանակը չէ, որ դարձեալ` արեան ահաւոր հեղեղից, արցունքներից եւ սարսափի յոյզերից յետոյ, Արարատի վերեւում` մով երկնքում, տեսնենք խաղաղութեան աղաւնուն` քնքուշ կտուցին կանաչ ճիւղը` կեանքի բանաստեղծական խորհրդանիշը:
Պոէզիան միշտ նրանց հետ է, ովքեր մաքառում են յանուն կեանքի, յանուն ճշմարտութեան եւ ազատութեան:
Լիթուերենից թարգմանեց
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆԸ