Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վարդգէս Պետրոսեանի Ծննդեան 85-ամեակի Առթիւ

Յուլիս 31, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Բ.- Մեր Տանելու Խաչը

«Մեր ողջ արժանիքը մտածելու մէջ է:
Հէնց դրանով պիտի վեհանանք եւ ոչ
թէ տարածութեամբ ու ժամանակով,
որ չենք կարող լցնել: Արդ, ջանանք
լաւ մտածել. ահա բարոյականութեան
սկզբունքը»:

ՊԼԵԶ ՓԱՍՔԱԼ

 

Իմ կեանքի երեսն ալիքներ շպրտող ծովն իր խորքերում մասունքներ էր թաղել, որոնք երբեմն հիմա են արթնանում, երբ ալեբախումներից յոգնած` յետ եմ նայում այնտեղ, ուր դեռ նոր էր բացւում իր ծովի երեսը: Տեսնում եմ ինձ այնտեղ` արեւոտ օրերի մէջ, երբ հայոց սիրտ-քաղաքից հեռու` փոքրիկ մի գիւղում, ուսուցչուհու բերանից լսել էի Վարդգէս Պետրոսեան անունը ու ծրարի մէջ իմ սրտի հետ բաբախող սիրտ դարձնելով` ուղարկել իրեն: Յետոյ ծրարների մէջ գնացին ու եկան իրար հետ զրուցող մեծ ու փոքրերի սրտերը, եւ հազար ափսո՜ս, որ այդպէս էլ մնացին իմ կեանքի երեսն ալիքներ շպրտող ծովի յատակում:

Նրանց աննիւթեղէն յիշատակն է արթնացել հիմա, ու ես ինձ տեսնում եմ պիոներների մէջ առաջինը, ով ողջունելու էր Վարդգէս Պետրոսեանին` հայոց սիրտ-քաղաքից հեռու նրան սպասողների մէջ:

Յետոյ, երբ քիչ-քիչ նշմարուեցին հեռուներում հաւաքուող քամիները, իմ ծովի հանդարտ երեսին կնճիռներ յայտնուեցին: Ալիքները փրփուրներ հանեցին երես, ու կնճիռների տակն անցած ծրարուած մասունքները գնացին` ապրելու ծովի խորքերում: Քիչ-քիչ հանելու եմ նրանց ու գուրգուրելու` անկախ այն բանից` կ՛իմանա՞ք այդ մասին, թէ՞ ոչ:

Այսօր, երբ իմ կեանքում արդէն չապրած տարիներս աւելի շատ են, մանկութեան մէջ ապրած տարիներիս միջից փոքրիկ ծրարների յիշատակներ հանելով` գուրգուրեցի, եւ շնորհակալ եղայ նրանց, ովքեր տուեցին ինձ այդ առիթը, ովքեր հաւաքեցին, կազմեցին ու հրատարակեցին ապրած ու չապրած տարիները զանազանել ուսուցանող վարպետի անտիպ յօդուածները:

Իմ պիոներական հպարտութիւնից, ի հարկէ, շատ տարիներ յետոյ աշխատեցի Վարդգէս Պետրոսեան բացառիկ ինքնադրսեւորման տէր հայրենասէր հայի հետ կողք-կողքի, ու նա շատ անգամներ նոյնիսկ ջախջախեց ինձ, բայց մենք խօսքով արդէն կապուած էինք իրար` մի անվերջ նամակագրութեամբ: Մեր խօսքն այլեւս չէր սպասւում ծրարուելուն:

Վաղուց, շա՜տ վաղուց իմ կեանքի ալիքների տակ էին անցել նրան գրած ու չգրած նամակները, բայց մինչեւ այսօր սիրտս դաղւում է, երբ նա կրկին դառնում է իմ ուսուցիչը: Դիւրին գործ չէ զանազանել  ապրած ու չապրած տարիները, երբ արդէն ետեւում մի ահռելի ծովի  ահռելի փոթորիկ կայ: Նստել ու զանազանել, նշանակում է ծնկել ու խոստովանել,   ծնկել ու խոստովանել Ուսուցչի առաջ, ում դասը ոչ միայն գեղարուեստական խօսք է ու հրավառ հրապարակախօսութիւն, այլեւ անդադրում մտաւորականի մտքի յետ ու առաջ` հայոց ամէն ոլորտների, մեծի ու փոքրի, արմատի ու էութեան, ամէն-ամէն ինչի շուրջը…

Խոստովանել-զրուցել, զրուցել-խոստովանել, մանաւանդ որ կայ հրաշալի առիթ` հրապարակախօսական յօդուածների անտիպ ժողովածուն:

«Եւ մտաւորականը երբեմն շփոթւում է. ո՞վ է ինքը, ի՞նչ են սպասում իրենից, եւ ո՞վ է ժողովուրդը, որի ձգտումները ինքը պիտի արտայայտի»:

Այս մտորումները կծկւում են սրտի տակ, ու փորձում է ետ տալ կծիկը, ետ տալ ցաւը` բալասաններ գտնելու նրա «սրբազան խաչի ու պղնձէ մանրադրամի» համար, որ իր ժողովուրդն է:

Անցնում է Հանրապետութեան հրապարակով, բռնում են թեւից, թէ` «Էս ի՞նչ պիտի լինի, վերջն ի՞նչ պիտի լինի»: Ուզում է մտնել քաղխորհուրդ, քաշում են թեւից, թէ` «Ուրեմն մենք դրա՞ համար պայքարեցինք…»: Նայում է քաշողի դէմքին. ծանօթ է միթինկներից: Լսում է կողքինի ձայնը` «Ուրեմն մե՞զ էլ պէտք է անցագրով թողնէք…»: Հերթապահն իրեն է դիմում, թէ` «Պարո՛ն Պետրոսեան, կարելի՞ է ձեր վկայականը…»:

Կծիկը շարունակում է կծկուել. ուրեմն միթինկի մասնակցողը պայքարող է, ուրեմն անձը հաստատողն անունը չէ, այլ` վկայականը, ուրեմն` վկայականի տէրը ժողովուրդը չէ, իսկ ո՞վ է ժողովուրդը: Ա՛յ նա, ով կանգնած քաշում է իր թեւից իր ցաւը: Առնում է նրան իր կրակէ շապիկի մէջ, արագ-արագ գնում, կռանում գրասեղանի վրայ, ուր թափուած թղթերի արանքից ակնդէտ իրեն են նայում «Հոգեբանական փշալարի» տարբեր կողմերում կանգնած երկու զոյգ աչքեր: Մի զոյգը` հայի, մի զոյգը` հարեւանինն է… Շապիկն այրում է կրակի պէս, արձակում է օձիքն ու «գրողական» յուսահատ ճիգ է անում` հայ-թուրք ճակատագրական հաւասարման բազում անյայտներից գոնէ մի քանիսը որոնելու, զգացմունքն ու բանականութիւնը զգուշօրէն մօտեցնելու իրար… Յիշում է մի երիտասարդի, որ իր հերոսն էր, որ կանգնել ու ասում էր. «Ատելութիւնը ճանապարհ է դէպի Ոչ մի տեղ: Բայց ատելութեան միւս երեսը սէրը չէ անպայման: Ես ուզում եմ պարզապէս հասկանալ մի թուրք տղայի, որ իմ հասակակիցն է: Մենք նրա հետ ապրելու ենք նաեւ գալիք 21-րդ դարում…»: Կնճռոտում է դէմքը, խառնում մազերը, կրակը շապիկի տակից լիզում է կուրծքը. «… Այսօր որտե՞ղ էք դուք, պարոնա՛յք իմ ընկերներ, այդ ինչպէ՞ս է, որ չէք հնչեցնում համազգային տագնապի ահազանգը… Թէ՞ գրական հերոսը ձեզ աւելի վտանգաւոր էր թւում, քան` իրական հայ նախարարը, որ երէկ բարեկիրթ զրուցում էր թուրք լրագրողի հետ, իսկ վաղը պատրաստւում է մեկնել Անգարա` բանակցութիւնների»:

Թղթին նետուած քո այս խօսքերը չարախինդ չեն, այլ ասւում են` լաւ պատկերացնելու, արտայայտիչ դարձնելու համար միասնական մտքի հանրագումարի լաւագոյն տարբերակը:

Միասնական հանրագումարի լաւագոյն տարբերակը գտնելով` «ապրած տարածքը պարտէզ դարձնելու» միտքը եւ այդ մտքով համընդհանուր սիրոյ մէջ ապրածն ու չապրածը դիւրին զանազանելու վարպետութիւնը մի ուրիշ Ուսուցիչ էր տուել մեզ, ու նրա տուածը հէնց կեանքի ճանապարհ էր, պարտէզ-կեանքի ճանապարհ: Յիշեմ նրա` Հրանդ Մաթեւոսեան-ուսուցչի մատնացոյց արած ճանապարհից մի հատուած.

«- Խեչօ՜…

– Ալօ՛, ասա՛, Սաքօ՛, Խեչոն լսում է:

– Խեչօ՜…

– Հա՛, ասա՜:

– Խեչօ՛, ասում ես հաստա՞տ դու ես:

– Ի հա՛րկէ, ե՛ս եմ, Խեչո՛ն եմ:

– Մարդ ես դարձել, հեռախօսով ես խօսում, էլի՛ (…)

Միւս հանգոյցում Խեչոն բարձր ծիծաղեց:

– Խեչօ՛,- ասաց Սաքօն,- դու շուն շանորդի ես:

Դրանով Սաքոն ուզում էր ասել, որ եթէ պէտք լինի, ինքն էլ կը զանգահարի:

Յետոյ հովիւները Սաքոյի ձեռքից ընկալուչը խլեցին, եւ ով ինչ գիտէր` ասաց Խեչոյին նրա ձիագող հօր, ձիագող պապի, Խեչոյի ձիագող պապի պապի մասին: Դրանով հովիւներն ուզում էին գոված լինել հեռախօս հնարողին, հնարողի հօրը, պապի պապին»:

Այդպէս էր «Երկիր մոլորակից Անտառամէջին յատկացուած տեղամասում» (Հրանդ Մաթեւոսեան, «Մենք ենք, մեր սարերը»): Միասնական հանրագումար սիրոյ պարտէզ էր սա:

Հայոց պարտէզը մտնելու ճանապարհը սա էր: Հէնց այս ճամբով էլ գնաց Վարդգէս Պետրոսեանը, հէնց այս պարտէզն էլ մտաւ, բայց տեսաւ, որ իր ետեւից եկողները պարտէզին անյարիր բեռներով են եկել, շատերն էլ ծիկրակում են` դեռ պարտէզը չմտած… Անմիջապէս որակեց նրանց այն խօսքով, որով այսօր վերնագրուել է նրա ալեկոծ մտքերի ջրվէժից մի ափ ջուր խլած տիկնանց կազմած գիրքը:

Ի՞նչ լսեց հեռախօսի միւս ծայրից, երբ շապիկը կրակուած` մտել էր իր տարածքի պարտէզը: Երեւի լռեցին, երեւի հայհոյեցին, երեւի սպառնացին ընկալուչի միւս կողմում: Ի՞նչ սպառնացին, որ ցա՞ծ դնի իր վիշտը: Հարցնեմ Հրանդին. «Անտառամէջի պարտէզում կ՛ասե՞ն` «ցա՛ծ դիր վիշտդ», թէ՞ կ՛ասեն` տո՛ւր, տո՛ւր մի քիչ էլ գրկեմ, ես շալակեմ»:

«Չէ՛, սա Անտառամէջ չէ», կ՛ասի Հրանդը: Քո ետեւից տարածք մտնողներին ցա՛ծ դիր, ասում էին ցա՛ծ դիր վիշտդ բոլորովին ուրիշ բանի համար: Բայց դու քո ցաւի հետ նոյն կրակէ շապիկի մէջ էիր անբաժան ու նրա հետ էլ կռացար, նրա հետ էլ իջար գետնին:

Անտառամէջցին ասում էր. «Ես քո ձիագող պապի…», ու սիրում էր այդ պապին: Հիմա որ ասենք. «ես քո դաւադիր…», ո՞նց սիրենք… Անտառամէջի դասը վարող Ուսուցիչն էլ գնաց, ու չիմացանք, թէ իմաստասէրների մտքերը խառնելով` գտա՞ւ այս հարցի պատասխանը:

Դժուար հարցի դժուար պատասխան: Ես նորից եմ թերթում նոր հրատարակուած ժողովածուն: Փակում եմ: Ուսուցչի թիկունքում զարդանախշ խաչքար է: «Կարո՞ղ ես գտնել զարմանահրաշ, իրար ագուցուած նախշի ծայրն ու նրանով գնալ` հարթելով ճանապարհը: Չէ՛, սա խաչ է: Մեր տանելու խաչն է», մտածում եմ ու մտնում Անտառամէջի տարածքը: Հետս վերցրել եմ Վարդգէս Պետրոսեանի խօսքերով` «Մեր ժողովուրդը իմն է, ինչպէս… իմ վիշտը» վերնագրուած նրա մտքերի նոր ժողովածուն:

 

(Շար. 2 եւ վերջ)

Նախորդը

Նոր Մետաքսի Ճամբան Սուրիայէն Պիտի Անցնի

Յաջորդը

Շունչը Կա՛յ, Շնչաւորող Է Հարկաւոր…

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?