

Մեր մեքենան ընթանում է առաջ` ճեղքելով ճանապարհի սառոյցն ու ցուրտը: «Նարեկացի» արուեստի միութեան սաները շտապում են իրենց երգ ու պարով, ասմունքով, նուէրներով ընդառաջ դուրս գալ Հոռաթաղում գտնուող հայոց բանակի զօրամասի զինուորներին ու սպաներին: Գեղանկարչութեան խմբակի երեխաները զօրամասի Սուրբ Գէորգ եկեղեցուն նուիրեցին Սուրբ Տիրամօր սրբապատկերը: Կարպետագործութեան խմբակի երեխաները զինուորներին նուիրեցին իրենց գործած թեւնոցները` պահպանիչ խաչը վրան: Արուեստաբուժութեան խմբակի սաները զինուորներին հիւրասիրեցին իրենց պատրաստած տոպրակների մէջ լցրած տօնական աղանձը:
Կիթառի հնչիւնները զինուորներին տարան դէպի հայրենական տուն, մայրական գիրկ, իսկ երեխաների հայրենասիրական բանաստեղծութիւնները նրանց աւելի քաջ ու զգօն դարձրին: Անսպասելի անակնկալ ունեցանք: Զինուորների մէջ երկուսը քաջ գտնուեցին եւ մեր տղաների հետ պարեցին «Եարխուշտա» պարը: Այս պարը մեր նախնիները պարում էին պատերազմ գնալուց առաջ, այն քաջութեան ու խիզախութեան խորհուրդ ունի: Եւ վերջում զինուորների հետ նստեցինք` ճաշակելու Տեառնընդառաջին նուիրուած սիրոյ կերակուրը, որը կոչւում է «ագապէ»: Թող որ Տեառնընդառաջը մեր աշխարհին խաղաղութիւն բերի:
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՈՒԵՍՏԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՇՈՒՇԻԻ ՍԱՆԵՐ





