
Աւստրալիոյ մէջ տեղի ունեցող թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց Դ. հանգրուանի չորսական ճակատումներ:
Այս մրցաշարքի նախկին տիտղոսակիր, 30-ամեայ սպանացի Ռաֆայէլ Նատալ (դասուած` 9-րդ), ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` 2 ժամ եւ 56 վայրկեան տեւած ճակատումէ մը ետք, յաղթելէ ետք 6-րդ դասուած ֆրանսացի Կայել Մոնֆիսի` 6-3, 6-3, 4-6 եւ 6-4 արդիւնքով:
Ան 2015-էն ի վեր կրան շլեմի միջազգային մրցաշարքերուն չէր յաջողած հասնիլ քառորդ աւարտական. վերջինը Ռոլան Կարոսին էր (Ֆրանսա):
Յաջորդ հանգրուանին Նատալի մրցակիցն է 3-րդ դասուած քանատացի Միլոս Ռաոնիչ:

Յիշատակելի եղաւ խրուաթ Միրժանա Լուքիչ – Պարոնիի քառորդ աւարտականին հասնիլը: 34 տարեկան Պարոնի 18 տարուան սպասումէ մը ետք (վերջինը` 1999-ին, Ուիմպըլտըն) կրցաւ հասնիլ քառորդ աւարտական` 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթելէ ետք ամերիկացի Ճենիֆըր Պրէյտիի:
Նշենք, որ ան 1998-ին, երբ 15 տարեկան էր, նոյն այս մրցաշարքին Մարթինա Հինկիսի հետ տիրացած էր աղջկանց զոյգի մրցաշարքի տիտղոսին (անոր առաջին արհեստավարժ տիտղոսը):
Ստորեւ` Դ. հանգրուանի երէկուան մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Միլոս Ռաոնիչ (Քանատա, 3-րդ) – Ռոպերթօ Պոթիսթա (Սպանիա, 13-րդ) 7-6, 3-6, 6-4 եւ 6-1
Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա, 15-րդ) – Տենիս Իսթոմին (Ուզպեքիստան) 2-6, 7-6, 6-2 եւ 6-1
Տաւիտ Կոֆին (Պելճիքա, 11-րդ) – Տոմինիք Թիեմ (Աւստրիա, 8-րդ) 5-7, 7-6, 6-2 եւ 6-2
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 9-րդ) – Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 6-րդ) 6-3, 6-3, 4-6 եւ 6-4
ԱՂՋԻԿՆԵՐ
Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 5-րդ) – Տարիա Կաւրիլովա (Աւստրալիա, 22-րդ) 6-3 եւ 6-3
Եոհաննա Քոնթա (Անգլիա, 9-րդ) – Էքաթերինա Մաքարովա (Ռուսիա, 30-րդ) 6-1 եւ 6-4
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 2-րդ) – Պարպորա Սթրիքովա (Չեխիա, 16-րդ) 7-5 եւ 6-4
Միրժանա Լուքիչ – Պարոնի (Խրուաթիա) – Ճենիֆըր Պրէյտի (Միացեալ Նահանգներ) 6-4 եւ 6-2