Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայ ազգային դաշնամուրային երաժշտութեան հիմնադիրներից, ում արուեստը զարդարեց ոչ միայն Հայաստանը, այլեւ փայլեց միջազգային ասպարէզում: Իսկ մանուկ հասակում երկու աչքերի տեսողութիւնից զրկուելը երբեք արգելք չդարձաւ իր զարգացման ու ձեռքբերումների համար, այլ ընդհակառակը. հէնց նրա հեղինակութեամբ էր, որ Հայաստանում ստեղծուեց կոյրերի համար նախատեսուած յատուկ տեսակի այբուբենը: Շարունակ ստեղծագործելով ու մշտապէս հիացնելով` երգահան, դաշնակահար Նիկողայոս Թադեւոսի Տիգրանեանը երկար, բեղմնաւոր կեանք ապրեց:
Այսօր` օգոստոսի 19-ին լրանում է մեծ երաժիշտի 160-ամեակը: Նա ծնուել է 1856 թուականին Ալեքսանդրապոլում (այժմ` Գիւմրի)` կիրթ, արուեստասէր ընտանիքում: Մանուկ հասակից առնչուել է քաղաքի երաժշտական կենցաղի բազմազան դրսեւորումներին, որտեղ հնչում էին թէ՛ գեղջկական երգն ու պարը, աշուղների ու սազանդարների երգն ու նուագը, թէ՛ լսւում էին եւրոպական ռուսական ստեղծագործութիւններ` զինուորական փողային նուագախմբերի կատարմամբ:
Գիւմրու Ալեքսանդրովսկի (այժմ` Աբովեան) փողոցում էր գտնւում Տիգրանեանների առանձնատունը: Սակայն մինչեւ այնտեղ տեղափոխուելը, մի անգամ Նիկողայոս Տիգրանեանի հայրը` Թադեւոսը, պատահաբար այդ թաղով անցնելիս առանձնատան վերջին շտկումները կատարողին` նախորդ տանտիրոջը, հարցրել է, թէ ի՞նչ է անում: «Տանս «երեսը» կը զարդարեմ,- պատասխանել է նա: «Դու տանդ երեսը զարդարէ, ես էլ` տղեքիս գլուխները, տեսնենք ո՞րս ենք ճիշդ»,- հակադարձել է Տիգրանեանը: Այսպիսով ժամանակը փաստեց, որ երկուսի գործելակերպն էլ ճիշդ էր: Պատմութիւնը սերունդների համար պահպանել է թէ՛ շքեղ առանձնատունը, թէ՛ Տիգրանեանի անզուգական արուեստը:

Ինը տարեկան հասակում ծաղկախտ կոչուող սարսափելի հիւանդութեան հետեւանքով Նիկողայոսը ընդմիշտ զրկւում է տեսողութիւնից: 1871թ. նրան տեղաւորում են Վիեննայի կոյրերի հիմնարկում, ուր եւ ստանում է ընդհանուր եւ երաժշտական կրթութիւն` Վիեննայի երաժշտանոցի դաշնամուրի դասարանի փրոֆէսէօր Շէնների մօտ: Հիմնարկն աւարտելուց յետոյ Տիգրանեանը լեզուների եւ երաժշտութեան գծով եւս երեք տարի կատարելագործւում է Վիեննայում եւ, 1880թ. վերադառնալով հայրենիք, ծաւալում է բազմակողմանի գործունէութիւն:

Տիգրանեանը գրի առաւ եւ դաշնամուրի համար մշակեց տարածուած պարեղանակներ ու երգեր, որոնք լոյս տեսան «Անդրկովկասեան ժողովրդական երգեր եւ պարեր» խորագրով ժողովածուով (1888): Այն ընդգրկում է եօթ գործ` վրացական «Ախ դիլաւ, դիլաւ», Գաբրիէլ Երանեանի հայ հանրութեան մէջ տարածուած «Կիլիկիա» երգերը, հայկական «Դիւզպարն» ու «Ետ ու առաջը», աշուղ Ջիւանայ «Ընկերն» ու «Քո փափաքովը», պարսկական «Շարաշուբ» պարը: Առաջին իսկ քայլերից յօրինողը ցուցաբերեց երաժշտական լայն իմացութիւն թէ՛ ժանրային, թէ՛ ազգային պատկանելիութեան տեսակէտից: Տիգրանեանը մշակեց նաեւ մուղամներ: Այս հարցում խոշոր դեր խաղաց նրա համագործակցութիւնը նշանաւոր թառահար, արեւելեան երաժշտութեան մեծ գիտակ Աղամալ Մելիք-Աղամալեանի հետ:
1893 թուականին կատարելագործուելու անհրաժեշտութեան գիտակցումով Տիգրանեանը մեկնում է Սենթ Փեթերսպուրկ եւ մասնաւոր կարգով դասեր վերցնում երաժշտանոցի փրոֆեսէօր Ն. Սոլովեուից: 1894-1900 թուականները նրա ստեղծագործական աշխատանքի առաւել բեղմնաւոր տարիներն են:
1894 թուականից սկսուեց Տիգրանեանի կատարողական գործունէութիւնը: Անդրանիկ համերգը տեղի ունեցաւ Սենթ Փեթերսպուրկում, ծրագրում` հինգ համար իր աոաջին ժողովածուից, «Բայաթի քուրդը», Պեթհովենի թիւ 14 (Տօ տիեզ – մինոր) սոնատը եւ Շոփենի ֆանթազիա-էքսփրոմթը:
1894թ-ից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, Արեւմտեան Եւրոպայի քաղաքներում բազմիցս հանդէս է եկել որպէս դաշնակահար, կարդացել դասախօսութիւններ: Հրապարակել է արեւելեան երաժշտութեան վերաբերեալ մի շարք յօդուածներ: 1898թ. Սենթ Փեթերսպուրկում հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարեանի հետ: 1921թ-ից հիմնադրել է երաժշտական ստուդիա եւ մէկուկէս տարի ղեկավարել այն: 1922 թուականին հիմնել է կոյրերի դպրոց, որտեղ դասաւանդել է երաժշտութիւն եւ հանրակրթական առարկաներ: Յաճախ հանդէս է եկել համերգներով եւ դասախօսութիւններով զօրամասերում եւ բանուորական լսարաններում: 1934թ. տեղափոխուել է Երեւան: Եղել է հայ յօրինողներից առաջին, ով ձայնագրել է եւ մշակել (դաշնամուրի եւ պարախմբերի համար) հայ աշուղների, տուտուկահարների, սազանդարների յօրինած եւ կատարած երգերը` «Քո փափաքով», «Տուն արի», «Ձախորդ օրեր», «Լուսնեակ գիշեր» եւ այլն, պարերը` «Դիւզ պար» «Ֆինջան», «Ֆատեն կիտամ», «Թարս պար», «Զուռնի տրնգի», «Ուզունդարա», «Դոյ-դոյ», «Վեր-վեր», «Ռանգի», «Քեանդրբազ», «Վարդ կօշիկս», «Շաւալի» եւ այլն, մուղամները «Բայաթի քուրդ», «Բայաթի Շիրազ», «Հէյդարի», «Շահնազ», «Չարգեահ», «Նովրուզ արաբի», «Նաւա», «Չոպան բայաթի», «Շուշթար» եւ այլն (ընդամէնը` 12): Դրանք առաջին անգամ հրատարակուել են Մոսկուայում եւ Սենթ Փեթերսպուրկում` սկսած 1887թ-ից եւ բազմաթիւ անգամ վերահրատարակուել Խորհրդային Հայաստանում:
19-20-րդ դարերի Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրտական ժողովրդական եւ մասնագիտական երաժշտութեան շատ նմուշներ պահպանուել են տաղանդաշատ այս երգահանի գրառումների շնորհիւ: Մի շարք երգահաններ` Ա. Սպենդիարեանը, Ռ. Գլիերը, Ա. Տիգրանեանը, Ս. Բարխուդարեանը, Ա. Այվազեանը, Ա. Խաչատրեանն այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործութիւններում:
Թէեւ նա համերգներ է տուել Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, Արեւմտեան Եւրոպայի քաղաքներում` ամէնուրեք արժանանալով ունկնդրի ջերմ վերաբերմունքին, այդուհանդերձ, նրա ելոյթները առանձնակի խանդավառութեամբ է ընդունել հայ հասարակութիւնը: «Մշակ» թերթում կարդում ենք.
«Երաժիշտ Ն. Տիգրանեանի համերգը, որ տեղի ունեցաւ չորեքշաբթի, մարտի 22-ին, Թիֆլիսի արքունական թատրոնում, հետաքրքրեց մեր հասարակութեանը, իբրեւ աոաջին լուրջ փորձերից մէկը` եւրոպական երաժշտական կանոններին վերածելու հայկական եւ առհասարակ արեւելեան եղանակները: …Պարզ երեւում է, որ շնորհալի եւ աշխատասէր երաժիշտը երկար եւ մեծ աշխատանք է գործ դրել արեւելեան եղանակները այնպէս մշակելու, որ փոխելով նրանց եւրոպական երաժշտական պահանջների համեմատ, չկորչի նրանց բնաւորութիւնը եւ ոգին: Եւ Տիգրանեանը հասել է իր նպատակին»:
1990 թուականին Փարիզի համաշխարհային ցուցահանդէսում նա, որպէս «արեւելեան մեղեդիների հաւաքագրման եւ մշակման պիոներ», ստացել է պրոնզէ մետալ: Իր արգասաբեր ազգօգուտ գործունէութեան համար Ն. Տիգրանեանը արժանացել է կառավարական բարձր պարգեւների: 1933թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արուեստագէտի կոչման, 1936թ.` «Աշխատանքային հերոս» շքանշանի:
Տիգրանեանը եղել է հայկական ազգային դաշնամուրային երաժշտութեան հիմնադիրներից: Իր մշակումներում ձգտել է պահպանել «հաւատարմութիւնը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողութեան եւ բազմաձայնութեան ժողովրդական մեղեդիների առանձնայատկութիւնները, ժողովրդական պարերի ճկունութիւնը: Ժողովրդական մեղեդիների գրառման եւ մշակման նրա յայտնաբերած հնարքները, ինչպէս նաեւ դաշնամուրային մանրանուագներում եւ բազմամաս ձեւաւորումներում կիրառուող ձեւակառուցման սկզբունքները հետագայ զարգացում են գտել բազմաթիւ հայ յօրինողների ստեղծագործութիւններում:
1951 թուականին Երեւանում Տիգրանեանը կնքել է իր մահկանացուն: Հայաստանում սահմանուել է Նիկողայոս Տիգրանեանի անուան պետական շքանշան, Երեւանում նրա անունով փողոց է անուանուել: Ուշագրաւ եւ գեղեցիկ է Նիկողայոս Տիգրանեանի կիսանդրին Գիւմրիում:
Կոմիտասի նամակը
Տիգրանեանի գործունէութեանը հետեւել եւ բարձր գնահատականի է արժանացրել նաեւ հանճարեղ Կոմիտասը, ում աչքից տաղանդներն, անշուշտ, չէին վրիպում: Ստորեւ ներկայացնում ենք Կոմիտասի նամակը` ուղղուած Նիկողայոս Տիգրանեանին.
Նիկողայոս Տիգրանեանին, 22 յունուար, Ս. Էջմիածին
Սիրելի Նիկողայոս Տիգրանեան,
Սիրականը Թիֆլիսից դառնալուն պէս յիշեցրեց խոստումս, որ իմ աշխատութիւնները քեզ ուղարկեմ: Չկարծես, թէ ես մոռացել էի, այլ սպասում էի արտատպութեան, ուստի այսքան ուշացաւ. անցեալ օրը մէկն ստացայ, միւսը ոչ. այլեւս չհամբերելով, հէնց ժողովածուի միջից պոկեցի եւ ուղարկում եմ քեզ այս երկուսը` ա) Interpunctionssystem der Armenier եւ բ) Armeniens volkstmliche Reigentnze. Երկրորդը` մի փոքրիկ քաղուածք է այն մեծ աշխատութեանս, որ եկող տարի լոյս կը տեսնէ. իմ ուզածի պէս չեղաւ տպուածը, ուստի մի քանի մանր-մունր սխալներ են սպրդել, որ ինքդ էլ կարող ես նկատել, վերջապէս աւելին չէի կարող սպասել մի գերմանացուց, որ հայոց լեզուն չի՛ իմանում եւ մեր պարերի մասին հասկացողութիւն անգամ չունի: Ես պատկերներ էլ տպել էի տուել, որպէսզի վերջը զետեղած երգերի օրինակներն աւելի եւս դիւրըմբռնելի լինեն օտարների համար. ինչ որ է, այդպէս է եղել: Իմ նպատակն էր միայն մի թեթեւ ակնարկ ձգել տալ օտարներին մեր եղանակների նկատմամբ, որոնց երաժշտական կազմութիւնն ու տաղաչափութիւնը դեռ շատ բան կարող է ուսուցանել նոցա: Իմ ընտրած օրինակները մասամբ զուտ ժողովրդական, մասամբ էլ աշուղական ձեւով կազմած եւ ապա ժողովրդականացած են. ինչ երկարաբանեմ, Դու ինքդ էլ ես շատ լաւ իմանում այդ…
Ճեմարանի դասերը շատ են խանգարում պարապմունքներս:
Այս ամառ մտադիր եմ շրջել գիւղերում եւ ստուգել վերջին անգամ ժողովրդական երգերի եղանակները եւ տպագրել տալ մաս-մաս:
Դու ի՞նչ ես անում, պարսկերէն նոր եղանակներ գրե՞լ ես, նոր բան հրատարակե՞լ ես. անշուշտ շատ բան պատրաստում ես. ես, որ Քեզ եմ ճանաչում, դադար մնացող չես: Ծանօթներիս եւ հարցանողաց ողջունիր իմ կողմից:
Քեզ քաջողջութիւն եւ եռանդիդ անպակասութիւն է մաղթում
քո Կոմիտաս Վարդապետ:
Հայերէն Պրայլ-ի հեղինակը`
Նիկողայոս Տիգրանեան
Տեսողութեան խնդիրներ ունեցող մարդիկ սկսեցին «կարդալ» 15-ամեայ ֆրանսացի Լուի Պրայլի յայտնագործութեան շնորհիւ: 1824-ին երեք տարեկանում կօշկակարի դանակից ստացած վէրքի պատճառով սկսուած աչքերի բորբոքումից կուրացած Լուին ստեղծեց պրայլեան գրերը, որպէսզի տեսողութեան խնդիր ունեցողները նոյնպէս հնարաւորութիւն ունենան կարդալու: Պրայլով գրուած տեքստը կարդում են` ցուցամատը նշանների վրայով սահեցնելով:
Պրայլի գրերը պատկերելու համար կիրառւում են վեցկէտանի բջիջներ:
Կէտերին ուռուցիկութիւն տալու համար դրանք արւում են թղթի հակառակ կողմից: Շօշափելով կէտերն զգալու համար բաւարար է 0,5 մմ բարձրութիւնը: Կէտերի հեռաւորութիւնը շուրջ 2,5 մմ է, բջիջներինը` հորիզոնական ուղղութեամբ` 3,75, ուղղաձիգ ուղղութեամբ` 5 մմ: Աւանդական վեցկէտանի Պրայլն ունի 26=64 տարբեր նշան: Դրանք օգտագործելով` ստացւում են ինչպէս տարբեր այբուբենների տառերը, այնպէս էլ թուանշաններ, կէտադրական նշաններ, անգլերէնում նաեւ` առանձին բառեր եւ տառերի միախմբումներ:
Սակայն քանի որ սա այբուբեն է, իւրաքանչիւր լեզուի համար այն տարբեր է: Հայաստանում պրայլեան համակարգը ներդրուել է 1920-ական թուականներին յօրինող Նիկողայոս Տիգրանեանի կողմից:
Գոյութիւն ունի հայկական այբուբենի տառերի երկու տարբերակ` արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի: Ստեղծուած լինելով տարբեր պայմաններում` նրանք արտայայտւում են տարբեր նշանների միջոցով: Արեւելահայերէնն ստեղծուել է խորհրդային տարիներին եւ համապատասխանեցուած է ռուսերէն գրելաձեւին: Արեւմտահայերէնում բաղաձայնները խլացուած են եւ արտայայտւում են լատինական համապատասխան տառի նշանով: Բացի այդ, շ, ղ եւ չ տառերը պատկերւում են անգլերէնում նոյն հնչիւններն արտայայտող նշաններով:
Հայերէն պրայլեան գրքեր կարելի է ընթերցել համապատասխան գրադարանում:
Սովորական գրքերից սրանք շատ են տարբերւում: Պրայլեան գրքերը չափսերով միւս գրքերից տասն անգամ աւելի ծաւալուն են ու հատորներով, դրանք շուտ են մաշւում` կախուած որակից: Դրա համար էլ դրանք պահելու յատուկ ձեւ կայ: Պրայլեան գրքերը իրար վրայ չեն դնում, քանի որ սեղմուելուց կարող են մաշուել ու ոչ պիտանի դառնալ, այլ դնում են կանգնած` իրար կողքի: Այսպէս աւելի ուշ են մաշւում: Մաշուած գրքերն այլեւս հնարաւոր չէ վերականգնել: Գրքերը մաշւում են նաեւ ընթերցելուց, քանի որ կէտիկները շփւում են մարդու մատների հետ:
Պէյրութ